2021
Ջեյնն ուրախ անցավ ճամփորդությունը
Մարտ 2021


Վերականգնման վաղ շրջանի կանայք

Ջեյնն ուրախ անցավ ճամփորդությունը

Արդյո՞ք մենք Ջեյն Մենինգ Ջեյմսի նման վճռական ենք՝ անցնելու մեր ճամփորդությունը հավատքով։

Նկար
illustration of Jane Manning James

Պատկերազարդումը՝ Թոնի Օկայի

Ջեյն Մենինգ Ջեյմսը հոգնել էր քայլելուց, սակայն նա հրաժարվեց կանգ առնել։

Նրա ավագ որդին՝ Սիլվեստերը, բավականին մեծ էր և կարող էր քայլել կառքի կողքով։ Սակայն փոքրիկ Սիլասին, ով ծնվել էր ճամփորդության ընթացքում, պետք էր գրկել։ 1847 թվականն էր, և Ջեյմսերի ընտանիքը շուտով միանալու էր առաջին ռահվիրաներին, ովքեր հասել էին Մեծ Սոլթ Լեյքի հովիտ։

Առաջին անգամը չէր, որ Ջեյնը երկար ճամփորդում էր։

Չորս տարի առաջ նրա ընտանիքը լքել էր արևելյան քաղաքի իրենց տունը՝ միանալու Նավուի սրբերին արևմտյան սահմանի եզրին։ Ճամփորդությունը գետով կտևեր ընդամենը մի քանի օր։ Բայց քանի որ այդ ժամանակ Միացյալ Նահանգներում շատ սևամորթներ ստրուկ էին, Ջեյնի ընտանիքը հաճախ պետք է իրենց ազատ լինելու փաստը հավաստող թղթեր ներկայացներ Որոշ տեղերում խիստ օրենքներ էին գործում, որոնք թույլ չէին տալիս սևամորթներին ճանապարհորդել այդ տարածքով, ինչպես նաև մեկ անձի համար գանձում էին մինչև 500 դոլար։

Գուցե այս մեծ գումարի կամ այլ նախապաշարմունքների պատճառով նավակի անձնակազմը հրաժարվեց որևէ տեղ տանել Ջեյնին և նրա ընտանիքի անդամներին։ Հուսահատվելով՝ նրանք թողեցին իրենց ունեցվածքի մեծ մասը և ոտքով ճանապարհ ընկան՝ տանելով ինչ կարող էին։

Ջեյնի ընտանիքը քայլեց ավելի քան 800 մղոն (1287կմ)։ Նրանք քայլում էին անձրևների տակ և խավար գիշերներով։ Մի անգամ նրանք անցան անտառի միջով՝ քնելով բաց երկնքի տակ։ Երբ արթնացան, նրանց հագուստը ցրտահարությունից սպիտակել էր։

«Մենք այնքան էինք քայլել, որ մեր կոշիկները մաշվել էին, իսկ մեր ոտքերը ցավում, ճաքճքում և արյունահոսում էին, - հիշում էր Ջեյնը»։ … «Մենք խնդրեցինք Աստծուն՝ Հավերժական Հորը, բուժել մեր ոտքերը, և մեր աղոթքները պատասխանվեցին»։1

Անցնելով այս դժվարին ճանապարհը, Ջեյնը օրհներգեր էր երգում իր ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ՝ փառաբանելով Աստծուն։ Վերջապես, գրեթե երեք ամիս քայլելուց հետո, նրանք հասան Նավու։ Տարիներ անց, երբ հավատարիմ սրբերը պետք է անցնեին հարթավայրերը, Ջեյնը առաջին ռահվիրաներից էր, ով ճանապարհ ընկավ։