2021
Շտապել հաղորդության ժողովին
Մարտ 2021


Շտապել հաղորդության ժողովին

Ես կարծեցի, որ մենք կրկին ուշացել էինք հաղորդությունից։

Նկար
loaf of bread

Լուսանկարը տրամադրել է Getty Images-ը

Երբ մենք Միացյալ Նահանգներից տեղափոխվեցինք Վիետնամ, ես և ամուսինս որոշեցինք երբեք չբացակայել եկեղեցուց։ Մեկ տարվա ընթացքում մենք չէինք բացակայել որևէ կիրակնօրյա ժողովից, սակայն հաճախ ուշանում էինք ու չէինք մասնակցում հաղորդության արարողությանը։ Մեր հաղորդության ժողովը սկսվում էր առավոտյան 8․30-ին։ Երեք փոքրիկների հետ ժամանակին եկեղեցու համար պատրաստվելը հաճախ անհնար էր թվում։

Ընտանիքով որոշեցինք, որ մենք պետք է մշտապես ժամանակին տեղ հասնեինք ու ճաշակեինք հաղորդությունը։ Դժվար էր, սակայն մենք ժամանակին եկեղեցի հասանք չորս կիրակի շարունակ։ Ես նկատեցի մեր ջանքերի առաջ բերած փոփոխությունը։ Շաբաթվա ընթացքում մենք ունենում էինք ավելի շատ հոգևոր փորձառություններ։

Հաջորդ կիրակի, այնուամենայնիվ, մենք ուշ արթնացանք։ Արդեն ժամը 7․30 էր։ Ես ամուսնուս ասացի, որ հույս չունեմ, որ կհասցնենք, բայց հետո մտածեցի, թե ինչպես կօրհնվենք, եթե ամեն ինչ անենք հասցնելու համար։ Ուստի, մենք շտապ սկսեցինք պատրաստվել։

Երբ եկեղեցի հասանք, մենք 20 րոպե ուշացել էինք։ Ես ինձ պարտված էի զգում։ Երբ ներս մտանք, երգ հնչեց, իսկ երբ ես բացեցի դուռը, մեկը մոտենում էր ամբիոնին, որպեսզի աղոթեր։

«Արդյո՞ք դա բացիչ օրհներգն էր»։ Շշուկով հարցրի դռան մոտ կանգնած միսիոներին։

«Այո»,-ասաց նա։ «Այսօր մենք ուշ ենք սկսել»։

Ես ապշած էի։ Կարծում էի, թե նորից ձախողել էինք, սակայն եկեղեցի էինք հասել ճիշտ ժամանակին։ Արցունքներս ակամայից հոսեցին, մինչ ես զգացի Երկնային Հոր սերն իմ փոքրիկ ընտանիքի ու իմ հանդեպ։

Ավելի ուշ մենք իմացանք, որ երբ այդ կիրակի միսիոներները եկել էին եկեղեցի, նրանք նկատել էին, որ ոչ ոք հաց չի բերել հաղորդության համար։ Մոտակայքում խանութ չկար, իսկ Վիետնամում հաց գտնելը դժվար գործ էր։ Մի պահ խուճապի մատնվելուց հետո երեցները հիշել են, որ տանը հաց ունեն։

Մի քանի օր առաջ երեցները եկել էին մեր տուն ընթրելու։ Այդ երեկո ես նրանց համար հաց էի թխել։ Եկեղեցին կիրակի առավոտյան ուշ էր սկսվել, քանի որ երեցները վազել էին տուն բերելու այն հացը, որը ես էի թխել նրանց համար։

Աստված տեսնում է մեր ջանքերը, երբ մենք ձգտում ենք պահել Նրա պատվիրանները։ Չնայած մենք երբեմն թերանում ենք, Նա սիրում է մեզ և կպատրաստի ուղիներ հաջողության հասնելու համար, նույնիսկ, եթե դա պարզապես ժամանակին եկեղեցի հասնելն է։