2021
Իմ փորձառությունը գերագույն համաժողովի վերաբերյալ
Մարտ 2021


Իմ փորձառությունը գերագույն համաժողովի վերաբերյալ

Ես հիշում եմ առաջին գերագույն համաժողովը, որին ներկա էի 2002 թ.-ի ապրիլին, երբ ես դեռ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէի: Որպեսզի կարողանայի համաժողովի ելույթները դիտել, ես պետք է մեկնեի հարևան քաղաք: Ուղիղ եթերում մենք կարող էինք դիտել միայն մեկ նիստ՝ ժամանակի տարբերության պատճառով, իսկ մնացած նիստերը՝ որպես ձայնագրություն: Մասնակցում էի և՛ շաբաթ, և՛ կիրակի օրերի նիստերին: Ես ոգեշնչված էի այնտեղ լսած ելույթներից: Ես միշտ ջանասիրաբար գրառումներ եմ կատարել իմ օրագրում: 2002 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին ես ներկա եմ եղել որպես նորադարձ: Ցավոք, այդ ժամանակ ես չունեի համակարգիչ, իսկ համացանցը հասանելի չէր, և իմ միակ տարբերակն էր կարդալ «Լիահոնա» ամսագրի համաժողովի համարը, որպեսզի կարողանամ նորից կարդալ ելույթները: Ես հիշում եմ, որ մեզ՝ Եկեղեցու անդամներիս համար, հատուկ հոգևոր տոն էր, երբ ստանում էինք համաժողովի ելույթների տպագիր տարբերակը և կարողանում էինք կարդալ դրանք ու նշումներ կատարել: Մենք օգտագործում էինք «Լիահոնա» ամսագիրը՝ դասերին ու ելույթներին պատրաստվելու համար:

Հիմա, երբ ժամանակը փոխվել է, և ես ունեմ իմ սեփական ընտանիքը՝ փոքր երեխաներով, ես իսկապես օրհնված եմ զգում, որ գերագույն համաժողով դիտելը շատ ավելի է հեշտացել: Գերագույն համաժողովը շաբաթ և կիրակի օրերին դիտելու իմ ավանդույթը ժամանակի ընթացքում չի փոխվել, չնայած հիմա ես այն միշտ առցանց դիտում եմ տանը՝ կա՛մ անգլերեն, կա՛մ հունգարերեն:

Մեր ընտանիքը դեռ միանում է Սրբերին՝ միասին դիտելու գերագույն համաժողովը Եկեղեցու ժողովատանը: Որպես չորս երեխաների մայր՝ երկու օր եկեղեցում անցկացնելու և ելույթները լսելու համար ինձանից հատուկ պատրաստություն է պահանջվում: Ես պետք է խորտիկներ պատրաստեմ՝ եկեղեցում սոված մարդկանց կերակրելու համար, և ես պետք է նաև տան համար սնունդ պատրաստեմ, երբ եկեղեցուց տուն վերադառնանք: Ես պետք է մեր երեխաների համար գունազարդման հետաքրքիր էջեր գտնեմ, քանի որ նրանք սիրում են գունավորել:

Ես անձամբ ինձ շատ երջանիկ եմ զգում, երբ մեր բոլոր երեխաները նստած են ու լուռ գունավորում են՝ լսելով համաժողովի ելույթները, չնայած դա միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ նրանք երեխաներ են և սիրում են շարժվել: Ես շատ շնորհակալ եմ իմ ամուսնուն, ով պատրաստ է օգնել և հետևել երեխաներին, որպեսզի ես ևս կարողանամ դիտել ելույթները: Ես և ամուսինս նկատել ենք, որ երբեմն մեր երեխաները սիրում են առանձին նստել և շատ ուշադիր հետևել համաժողովին: Չեմ կարող ժխտել, որ այդ պահերը լավագույնն են ինձ համար՝ որպես ծնող: Եկեղեցուց տուն հասնելով՝ մենք խնդրում ենք մեր երեխաներին պատմել մեզ համաժողովի ելույթների իրենց սիրելի մասերը: Բազմիցս պատահել է, որ նրանք ինձնից ավելի արագ են պատմում մի պատմություն, որը լսել են համաժողովում:

2020 թվականը մեզ տարբեր հանգամանքներ է բերել: Մյուս Սրբերի հետ միասին գերագույն համաժողովը դիտելու մեր ավանդույթը պետք է փոխվեր: Մենք տանից էինք դիտում համաժողովը:

Պատրաստվելով գալիք գերագույն համաժողովին՝ նախագահ Նելսոնից մի հիշեցում գտա, որը նա ասել է 2018 թվականի ապրիլյան համաժողովի ժամանակ. «Ես ձեզ հորդորում եմ հաջորդ վեց ամիսների ընթացքում հաճախ ուսումնասիրել այս համաժողովի ուղերձները, անգամ՝ բազմիցս: Բարեխղճորեն փնտրեք այս ուղերձները ձեր ընտանեկան երեկոներին, ձեր ավետարանի ուսուցման մեջ, ընտանիքի և ընկերների հետ զրույցներում և նույնիսկ ձեր հավատքին չպատկանող մարդկանց հետ քննարկումներում ներառելու ուղիներ»: Ես ուրախությամբ ընդունեցի նրա խորհուրդը:

Ես հասկացել եմ, որ որպես ծնողներ, մեր անձնական պատրաստվածությունը՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես, ազդում է այն բանի վրա, թե ինչ փորձառություն կունենան մեր երեխաները գերագույն համաժողովի ժամանակ: Ես ուրախ եմ, որ մենք երկրի վրա ունենք ապրող մարգարե, ով հայտնություններ և նախազգուշացումներ է ստանում Երկնային Հորից: Ես գիտեմ, որ երբ հետևենք մարգարեների խոսքերին, մենք օրհնված կլինենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: