2011
Մարգարե Ջոզեֆ Սմիթ՝ Մորմոնի Գրքի թարգմանիչ
Հոկտեմբեր 2011


Մարգարե Ջոզեֆ Սմիթ՝

Մորմոնի Գրքի թարգմանիչ

Մորմոնի Գիրքը սուրբ գրվածքների առանձնահատուկ գիրք է: Թեև այն գրել են հին ժամանակների մարգարեները, այն չտրվեց մեզ, ինչպես Աստվածաշունչը: Աստվածաշունչը հիմնականում գրվել է Հին Աշխարհում մագաղաթների գալարների վրա՝ որպես առանձին գրքեր, և դարերի ընթացքում արտագրվել է դպիրների կողմից: Հիսուս Քրիստոսից հետո միայն չորրորդ դարում այդ առանձին գրքերը միացվեցին և դարձան մեկ հատոր, որը մենք կոչում ենք Սուրբ Աստվածաշունչ:

Ի տարբերություն դրան, Մորմոնի Գիրքը գրվել է Նոր Աշխարհում հին մարգարեների կողմից՝ մետաղե թիթեղների վրա, Ք.հ. հինգերորդ դարում կրճատվել է հիմնականում մեկ մարգարե՝ Մորմոնի կողմից (այստեղից է ծագում գրքի վերնագիրը), դառնալով մեկ գրառում՝ ոսկե թիթեղների վրա: Նրա որդի Մորոնին հետագայում թաղեց թիթեղները, և միայն 1827թ. Մորոնին՝ որպես հարություն առած էակ, տվեց դրանք Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանու:

Ստորև տրվում է պատմությունն այն մասին, ինչպես Ջոզեֆը ստացավ, թարգմանեց և տպագրեց գրառումները, որոնք այժմ վերնագրված են որպես Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Փրկիչն Ինքն է վկայել, որ գիրքը ճշմարիտ է (տես ՎևՈւ 17.6):

  1. 1820թ. Ջոզեֆ Սմիթ անունով 14-ամյա մի տղա էր ապրում Պալմիրայի շրջակայքում, Նյու Յորք: Թեև երիտասարդ էր, նա մտահոգված էր, թե ով էր նա Աստծո առաջ, և շփոթված՝ քրիստոնեական տարբեր կրոնների հայտարարություններով, որոնք նորադարձներ էին որոնում, հերքելով միմյանց հայտարարությունները: Խրախուսվելով Աստվածաշնչի իր ուսումնասիրությամբ, Ջոզեֆը որոշեց իմաստություն փնտրել, հարցնելով Աստծուն, որ «ամենին տալիս է առատությամբ և չէ նախատում» (Հակոբոս Ա.5): Նա գնաց իր տան մոտ գտնվող պուրակը՝ աղոթելու:

  2. Երբ Ջոզեֆը ծնկի իջավ և աղոթեց, լույսի մի պայծառ սյուն իջավ նրա վրա: Սյունի մեջ նա տեսավ երկու Էակների: Երկնային Հայրը խոսեց և ասաց. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17): Տերը Ջոզեֆին ասաց չմիանալ եկեղեցիներից որևէ մեկին, որովհետև դրանցից ոչ մեկը ճշմարիտ չէր, սակայն նրան խոստացվեց, որ ավետարանի լրիվությունը ապագայում հայտնի կդարձվի իրեն:1

  3. Անցավ երեք տարի, որոնց ընթացքում Ջոզեֆ Սմիթը կիսվեց իր փորձառությամբ ուրիշների հետ և հալածվեց դրա համար: Նա գրեց. «Չնայած ինձ ատում և հալածում էին այն բանի համար, որ ասում էի, թե տեսիլք եմ տեսել, այնուամենայնիվ, դա ճշմարիտ էր. և … ես դրդվում էի ասելու իմ սրտում. Ինչո՞ւ եք ինձ հալածում ճշմարտությունն ասելու համար: Ես իսկապես տեսիլք եմ տեսել. և ո՞վ եմ ես, որ դեմ կանգնեմ Աստծուն, կամ ինչո՞ւ է աշխարհը մտադրված՝ ստիպելու ինձ ուրանալ այն, ինչ իրականում տեսել եմ: Քանզի, ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25):

  4. 1823թ. սեպտեմբերի 21-ին Ջոզեֆն աղոթում էր, երբ լույսը պատեց նրա վերնահարկի ննջասենյակը և հայտնվեց Մորոնի անունով հրեշտակը: Մորոնին Ջոզեֆին պատմեց հին մարգարեների գրվածքների մասին: Գրվածքները, որոնք փորագրված էին ոսկե թիթեղների վրա, թաղված էին մոտակա բլրում: Ջոզեֆին ասվեց, որ նա պետք է թարգմաներ գրվածքները:

  5. Վերջապես, 1827թ. սեպտեմբերի 22-ին, Ջոզեֆին վստահվեցին թիթեղները, որոնք նա հանեց քարե արկղի միջից, որը թաղված էր մի մեծ քարի տակ մի բլրում՝ Պալմիրայի մոտերքում, Նյու Յորք:

  6. Ինչպես այդ ժամանակներին տարածված էր գյուղական շրջաններում, Ջոզեֆ Սմիթը ամենևին կրթված չէր: Թարգմանության հարցում նրան օգնելու համար Աստված տվեց նրան թարգմանչական հնադարյան գործիք, որը կոչվում էր Ուրիմ և Թումիմ: Նա նաև օրհնված էր, ունենալով դպիրներ, որոնք գրում էին այն, ինչ նա թելադրում էր թարգմանելիս: Այդ դպիրներից էին՝ նրա կին Էմման, հարուստ ագարակատեր Մարտին Հարրիսը, և դպրոցի ուսուցիչ Օլիվեր Քաուդերին: Թարգմանության մեծ մասը ավարտվեց երեք ամիսների ընթացքում, նրանից հետո, երբ Օլիվերը սկսեց ծառայել որպես դպիր:

    Էմման նկարագրում էր, թե ինչ էր նշանակում լինել Ջոզեֆի դպիրը. «Ոչ մի մարդ չէր կարող թելադրել ձեռագրերի գրվածքները, եթե ոգեշնչված չլիներ, քանզի, երբ ես ծառայում էի որպես նրա դպիր, Ջոզեֆը թելադրում էր ինձ ժամը ժամի ետևից, և ճաշելուց կամ ընդմիջումներից հետո նա անմիջապես սկսում էր այն տեղից, որտեղ կանգ էր առել, անգամ առանց տեսնելու ձեռագիրը կամ լսելու որևէ մեկին այն կարդալիս»:2

    Ջոզեֆը բացատրեց Մորմոնի Գրքի աշխարհ գալու նշանակությունը. «Աստծո զորությամբ ես թարգմանեցի Մորմոնի Գիրքը հիերոգլիֆներից, որոնց մասին գիտելիքը կորցված էր աշխարհում, և այդ հրաշալի գործում ես՝ չկրթված մի պատանի, նոր հայտնությամբ միայնակ դեմ առ դեմ կանգնեցի աշխարհի իմաստությանը և տասնութ դարերի բազմապատիկ արհամարանքին»:3

  7. 18 ամիսների ընթացքում, երբ թիթեղները նրա մոտ էին, Ջոզեֆը միակը չէր, ով տեսել կամ ձեռքում պահել էր դրանք: Երեք տղամարդ՝ Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը պաշտոնապես վկայեցին, որ Մորոնի հրեշտակը ցույց է տվել իրենց ոսկե թիթեղները, և որ իրենք գիտեին, որ թիթեղները «թարգմանվել են Աստծո զորությամբ ու պարգևով, քանի որ նրա ձայնը հայտնեց մեզ դա»: Ութ այլ տղամարդ նույնպես վկայեցին, որ տեսել և իրենց ձեռքում պահել են ոսկե թիթեղները:4

  8. 1829թ. օգոստոսին, Ջոզեֆը պայմանագիր կապեց հրատակիչ Էգբերտ Բ. Գրենդինի հետ՝ Պալմիրայից, Նյու Յորք, հատորը տպագրելու համար: Մարտին Հարրիսը գրավ դրեց իր ագարակը՝ գրքի տպագրության ծախսերը հոգալու համար, և 1830թ. մարտի 26-ին Մորմոնի Գիրքը հանվեց վաճառքի:

  9. 1830թ. ապրիլի 6-ին, թվով մոտ 60 հոգի հավաքվեցին փայտե տնակում՝ Ֆայեթում, Նյու Յորք: Այնտեղ, Տեր Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ, Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմավորեց Փրկչի Եկեղեցին, որը վերականգնվեց իր սկզբնական կառուցվածքով, ղեկավարվելով մարգարեների և առաքյալների կողմից, լիազորված լինելով խոսել Աստծո կողմից: Ջոզեֆ Սմիթին ավելի ուշ տրված հայտնության մեջ Եկեղեցին ստացավ իր անվանումը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4):

Հղումներ

  1. Տես Joseph Smith, in History of the Church, 4:536:

  2. Interview with Emma Smith by Joseph Smith III, Feb. 1879, in Saints’ Herald, Oct. 1, 1879, 290.

  3. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 60:

  4. Տես «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը» Մորմոնի Գրքի նախաբանում:

Ձախից. Եղբայր Ջոզեֆ, Դեյվիդ Լինդսի © 1998; Ջոզեֆ Սմիթը փնտրում է իմաստություն Աստվածաշնչից, Դեյլ Քիլբորն © 1975 IRI; Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը, Գրեգ Օլսեն, չբազմացնել; Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե, հատվածի լուսանկար, Մեթյու Ռեյեր © IRI

Ձախից. Մորոնի Հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին, Թոմ Լովել © 2003 IRI; Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե, հատվածի լուսանկար, Մեթյու Ռեյեր © IRI; Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե, հատվածի լուսանկար, Ջոն Լյուք © IRI; Աստծո զորությամբ և պարգևով, Սայմոն Դեվյու; նկարի հատված Վիլիամ Մոգանի կողմից © 1998; լուսանկար Քրեյգ Դայմոնդի կողմից © IRI; Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե, հատվածի լուսանկար, Մեթյու Ռեյեր © IRI