Ինքնապահովում
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե


Նկար
learn icon
Սովորել. Առավելագույն ժամանակը՝ 45 րոպե

Այսօրվա քննարկումը.

4 Խնայեք և ներդրեք ապագայի համար

Կարդացեք.Նախորդ գլխում մենք սովորեցինք, որ ներդրումը ժամանակը, ջանքերը կամ փողն ինչ-որ գործի մեջ դնելն է վերադարձնելու ակնկալիքով։ Գումար ներդնելու պատճառներից մեկն այն է, որ թոշակի անցնելիս բավականաչափ եկամուտ ունենանք։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Երբ կյանքում ընթանում եք դեպի թոշակի տարիքը և դրան հետևող տասնամյակներ, մենք հրավիրում ենք բոլորին … խնայողաբար ծրագրել լիաժամկետ աշխատանքին հաջորդող տարիների համար» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն [2014], 208)։ Կարող են լինել կառավարական կամ սոցիալական ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ թոշակի անցնելիս, բայց, հավանաբար, անհրաժեշտ կլինի այդ ծրագրերից հասանելի գումարները ավելացնել ձեր սեփական խնայողությունների կամ ներդրումների միջոցով: Եթե չծրագրեք հիմա, հնարավոր է, դուք բավականաչափ եկամուտ կամ խնայողություններ չունենաք թոշակի անցնելիս։

Քննարկեք.Ի՞նչ կպատահի, եթե կենսաթոշակային տարիքին հասնելիս դուք բավարար գումար չունենաք հարմարավետ ապրելու համար:

1. Սահմանել կենսաթոշակի նպատակ

Կարդացեք.Նախքան կենսաթոշակի համար կսկսեք խնայողություն անել, օգտակար կլինի գնահատել, թե որքան անհրաժեշտ կլինի ձեզ: Այս պարզ բանաձևը կօգնի ձեզ սկսել.

Նկար
retirement formula

Դուք չեք կարող կանխագուշակել, թե որքան կապրեք, բայց կարող եք կանխատեսել, թե երբ կցանկանաք թոշակի անցնել և կարող եք կանխատեսել, թե մոտավորապես որքան կապրեք դրանից հետո։ Աշխարհով մեկ մարդկանց մեծամասնությունը թոշակի է անցնում 60-70 տարեկանում։ Դրանից հետո հնարավոր է ապրեք ևս 20-30 տարի։

Նշում. Հնարավոր է, դուք այս ամբողջ գումարի կարիքը չունենաք թոշակի անցնելիս, քանի որ ձեր ներդրումները կարող են շարունակել աճել կենսաթոշակի տարիների ընթացքում, բայց այդ թիվը լավ սկիզբ է։

2. Հասկանալ բարդ տոկոսադրույքը

Կարդացեք.Բարդ տոկոսադրույքը կարող է լինել կենսաթոշակի բավարար գումար ունենալու եղանակներից մեկը: Բարդ տոկոսադրույքը տոկոսների վրա լրացուցիչ տոկոսներ վաստակելն է, որը սովորաբար ներկայացվում է տոկոսների կամ եկամտաբերության տոկոսադրույքի միջոցով։ Ձեր տոկոսներից առաջին վճարները ստանալուց հետո դրանք ավելացվում են մայր գումարին։ Իսկ հետո այդ ավելի մեծ մայր գումարը շարունակում է աճել։

Նկար
compound interest

Կարդացեք.Եկամտաբերության բարձր տոկոսադրույքով ներդրումները հաճախ օգնում են, որպեսզի մարդիկ բավականաչափ գումար խնայեն թոշակի տարիքում։ Շատերի համար հեշտ է փոքր չափերի գումարներ ներդնել ժամանակի ընթացքում, օրինակ՝ որոշակի գումար ամեն ամիս կամ ամեն աշխատավարձից, քան թե մեծ պարբերական գումարներ։ Ստորև բերված օրինակը ցույց է տալիս 30 տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 100 ներդնելու ընդհանուր արժեքը՝ տարբեր եկամտաբերության դրույքաչափերով: Սա բարդ տոկոսադրույքի արդյունքն է։

Նկար
compound interest chart

Քննարկեք.Ինչպե՞ս են ժամանակը և եկամտաբերության դրույքաչափն ազդում ներդրված գումարի ընդհանուր թվի վրա։

3. Հասկանալ ռիսկի և եկամուտի միջև կապը

Կարդացեք.Ինչպես համոզվեցինք, եկամտաբերության դրույքաչափը կարող է ազդեցիկ լինել։ Ապա, կարող է շատ պարզ թվալ, որ պետք է միայն եկամտաբերության բարձր դրույքաչափով ներդրումներ կատարենք։ Սակայն, դա այդքան էլ հեշտ չէ։ Հետևյալ գծապատկերը ցույց է տալիս, որ բոլոր ներդրումները կապված են ռիսկ և եկամուտ հարաբերակցությամբ: Սովորաբար, որքան ցածր է եկամտաբերության տոկոսադրույքը, այնքան քիչ է ռիսկը, որ դուք կկորցնեք այդ ներդրումների գումարները։ Փոխարենը, որքան բարձր է սպասվելիք եկամտաբերությունը, այնքան մեծ է ռիսկը, որ դուք կկորցնեք գումարները:

Նկար
risk versus return

4. Մտածել պոտենցիալ ներդրումների մասին

Կարդացեք.Պոտենցիալ ներդրումները հաշվի առնելիս օգտակար է իմանալ որոշ հիմունքներ: Գրեթե բոլոր ներդրումները կարելի է բաժանել երկու դասի՝ եկամտաբերության հաստատուն տոկոսադրույքով և եկամտաբերության փոփոխական տոկոսադրույքով։

Հաստատուն տոկոսադրույքը նշանակում է, որ ձեր տոկոսները վեր ու վար չեն անի, այլ կմնան անփոփոխ և հաստատուն։ Հաստատուն տոկոսադրույքով խնայողությունների կամ ներդրումների օրինակներից են խնայողական հաշիվները, ավանդի վկայագրերը (ԱՎ) և պարտատոմսերը: Հաստատուն տոկոսադրույքով ներդրումները հաճախ ունեն եկամտաբերության ցածր տոկոսադրույք և կարելի է համարել ցածր ռիսկայնության, քան փոփոխական տոկոսադրույքով ներդրումները։

Փոփոխական տոկոսադրույքը նշանակում է, որ ձեր տոկոսները կարող են վեր ու վար անել, որը նշանակում է, որ դուք կարող եք վաստակել կամ կորցնել գումար։ Փոփոխական տոկոսադրույքով ներդրումների օրինակներից են բաժնետոմսերը, տարբեր կենսաթոշակային ֆոնդերը, բիզնեսները և անշարժ գույքը։ Սովորաբար, փոփոխական տոկոսադրույքով ներդրումները համարվում են ավելի ռիսկային, քան հաստատուն տոկոսադրույքով ներդրումները, սակայն դրանք նաև ապահովում են բարձր եկամտաբերություն։

Դիվերսիֆիկացումը գումարների տարածումն է տարբեր ոլորտների ներդրումների վրա։ Ներդնելով տարբեր ներդրումների կամ տարբեր տեսակի ներդրումների վրա, դուք կարող եք նվազեցնել ռիսկը։

Տարբեր տեսակի ներդրումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այս շաբաթ ինքնուրույն կարդացեք այս բաժնի վերջում գտնվող «Նյութեր» բաժինը։

Քննարկեք.Խմբի հետ միասին վերանայեք հետևյալ հասկացությունները, մինչև բոլոր մասնակիցները հասկանան դրանք։

  • բարդ տոկոսադրույք

  • Ռիսկն ընդդեմ եկամտաբերության

  • Եկամտաբերության հաստատուն տոկոսադրույք

  • Եկամտաբերության փոփոխական տոկոսադրույք

  • Դիվերսիֆիկացում

5. Ուսումնասիրել հնարավոր կենսաթոշակային հաշիվները

Կարդացեք.Սովորաբար, ներդրումների ժամանակ դուք որոշակի հարկեր եք մուծում։ Ի դեպ, ներդնելիս հարկերը կարող են ամենամեծ ծախսերից լինել։ Բարեբախտաբար, շատ կառավարություններ թույլ են տալիս կենսաթոշակային այնպիսի հաշիվներ ունենալ, որոնք ունեն հատուկ հարկային արտոնություններ և որոնք լավ կլիներ հասկանայիք։ Այդ ներդրումային հաշիվները կարող են հովանավորել գործատուները կամ անհատները և հաշիվների շրջանակում դուք կարող եք ներդնել բաժնետոմսերի, պարտատոմսերի, կենսաթոշակային ֆոնդերի և այլ ներդրումների վրա։ Կախված ձեր բնակավայրից, այդ հաշիվները կարող են տարբեր անուններ ունենալ, սակայն հարկային հիմնական արտոնությունները նույնն են և սովորաբար բաժանվում են երկու դասի՝ հետաձգված հարկեր և ազատված հարկեր։

Հետաձգված հարկեր. Սովորաբար, հետաձգված հարկերի հաշիվներին կատարված հատկացումներից նվազեցվում են այդ նույն տարվա հարկերը, իսկ կենսաթոշակային տարիներին գումարների կանխիկացումից պահվում է տվյալ պահին առկա եկամտահարկի չափով։ Եթե քիչ հավանական է, որ ձեր ներդրումները զգալիորեն կաճեն եկամտաբերության ցածր տոկոսադրույքի կամ աճելու համար անբավարար ժամանակի պատճառով, դուք հարկերի վրա կարող եք գումար խնայել և հետաձգել եկամտահարկի վճարումը մինչև թոշակի անցնելը, որից հետո գումարները կհարկվեն ավելի քիչ տոկոսադրույքով։

Ազատված հարկեր. Ազատված հարկերի հաշիվներին կատարված հատկացումները սկզբում հարկային արտոնություններ չեն նախատեսում։ Այդ հաշիվներում ձեր ներդրած գումարները հարկվում են այն գումարները վաստակած տարում։ Սակայն, ապագայի բոլոր շահույթներն ու կանխիկացումներն ազատված են հարկերից։ Եթե հավանական է, որ ձեր ներդրումները զգալիորեն կաճեն եկամտաբերության բարձր տոկոսադրույքի կամ ներդրման բավարար ժամկետների շնորհիվ, հավանաբար, դուք ավելի քիչ կծախսեք հարկերի վրա, եթե օգտվեք ազատված հարկերի հաշիվներից։

Ինչպես տեսնում եք, ձեր ընտրած հաշվի տեսակից կախված, դուք հարկերը կվճարեք նախօրոք կամ կանխիկացնելիս։ Կախված ձեր հանգամանքներից, մի տեսակը կարող է ավելի օգտակար լինել ձեզ համար, քան մյուս տեսակը:

6. Հնարավորինս շուտ սկսեք մտածել կենսաթոշակի մասին

Կարդացեք.Պահուստային ֆոնդը ստեղծելուց և սպառողական պարտքը վճարելուց հետո պետք է հնարավորինս շուտ սկսեք խնայողություններ կատարել կենսաթոշակի համար։ Որքան շուտ սկսեք խնայել կենսաթոշակի համար, այնքան ձեր գումարները երկար կկուտակվեն, և հավանաբար, կենսաթոշակի տարիքում ավելի շատ գումար կունենաք։

Կենսաթոշակի խնայողության լավագույն տարբերակներից մեկը գործատուի կողմից հովանավորվող կենսաթոշակային ծրագիրն է։ Եթե ձեր գործատուն առաջարկում է որոշակի կենսաթոշակային հաշիվ, որտեղ նրանք համապատասխանեցնում են ձեր ներդրումների մի մասը, օգտվե՛ք դրանից: Ձեզ համար այդ համապատասխանեցումը նման է շահութաբաժնի կամ աշխատավարձի բարձրացման և պարզապես ներդրում է ձեր իսկ խնայողություններին։

Հետևյալ վարժությունն օգնում է նկարագրել երկար ժամանակ պարբերաբար ներդրումներ կատարելու արդյունավետությունը:

Ձեր ընտանեկան խորհրդում քննարկեք կենսաթոշակին պատրաստվելու կարևորությունը։

Կարդացեք.Այս շաբաթ ձեր ընտանեկան խորհրդի ժամանակ քննարկեք կենսաթոշակի ձեր պլանները։ Գնահատեք, թե որքան ձեզ անհրաժեշտ կլինի, երբ կցանկանաք թոշակի անցնել, և ինչպիսին կլինի ձեր ֆինանսական իրավիճակն այդ ժամանակ։ Գրի առեք այն գումարի չափը, որը կցանկանայիք խնայել և որոշեք այն գումարի չափը, որը կարող եք ամեն ամիս մի կողմ դնել կենսաթոշակի համար։ Հիշեք, չնայած կարևոր է հնարավորինս շուտ սկսել խնայել կենսաթոշակի համար, առավել հրատապ է ձեր պահուստային ֆոնդի ստեղծումը և սպառողական պարտքից ազատվելը։ Քննարկման ընթացքում կարող եք օգտագործել հետևյալ՝ «Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշը»։

Ընտանեկան խորհրդի քննարկման նմուշ

Անպայման սկսեք և ավարտեք աղոթքով, որպեսզի հրավիրեք Հոգուն։

Մաս 1. Վերանայեք

  • Ինչպիսի՞ն է ձեր ընթացիկ ֆինանսական առաջնահերթությունը։

  • Ներկայումս ինչպե՞ս եք պատրաստվում կենսաթոշակի համար։

Մաս 2. Ծրագրեք

  • Ե՞րբ կցանկանայիք թոշակի անցնել։

  • Յուրաքանչյուր տարի որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի ձեր կարիքները հոգալու համար։

  • Որքա՞ն պետք է խնայեք։

  • Թոշակի անցնելիս որքա՞ն կլինի ձեր ֆինանսական իրավիճակը։ Դուք կունենա՞ք տուն։ Դուք դեռ կունենա՞ք հիպոտեկ։ Արդյո՞ք կպատրաստվեք ծառայել միսիայում տարեց հասակում։ Արդյո՞ք կարիք կլինի օգնել ընտանիքի անդամներից որևէ մեկին։ Արդյո՞ք ձեր ապրուստի ծախսերն ավելի շատ, թե՞ քիչ կլինեն, քան այսօր են։