2021
Մեր տրտմությունն ուրախություն կլինի
Մայիս 2021


Մեր տրտմությունն ուրախություն կլինի

Բոլորին, ովքեր վշտի մեջ են, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, ես հրավիրում եմ՝ հավատալ Քրիստոսին:

Մի քանի տարի առաջ, երբ Սոլթ Լեյք Սիթիում մասնակցում էի ժողովների, ինձ ողջունեց մեր սիրելի մարգարեն՝ Ռասսել Մ. Նելսոնը: Իրեն հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ նա հարցրեց. «Մարկ, ինչպե՞ս է քո մայրիկը»:

Ես նրան ասացի, որ այդ շաբաթվա սկզբին մայրիկիս հետ էի՝ Նոր Զելանդիայի նրա տանը, և որ նա ծերանում էր, բայց հավատով ու ոգեշնչմամբ լի էր բոլոր նրանց հանդեպ, ովքեր ճանաչում են իրեն:

Հետո նա ասաց. «Խնդրում եմ, փոխանցիր նրան իմ սերը … և ասա նրան, որ անհամբեր սպասում եմ, որ կրկին տեսնեմ իրեն»:

Ես բավականին զարմացա և հարցրի. «Մի՞թե շուտով ուղևորություն եք նախատեսում Նոր Զելանդիա»:

Խոհուն անկեղծությամբ նա պատասխանեց. «Օ՜ ոչ, ես նրան կտեսնեմ հաջորդ կյանքում»:

Նրա պատասխանի մեջ ոչ մի անլուրջ բան չկար: Դա փաստի միանգամայն բնական արտահայտում էր: Այդ անձնական խոնարհության պահին ես մաքուր վկայություն լսեցի ապրող մարգարեի կողմից և զգացի, որ կյանքը շարունակվում է մահվանից հետո:

Այս համաժողովի օրերին դուք կլսեք ապրող առաքյալների և մարգարեների վկայությունները Հիսուս Քրիստոսի Հարության մասին: «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին առ այն, որ Նա մահացավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք[,] … իսկ մեր կրոնի մնացած բոլոր սկզբունքները լոկ [այս ճշմարտության] հավելումներն են»:1 Ես խոստանում եմ, որ երբ դուք լսեք անկեղծ միտումով, ձեր մտքում և ձեր սրտում Հոգին կհաստատի այս վկայությունների ճշմարտությունը:2

Հիսուսի հին առաքյալները ընդմիշտ փոխվեցին այն բանից հետո, երբ Նա հայտնվեց նրանց Իր մահից հետո: Նրանցից տասը իրենց աչքերով տեսան, որ Նա հարություն էր առել: Թովմասը, ով ի սկզբանե բացակայում էր, հայտարարեց. «Եթե չտեսնեմ, … չեմ հավատա»:3 Ավելի ուշ Հիսուսը Թովմասին հորդորեց. «Մի՛ լինիր անհաւատ՝ այլ հավատացեալ»:4 Ապա Տերը ուսուցանեց հավատի կարևոր դերը. «Երանի նորանց, ովքեր չեն տեսել և դեռ հաւատում են»:5

Հարություն առած Տերն Իր առաքյալներին հանձնարարեց վկայել Իր մասին: Ինչպես մեր այսօրվա առաքյալների դեպքում, նրանք նույնպես թողեցին աշխարհիկ զբաղմունքները և իրենց կյանքի մնացած մասն անցկացրին՝ համարձակ հայտարարելով, որ Աստված է մեծացրել այս Հիսուսին: Նրանց հզոր վկայությունները հանգեցրին նրան, որ հազարավոր մարդիկ ընդունեցին մկրտվելու հրավերը:6

Զատիկի առավոտյան փառավոր ուղերձը ամենամեծ կարևորությունն ունի ողջ քրիստոնեության համար: Հիսուս Քրիստոսը մեռելներից հարություն է առել, և դրա շնորհիվ մենք նույնպես կրկին կապրենք մահից հետո: Այս գիտելիքը իմաստ և նպատակ է հաղորդում մեր կյանքին: Եթե առաջ գնանք հավատով, մենք ընդմիշտ կփոխվենք, ինչպես հին առաքյալները փոխվեցին: Նրանց նման մենք ևս կկարողանանք դիմանալ ցանկացած դժվարության՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Այս հավատը մեզ հույս է տալիս նաև այն ժամանակի համար, երբ մեր «տրտմութիւնն ուրախութիւն կ’լինի»:7

Իմ սեփական հավատը սկիզբ առավ վշտից հետո:

Հայրս ու մայրս Նոր Զելանդիայի իրենց ագարակում զբաղվում էին ոչխարաբուծությամբ:8 Նրանք վայելում էին իրենց կյանքը: Երիտասարդ ամուսնական զույգն օրհնվեց երեք փոքրիկ դուստրերով: Նրանցից կրտսեր դստեր անունը Էն էր: Մի օր, երբ նրանք միասին լճի ափին հանգստանում էին, 17 ամսական Էնը տոտիկ-տոտիկ անելով ջուրն ընկավ: Մի քանի րոպե հուսահատ որոնումներից հետո նրան անկենդան գտան ջրի մեջ:

Այս մղձավանջն անասելի վիշտ պատճառեց բոլորին: Հայրս տարիներ անց գրել է, որ ծիծաղն ընդմիշտ հեռացավ իրենց կյանքից: Դա նաև մեծ ցանկություն առաջացրեց՝ ստանալու կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները. «Ի՞նչ է լինելու մեր թանկագին Էնի հետ: Արդյո՞ք կրկին կտեսնենք նրան: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը երբևէ կրկին երջանիկ լինել»:

Այս ողբերգությունից մի քանի տարի անց մեր ագարակ եկան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու երիտասարդ միսիոներներ: Նրանք սկսեցին ուսուցանել Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի ճշմարտությունները: Այս ճշմարտությունները ներառում են այն հավաստիացումը, որ Էնն այժմ ապրում է հոգիների աշխարհում: Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ նա նույնպես հարություն կառնի: Նրանք ուսուցանեցին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին վերականգնվել է երկրի վրա կենդանի մարգարեի և տասներկու առաքյալների հետ: Եվ նրանք ուսուցանեցին այն եզակի և ուշագրավ վարդապետությունը, որ ընտանիքները կարող են հավերժ կապվել քահանայության նույն իշխանության կողմից, որը Հիսուս Քրիստոսը տվեց Իր գլխավոր առաքյալին՝ Պետրոսին:9

Մայրս անմիջապես ճանաչեց ճշմարտությունը և վկայություն ստացավ Հոգու մասին: Սակայն, հաջորդ տարի հայրս մաքառում էր կասկածների և հոգևոր հուշումների միջև: Նա նաև չէր ցանկանում փոխել իր ապրելակերպը: Մի օր առավոտյան՝ անքուն գիշերից հետո, տան մեջ հետ ու առաջ քայլելիս, նա շրջվեց դեպի մայրս և ասաց. «Ես կմկրտվեմ կա՛մ այսօր, կա՛մ երբեք չեմ մկրտվի»:

Մայրս միսիոներներին պատմեց, թե ինչ էր տեղի ունեցել, և նրանք անմիջապես ճանաչեցին հորս հավատի թրթիռի առկայծումը, որն այժմ կա՛մ կբոցավառվեր, կա՛մ կմարեր:

Հենց այդ առավոտ մեր ընտանիքն ուղևորվեց մոտակա լողափ: Անտեղյակ լինելով, թե ինչ է կատարվում, մենք՝ երեխաներս, զբոսախնջույք կազմակերպեցինք ավազաթմբերի վրա, մինչ երեցներ Բոյդ Գրինը և Գարի Շեֆիլդը ծնողներիս առաջնորդեցին դեպի օվկիանոսն ու մկրտեցին նրանց: Որպես հավատքից բխող ևս մեկ քայլ, հայրս անձնապես խոստացավ Տիրոջը, որ անկախ ամեն ինչից, իր ողջ կյանքում հավատարիմ կլինի իր տված խոստումներին:

Մեկ տարի անց Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքում տաճար նվիրագործվեց: Դրանից անմիջապես հետո մեր ընտանիքը, Էնին ներկայացնող մեկի հետ, ծնկի իջավ զոհասեղանի շուրջ՝ Տիրոջ այդ սուրբ տան մեջ: Այնտեղ, քահանայության իշխանությամբ, մի պարզ ու գեղեցիկ արարողության միջոցով մենք միավորվեցինք որպես հավերժական ընտանիք: Դա մեծ խաղաղություն և ուրախություն բերեց մեր ընտանիքին։

Շատ տարիներ անց հայրս ասաց ինձ, որ եթե չլիներ Էնի ողբերգական մահը, նա երբեք այդքան խոնարհ չէր լինի, որ ընդուներ վերականգնված ավետարանը: Սակայն Տիրոջ Հոգին հույս ներշնչեց, որ այն, ինչ միսիոներները սովորեցնում էին, ճշմարիտ էր: Ծնողներիս հավատը շարունակում էր աճել, մինչև որ նրանց մեջ բռնկվեց վկայության կրակը, որը լուռ ու խոնարհ առաջնորդում էր նրանց կյանքի յուրաքանչյուր որոշումը:

Ես միշտ շնորհակալ կլինեմ իմ ծնողներին ապագա սերունդներին տված օրինակի համար: Անհնար է հաշվել այն մարդկանց թիվը, որոնք հավերժ փոխվել են՝ խորը վշտին ի պատասխան գործադրված հավատքի:

Բոլորին, ովքեր վշտի մեջ են, բոլոր նրանց, ովքեր մաքառում են կասկածի դեմ, բոլոր նրանց, ովքեր ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո, ես հրավիրում եմ՝ հավատացեք Քրիստոսին: Ես խոստանում եմ, որ եթե դուք ցանկանում եք հավատալ, ուրեմն գործեք հավատով, հետևեք Հոգու շշուկներին, և դուք ուրախություն կգտնեք այս կյանքում և գալիք աշխարհում:

Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հանդիպելու եմ իմ քրոջը՝ Էնին: Ես անհամբեր սպասում եմ ուրախ հանդիպմանը հայրիկիս հետ, ով մահացավ ավելի քան 30 տարի առաջ: Ես վկայում եմ այն ուրախության մասին, որը կարելի է գտնել հավատով ապրելով, հավատալով՝ առանց տեսնելու, բայց Սուրբ Հոգու զորությամբ իմանալով, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Իմ ամբողջ հոգով ու սրտով ես ընտրում եմ հետևել Հիսուս Քրիստոսին և Նրա վերականգնված ավետարանին: Սա օրհնում է իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտը: Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, մեր Փրկիչն ու Քավիչը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։