Գլուխ 32
Ալման սովորեցնում է աղքատներին, որոնց չարչարանքները խոնարհեցրել էին նրանց – Հավատքը մի հույս է առ այն, ինչը տեսանելի չէ, ինչը ճշմարիտ է – Ալման վկայում է, որ հրեշտակները սպասավորում են տղամարդկանց, կանանց և երեխաներին – Ալման համեմատում է խոսքը սերմի հետ – Այն պետք է ցանվի և սնուցվի – Ապա այն աճում է դառնալով մի ծառ, որից հավերժական կյանքի պտուղն է քաղվում: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:
1 Եվ եղավ այնպես, որ նրանք գնացին առաջ և սկսեցին քարոզել Աստծո խոսքը ժողովրդին՝ մտնելով նրանց ժողովարանները և նրանց տները. այո, և նույնիսկ նրանք քարոզեցին խոսքը նրանց՝ փողոցներում:
2 Եվ եղավ այնպես, որ նրանց մեջ շատ աշխատանքից հետո, նրանք սկսեցին հաջողություն ունենալ ժողովրդի աղքատ դասի մեջ. քանզի ահա, նրանք դուրս էին գցվել ժողովարաններից՝ իրենց խղճուկ հանդերձների պատճառով,
3 Հետևաբար, նրանց չէին թույլատրում մտնել իրենց ժողովարանները՝ պաշտելու Աստծուն, համարելով նրանց որպես աղտոտություն. այդ պատճառով նրանք աղքատ էին. այո, նրանք գնահատվում էին իրենց եղբայրների կողմից, որպես թափթփուկ. այդ պատճառով նրանք աղքատ էին, ինչ վերաբերում էր աշխարհի բաներին. և նրանք աղքատ էին նաև սրտով:
4 Արդ, երբ Ալման սովորեցնում էր և խոսում ժողովրդի համար Օնիդա բլրի վրա, նրա մոտ եկավ մի մեծ բազմություն, այդ նրանք էին, որոնց մասին մենք խոսեցինք, որոնք սրտով աղքատ էին, իրենց աղքատության պատճառով, ինչ վերաբերում էր աշխարհի բաներին:
5 Եվ նրանք եկան Ալմայի մոտ. և մեկը, որը նրանցից ամենագլխավորն էր, ասաց նրան. Ահա, ի՞նչ կարող են անել իմ այս եղբայրները, քանզի նրանք արհամարհված են բոլոր մարդկանց կողմից՝ իրենց աղքատության պատճառով, այո, և հատկապես, ավելի շատ, մեր քահանաների կողմից. քանզի նրանք մեզ դուրս են գցել մեր ժողովարաններից, որոնք մենք կառուցել ենք՝ տքնելով առատորեն մեր սեփական ձեռքերով. և նրանք մեզ դուրս են գցել մեր խիստ աղքատության պատճառով. և մենք տեղ չունենք՝ երկրպագելու մեր Աստծուն. և ահա, ի՞նչ անենք մենք:
6 Եվ այժմ, երբ Ալման լսեց այս, նա շրջվեց, իր դեմքով ուղիղ դեպի նա, և նայեց մեծ ուրախությամբ. քանզի նա հասկացավ, որ նրանց չարչարանքներն իսկապես խոնարհեցրել էին նրանց, և որ նրանք պատրաստ էին լսելու խոսքը:
7 Հետևաբար, նա այլևս ոչինչ չասաց մնացած բազմությանը. այլ նա մեկնեց առաջ իր ձեռքը, և գոչեց դեպի նրանց, որոնց նա տեսավ, որ իսկապես զղջացող էին ու ասաց նրանց.
8 Ես տեսնում եմ, որ դուք սրտով խոնարհ եք. և եթե այդպես է, օրհնված եք դուք:
9 Ահա, քո եղբայրն ասաց. Ի՞նչ պիտի անենք մենք, քանզի մենք դուրս ենք գցված մեր ժողովարաններից, այնպես որ մենք չենք կարող երկրպագել մեր Աստծուն:
10 Ահա, ես ասում եմ ձեզ, մի՞թե դուք կարծում եք, որ դուք չեք կարող երկրպագել Աստծուն, բացառությամբ դա լինի միայն ձեր ժողովարաններում:
11 Եվ դեռ ավելին, ես կկամենայի հարցնել, մի՞թե դուք կարծում եք, որ միայն շաբաթը մեկ անգամ դուք պիտի երկրպագեք Աստծուն:
12 Ես ասում եմ ձեզ, դա լավ է, որ դուք դուրս եք գցված ձեր ժողովարաններից, որպեսզի դուք խոնարհ լինեք, և որպեսզի դուք կարողանաք իմաստություն սովորել. քանզի անհրաժեշտ է, որ դուք սովորեք իմաստություն. քանզի այդ պատճառով է, որ դուք դուրս եք գցված, որ դուք արհամարհված եք ձեր եղբայրների կողմից՝ ձեր խիստ աղքատության պատճառով, որպեսզի դուք բերվեիք սրտի խոնարհության. քանզի դուք ստիպողաբար եք բերվել՝ խոնարհ լինելու:
13 Եվ այժմ, քանի որ դուք հարկադրված եք լինել խոնարհ, օրհնվա՛ծ եք դուք. քանզի մարդ երբեմն, եթե նա հարկադրված է լինել խոնարհ, փնտրում է ապաշխարություն. և այժմ, անկասկած, ով որ ապաշխարում է, պիտի գտնի ողորմություն. և նա, ով գտնում է ողորմություն և համբերում է մինչև վերջ, կփրկվի:
14 Եվ այժմ, ինչպես ես ասացի ձեզ, որ, քանի որ դուք հարկադրվեցիք լինել խոնարհ, դուք օրհնված եք, արդյոք դուք չե՞ք կարծում, որ ավելի օրհնված են նրանք, ովքեր իսկապես խոնարհեցնում են իրենց՝ խոսքի պատճառով:
15 Այո, նա, ով իսկապես խոնարհեցնում է իրեն, և ապաշխարում է իր մեղքերից և համբերում մինչև վերջ, նա պիտի օրհնվի, այո, շատ ավելի օրհնվի, քան նրանք, ովքեր հարկադրված են լինել խոնարհ՝ իրենց ծայրահեղ աղքատության պատճառով:
16 Հետևաբար, օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ. կամ ավելի շուտ, այլ խոսքով, օրհնված է նա, ով հավատում է Աստծո խոսքին, և մկրտվում է առանց սրտի համառության, այո, առանց ստիպողաբար բերվելու՝ իմանալ խոսքը, կամ նույնիսկ հարկադրվելու՝ իմանալ, նախքան նրանք կհավատան:
17 Այո, կան շատերը, ովքեր ասում են. Եթե դու ցույց տաս մեզ մի նշան երկնքից, այդ դեպքում, մենք կիմանանք անկասկած. այդ դեպքում մենք կհավատանք:
18 Այժմ, ես հարցնում եմ՝ մի՞թե սա հավատք է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. քանզի եթե մարդ իմանում է ինչ՟որ բան, նա պատճառ չունի հավատալու, քանզի նա գիտի այդ:
19 Եվ այժմ, որքան ավելի է անիծված նա, ով գիտի Աստծո կամքը և չի անում այն, քան նա, որ միայն հավատում է, կամ միայն՝ ունի պատճառ հավատալու, և ընկնում է օրինազանցության մեջ:
20 Այժմ, այս բանի վերաբերյալ դուք պետք է դատեք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ ինչպես դա մի կողմից է, ճիշտ նույնպես դա մյուս կողմից է. և ամեն մարդու համար պիտի լինի համաձայն իր գործի:
21 Եվ այժմ, ինչպես ես ասացի հավատքի վերաբերյալ՝ հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ. հետևաբար, եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են:
22 Եվ այժմ, ահա, ես ասում եմ ձեզ, և ես կկամենայի, որ դուք հիշեիք, որ Աստված ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատում են նրա անունին. հետևաբար, նա ցանկանում է, առաջին հերթին, որ դուք հավատաք, այո, այսինքն՝ իր խոսքին:
23 Եվ այժմ, նա հաղորդում է մարդկանց իր խոսքը հրեշտակների միջոցով, այո, ոչ միայն տղամարդկանց, այլ կանանց նույնպես: Արդ, դա բոլորը չէ. փոքր երեխաներին, շատ անգամ, խոսքեր են տրվում, որոնք շփոթեցնում են իմաստուններին և ուսյալներին:
24 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, քանի որ դուք ցանկացաք իմանալ ինձանից, ինչ պիտի անեք դուք, որովհետև չարչարված եք և դուրս գցված,– արդ ես չեմ ցանկանում, որ դուք կարծեք, որ ես նկատի ունեմ դատել ձեզ միայն համաձայն նրա, ինչ ճշմարիտ է,–
25 Քանզի ես ի նկատի չունեմ, որ դուք՝ ձեզանից բոլորդ, հարկադրված եք եղել խոնարհեցնել ձեզ. քանզի ես անշուշտ հավատում եմ, որ կան ձեր մեջ ոմանք, ովքեր կխոնարհեցնեին իրենց, ինչ հանգամանքներում էլ որ նրանք լինեին:
26 Այժմ, ինչպես ես ասացի հավատքի վերաբերյալ,– որ այն կատարյալ գիտելիք չէ,– դա ճիշտ այդպես է իմ խոսքերի վերաբերյալ: Դուք չեք կարող իմանալ դրանց ճշմարտացիության մասին սկզբում, կատարելության աստիճանի, քանի որ հավատքը կատարյալ գիտելիք չէ:
27 Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին:
28 Այժմ, մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ: Այսպիսով, եթե դուք տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ կամ մի լավ սերմ, եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, չդիմադրելով Տիրոջ Հոգուն, ահա, այն կսկսի ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար:
29 Արդ, ահա, մի՞թե սա չի մեծացնի ձեր հավատքը: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛. այնուամենայնիվ, այն չի աճել մինչև մի կատարյալ գիտելիքի:
30 Բայց ահա, երբ սերմը ուռչի, և ծլի, և սկսի աճել, այն ժամանակ դուք պիտի անպայման ասեք, որ սերմը լավն է. քանզի ահա, այն ուռչում է, և ծլում, և սկսում աճել: Եվ այժմ, ահա, մի՞թե այս չի զորացնի ձեր հավատքը: Այո, այն կզորացնի ձեր հավատքը. քանզի դուք կասեք՝ Ես գիտեմ, որ սա լավ սերմ է. քանզի ահա, այն ծլում է և սկսում աճել:
31 Եվ այժմ, ահա, դուք համոզվա՞ծ եք, որ սա լավ սերմ է: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛. քանզի ամեն սերմ առաջ է բերում իր իսկ նմանին:
32 Հետևաբար, եթե մի սերմ աճում է, այն լավն է, բայց եթե այն չի աճում, ահա, այն լավը չէ, ուստի այն դեն է գցվում:
33 Եվ այժմ, ահա, որովհետև դուք կատարեցիք փորձը, և ցանեցիք սերմը, և այն ուռչում է և ծլում, և սկսում է աճել, դուք անպայման պետք է իմանաք, որ սերմը լավն է:
34 Եվ այժմ, ձեր գիտելիքը կատարյա՞լ է: Այո, ձեր գիտելիքը կատարյալ է այդ բանում, և ձեր հավատքը ննջում է. և դա՝ որովհետև դուք գիտեք, քանզի դուք գիտեք, որ խոսքը ուռչել է ձեր հոգիներում, և դուք նաև գիտեք, որ այն ծլել է, որ ձեր հասկացողությունը սկսում է լուսավորվել, և ձեր միտքը սկսում է ընդարձակվել:
35 Օ՜, ուրեմն, մի՞թե սա իրական չէ: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛, որովհետև դա լույս է. և այն, ինչ լույս է, բարի է, որովհետև տեսանելի է, հետևաբար, դուք պետք է իմանաք, որ այն բարի է. և այժմ ահա, այս լույսը ճաշակելուց հետո, ձեր գիտելիքը կատարյա՞լ է:
36 Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ո՛չ. ոչ էլ դուք պետք է մի կողմ դնեք ձեր հավատքը, քանզի դուք գործադրեցիք ձեր հավատքը միայն սերմը ցանելու համար, որ դուք կարողանայիք կատարել փորձը, իմանալու, թե արդյոք սերմը լավն էր:
37 Եվ ահա, երբ ծառը սկսի աճել, դուք կասեք. Եկեք սնուցենք այն մեծ խնամքով, որպեսզի այն արմատ գցի, որպեսզի այն կարողանա աճել և պտուղ բերել մեզ համար: Եվ արդ, ահա, եթե դուք այն սնուցեք մեծ խնամքով, այն արմատ կգցի և կաճի և պտուղ կբերի:
38 Բայց, եթե դուք անտեսեք ծառը, և չմտածեք այն սնուցելու մասին, ահա, այն արմատ չի գցի. և երբ արևի տապը գա և խանձի այն, քանի որ այն արմատ չունի՝ այն կչորանա, և դուք կպոկեք այն ու դուրս կգցեք:
39 Այսպիսով, սա այն պատճառով չէ, որ սերմը լավը չէր, ոչ էլ այն պատճառով է, որ պտուղը ցանկալի չէր լինի. այլ սա ա՛յն պատճառով է, որ ձեր հողն է անբերրի, և դուք չեք կամենում սնուցել ծառը, հետևաբար, դուք չեք կարող ունենալ դրա պտուղը:
40 Եվ այսպիսով, եթե դուք չկամենաք սնուցել խոսքը՝ հավատքի աչքով սպասելով դրա պտղին, դուք երբեք չեք կարող քաղել կենաց ծառի պտղից:
41 Բայց, եթե դուք կամենաք սնուցել խոսքը, այո, սնուցել ծառը, երբ այն սկսում է աճել, ձեր հավատքով, մեծ ջանասիրությամբ և համբերությամբ, սպասելով դրա պտղին, որ այն արմատ կգցի. և ահա այն կլինի դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ:
42 Եվ ձեր ջանասիրության, ձեր հավատքի և ձեր համբերության շնորհիվ, խոսքի հանդեպ, այն սնուցելիս, որ այն կարողանա արմատ գցել ձեր մեջ, ահա, շուտով դուք կքաղեք դրա պտուղը, որն ամենաթանկարժեքն է, որը քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է, և որը ճերմակ է այն ամենից, ինչ ճերմակ է, այո, և մաքուր է այն ամենից, ինչ մաքուր է. և դուք կսնվեք այդ պտղով մինչև որ կհագենաք, այնպես որ չեք քաղցի, ոչ էլ կծարավեք:
43 Այն ժամանակ, իմ եղբայրնե՛ր, դուք պիտի հնձեք ձեր հավատքի, ձեր ջանասիրության և համբերության և երկայնամտության վարձքը, սպասելով ծառին, որ պտուղ տա ձեզ համար: