Սուրբ գրություններ
Ալմա 12


Գլուխ 12

Ալման վիճաբանում է Զիզրոմի հետ – Աստծո խորհուրդները կարող են տրվել միայն հավատարիմներին – Մարդիկ դատվում են ըստ իրենց մտքերի, հավատքների, խոսքերի ու գործերի – Ամբարիշտները կտանեն հոգևոր մահ – Այս մահկանացու կյանքը մի փորձնական վիճակ է – Փրկագնման ծրագիրն իրականացնում է Հարությունը և հավատքի միջոցով՝ մեղքերի թողությունը – Ապաշխարողներն ունեն ողորմության իրավունք Միածին Որդու միջոցով: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

1 Արդ, Ալման, տեսնելով, որ Ամուղեկի խոսքերը լռեցրին Զիզրոմին, քանզի նա տեսավ, որ Ամուղեկը բռնացրեց նրան ստախոսելիս և խաբելիս, որ իրեն կործանի, և տեսնելով, որ նա սկսեց դողալ իր մեղքի գիտակցությունից, նա բացեց իր բերանն ու սկսեց խոսել նրա հետ և հաստատել Ամուղեկի խոսքերը և ավելի շատ բացատրել այդ բաները, կամ ավելի շատ լուսաբանել սուրբ գրքերը, քան Ամուղեկն էր արել:

2 Արդ, խոսքերը, որ Ալման խոսեց Զիզրոմի հետ, լսվեցին շրջակայքի ժողովրդի կողմից. քանզի բազմությունը մեծ էր, և նա խոսեց այս ձևով.

3 Այժմ Զիզրո՛մ, տեսնելով, որ դու բռնվեցիր քո ստախոսության ու նենգության մեջ, քանզի դու ստեցիր ոչ միայն մարդկանց, այլ դու ստեցիր Աստծուն. քանզի ահա, նա գիտի քո բոլոր մտքերը, և դու տեսնում ես, որ քո մտքերը մեզ հայտնի են դարձվում նրա Հոգու միջոցով,

4 Եվ դու տեսնում ես, որ մենք գիտենք, որ քո ծրագիրը մի շատ նենգ ծրագիր էր, ինչպես դևի նենգությունը՝ ստելու ու խաբելու այս ժողովրդին, որ կարողանայիր տրամադրել նրանց մեր դեմ՝ մեզ անարգելու և մեզ դուրս գցելու համար,

5 Արդ, սա քո հակառակորդի ծրագիրն էր, և նա գործադրեց իր զորությունը քո մեջ: Այժմ ես կկամենայի, որ դու հիշես, որ ինչ ես ասում եմ քեզ, ես ասում եմ բոլորին:

6 Եվ, ահա ես ասում եմ ձեզ բոլորիդ, որ սա հակառակորդի ծուղակն էր, որը նա դրել է՝ բռնելու այս ժողովրդին, որ կարողանա հպատակության բերել ձեզ առ իրեն, որ կարողանա շուրջանակի օղակել ձեզ իր շղթաներով, որպեսզի նա շղթայի ձեզ՝ տանելով հավիտենական կործանման, ըստ նրա գերեվարման զորության:

7 Արդ, երբ Ալման խոսեց այս խոսքերը, Զիզրոմը սկսեց ավելի ուժգին դողալ, քանզի նա ավելի ու ավելի համոզվեց Աստծո զորության մեջ. և նա նաև համոզվեց, որ Ալման ու Ամուղեկն իմացություն ունեին իր մասին, քանզի նա համոզվեց, որ նրանք գիտեին իր սրտի մտքերն ու խորհուրդները. քանի որ զորություն էր տրված նրանց, որ նրանք կարողանային իմանալ այս բաների մասին՝ համաձայն մարգարեության ոգու:

8 Եվ Զիզրոմը սկսեց հարցաքննել նրանց ջանասիրաբար, որպեսզի կարողանար իմանալ ավելին Աստծո արքայության վերաբերյալ: Եվ նա ասաց Ալմային. Ի՞նչ է նշանակում այն, ինչ Ամուղեկը խոսեց մեռելների հարության մասին, որ բոլորը պետք է մեռելներից հարություն առնեն, թե՛ արդարները, թե՛ անարդարները, և բերվեն կանգնելու Աստծո առաջ՝ դատվելու ըստ իրենց գործերի:

9 Եվ արդ, Ալման սկսեց մեկնաբանել այս բաները նրանց համար՝ ասելով. Շատերին է տրված իմանալ Աստծո խորհուրդները. սակայն դրանք դրված են խիստ հրամանի ներքո, որ նրանք չպետք է հաղորդեն, բացառությամբ իր խոսքի այն բաժնի, որը նա շնորհում է մարդկանց զավակներին, այն ուշադրության ու ջանասիրության համաձայն, որը նրանք ցուցաբերում են նրա հանդեպ:

10 Եվ հետևաբար, ով կկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի նվազագույն բաժինը. իսկ ով չի կարծրացնի իր սիրտը, նրան տրվում է խոսքի ավելի մեծ բաժինը, մինչև որ նրան տրվում է իմանալու Աստծո խորհուրդները՝ մինչև որ նա իմանա դրանք լիովին:

11 Եվ նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն բաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն իմանում նրա խորհուրդների մասին. և հետո նրանք գերի են վերցվում դևի կողմից և տարվում նրա կամքով վար՝ դեպի կործանում: Արդ սա է, որ նշանակում է դժոխքի շղթաներ:

12 Եվ Ամուղեկը խոսեց հստակորեն մահվան մասին և այս մահկանացուից դեպի անմահության մի վիճակի բարձրացված լինելու մասին, և բերված լինելու՝ Աստծո դատարանի առջև, դատվելու ըստ մեր գործերի:

13 Հետևաբար, եթե մեր սրտերը կարծրացած են եղել, այո, եթե մենք կարծրացրել ենք մեր սրտերն ընդդեմ խոսքի՝ այնքան, որ այն չի գտնվել մեր մեջ, այն ժամանակ է լինելու մեր վիճակը սոսկալի, քանզի այն ժամանակ մենք կդատապարտվենք:

14 Քանզի մեր խոսքերը կդատապարտեն մեզ, այո, բոլոր մեր գործերը կդատապարտեն մեզ. մենք չենք համարվի անբիծ. և մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ. և այս սոսկալի վիճակում մենք չենք համարձակվի նայել վեր՝ առ Աստված. և մենք միանգամայն ուրախ կլինեինք, եթե կարողանայինք հրամայել ժայռերին ու լեռներին ընկնել մեզ վրա՝ թաքցնելու մեզ նրա ներկայությունից:

15 Բայց դա չի լինի. մենք պետք է առաջ գանք և կանգնենք նրա առաջ՝ նրա փառքի և նրա իշխանության մեջ, նրա զորության, վեհափառության և տիրապետության մեջ, և ընդունենք ի հավիտենական ամոթս մեզ, որ բոլոր նրա դատաստաններն արդար են. որ նա արդար է իր բոլոր գործերում, և որ նա ողորմած է հանդեպ մարդկանց զավակները, և որ նա ունի ողջ զորությունը փրկելու ամեն մի մարդու, ով հավատում է նրա անունին ու առաջ բերում ապաշխարությանը վայել պտուղ:

16 Եվ այսպիսով, ահա ես ասում եմ ձեզ, այնուհետև գալիս է մի մահ, այսինքն՝ մի երկրորդ մահ, որը հոգևոր մահ է. այնժամ է պահը, որ ով որ մեռնում է իր մեղքերի մեջ, ինչ վերաբերում է ժամանակավոր մահվանը, պիտի մահանա նաև մի հոգևոր մահով. այո, նա պիտի մահանա արդարությանը պատկանող բաների նկատմամբ:

17 Այնժամ է պահը, երբ նրանց տանջանքները պիտի լինեն կրակի և ծծմբի լճի պես, որի բոցը բարձրանում է վեր հավիտյանս հավիտենից. և այնժամ է պահը, երբ նրանք պիտի շղթայվեն վար՝ դեպի հավիտենական կործանում, համաձայն Սատանայի զորության ու գերության, նա՝ հպատակեցրած լինելով նրանց ըստ իր կամքի:

18 Հետևաբար, ես ասում եմ ձեզ, նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե փրկագնում արված չէր եղել. քանզի նրանք չեն կարող փրկագնվել Աստծո արդարադատության համաձայն. և նրանք չեն կարող մեռնել, նկատի ունենալով, որ չկա այլևս ապականություն:

19 Արդ եղավ այնպես, որ երբ Ալման վերջ դրեց այս խոսքերը խոսելուն, ժողովուրդը սկսեց ավելի ապշել.

20 Բայց կար մի ինչ-որ Անթիոնա, որը գլխավոր կառավարիչ էր նրանց մեջ, որն առաջ եկավ ու ասաց նրան. Ի՞նչ է այս, որ դու ասացիր, որ մարդը պետք է հարություն առնի մեռելներից ու փոխվի այս մահկանացուից մի անմահ վիճակի, որ հոգին չի կարող երբեք մեռնել:

21 Ի՞նչ նկատի ունի սուրբ գիրքը, որն ասում է, որ Աստված դրեց քերովբեներին և մի բոցեղեն սուր Եդեմի պարտեզի արևելյան կողմում, որպեսզի չլինի թե մեր առաջին ծնողները մտնեին և ճաշակեին կենաց ծառի պտղից և ապրեին հավիտյան: Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ չկար հնարավոր հավանականություն, որ նրանք ապրեին հավիտյան:

22 Արդ Ալման ասաց նրան. Սա այն բանն էր, որ ես պատրաստվում էի բացատրել: Արդ մենք տեսնում ենք, որ Ադամն ընկավ՝ ճաշակելով արգելված պտղից, ըստ Աստծո խոսքի. և այսպես մենք տեսնում ենք, որ նրա անկումով ողջ մարդկությունը դարձավ մի կորած ու ընկած ժողովուրդ:

23 Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, որ եթե հնարավոր եղած լիներ Ադամի համար ճաշակել կենաց ծառից այդ ժամանակ, մահ եղած չէր լինի, և խոսքը եղած կլիներ դատարկ՝ դարձնելով Աստծուն մի ստախոս, քանզի նա ասել էր. Եթե դու ուտես, դու պիտի անշուշտ մեռնես:

24 Եվ մենք տեսնում ենք, որ մահ է գալիս մարդկության վրա, այո, մահը, որի մասին խոսեց Ամուղեկը, որը ժամանակավոր մահն է. այնուամենայնիվ, կար մի ժամանակահատված՝ շնորհված մարդուն, որի ընթացքում նա կարողանար ապաշխարել. հետևաբար, այս կյանքը դարձավ մի փորձնական վիճակ. մի ժամանակ՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն. մի ժամանակ՝ պատրաստվելու այն անվերջ վիճակին, որի մասին խոսեցինք մենք, որը մեռելների հարությունից հետո է:

25 Արդ, եթե չլիներ փրկագնման ծրագիրը, որը հաստատվել էր աշխարհի հիմնադրումից ի վեր, չէր կարող լինել մեռելների հարություն. սակայն փրկագնման ծրագիրը հաստատվել էր, որը պիտի իրագործի հարությունը մեռելների, որի մասին խոսվեց:

26 Եվ այժմ, ահա եթե հնարավոր լիներ, որ մեր առաջին ծնողները կարողանային առաջ գնալ և ճաշակել կենաց ծառից, նրանք կլինեին թշվառ հավիտյան՝ չունենալով նախապատրաստական վիճակ. և այսպիսով, փրկագնման ծրագիրը խափանված կլիներ, և Աստծո խոսքը եղած կլիներ դատարկ՝ չտալով ոչ մի արդյունք:

27 Բայց ահա, դա այդպես չէր. այլ նշանակված էր մարդկանց համար, որ նրանք պետք է մեռնեն. և մահից հետո, նրանք պետք է գան դատաստանի, այսինքն՝ այն նույն դատաստանին, որի մասին մենք խոսել ենք, որը վերջն է:

28 Եվ հետո, երբ Աստված որոշեց, որ այս բաները պետք է գան մարդուն, ահա, այն ժամանակ նա տեսավ, որ անհրաժեշտ է, որ մարդն իմանա այս բաների վերաբերյալ, որոնք նա որոշել է նրանց համար.

29 Հետևաբար, նա ուղարկեց հրեշտակներ՝ խոսելու նրանց հետ, որոնք մարդկանց տեսնել տվեցին նրա փառքից:

30 Եվ նրանք այդ ժամանակից ի վեր սկսեցին կանչել նրա անունը, հետևաբար, Աստված խոսեց նրանց հետ և հայտնի դարձրեց նրանց փրկագնման ծրագիրը, որը պատրաստված էր աշխարհի հիմնադրումից. և սա նա հայտնի դարձրեց նրանց՝ համաձայն իրենց հավատքի և ապաշխարության և նրանց սուրբ գործերի:

31 Ուստի, նա պատվիրաններ տվեց մարդկանց, նրանք զանց արած լինելով առաջին պատվիրանները, ինչ վերաբերում է բաներին, որոնք ժամանակավոր էին, և դառնալով ինչպես աստվածներ, տարբերելով բարին չարից, դնելով իրենց մի վիճակում՝ գործելու, կամ, դրված լինելով մի վիճակում՝ գործելու ըստ իրենց կամքի ու ցանկությունների՝ անել չարիք կամ անել բարիք,

32 Հետևաբար, Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո, որպեսզի նրանք չանեին չարիք, դրա տույժը լինելով մի երկրորդ մահ, որը մի հավիտենական մահ էր, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին. քանզի այդպիսիների վրա փրկագնման ծրագիրը չէր կարող ունենալ զորություն, քանզի արդարադատության գործերը չէին կարող կործանվել՝ համաձայն Աստծո գերագույն բարության:

33 Բայց Աստված կոչ արեց մարդկանց իր Որդու անունով (այս էր փրկագնման ծրագիրը, որը հաստատված էր), ասելով. Եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, ապա ես ողորմություն կունենամ ձեզ վրա իմ Միածին Որդու միջոցով.

34 Հետևաբար, ով որ ապաշխարում է և չի կարծրացնում իր սիրտը, նա ողորմության իրավունք պիտի ունենա իմ Միածին Որդու միջոցով, մինչև իսկ իր մեղքերի մի թողության. և այդպիսիները պիտի մտնեն իմ հանգիստը:

35 Եվ ով որ կկարծրացնի իր սիրտը և կանի անօրինություն, ահա, ես երդվում եմ իմ ցասման մեջ, որ նա չպիտի մտնի իմ հանգիստը:

36 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ահա, ես ասում եմ ձեզ, որ եթե դուք կամենաք կարծրացնել ձեր սրտերը, դուք չպետք է մտնեք Տիրոջ հանգիստը. հետևաբար, ձեր անօրինությունը դրդում է նրան, որ նա վար ուղարկի իր ցասումը ձեզ վրա, ինչպես այն առաջին սադրանքի ժամանակ, այո, համաձայն իր խոսքի, ինչպես վերջին սադրանքի ժամանակ, ճիշտ այնպես էլ առաջինի, ի հավիտենական կործանումն ձեր հոգիների. հետևաբար, համաձայն իր խոսքի, դեպի վերջին մահը, այնպես ինչպես առաջինը:

37 Եվ արդ, իմ եղբայրներ, նկատի առնելով, որ մենք գիտենք այս բաները, և դրանք ճշմարիտ են, եկեք ապաշխարենք, և չկարծրացնենք մեր սրտերը, որպեսզի մենք չդրդենք Տիրոջը՝ մեր Աստծուն, վար բերել իր ցասումը մեզ վրա իր այս երկրորդ պատվիրաններում, որոնք նա տվել է մեզ, այլ եկեք մտնենք Աստծո հանգիստը, որը պատրաստված է՝ համաձայն իր խոսքի: