2021
Գերագույն համաժողովը՝ որպես հոգևոր ուժի աղբյուր
Մարտ 2021


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Գերագույն համաժողովը՝ որպես հոգևոր ուժի աղբյուր

Գերագույն համաժողովի նպատակներից մեկն է՝ աջակցել յուրաքանչյուր պատրաստակամ անհատի հասնել ներքին հոգևոր փոփոխության, որը թույլ կտա նրան ավելի մոտենալ Փրկիչին և ավելի լավ լսել Նրա ձայնը առօրյա կյանքում:

Գերագույն համաժողովի ընթացքում, Աստծո կամքը սովորելու ճշմարիտ մտադրությամբ լսելով, յուրաքանչյուր մարդ կկարողանա՝ 1) տեսնել և զգալ, թե որքան է իր կյանքը համապատասխանում Աստծո օրինակին, (2) առաջնորդում ստանալ վերևից՝ կապված ցանկացած անձնական խնդրի հետ և (3) սկսել աշխատել բարելավման պահանջների վրա:

Գոյություն ունեն մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնք կարող են օգնել մեզ առավելագույնի հասցնել մեր հոգևոր փորձառությունը, երբ գերագույն համաժողովի ընթացքում տարբեր ելույթներ ենք լսում.

  1. Ի՞նչ ենք մենք անում: Ինչպե՞ս ենք պատրաստվում: Ինչի՞ վրա ենք կենտրոնանում գերագույն համաժողովին ՆԱԽՈՐԴՈՂ մի քանի շաբաթների ընթացքում:

  2. Ի՞նչ ենք մենք անում և ինչպե՞ս ենք կազմակերպվում գերագույն համաժողովը դիտելու ԸՆԹԱՑՔՈՒՄ:

  3. Ի՞նչ պետք է անենք գերագույն համաժողովի ավարտից ՀԵՏՈ՝ հիմնվելով մեր գիտելիքների, զգացմունքների, մտքերի և մեր հարցերի պատասխանների վրա:

Ժամանակի մի ինչ-որ պահի՝ Երեց Այրինգի ԲՅՀ-Այդահո այցին նախապատրաստվելիս, Երեց Բեդնարը՝ այն ժամանակ համալսարանի նախագահը, իր ուսանողներին ասաց հետևյալ խոսքերը. «Դուք եք որոշում, թե ինչ կասի Տիրոջ Առաքյալը»: Նա ուսուցանեց, որ նրանց վերաբերմունքը, պատրաստվածությունը, վարվելակերպը և արտաքին տեսքը իրականում որոշելու էին, թե Տիրոջ Առաքյալն ինչ կասեր նրանց հոգևոր հավաքի ժամանակ: Եվ այդպես էլ եղավ: Երեց Այրինգը հուզվեց, երբ տեսավ, որ ավելի քան 12000 հանդիսատես ունի, ովքեր պատրաստ էին լսել վերևից ուղարկված իր ուղերձն ու առաջնորդությունը:

Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել գերագույն համաժողովից ԱՌԱՋ:

  1. Մենք կարող ենք երկրորդ անգամ կարդալ կամ դիտել և, հնարավոր է, լսել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների բոլոր ելույթները նախորդ գերագույն համաժողովից՝ ստեղծելով այն մթնոլորտն ու զգացմունքները, որոնք անհրաժեշտ են գալիք գերագույն համաժողովին ոգեշնչում ստանալու համար: Դրանից առավելագույնս օգուտ քաղելու համար անհրաժեշտ է երեք շաբաթ ամեն օր 20-25 րոպե հատկացնել այս գործին և ընկղմվել մարգարեների խոսքերի մեջ, որոնցով նրանք արդեն դիմել են մեզ:

  2. Մենք կարող ենք ամեն օր աղոթել բոլոր նրանց համար, ովքեր պատրաստում են իրենց ուղերձները գերագույն համաժողովին, և ովքեր աղոթքով ընկղմվում են մտորումների մեջ, թե ինչ և ինչպես դա մեզ հասցնել: Մեր ամենօրյա աղոթքը այս եղբայրների և քույրերի համար, նույնիսկ եթե մենք չենք ճանաչում բոլոր ապագա խոսնակներին, մեծ օգնություն և աջակցություն կլինի նրանց համար: Իսկ մեզ համար դա մի հրաշալի պատրաստություն կլինի համաժողովին:

Ի՞նչ ենք մենք անում և ինչպե՞ս ենք կազմակերպվում գերագույն համաժողովը դիտելու ԸՆԹԱՑՔՈՒՄ:

  1. Եթե մենք ունենք մեզ հետաքրքրող որևէ կարևոր հարց, ապա գրելով այն և գերագույն համաժողովի ընթացքում անդրադառնալով դրան, մենք կարող ենք պատասխան ստանալ՝ լսելով Հոգու հուշումները ելույթների ընթացքում:

  2. Մենք պետք է հարմարավետ նստած լինենք, բայց միաժամանակ ոչ այնքան հարմարավետ, որ քնենք, և այդ ժամանակ կարողանանք կենտրոնանալ ուղերձի, խոսքերի, զգացմունքների և մտքերի վրա, որոնք կայցելեն մեր միտքն ու սրտերը:

  3. Մենք գրի ենք առնում այն, ինչ գալիս է մեզ Հոգու միջոցով, որպեսզի հետագայում կարողանանք վերադառնալ և խորհել այդ հուշումների շուրջ:

Ի՞նչ պետք է անենք գերագույն համաժողովի ավարտից ՀԵՏՈ՝ հիմնվելով մեր գիտելիքների, զգացմունքների, մտքերի և մեր հարցերի պատասխանների վրա:

  1. Մենք պետք է մի քանի օրվա ընթացքում վերանայենք գերագույն համաժողովի բոլոր ելույթները, որոնք մատչելի են մեր լեզվով:

  2. Աղոթքով խորհելով և կարդալով համաժողովի ընթացքում կատարած մեր անձնական գրառումները, կորոշենք, թե մենք ինչ ենք անում, ինչի վրա ենք աշխատում և ինչին ենք ուշադրություն դարձնում:

  3. Մեզ անհրաժեշտ է գործողությունների անձնական ծրագիր: Դրան հետևելով՝ մենք կարող ենք Սուրբ Հոգուն հրավիրել մեր մեջ կատարելու այն կարևոր հոգևոր փոփոխությունները, որոնց համար մենք մասնակցել ենք գերագույն համաժողովին:

Մեզանից յուրաքանչյուրը կկարողանա գերագույն համաժողովը օգտակար և հաջողված անվանել միայն այն դեպքում, եթե այն նկատելի հետք թողնի մեր սրտում և մտքում, և եթե այն օգնի մեզ ավելի մոտենալ Փրկիչին և ավելի լավ լսել Նրա ձայնը: