2021
Աստված մեր մեջ
Մայիս 2021


Աստված մեր մեջ

Աստված մեր մեջ է, անձնապես մասնակցություն ունի մեր կյանքում և եռանդուն առաջնորդում է իր զավակներին:

Դարեր շարունակ Աստված խոսել է Իր ծառաների՝ մարգարեների միջոցով։1 Այս առավոտ մենք արտոնություն ունեցանք լսելու Աստծո մարգարեին, ով խոսում էր ողջ աշխարհի հետ։ Մենք սիրում ենք Ձեզ՝ նախագահ Նելսոն, և ես բոլորին ամենուր քաջալերում եմ ուսումնասիրել և ականջ դնել Ձեր խոսքերին։

Նախքան կլրանար իմ 12-ամյակը, մեր ընտանիքը երկու անգամ ստիպված էր լքել տունը և նոր կյանք սկսել պատերազմի ու քաղաքական պառակտման պատճառով առաջացած քաոսի, վախի և անորոշության պայմաններում: Ինձ համար դա հուզումնալից ժամանակաշրջան էր, բայց այն, հավանաբար, սարսափելի էր իմ սիրելի ծնողների համար:

Մայրս և հայրս այդ բեռի մասին շատ քիչ բան են ասել մեզ՝ իրենց չորս երեխաներին: Նրանք տանում էին լարվածությունն ու չարչարանքները՝ ինչպես կարող էին: Վախը պետք է որ ճնշող լիներ՝ խլելով նրանց ժամանակը և թուլացնելով նրանց հույսը:

Երկրորդ աշխարհամարտից հետո այս մռայլ ժամանակն իր հետքն է թողել աշխարհի վրա: Այն իր հետքն է թողել նաև ինձ վրա։

Այն ժամանակ իմ մենության երկար ժամերի մեջ ես հաճախ էի մտածում. «Կա՞ արդյոք հույս աշխարհում»:

Հրեշտակներ մեր մեջ

Այդ հարցի շուրջ խորհելիս ես մտածում էի մեր երիտասարդ ամերիկացի միսիոներների մասին, ովքեր այդ տարիներին ծառայում էին մեր մեջ: Նրանք հեռվում էին թողել իրենց տների անվտանգությունը և ճամփորդել էին Գերմանիա՝ իրենց վերջին թշնամիների երկիրը, որպեսզի աստվածային հույս հաղորդեին մեր ժողովրդին: Նրանք չէին եկել մեղադրելու, դասախոսելու կամ ամոթահարելու համար: Նրանք պատրաստակամորեն նվիրել էին իրենց երիտասարդ կյանքը, չմտածելով երկրային շահի մասին, միայն ցանկանալով օգնել մարդկանց գտնել այն ուրախությունն ու խաղաղությունը, որ իրենք էին վայելել։

Ինձ համար այդ երիտասարդ տղաներն ու աղջիկները կատարյալ էին։ Համոզված եմ, որ նրանք ունեին թերություններ, սակայն ոչ իմ աչքերում։ Ես միշտ կմտածեմ նրանց մասին՝ որպես լույսի և փառքի հրեշտակների, կարեկցանքի, բարության և ճշմարտության սուրհանդակների, որ վեր են մահկանացությունից:

Մինչ աշխարհը խորտակվում էր ցինիզմի, դառնության, ատելության և վախի մեջ, այս երիտասարդների օրինակը և ուսմունքները հույսով լի էին ինձ համար: Ավետարանի ուղերձը, որ առաջարկում էին նրանք, ավելին էր, քան քաղաքականությունը, պատմությունը, անբարյացակամությունը, դժգոհություններն ու անձնական օրակարգերը: Այն տալիս էր աստվածային պատասխաններ կարևոր հարցերին, որոնք մենք ունեինք այդ դժվարին ժամանակներում:

Ուղերձն այն էր, որ Աստված ապրում և հոգում է մեր մասին, անգամ իրարանցման, խառնաշփոթի և քաոսի այդ պահերին: Որ Նա իրականում հայտնվել է մեր ժամանակներում, որպեսզի վերականգնի ճշմարտությունն ու լույսը՝ Իր ավետարանը և Իր Եկեղեցին: Որ Նա կրկին խոսում է մարգարեների հետ. որ Աստված մեր մեջ է, մասնակցություն ունի մեր կյանքում և եռանդուն առաջնորդում է իր զավակներին:

Ապշեցուցիչ է, թե ինչ կարող ենք սովորել, երբ ավելի մոտիկից են զննում Երկնային Հոր փրկության և վեհացման ծրագիրը, երջանկության ծրագիրը Իր զավակների համար: Անարժեք, մերժված ու մոռացված զգալու պահին, մենք սովորում ենք, որ կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ չի մոռացել, ավելին, որ Նա իր բոլոր զավակներին աներևակայելի բան է առաջարկում՝ դառնալ «Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ»։2

Ի՞նչ է դա նշանակում:

Դա նշանակում է՝ ապրել հավերժ և վայելել ուրախության լիությունը,3 ինչպեսև ձեռք բերել «գահեր, թագավորություններ, իշխանություններ, և զորություններ» ժառանգելու ներուժը։4

Մենք խոնարհ ենք դառնում՝ իմանալով, որ այս փառահեղ ու գերբնական ապագան հնարավոր է ոչ թե նրա շնորհիվ, թե ով ենք մենք, այլ նրա շնորհիվ, թե ով է Աստված:

Ունենալով այդ գիտելիքը՝ ինչպե՞ս կարող ենք երբևէ տրտնջալ կամ դառնացած մնալ։ Ինչպե՞ս կարող ենք մեր գլուխը կախել, երբ թագավորների Թագավորը մեզ հրավիրում է սավառնել դեպի աստվածային երջանկության աներևակայելի ապագա:5

Փրկությունը մեր մեջ

Մեր հանդեպ տածած Աստծո կատարյալ սիրո և Հիսուս Քրիստոսի հավերժական զոհաբերության շնորհիվ մեր մեղքերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, կարող են ջնջվել և այլևս չհիշվել։6 Մենք կարող ենք կանգնել Նրա առջև՝ մաքուր, արժանի և սրբագործված:

Սիրտս լի է իմ Երկնային Հոր հանդեպ երախտագիտությամբ: Ես գիտակցում եմ, որ Նա Իր զավակներին չի դատապարտել, որ սայթաքեն մահկանացու կյանքի մեջ՝ պայծառ ու հավերժական ապագայի հանդեպ առանց հույսի: Նա տվել է հրահանգներ, որոնք բացահայտում են Իր մոտ վերադառնալու ճանապարհը: Այդ ճանապարհի առանցքում Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսն է,7 և մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը։

Փրկիչի անսահման Քավությունը լիովին փոխում է այն, թե ինչպես ենք դիտում մեր օրինազանցությունները և անկատարությունները: Դրանց վրա կենտրոնանալու և անհույս զգալու փոխարեն, կարող ենք դասեր քաղել և լցվել հույսով:8 Ապաշխարության մաքրագործող պարգևը մեզ թույլ է տալիս թողնել մեր մեղքերը և նոր արարած դառնալ։9

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր անհաջողությունները ոչ թե մեզ բնորոշելու, այլ մեզ զտելու դեր կարող են կատարել։

Գամմաներ նվագող երաժիշտի պես մենք կարող ենք տեսնել մեր սխալները, թերությունները և մեղքերը որպես ավելի մեծ ինքնագիտակցության, ուրիշների հանդեպ ավելի խորը և ազնիվ սիրո և ապաշխարության միջոցով հղկվելու հնարավորություններ:

Եթե ապաշխարենք, սխալները չեն որակազրկի մեզ: Այլ մեր առաջընթացի մասը կդառնան։

Բոլորս նորածիններ ենք՝ այն փառահեղ ու վեհացած էակների համեմատ, որ նախագծված ենք դառնալու: Ոչ մի մահկանացու քայլել ու վազել չի սովորում առանց հաճախակի սայթաքումների, հարվածներ ստանալու և կապտուկների: Սովորելու ուղին այդպիսին է։

Եթե շարունակենք եռանդուն վարժվել, միշտ ձգտելով պահել Աստծո պատվիրանները, և ջանք գործադրենք ապաշխարել, տոկալ և սովորածը կիրառել, տող առ տող, մենք լույսի պաշար կհավաքենք մեր հոգում։10 Ու թեև հնարավոր է այժմ մեր ներուժը լիովին չըմբռնենք, «գիտենք, թե երբոր [Փրկիչը] հայտնվի», Նրա պատկերը կտեսնենք մեզանում ու «կտեսնենք նրան ինչպես որ է»։11

Ի՜նչ փառավոր խոստում է:

Այո, աշխարհը խառնաշփոթի մեջ է։ Եվ այո, մենք ունենք թուլություններ։ Բայց պետք չէ հուսահատությունից գլուխ կախել, քանի որ կարող ենք վստահել Աստծուն, կարող ենք վստահել Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և կարող ենք ընդունել Հոգու պարգևը, որ կուղեկցի մեզ ուրախությամբ ու աստվածային երջանկությամբ լի այս կյանքի արահետով։12

Հիսուսը մեր մեջ

Հաճախ եմ մտածում՝ Ի՞նչ կաներ և կուսուցաներ Հիսուսը, եթե այսօր մեզ հետ լիներ։

Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը կատարեց իր խոստումը և այցելեց Իր «ուրիշ ոչխարներին»։13

Մորմոնի գիրքը՝ ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, պատմում է ամերիկյան մայրցամաքի ժողովրդին Նրա հայտնվելու մասին։ Այդ հիշատակարանը տրվել է մեզ որպես Փրկիչի աշխատանքի մասին շոշափելի վկայություն։

Մորմոնի Գրքի ժողովուրդը ապրում էր երկրագնդի մյուս մասում, նրանց պատմությունը, մշակույթը և քաղաքական մթնոլորտը մեծապես տարբերվում էր Իր մահկանացու ծառայության ժամանակ Հիսուսի ուսուցանած ժողովրդից։ Եվ չնայած դրան, Նա նրանց սովորեցրեց բազում նույնանման բաներ, ինչ սովորեցրել էր Սուրբ երկրում:

Ինչո՞ւ էր Նա դա անում:

Փրկիչը միշտ ուսուցանում է հավիտենական ճշմարտություններ: Դրանք կիրառելի են բոլոր տարիքի և բոլոր հանգամանքներում ապրող մարդկանց համար:

Նրա ուղերձը եղել և մնում է հույսի ուղերձ՝ վկայություն այն մասին, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը, չի լքել Իր զավակներին:

Որ Աստված մեր մեջ է։

Երկու հարյուր տարի առաջ Փրկիչը կրկին երկիր վերադարձավ։ Հայր Աստծո հետ միասին նա հայտնվեց 14-ամյա Ջոզեֆ Սմիթին և սկսեց Հիսուս Քրիստոսի ավետարանի և Եկեղեցու Վերականգնումը: Այդ օրվանից ի վեր երկինքները բացվել են, և սուրհանդակներ են իջել անմահության փառքի սրահներից։ Լույս և գիտելիք է թափվել երկնային գահից:

Տեր Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ խոսել է աշխարհի հետ։

Ի՞նչ է Նա ասել։

Հուրախություն մեզ, Նրա խոսքերից շատերը արձանագրված են Վարդապետություն և Ուխտեր գրքում, որը մատչելի է աշխարհի ցանկացած մարդու համար, ով ցանկանում է կարդալ և ուսումնասիրել այն: Որքան անգին են այդ խոսքերը մեզ համար այսօր։

Եվ չպետք է զարմանանք, երբ հայտնաբերենք, որ Փրկիչը մեկ անգամ ևս ուսուցանում է Իր ավետարանի հիմնական ուղերձը. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան»:14 Նա մեզ ոգեշնչում է փնտրել Աստծուն15 և ապրել Իր ծառաներին՝ մարգարեներին հայտնած ուսմունքներով։16

Նա մեզ ուսուցանում է սիրել միմյանց17 և «գթությամբ լցված [լինել] բոլոր մարդկանց հանդեպ»։18

Նա մեզ հրավիրում է Իր ձեռքերը լինել և շրջել բարիք անելով։19 «Խոսքով … չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ»։20

Նա մեզ մարտահրավեր է նետում ուշք դարձնել Իր մեծ հանձնարարությանը՝ սիրել, կիսվել, բոլորին հրավիրել դեպի Իր ավետարան և Իր Եկեղեցին:21

Նա մեզ պատվիրում է սուրբ տաճարներ կառուցել և մտնել ու ծառայել այնտեղ։22

Նա մեզ սովորեցնում է Իր աշակերտները դառնալ՝ որ մեր սրտերը չձգտեն անձնական ուժի, հարստության, հաստատման կամ դիրքի: Նա մեզ ուսուցանում է «մի կողմ [դնել] այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների [ձգտել]»:23

Նա մեզ հորդորում է փնտրել ուրախություն, լուսավորություն, խաղաղություն, ճշմարտություն, երջանկություն,24 և անմահության ու հավերժական կյանքի խոստումը։25

Եկեք մեկ քայլ առաջ գնանք: Պատկերացրեք, որ Հիսուսը այսօր եկել է ձեր ծուխ, ձեր ճյուղ կամ ձեր տուն։ Ի՞նչ կլիներ արդյունքը:

Նա կնայեր անմիջապես ձեր սրտին։ Արտաքին տեսքը կկորցներ կարևորությունը։ Նա ձեզ կճանաչեր՝ ինչպիսին որ դուք կաք։ Նա կիմանար ձեր սրտի ցանկությունը։

Հեզին ու խոնարհին Նա կբարձրացներ։

Հիվանդին Նա կբուժեր։

Թերահավատին հավատալու համոզմունք ու քաջություն կներշնչեր։

Նա մեզ կսովորեցներ բացել մեր սրտերը Աստծո առջև և ձեռք մեկնել ուրիշներին:

Նա կճանաչեր և կպատվեր ազնվությունը, խոնարհությունը, շիտակությունը, հավատարմությունը, կարեկցանքն ու գթությունը:

Մեկ հայացք նրա աչքերին, և մենք երբեք նույնը չէինք լինի: Մենք անվերադարձ կփոխվեինք: Փոխակերպվելով այն խորը գիտակցությունից, որ, իրավ, Աստված մեր մեջ է:

Ի՞նչ պիտի անենք։26

Ես բարությամբ հայացք եմ գցում իմ հասունության տարիներին, երբ երիտասարդ էի: Եթե կարողանայի վերադարձնել ժամանակը, ես նրան կհանգստացնեի և կասեի մնալ ճիշտ ուղու վրա ու շարունակել որոնումը: Եվ ես կխնդրեի նրան իր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսին, քանի որ Աստված մեր մեջ է:

Ձեզ՝ իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, իմ թանկագի՛ն ընկերներ, և բոլոր նրանց, ովքեր փնտրում են պատասխաններ, ճշմարտություն և երջանկություն, ես առաջարկում եմ նույն խորհուրդը. շարունակեք փնտրել հավատքով ու համբերությամբ։27

Խնդրեք և ձեզ կտրվի։ Թակեք և ձեզ համար կբացվի:28 Վստահեք Տիրոջը:29

Առօրյա կյանքում մեր գերագույն խնդիրն ու օրհնյալ հնարավորությունն է հանդիպել Աստծուն:

Երբ մի կողմ դնենք հպարտությունը և կոտրված սրտով ու փշրված հոգով մոտենանք Նրա գահին,30 Նա կմոտենա մեզ։31

Երբ ձգտենք հետևել Հիսուս Քրիստոսին և առաջ գնանք աշակերտության ուղիով՝ քայլ առ քայլ, կգա օրը, երբ մենք կվայելենք ուրախության լիություն ստանալու այդ աներևակայելի պարգևը:

Իմ թանկագի՛ն բարեկամներ, ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ կատարյալ սիրով։ Նա ապացուցել է Իր սերը անսահման ձևերով, բայց ամենից վեր` Իր Միածին Որդուն որպես զոհաբերություն և նվեր իր զավակներին պարգևելով, որպեսզի իրականություն դարձնի վերադարձը մեր երկնային ծնողների մոտ:

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը ապրում է, որ Հիսուս Քրիստոսը առաջնորդում է Իր Եկեղեցին, որ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Նրա մարգարեն է։

Իմ սերն ու օրհնություններն եմ հղում ձեզ Զատիկի այս տոներին։ Բացեք ձեր սիրտը մեր Փրկիչի և Քավիչի առջև՝ անկախ ձեր հանգամանքներից, փորձություններից, տառապանքներից կամ սխալներից. դուք կարո՛ղ եք իմանալ, որ Նա ապրում է, որ Նա սիրում է ձեզ, և որ Նրա շնորհիվ, դուք երբեք միայնակ չեք լինի:

Աստված մեր մեջ է։

Ես դա հաստատում եմ և այդ մասին վկայում եմ՝ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: