2021
Հաղթահարել աշխարհիկ հոգսերը
Մարտ 2021


Վարդապետություն և Ուխտեր 37-40

Հաղթահարել աշխարհիկ հոգսերը

Աշխարհիկ հոգսերը չպետք է շեղեն ինձ Աստծո խոսքին հնազանդվելուց։

Նկար
man riding a bicycle in the city

Ամբողջ կեսօրն անցկացրի հեծանիվի վրա՝ մի գործատեղից մյուսը գնալով և աշխատանք փնտրելով։

Նկարները՝ Լիամ Օ՛Ֆարելի

Նույնիսկ երբ մեզ մեծ օրհնություններ են խոստացված, եթե մեզ մտահոգում են աշխարհիկ հոգսերը Տիրոջ կամքի փոխարեն, մենք կկորցնենք այդ օրհնությունները։ Սա հստակ երևում է Վերականգնման վաղ շրջանի մի մարդու փորձառությունից։

Ջեյմս Քովիլը մեկ այլ հավատքի սպասավոր է եղել 40 տարի, սակայն վերականգնված ավետարանը լսելուց հետո նա «ուխտեց, որ կհնազանդվի ցանկացած պատվիրանի, որը Տերն իրեն կտա Մարգարե Ջոզեֆի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 39, բաժնի նախաբան)։ Ջոզեֆի միջոցով Տերն ասում է Քովիլին․ «Ականջ [դիր] իմ խոսքին, որն ասում է քեզ. Վեր կաց ու մկրտվիր, և լվա քո մեղքերը, կանչելով իմ անունը, և դու կստանաս իմ Հոգին, և այնպիսի մեծ օրհնություն, ինչպիսին երբևէ չես իմացել» (Վադապետություն և Ուխտեր 39․10

Սակայն Քովիլը շուտով «մերժեց Տիրոջ խոսքը և վերադարձավ իր նախկին սկզբունքներին ու մարդկանց» (Վարդապետություն և Ուխտեր 40, բաժնի նախաբան)։ Խոսելով Քովիլի մասին, Տերն ասել է, որ «նա ուրախությամբ ընդունեց խոսքը, բայց Սատանան անմիջապես գայթակղեց նրան. և հալածանքի վախն ու աշխարհիկ հոգսերը պատճառ դարձան, որ նա մերժի խոսքը» (Վարդապետություն և Ուխտեր 40․2)։ Աշխարհիկ հոգսերի վերաբերյալ իր անհանգստության պատճառով Քովիլը կորցրեց օրհնությունները, որոնք նրան խոստացել էր Տերը։

Արդյոք մնամ, թե՞ գնամ

Իմ կյանքի օրինակով ես հասկացել եմ, որ մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհիկ հոգսերը շեղեն մեզ Տիրոջը հնազանդվելուց։ Ես մեծացել եմ հրաշալի և սիրառատ տան մեջ, որտեղ ծնողներս մեզ լավ ուսուցանել են ավետարանը և մեր հանդեպ նրանց սերը արտացոլել է Երկնային Հոր սերն Իր զավակների հանդեպ։

Երբ 16 տարեկան էի, ինձ հրավիրեցին աշխատելու ԱՄՆ-ում գտնվող ագարակում՝ մի օր այնտեղ իմ սեփական տունը կառուցելու հեռանկարով։ Դա ինձ գրավեց, քանի որ իմ հայրենիքը՝ Նիդերլանդները, խիտ բնակեցված փոքրիկ երկիր է։

Փաստորեն, հորս նախահայրերը մեկ այլ վայրում ապրելու նման ցանկություն են ունեցել։ Նրանք տեղափոխվել են Ինդոնեզիա, որը նախկինում հոլանդական գաղութ էր։ Ես լիովին հասկանում եմ, թե ինչու։ Ինդոնեզիան ունի լավ կլիմա, գեղեցիկ բնապատկեր և մեծ տարածք։ Իմ գեներում առկա էր այդ նույն փափագը, որը ոգեշնչել էր իմ նախնիներին։ Արդյո՞ք ես նույնպես պիտի հեռանայի իմ հայրենիքից՝ փնտրելով հաջողություն և արկածներ։

Որոշում կայացնելու այդ ժամանակահատվածում հայրս տվեց ինձ մի նամակի կրկնօրինակ, որը հասցեագրված էր նրան և նրա քույրերին շատ տարիներ առաջ իրենց միսիայի նախագահի՝ Դոնովան վան Դամի կողմից։ Նախագահ վան Դամը խնդրել էր նրանց մնալ Նիդերլանդներում և կառուցել այնտեղ Եկեղեցին։ Հայրս ասաց ինձ, որ նա որոշել էր ճիշտ այդպես անել։ Եվ քանի որ նամակը հասցեագրված էր Բոմ ընտանիքին, այժմ իմ հերթն էր որոշելու, թե ինչ անել։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եկեղեցու շատ անդամներ գաղթեցին Ամերիկա և Կանադա։ Դա դեռևս շարունակվում էր մինչև 1970-ականները, անկախ այն բանից, որ Եկեղեցու ղեկավարները հորդորում էին անդամներին մնալ իրենց իսկ երկրներում և ամրացնել Եկեղեցին իրենց բնակավայրերում։ Աղոթքով ես նույնպես որոշում կայացրի մնալ և կառուցել Եկեղեցին Նիդերլանդներում, լիովին չգիտակցելով, թե դա ինչ էր նշանակելու ապագայում։

Որոշումներ, որոշումներ

Երբ 1970-ականների վերջին ես ավարտեցի ավագ դպրոցը, Հոլանդիայի տնտեսությունն անկայուն վիճակում էր։ Գործազրկության մակարդակը բարձր էր։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ մռայլ էր թվում։ Ավարտողների համար դժվար էր որոշել, թե ինչ անել հաջորդիվ։

Հայրս ծառայում էր որպես ճյուղի նախագահ։ Ժամանակ առ ժամանակ նա քննարկում էր ինձ հետ լիաժամկետ միսիա ծառայելու հնարավորությունը։ Իհարկե, դա հրաշալի կլիներ։ Իմ ամբողջ կյանքում ես անհամբեր սպասել էի դրան։

Սակայն ես չէի պատկերացնում, թե միսիա ծառայելը ինչպես կարող էր օգնել ինձ ապահովել իմ ապագա ընտանիքը։ Մանկուց միշտ մեծ ցանկություն եմ ունեցել մի օր գտնելու իմ կյանքի սերը և միասին կառուցելու մեր ընտանիքը։

Այդ ժամանակ ես 17 տարեկան էի, և չիմանալով, թե հաջորդն ինչ անել, ես սկսեցի կրթության իմ հաջորդ փուլը։ Սակայն մի քանի շաբաթ անց ես հասկացա, որ ուսման այս ոլորտը ինձ երջանկություն չէր պարգևելու։ Ես կասկածում էի, թե դա ինձ կայուն աշխատանքով կապահովեր։ Ես մտածեցի կրթությունս կիսատ թողնելու մասին։

Ծնողներիս դա դուր չեկավ։ Նրանք ասացին ինձ, որ ես կարող էի թողնել կրթությունս միայն այն դեպքում, եթե աշխատանք գտնեի։ Նրանք հավանաբար կարծում էին, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով ես ոչ մի գործ չէի գտնի։ Ամբողջ կեսօրն անցկացրի հեծանիվի վրա՝ մի գործատեղից մյուսը գնալով։ Վերջապես մի ընկերություն վարձեց ինձ որպես պահեստի աշխատող։

Իմ ծրագիրը

Չնայած ես անցա այս ժամանակավոր աշխատանքին, ես ծրագիր ունեի։ Ես պատրաստվում էի ոստիկան դառնալ։ Կառավարության համար աշխատելը կայուն միջոց կլիներ իմ ապագա ընտանիքն ապահովելու համար, և ամեն ինչ կստացվեր։

Հիշում եմ այն օրը, երբ ես գնացի քննություններ հանձնելու՝ ոստիկանության դպրոց ընդունվելու համար։ Վաղ առավոտյան ես գնացք նստեցի և ամբողջ օրվա ընթացքում զանազան թեստեր էի հանձնում։ Օրվա վերջում ինձ կանչեցին գրասենյակ։ Ինձ ասացին, որ ես անցել եմ բոլոր քննությունները, և նրանք կցանկանային ինձ ընդունել, բայց քանի որ 17 տարեկան էի, ես չափազանց երիտասարդ էի։ Նրանք ասացին ինձ, որ կրկին փորձեմ մեկ տարի անց։

Աշխարհը փլվեց ինձ համար, և տան ճանապարհին ես անընդհատ մտածում էի. «Հիմա ի՞նչ անեմ»։ Տանը հայրս լսեց իմ հիասթափությունների մասին և առաջարկեց օրհնություն տալ ինձ։ Ես ակնկալում էի, որ Տերը կասեր ինձ, որ ամեն ինչ կստացվի, և ես հրաշքով կընդունվեի ոստիկանության ակադեմիա։ Փոխարենը Տերն ասաց ինձ, որ եթե ես առաջնահերթությունը տամ Իրեն, ես միշտ իմ սեղանին հաց կունենամ և իմ ապագա ընտանիքի համար հոգ տանելու միջոցներ։

Ավելի լավ ծրագիր

Նկար
map showing parts of Europe

Ես ստացա իմ աղոթքների պատասխանը՝ որ Տիրոջն առաջնահերթություն տալու համար ես պետք է ծառայեմ լիաժամկետ միսիայում։ Ես միշտ ցանկացել եմ դա անել, սակայն չեմ իմացել, թե ինչ քայլեր ձեռնարկել դրա համար։ Այժմ ես գիտեի, որ պետք ծառայեի միսիայում և ցանկանում էի անել դա որքան հնարավոր էր շուտ։

Այդ ժամանակ միսիայի վճարը հին հոլանդական արժույթով կազմում էր 10000 գիլդեր կամ մոտ մեկ տարվա աշխատավարձ։ Ես շարունակեցի աշխատել պահեստում և մինչև 1981 թվականի ամառը ես հավաքել էի այդ 10000 գիլդերը։ 18 տարիս բոլորեց։ Հայրս՝ ճյուղի նախագահը, ինչպես նաև շրջանի և միսիայի նախագահները ասացին ինձ, որ ես դեռ շատ երիտասարդ եմ միսիայի համար։ Այն ժամանակ ծառայելու համար պարտադիր էր լինել 19 տարեկան։ Սակայն իմ 18 տարին լրանալուն պես ես ինքս այցելեցի բժշկին և ատամնաբույժին և խնդրեցի նրանց լրացնել իմ միսիոներական թղթերի համապատասխան մասերը։

Ինչ-որ կերպ ես կարողացա այնպես անել, որ իմ ղեկավարները հարցազրույց անցկացնեն ինձ հետ և ներկայացնեն իմ դիմումը։ Ապա մենք սպասում էինք։ Ես չգիտեի, որ հայրս՝ ճյուղի նախագահը, ստացել էր նամակը։ Դիմումը հետ էին ուղարկել նրան, նշելով, որ տարիքս չէր համապատասխանում։ Սակայն հայրս դեռևս չէր ցանկացել կիսվել ինձ հետ դրանով , ուստի, նա շաբաթներ շարունակ պահում էր նամակն իր կոստյումի գրպանում և ինձ ոչինչ չէր ասում։ Բարեբախտաբար, որոշ ժամանակ անց նա մեկ այլ նամակ ստացավ։ Նամակում ասվում էր, որ ելնելով որոշ հանգամանքներից, Եղբայրները որոշել էին թույլ տալ երիտասարդներին շուտ մեկնել միսիայի՝ լավ պատրաստված լինելու դեպքում։ Շուտով ես կանչվեցի ծառայելու և նշանակվեցի Անգլիայի (Լոնդոն) Արևելյան Միսիայում։ Իմ միսիան օրհնեց իմ ողջ կյանքը։

Օրհնություններ Տիրոջից

Միսիայից վերադառնալուց հետո, երեք ամիս անց, ես հանդիպեցի իմ կյանքի սիրուն։ Մեկ տարի անց մենք ամուսնացանք և կնքվեցինք Լոնդոնի (Անգլիա) Տաճարում։ Տնտեսությունը դեռևս լավ վիճակում չէր, սակայն ես միշտ կարողանում էի աշխատանք ունենալ և ապահովել իմ ընտանիքին։ Մեր սեղանին միշտ հաց է եղել և տանիք՝ մեր գլխավերևում։

Միսիայի ժամանակ այս հատվածը դարձել էր սուրբ գրությունների իմ սիրած հատվածներից մեկը․ «Որքան որ դու կպահես Աստծո պատվիրանները, դու կբարգավաճես երկրում» (Ալմա 36․1)։ Սա ունենալով որպես ուղեցույց՝ ես որոշեցի վարվել հորս պես․ մնալ Նիդերլանդներում և կառուցել Եկեղեցին իմ հայրենիքում։

Նկար
photograph of Elder Boom’s family

Երեց և Քույր Բոմերի ընտանիքը 2019 թվականին։ Դրանից հետո ծնվել է ևս մեկ թոռնուհի։

Փոքրիկ ճյուղը, որտեղ ես մեծացել եմ, այսօր դարձել է հրաշալի ծուխ, որտեղ մեր թոռնիկները վայելում են բազմաթիվ ընկերների ներկայությունը՝ հավաքված Երեխաների միության մեծ դասարանում։ Մեր որդիները լավ մասնագիտություններ ունեն և օրհնված են սեղանին հաց ունենալով։ Ես տեսնում եմ, որ իմ որոշումներն ազդել են հաջորդ սերնդի վրա, ովքեր նույնպես ցանկանում են իրենց կյանքում առաջնահերթությունը տալ Տիրոջը։

Ես երախտապարտ եմ, որ իմ կյանքի վաղ շրջանում սովորեցի, որ ճիշտ որոշումն աշխարհիկ հոգսերը հաղթահարելն է և առաջնահերթությունը Երկնային Հորը տալը։ Նա տվել է ինձ օրհնություններ, որոնք այլապես ես չէի ունենա։