2021
Իմ պատրաստությունը գերագույն համաժողովին
Մարտ 2021


Իմ պատրաստությունը գերագույն համաժողովին

Դիտելով և լսելով գերագույն համաժողովը՝ մենք հնարավորություն ենք ստանում սովորել կենդանի մարգարեներից և առաքյալներից, ստանալ հայտնություններ մեր կյանքի համար, ավելի լավ հասկանալ վերականգնված ավետարանը, ստանալ Սուրբ Հոգու առաջնորդությունը և հասկանալ ու լուծել մեր խնդիրները ավելի անվտանգ և ճիշտ ձևով:

Երբ պատրաստվում և լսում եմ գերագույն համաժողովը, իմ զգացմունքները, փորձն ու վկայությունը ինձ համար նման են Հիսուս Քրիստոսի խոսքերը լսելուն, որոնք արտասանում են նրանք, ովքեր ելույթ են ունենում: Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» (Վարդապետություն և Ուխտեր 1.38):

Ամենաշատ հայտնություններ ես ստացել եմ այն ժամանակ, երբ նախապես պատրաստվել եմ: Ես մտքումս խորհում եմ, թե ինչ պատասխաններ եմ ուզում ստանալ Երկնային Հորից, ապա աղոթում եմ, եթե հնարավոր է՝ ծոմ եմ պահում, որ կարողանամ Սուրբ Հոգու միջոցով հասկանալ և կիրառել այն, ինչ ուսուցանվում է համաժողովի ընթացքում: Նախքան համաժողովի սկսվելը՝ ես փորձում եմ հրաժարվել ցանկացած աշխարհիկ գործունեությունից: Ինձ համար կարևոր է ընտանիքիս հետ կիսվել այն ամենով, ինչ ես լսել եմ համաժողովի ընթացքում: Նրանք Եկեղեցու անդամ չեն, և ինձ համար կարևոր է իմանալ նրանց կարծիքը, քանի որ նրանք նույնպես սատարում են համաժողովում արտահայտված շատ գաղափարներին:

Եթե ես լավ եմ պատրաստվում համաժողովին, ապա զգում եմ, որ համաժողովում որոշ ելույթներ նախատեսված են անձամբ ինձ համար, և ստանում եմ այն հարցերի պատասխանները, որոնք ունեցել եմ մինչև համաժողովը: Դա հնարավոր է, քանի որ Սուրբ Հոգին բառերը հասցնում է իմ սրտին այնպես, որ ես կարող եմ դրանք հասկանալ:

Երբեմն ես փորձում եմ գրի առնել այն հիմնական ոգեշնչումները, որոնք լսում եմ համաժողովում, և երբ դրանք վերընթերցում եմ, հասկանում եմ, որ գրել եմ ոչ թե այն, ինչ ասել է խոսնակը, այլ այն, ինչ Սուրբ Հոգին է անձամբ փոխանցել ինձ. ես հասկանում եմ, որ դրանք հայտնություններ են հատուկ ինձ համար: Դա ամրապնդում է իմ հավատքն ու վկայությունը վերականգնված Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին:

Ես հատուկ վկայություն ունեմ համաժողովի նյութերը ուսումնասիրելու մասին: Մի քանի տարի առաջ, նախքան Եկեղեցում ելույթ ունենալը, ես երկու ամիս ուսումնասիրում էի համաժողովի բոլոր մատչելի ելույթները, որոնք տրվել էին մարգարե Թոմաս Ս. Մոնսոնի կողմից:

Ես վկայում եմ, որ Սուրբ Հոգու միջոցով հայտնություններ եմ ստացել իմ անձնական կյանքի համար և զգացել եմ, թե ինչպես է Երկնային Հայրը խոսում մարգարեների միջոցով. դրանք սուրբ գրություններ են մեր կյանքի վերաբերյալ:

Վերընթերցելով գրառումներս՝ ես կրկին ուսումնասիրում եմ համաժողովի նյութերը, մասնավորապես այն մասին, ինչ գրել եմ Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ: Մի քանի անգամ կարդում եմ մեր ապրող մարգարեի ելույթները: Ես նաև շատ ոգեշնչված եմ զգում այն խոսքերից, որոնք ուսուցանել է նախագահ Հարոլդ Բ. Լին. «Այժմ, մեր, որպես այս եկեղեցու անդամների միակ անվտանգությունն է՝ … ականջալուր լինել այն խոսքերին և պատվիրաններին, որոնք Տերը կտա իր մարգարեի միջոցով: Կլինեն որոշ բաներ, որոնք համբերություն և հավատ են պահանջում: Գուցե ձեզ դուր չգան որոշ բաներ, որոնք ուսուցանվում են Եկեղեցու իշխանությունների կողմից: Դրանք կարող են հակասել ձեր [անձնական] տեսակետներին: Դրաք կարող են հակասել ձեր սոցիալական տեսակետներին: Դրանք կարող են խանգարել ձեր սոցիալական կյանքի որոշ ոլորտներին: Բայց եթե դուք լսում եք այս բաները, կարծես Տիրոջ բերանից՝ համբերությամբ և հավատքով, Նա խոստանում է «Դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. … և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 21.6):

Ես վկայում եմ, որ եթե մենք անկեղծ սրտով խնդրենք Երկնային Հորը, որ օգնի մեզ հասկանալ համաժողովի ուղերձները և ինչպես դրանք կիրառել մեր կյանքում, մենք կստանանք մեր անձնական հայտնությունը, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրները, ամրապնդվել և ձեռք բերել հավերժական կյանքի հասկացողությունը:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հեղինակ՝ եղբայր Յանիս Մենկովսկիս, Ռիգայի 1-ին ճյուղ