2011
Մորմոնի Գրքի թանկագին խոստումները
Հոկտեմբեր 2011


Առաջին Նախագահության Ուղերձ

Մորմոնի Գրքի թանկագին խոստումները

Նկար
President Thomas S. Monson

Շատ տարիներ առաջ ես կանգնած էի մահվան և կյանքի միջև գտնվող մի երիտասարդ հոր անկողնու կողքին: Նրա վշտահար կինը և նրանց երկու երեխաները կանգնած էին կողքին: Նա վերցրեց իմ ձեռքն իր ձեռքի մեջ և աղաչանքով ասաց. «Եպիսկոպոս, ես գիտեմ, որ մահանում եմ: Ասա ինձ, ինչ կպատահի իմ հոգու հետ, երբ մահանամ»:

Ես լուռ աղոթեցի երկնային առաջնորդության համար և նկատեցի նրա մահճակալի սեղանիկին եռահատորի մի օրինակ: Ձեռքս մեկնեցի գրքին և թերթեցի էջերը: Հանկարծակի, առանց որևէ ջանքի իմ կողմից, կանգ առա Մորմոնի Գրքի Ալմայի գլուխ 40-ի վրա: Ես կարդացի նրան այդ խոսքերը.

«Ահա, ինձ համար հայտնի դարձվեց հրեշտակի կողմից, որ բոլոր մարդկանց հոգիները, հենց որ նրանք հեռանում են այս մահկանացու մարմնից, … տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել:

Եվ … նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից» (Ալմա 40.11–12):

Երբ ես կարդում էի Հարության մասին, երիտասարդ տղամարդու դեմքին փայլ հայտնվեց և ժպիտը զարդարեց նրա շուրթերը: Ավարտելով իմ այցը, ես հրաժեշտ տվեցի նրա հրաշալի ընտանիքին:

Նրա կնոջը և երեխաներին ես հանդիպեցի թաղմանը: Ես մտածեցի այն երեկոյի մասին, երբ երիտասարդը աղերսեց ճշմարտությունն իմանալու համար, և, թե ինչպես Մորմոնի Գրքից լսեց իր հարցի պատասխանը:

Մորմոնի Գրքում տրվում են այլ թանկագին խոստումներ ևս, ներառյալ՝ խաղաղության, ազատության և օրհնությունների խոստումները, եթե մենք միայն «ծառայենք երկրի Աստծուն, որը Հիսուս Քրիստոսն է» (Եթեր 2.12):

Այդ գրքի էջերից է գալիս «երբեք չվերջացող երջանկության» խոստումը նրանց, «ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և աշխարհիկ, և հոգևոր» (Մոսիա 2.41):

Դրա էջերից է գալիս «անըմռնելի ուրախության» խոստումը նրանց, ովքեր դառնում են «Աստծո ձեռքում գործիք»՝ Նրա թանկագին որդիներին և դուստրերին փրկելու համար (Ալմա 28.8; 29.9):

Դրա էջերից է գալիս խոստումը, որ Իսրայելը կհավաքվի. այդ աշխատանքի մեջ ենք մենք ընդգրկված համաշխարհային մեր միսիոներական ջանքերի շնորհիվ (տես 3 Նեփի 16; 21–22):

Դրա էջերից է գալիս խոստումը, որ, եթե մենք աղոթենք Հորը Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, մեր ընտանիքները կօրհնվեն (տես 3 Նեփի 18.21):

Դրա էջերի ուսումնասիրությունից է գալիս մարգարեական խոստման իրականացումը, որ «ձեր կյանքերն ու ձեր տները կմտնի Տիրոջ Հոգու ավելի մեծ բաժին, աննկուն վճռականություն՝ քայլելու Նրա պատվիրաններին հնազանդ և ավելի զորեղ վկայություն՝ Աստծո կենդանի Որդու իրականության մասին»:1

Եվ Մորմոնի գրքի էջերից է գալիս Մորոնիի խոստումը, որ աղոթքի միջոցով, անկեղծ ցանկությամբ և Քրիստոսի հանդեպ հավատքով մենք կարող ենք իմանալ այդ խոստումների ճշմարտությունը՝ «Սուրբ Հոգու զորությամբ» (տես Մորոնի 10.4–5):

Վերջին օրերի մյուս մարգարեների հետ միասին, ես վկայում եմ երկրի երեսին այս առավել ճիշտ գրքի՝2 Մորմոնի Գրքի, Հիսուս Քրիստոսի մասին ևս մի վկայության ճշմարտացիության մասին: Այդ ուղերձը հասնում է երկրի բոլոր ծայրերին և իր ընթերցողներին պարգևում ճշմարտության մասին գիտելիք: Իմ վկայությունն է, որ Մորմոնի Գիրքը փոխում է կյանքեր: Թող մեզանից յուրաքանչյուրը կրկին ու կրկին կարդա այն: Եվ թող մենք ուրախությամբ կիսվենք դրա թանկագին խոստումերի մասին մեր վկայություններով՝ Աստծո բոլոր զավակների հետ:

Հղումներ

  1. Gordon B. Hinckley, “A Testimony Vibrant and True,” Liahona, Aug. 2005, 6.

  2. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 64:

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի կողմից