2021
ՔՈՎԻԴ-19 և տաճարներ
Մայիս 2021


ՔՈՎԻԴ-19 և տաճարներ

Ձեր մտքում և սրտում պահեք ձեր տաճարային ուխտերն ու օրհնությունները: Հավատարիմ մնացեք ձեր կապած ուխտերին:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք իսկապես մասնակցեցինք հոգևոր խնջույքի։ Անչափ երախտապարտ եմ համաժողովի ընթացքում աղոթքների, ուղերձների և երաժշտության համար: Շնորհակալություն մեզ միանալու համար, որտեղ էլ որ լինեք:

Անցյալ տարվա սկզբին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի և համաշխարհային լավ քաղաքացիներ լինելու մեր ցանկության պատճառով, մենք դժվար որոշում կայացրինք և ժամանակավորապես փակեցինք բոլոր տաճարները: Հաջորդող ամիսների ընթացքում ոգեշնչվեցինք աստիճանաբար վերաբացել տաճարները՝ շատ զգուշավոր մոտեցման միջոցով: Այժմ տաճարները բացվում են չորս փուլով՝ խստորեն պահպանելով տեղական ինքնակառավարման մարմինների կանոնները և անվտանգության ընթացակարգերը:

1-ին փուլում գտնվող տաճարներ․ արժանավոր զույգերը, ովքեր նախկինում ստացել են իրենց անձնական օժտումը, կարող են կնքվել որպես ամուսիններ:

2-րդ փուլում գտնվող տաճարներ․ կատարվում են ապրողների համար արարողությունները, այդ թվում անձնական օժտումը, ամուսնու և կնոջ կնքումը, ինչպես նաև երեխաների կնքումը ծնողների հետ: Մենք վերջերս փոփոխություններ ենք մտցրել 2-րդ փուլի դրույթների մեջ և թույլ ենք տալիս մեր երիտասարդներին, նոր անդամներին և սահմանափակ օգտագործման երաշխավորագիր ունեցողներին մասնակցել իրենց նախնիների համար փոխանորդ-մկրտություններին։

3-րդ փուլում գտնվող տաճարներ․ այն մարդիկ ովքեր ունեն նշանակված պայմանավորվածություններ, կարող են մասնակցել ոչ միայն ապրողների համար արարողություններին, այլ նաև մահացած նախնիների համար բոլոր փոխանորդ արարողություններին:

4-րդ փուլ․ վերադարձ դեպի տաճարային լիարժեք, կանոնավոր գործունեություն:

Մենք երախտապարտ ենք ձեր համբերատար և նվիրված ծառայության համար այս փոփոխական և դժվարություններով լի ժամանակներում: Ես աղոթում եմ, որ տաճարում երկրպագելու և ծառայելու ձեր ցանկությունն ավելի բորբոքվի, քան երբևէ:

Գուցե մտածում եք, թե երբ կկարողանաք տաճար վերադառնալ: Պատասխան. Ձեր տաճարը կբացվի, երբ տեղական ինքնակառավարման կանոնները դա թույլ տան: Երբ ձեր տարածքում COVID-19-ի դեպքերը լինեն անվտանգության սահմաններում, ձեր տաճարը կվերաբացվի: Արեք հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեք նվազեցնել COVID համավարակի թվերը ձեր տարածքում, որպեսզի ձեր տաճարի գործարկման հնարավորությունները մեծանան:

Միևնույն ժամանակ, ձեր մտքում և սրտում պահեք ձեր տաճարային ուխտերն ու օրհնությունները: Հավատարիմ մնացեք ձեր կապած ուխտերին:

Այսօր մենք կառուցում ենք ապագայի համար: Ներկայումս քառասունմեկ տաճար գտնվում են կառուցման կամ վերանորոգման փուլում: Անցած տարի, չնայած համաճարակին, 21 նոր տաճարի հիմնարկեք կատարվեց:

Մենք ուզում ենք Տիրոջ տունն ավելի մոտեցնել մեր անդամներին, որպեսզի նրանք կարողանան տաճար այցելելու սուրբ հնարավորություն ունենալ այնքան հաճախ, որքան թույլ են տալիս իրենց հանգամանքները:

Հայտարարելով ևս 20 տաճար կառուցելու մեր ծրագրերի մասին՝ ես խորհում և փառաբանում եմ անցյալի և ներկայիս այն ռահվիրաներին, որոնց սրբադասված կյանքն օգնել է կերտել այսօրվա պատմությունը: Հետևյալ վայրերից յուրաքանչյուրում կկառուցվի նոր տաճար․ Օսլո (Նորվեգիա), Բրյուսել (Բելգիա), Վիեննա (Ավստրիա), Կումասի (Գանա), Բեյրա (Մոզամբիկ), Քեյփթաուն (Հարավային Աֆրիկա), Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն), Բելո Հորիզոնտե (Բրազիլիա), Կալի (Կոլումբիա), Կերետարո (Մեքսիկա), Տորրեոն (Մեքսիկա), Հելենա (Մոնտանա), Կասպեր (Վայոմինգ), Գրանդ Ջանքշն (Կոլորադո), Ֆարմինգտոն (Նյու Մեքսիկո), Բերլի (Այդահո), Յուջին (Օրեգոն), Էլկո (Նեվադա), Յորբա Լինդա (Կալիֆորնիա), Սմիթֆիլդ (Յուտա)։

Տաճարները Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման եզակի և կենսական մասն են: Տաճարային արարողությունները մեր կյանքը լցնում են զորությամբ և ուժով, որը ոչ մի այլ եղանակով հնարավոր չէ ստանալ։ Մենք շնորհակալ ենք Աստծուն այս օրհնությունների համար:

Փակելով այս համաժողովը՝ մենք կրկին հայտնում ենք մեր սերը ձեր հանդեպ: Մենք աղոթում ենք, որ Աստված իր օրհնությունները հեղի ձեզ վրա և հոգ տանի ձեզանից յուրաքանչյուրի մասին: Միասին մենք մասնակցում ենք Նրա սուրբ ծառայությանը: Եկեք բոլորս քաջությամբ մասնակցենք Տեր Աստծո փառահեղ գործին։ Այս ամենի համար ես աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: