2011
Ամեն լեզվի և ժողովրդի
Հոկտեմբեր 2011


Ամեն լեզվի և ժողովրդի

Երբ Մորմոնի Գրքի մարգարե Ալման իր ժողովրդի գրառումները վստահեց իր որդի Հելամանին, նա նրան հրահանգեց հիշել, որ Տերը «իմաստուն նպատակ» ունի՝ սուրբ գրությունները պահպանելու համար (Ալմա 37.12): Նա գրառումների վերաբերյալ ասաց. «Դրանք պետք է պահվեն և փոխանցվեն մի սերնդից մյուսին, … մինչև դրանք հայտնի դառնան ամեն ազգի, ցեղի, լեզվի, և ժողովրդի» (Alma 37.4):

1827թ. Ջոզեֆ Սմիթը ստացավ այդ գրառումները և մինչև 1829թ. ավարտեց դրանց թարգմանությունը անգլերեն՝ Աստծո պարգևով և զորությամբ: 1830թ. հրատարակված գիրքը հզոր միսիոներական գործիք էր՝ հավաստիացնելու համար ընթերցողներին Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիությունը: Ինչևէ, 5000 օրինակ նախնական տպագրական քանակով՝ Մորմոնի Գիրքը «ամեն ազգի, ցեղի, լեզվի, և ժողովրդի» ուղարկելը թվում էր դեռ երկար տարիների աշխատանք:

Ինչևէ, Տերը վերահաստատեց այս մարգարեությունը Ջոզեֆ Սմիթին՝ 1833թ., կանխատեսելով այն օրը, երբ «ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով» (ՎևՈՒ 90.11): Մորմոնի Գիրքը, որը «պարունակում է … Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» (ՎևՈՒ 20.9), մեծ դեր է խաղում այս մարգարեության իրականացման գործում:

1800-ականների կեսերին միսիոներները տարան ավետարանը Եվրոպա: 1851թ. Մորմոնի Գիրքը հրատարակվեց դանիերեն, որից հետո 1852թ.՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և ուելսերեն: Այսօր Մորմոնի Գիրքը ամբողջությամբ մատչելի է 82 լեզուներով և ընտրված գլուխներով՝ 25 լեզուներով: Մարգարեությունն այն մասին, որ բոլոր մարդիկ կլսեն ավետարանը իրենց լեզվով, ամեն տարի ավելի շատ է իրականանում, քանի որ թարգմանությունը և միսիոներական աշխատանքը առաջ են գնում:

Թարգմանության աշխատանքը

Մորմոնի Գիրքը անգլերենից որևէ նոր լեզվով թարգմանելու գործընթացը կարող է տարիներ տևել: Այդ գործընթացը սկսվում է միայն նրանից հետո, երբ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատում են ծրագիրը, և եթե կան բավական թվով անդամներ, որոնք խոսում են տվյալ լեզվով և կարող են ծառայել որպես թարգմանիչներ: Թարգմանիչներին և ստուգողներին տրվում են մանրամասն ուղեցույցներ, նրանք հրահանգվում են թարգմանելիս մոտ մնալ Հոգուն: Թարգմանության ավարտից հետո, տեքստը անցնում է առանձին հոգևոր ստուգում:

Տպագրվելուց հետո, անդամները կարող են պատվիրել նոր հրատարակությունը Բաշխման ծառայություններից: Շատ անդամներ նախկինում իրենց լեզվով ունեցել են Մորմոնի Գրքի միայն ընտրված գլուխներ, որոշ դեպքերում՝ միայն միսիոներների վկայությունները:

Մորմոնի Գիրքը և միսիոներական աշխատանքը

Երբ աշխարհագրական տարածքը բացվում է միսիոներական աշխատանքի համար, լեզվական խոչընդոտները կարող են լուրջ դժվարություն հանդիսանալ: Եթե տվյալ տարածքում չկան Եկեղեցու տպագրված նյութեր, միսիոներները պետք է սովորեն լեզուն և բերեն իրենց վկայությունը Հոգու օգնությամբ: Աշխարհի որոշ մասերում, շատ մարդիկ տիրապետում են երկրորդ լեզու, և միսիոներները կարողանում են նրանց տալ Մորմոնի Գիրքը այդ լեզվով: Օրինակ, նախքան Մորմոնի Գիրքը կթարգմանվեր մոնղոլերեն, Մոնղոլիայում շատ անդամներ օգտվում էին ռուսերեն հրատակությունից:

Բայց ավետարանը կարելի է հասկանալ լավագույն ձևով մայրենի լեզվով, որը ծանոթ և պարզ է մարդկանց համար: Էրիկ Գեմմելը, որը 2001-2003թթ. ծառայել է Սլովենիա Լյուբլյանա, անձամբ է ականատես եղել, թե ինչ տարբերություն կա, երբ անդամները և հետաքրքրվողները ունենում են Մորմոնի Գիրքը իրենց մայրենի լեզվով: Նա ծառայել է իր միսիայի առաջին 18 ամիսը, երբ Մորմոնի Գիրքը դեռ մատչելի չէր սլովեներենով:

Աշխատանքը դժվար էր: Եկեղեցու առաջին ճյուղը հիմնվել էր միայն տաս տարի առաջ: Սլովենիան վերջերս էր անկախացել և գտնվում էր նախկին պետական լեզուն՝ սերբերեն-խորվաթերենը հանելու գործընթացում: Միսիոներները ունեին Մորմոնի Գիրքը սերբերեն-խորվաթերեն և անգլերեն, որը երիտասարդների մեծ մասը սովորում էր դպրոցում: Սակայն ավելի հաճախ մարդիկ մերժում էին գիրքը, որովհետև չէին հասկանում այդ լեզուներից ոչ մեկը: էրիկը հիշում է, թե ինչպես էր իրեն զգում, երբ մարդկանց վկայություն էր բերում Մորմոնի Գրքի մեծության և կարևորության մասին, իսկ ապա ստիպված ասում էր նրանց, որ չուներ այդ գիրքը իրենց լեզվով:

Էրիկի տուն վերադառնալուց վեց ամիս առաջ, ժամանեց Մորմոնի Գրքի սլովեներեն օրինակների առաջին առաքումը: Ճյուղը ժողով անցկացրեց, որի ժամանակ բոլոր անդամները և միսիոներները ստացան իրենց օրինակները: «Օդի մեջ առանձնահատուկ ոգի կար», - հիշում է Էրիկը: Իր օրագրում նա գրեց, թե ինչ զգացումներ ուներ, երբ ձեռքում պահել էր այդ երկար սպասված թանկարժեք գիրքը: «Կարծես, ես իմ ձեռքում պահել էի հենց ոսկե թիթեղները», - գրեց նա: Ժողովից հետո, միսիոներները վերցրեցին մնացած օրինակները՝ միսիոներական աշխատանքում դրանք օգտագործելու համար: Էրիկը և նրա զուգընկերը այնքան ոգևորված էին, որ բնակարան հասնելուն պես, նրանք բացեցին արկղները, գրքերը շարեցին հատակին և լուսանկարեցին՝ այդ իրադարձությունը հիշելու համար: Նրանք չէին համբերում, թե երբ էին կիսվելու գրքերով մարդկանց հետ: Ունենալով սլովեներեն Մորմոնի Գիրքը, միսիոներները ավելի մեծ հաջողություններ էին ունենում՝ մոտենալով մարդկանց, բացի դա, հնարավորություն էին ունենում ամրացնելու քիչ ակտիվ անդամների վկայությունները, որոնք տարիներ շարունակ եկեղեցի չէին եկել:

Իր միսիայի վերջին վեց ամիսների ընթացքում, Էրիկը ականատես եղավ Սլովենիայի անդամների վկայությունների ծաղկմանը; «Երբ նրանք ունեցան Մորմոնի Գիրքը իրենց մայրենի լեզվով, - ասում է նա, - նրանք իսկապես հասկացան այն: Այն խորը ներթափանցեց նրանց սրտերը»: Նախկինում, Եկեղեցու ժողովներին խոսնակները և ուսուցիչները ստիպված էին կարդալ սուրբ գրությունները սերբերեն-խորվաթերեն և որևէ մեկը թարգմանում և բացատրում էր խոսքերը: «Ինձ թվում էր, թե մենք կաղելով առաջ էինք գնում՝ օգտվելով այլ լեզվից պարտքով վերցրած խոսքերից», - հիշում է Էրիկը: Երբ անդամները սկսեցին կարդալ Մորմոնի Գիրքը իրենց լեզվով, ինչպես ասում է Էրիկը, «ավետարանի մասին նրանց հասկացողությունը անմիջապես աճեց»:

Իրենց լեզվով

Մոժկա Ժելեզնիկարը այն անդամներից մեկն է, ովքեր միացել են Եկեղեցուն Սլովենիայում դեռ այն ժամանակ, երբ Մորմոնի Գիրքը դեռ մատչելի չէր սլովեներենով: Ավետարանի մասին նրա վկայությունը ձեռք էր բերվել միսիոներներին լսելու և Մորմոնի Գիրքը խորվաթերենով և անգլերենով ուսումնասիրելու արդյունքում: Երբ սլովենական թարգմանությունն ավարտվեց, Մոժկան կարդաց թարգմանված տեքստը և զգաց խոսքերի զորությունը իր մայրենի լեզվով: «Ես զգացի, ինչպես ճշմարտությունը բացվեց իմ առաջ՝ իր պարզությամբ և խորը մաքրությամբ», - հիշում է նա: «Դա նման էր Իմ Արարչի ձայնին, որը խոսեց ինձ հետ իմ մայրենի լեզվով, որով ինձ հետ խոսել է իմ մայրը»:

Աշխարհով մեկ անդամները նույն զգացումներն են ունենում, երբ ստանում են Մորմոնի Գիրքը իրենց լեզվով: 2003թ., երբ Մորմոնի Գիրքը թարգմանվեց կեկչի լեզվով, որով խոսում է Մայայի ժողովուրդը Գվատեմալայում և Բելիզում, թարգմանիչները ստուգեցին թարգմանությունը տեղացի անդամերի օգնությամբ: Թարգմանիչներից մեկը հիշում է. «Կարդալու համար մենք հավաքել էինք պիոներ անդամների մի խումբ Սենահու հավաքատանը և ամեն պարբերությունը կարդալուց հետո սենյակում հարգալից լռություն էր տիրում: Հասկացողությունը լիարժեք էր և Հոգին՝ զորեղ: Դա սուրբ փորձառություն էր»:

Այդ ժողովին մասնակցած անդամներից մեկը՝ Էլվիրա Տզին, շնորհակալ է Մորմոնի Գրքի կեկչի թարգմանության համար, որովհետև այն բերում է օրհնություններ աճող սերնդին: Նա ասում է, որ թարգմանությունը թույլ կտա երիտասարդ անդամներին «խորապես հասկանալ Տիրոջ աշխատանքը և հարգել այն, ինչ Տերը պահանջում է»:

Մորմոնի Գիրքը իրենց լեզվով ուսումնասիրող անդամների համար այն անհամար օրհնությունների աղբյուր է: Երբ անդամները «աղոթքով ուսումնասիրում և ուսուցանում են սուրբ գրությունները, - ասում է Առաջին Նախագահությունը, - նրանց վկայությունները աճում են, նրանց գիտելիքը խորանում է, ընտանիքի և մյուսների հանդեպ նրանց սերը մեծանում է, ուրիշներին ծառայելու նրանց ունակությունը աճում է, և նրանք ստանում են ավելի մեծ ուժ՝ գայթակղությանը դիմակայելու և ճշմարտությունն ու արդարությունը պաշտպանելու համար»:1

Հեռու գնացող օրհնություններ

Առատ օրհնությունները, որ Մորմոնի Գիրքը բերում է նրանց կյանք, ովքեր այն ուսումնասիրում են, մեծ ցանկություն են առաջացնում կիսվելու գրքով ուրիշների հետ, այդպիսով, շարունակելով իրականացնել մարգարեությունը: Ամեն տարի Մորմոնի Գրքի մոտ չորս միլիոն օրինակ տարածվում է աշխարհով մեկ՝ 100 լեզուներով, շնորհիվ նրա, որ մեկ առ մեկ անդամները և միսիոներները կիսվում են Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով: «Իմաստուն նպատակը», որի մասին խոսել է Ալման հին ժամանակներում, ի հայտ է գալիս Մորմոնի Գրքի համաշխարհային տարածման և յուրաքանչյուր կյանքի մեջ, որն այն փոխում է:

Հղում

  1. First Presidency letter, Oct. 15, 2008.

Մորմոնի Գրքի առաջին հրատարակության տպաքանակը եղել է 5000 օրինակ:

Թարգմանության աշխատանքի ծավալման հետևանքով, անդամները ողջ աշխարհում, ինչպես օրինակ՝ Լիա և Ֆլորա Լոտրիկները Սլոբենիայում, ուրախություն են ապրում, առաջին անգամ բռնելով ձեռքում իրենց մայրենի լեզվով Մորմոնի Գրքի օրինակը:

Լուսանկարը՝ Էրիկ Գեմմելի կողմից

Թարգմանության աշխատանքի ավարտից հետո, Եկեղեցու անդամներին, ովքեր խոսում են տվյալ լեզվով, խնդրում են կարդալ տեքստը: Ձախից. Վոլտեր Բարիլլա Սոտոն, Մայք Փեքը, Սալեննի Ռուբի Քուքուլ Սյերան, Ջոն Բրինգհարսթը և Ջոզեֆինա Քուքուլ Թիուլը կարդում են Մորմոնի Գիրքը կեկչի լեզվով Կոբանում՝ Գվատեմալա:

Վերևում ձախից. Բուսաթ Ֆոտոգրաֆի; ներքևում. Լուսանկարը՝ Թոդ Հարրիսի կողմից