2021
Երաժշտությունը պահենք երկրպագության հիմքում
Մարտ 2021


Երաժշտությունը պահենք երկրպագության հիմքում

Երաժշտությունը միշտ եղել է և կլինի երկրպագության հիմքում՝ թե՛ եկեղեցում և թե՛ տանը։

Նկար
family gathered around piano

Եկեղեցու կազմավորումից ընդամենը մի քանի շաբաթ հետո Տերը պատվիրեց Էմմա Սմիթին «պատրաստել սրբազան օրհներգերի մի հավաքածու … որը հաճելի է ինձ, իմ եկեղեցում ունենալու համար» (Վարդապետություն և Ուխտեր 25.11)։ Սրբերին պետք էին եղանակներ՝ սովորելու նոր հայտնված ավետարանական ճշմարտությունները և միավորվելու Աստծուն փառաբանելու համար։ Եվ օրհներգերը կլինեն նրանց երկրպագության և ուսումնասիրության հիմքում։

Տարիներ առաջ, երբ իմ ընտանիքը միացավ Եկեղեցուն, իմ ծնողները խրախուսեցին մեզ սովորել մեր նոր հավատքի երաժշտությունը։ Ես վառ հիշողություններ ունեմ կապված այդ ժամանակների հետ․

  • Երբ իմ ընտանիքի հետ անգիր էինք սովորում «Աղոթքը հոգու անկեղծ ցանկությունն է» (Օրհներգեր, հ. 145) օրհներգը։

  • Երբ լսում էինք «Ով Հայր իմ» (Հիմներ և մանկական երգեր, հ. 42) օրհներգը և սովորում, որ ես ունեմ Երկնային Հայր և Մայր, որոնց մի օր կարող եմ կրկին տեսնել։

  • Երբ զգում էինք Աստծո սերը, մինչ երգում էինք «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (Երեխաների երգարան, 16), չնայած ես ապրում էի անապատում և իրականում երբեք յասամանի ծառ չէի տեսել։

Իսկ այժմ անցնենք 2020 թվականի փետրվարի վերջին տեղի ունեցած հաղորդության ժողովին։ Մեր ծխի մի քանի անդամներ պայքարում էին քաղցկեղի դեմ, և ես խորը մխիթարություն զգացի, երբ ծխի երգչախումբը երգեց «Աստծո Սրբեր» (Հիմներ և մանկական երգեր, հ. 6) օրհներգը։ Մի քանի շաբաթ անց տեղի ունեցան մի շարք անհանգստացնող իրադարձություններ. մեկուսացումներ, եկեղեցու չեղարկումներ և մի շարք երկրաշարժեր և հետցնցումներ։ Եվ ես մտովի սկսեցի կրկին երգել այդ օրհներգը․

Ձեզ հետ եմ ես ընդմիշտ, չերկնչեք երբեք,

Քանզի քո Աստվածն եմ ես, հասնելու եմ օգնության,

Ես ուժ եմ ձեզ տալու, որ չարին հաղթեք,

Բարձրացած իմ արդար բազկով ամենազոր միշտ, ամենուրեք։

Երբեմն թվում է, թե համընդհանուր և անձնական մարտահրավերները շատանում են գրեթե օրեցօր։ Ավելի քան երբևէ մենք ունենք օրհներգերի, Երեխաների Միության երգերի և այլ սրբազան երաժշտության հոգևոր աջակցության կարիքը։

Նպատակի կամ կարևորության փոփոխություն չկա

Ինչևէ, երբ մենք անցանք Եկեղեցու ժողովների երկժամյա ժամանակացույցի, ոմանք մտածում էին՝ արդյո՞ք երաժշտության դերը նվազել է մեր երկրպագության մեջ։ Պատասխանն է՝ ոչ։

  1. Սրբազան օրհներգերը շարունակում են մնալ յուրաքանչյուր հաղորդության ժողովի մի մասը, ինչպես նաև օգնում են նախապատրաստել մեր սրտերը հաղորդության արարողության համար։ Երգչախմբային և ընդհանուր երգեցողությունը և այլ սրբազան երաժշտությունները նախկինի պես այժմ էլ կարող են օգտագործվել ժողովը իմաստալից դարձնելու համար COVID-19 համաճարակի ընթացքում սուրբ երաժշտությունը շարունակում է լինել կարճացված հաղորդության ժողովների կարևոր մասը, նույնիսկ երբ այն հնչում է միայն գործիքային եղանակով։

  2. Մեր երեխաներն այժմ Երեխաների միությունում իրենց ժամանակի կեսն անցկացնում են ավետարանը երաժշտության միջոցով սովորելով։

  3. Երկրորդ ժամին չափահասների և երիտասարդների դասարաններում բացիչ կամ փակիչ երգեր չկան։ Բայց երաժշտությունը մենք կարող ենք շարունակել օգտագործել դասարաններում ուսուցանելու և ոգեշնչելու համար։

  4. Այժմ թվային սարքերով ավելի հեշտ է լսել սուրբ երաժշտությունը՝ օգտագործելով Եկեղեցու Sacred Music հավելվածը։

Ավելի քիչ դիտողություն, ավելի շատ ուշադրություն

Դեռևս որոշ թյուրիմացություններ են տեղի ունենում։ Զատկի մի կիրակի ուսուցիչը ներողություն է խնդրել Ավետարանի Վարդապետության իր դասարանից․ «Ես գիտեմ, որ մենք չպետք է երգենք Կիրակնօրյա դպրոցում, սակայն ես շատ եմ ուզում, որ մենք միասին երգենք «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգը»։ Այդ ուսուցիչը հավանաբար միայնակ չէ այս թյուրիմացության մեջ։

Իրականում երաժշտությունը շարունակում է նույնքան կարևոր լինել մեր երկրպագության ընթացքում, որքան միշտ եղել է։ Այդ ամենի մասին են վկայում մեր օրհներգերի և մանկական երգերի հավաքածուների ներկայումս իրականացվող թարմացումները։ Այդ ջանքերի շրջանակներում Եկեղեցու անդամներն ամբողջ աշխարհում ներկայացրել են 16000 նոր ուշագրավ օրհներգեր, երգեր և տեքստեր։

Բայց մեր կիրակնօրյա ժողովներում երգելու համար ավելի քիչ սահմանված ժամանակ ունենալու պատճառով, մենք պետք է ավելի մտածված և ուշադիր լինենք երաժշտությունը պլանավորելու և օգտագործելու հարցում։

Նկար
group of children singing

Երկու հիմնական սկզբունք կարող են օգնել մեզ պահելու երաժշտությունը մեր երկրպագության հիմքում։

1. Ուսուցման մեջ անփոխարինելի

Գուցե մենք կարծում ենք, որ ելույթները և քննարկումները տանը և եկեղեցում ավետարանական ուղերձները հաղորդելու հիմնական միջոցներն են։ Եվ մենք գուցե մեր ժամանակի մեծ մասը ծախսում ենք այդ տարրերի վրա։ Բայց երաժշտությունը դեկորատիվ հավելում չէ։ Այն զորությամբ և Հոգով ուսուցանելու հենց հիմքն է։

Ինչպես Պողոս Առաքյալն է խորհուրդ տվել վաղ շրջանի սրբերին՝ «Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը» (Կողոսացիս 3․16

Երաժշտությունը կարող է ակնթարթորեն Հոգին հրավիրել ներկա լինել դասին կամ ժողովին։ Կիրակնօրյա դպրոցի կամ Եկ, հետևիր ինձ ծրագրի քննարկման ընթացքում երգի ընտրությունն արժանի է նույն մտածված և աղոթքով խորհրդածությանը, ինչպես սուրբ գրությունները, որոնք մենք ընտրում ենք կարդալու կամ դասի այն մասը, որն ընտրում ենք կիսվելու համար։ Աղոթքով ընտրված երաժշտությունը կարող է դիպչել սրտերին, թողնել հոգևոր տպավորություններ, որոնք կարող են պահպանվել ողջ կյանքում։

2. «Աղոթք ինձ համար»

Մենք բոլորս էլ երբեմն կարող ենք մեզ հուսալքված զգալ, երբեմն մեր ուղին գուցե հստակ չտեսնենք։ Երբեմն կարող է թվալ, որ մենք պարզապես անընդհատ նույն հրատապ կարիքի համար աղոթում ենք՝ առանց որևէ պատասխան կամ լուծում ստանալու։ Նման պահերին գուցե գայթակղվենք եզրակացնելու, թե Աստված չի մտահոգվում մեզ համար, կամ որ մենք արժանի չենք Նրա հոգատարությանը։ Երբեմն կարող է նույնիսկ ցանկություն առաջանալ հրաժարվել աղոթքից։

Ահա մի մխիթարիչ ճշմարտություն, որին կարող ենք ապավինել այն պահերին, երբ մենք երկնքի հետ հոգևոր կապի պակաս ենք զգում. սրբազան երաժշտությունը իրականում կարող է լինել աղոթքի ձև։ Տերն անձամբ բացատրեց դա, երբ հանձնարարեց Էմմային կազմել մեր առաջին երգարանը․ «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո՛, արդարների երգն աղոթք է ինձ համար» (Վարդապետություն և Ուխտեր 25․12, շեղագիրն ավելացված է)։

Երբ մենք անկեղծորեն սրտաբուխ երգենք Նրա համար, Տերը խոստացել է միշտ պատասխանել օրհնությունով․ «Եվ այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին։ Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա» (Վարդապետություն և Ուխտեր 25․12-13

Իմ կյանքի մի դժվարին շրջանում երկար ժամանակ չէի կարողանում գտնել իմ սրտաբուխ աղոթքների պատասխանները։ Իմ թանկագին ընկերներից մեկն էլ իր որոշ դժվարությունների միջով էր անցնում։ Բայց երբ մենք միասին նվագում և երգում էինք օրհներգեր և ավետարանական երգեր, մենք հաճախ մխիթարության զորեղ զգացողություն և վկայություն էինք ստանում։ Ես այժմ հասկանում եմ, որ Տերը կատարում էր Իր խոստումը։ Նա պատասխանում էր իմ սրտի երգերին՝ նորից ու նորից։ Եվ դա իսկապես օգնեց ինձ բարձրացնել իմ սիրտը և առաջ շարժվել։

Նկար
young woman visiting a cemetery

Photograph by Robert Casey

Ամեն կիրակի

Ամեն կիրակի, մենք կարող ենք վստահ լինել, որ ոմանք մեր ժողովներում, ոմանք մեր դասարաններում, և ոմանք էլ մեր ընտանիքներում գտնվում են անձնական տառապանքի խորը ջրերում։ Մյուսները կլինեն խաղաղ հովիտներում, որտեղ օրհնությունները հորդում են։ Կլինեն այնպիսիք, որ պարզապես նոր են սովորում ավետարանի հիմնական ճշմարտությունները։

Եթե մենք մեր երկրպագության մեջ պահենք երաժշտությունն իր ուրույն տեղում, կարող ենք օգնել բոլորին հնարավորություններ գտնել՝ զգալու Հոգին, սովորելու ավետարանական ճշմարտությունները և փառաբանելու Տիրոջը Նրա բարության համար։ Եվ մենք կարող ենք օգնել բոլորին, որպեսզի նրանց սրտերի երգերը պատասխան գտնեն այնպիսի եղանակներով, ինչպիսին միայն մեր սիրառատ, հավերժական Հայրը կարող է պատասխանել։