2011
Որտե՞ղ ես կարող եմ գտնել պատասխանները
Հոկտեմբեր 2011


Որտե՞ղ կարող եմ գտնել պատասխանները

Օլգա Օվչարենկո, Սվերդլովսկի տարածք, Ռուսաստան

Երբ ես 21 տարեկան էի, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները անգլերեն էին ուսուցանում Ռուսաստանի այն տարածքում, որտեղ ես ապրում եմ: Ես սկսեցի հաճախել դասերին, բայց շուտով սկսեցի ավելի երկար մնալ, մասնակցելով հոգևոր մտքերի փոխանակմանը, որ երեցները անց էին կացնում դասից հետո, և հարցեր էի տալիս:

Ես մեծացել եմ իմ երկրում գերիշխող կրոնի մթնոլորտում, սակայն շատ անպատասխան հարցեր ունեի կրոնի վերաբերյալ: Միսիոներները և նրանց Եկեղեցու անդամները ունեին այն պատասխանները, որոնք նախկինում ոչ ոք չէր կարողացել տալ ինձ:

Մի օր անգլերեն դասից հետո, հատկապես համարձակ ինձ զգալով, ես խնդրեցի միսիոներներին ինձ տալ իրենց գրքի՝ Մորմոնի Գրքի մեկ օրինակ: Սակայն երբ հասա տուն, դրեցի այն գրապահարանի վրա:

Սակայն, այն երկար այնտեղ չմնաց: Ես լսեցի, ինչպես անգլերենի դասերին մասնակցող Եկեղեցու անդամները ասացին, որ սուրբ գրությունները պարունակում են խնդիրների լուծումներ: Այսպիսով, երբ ես անձնական խնդիրներ կամ դժվարություններ ունեցա, ես վերցրեցի Մորմոնի Գիրքը պահարանի վրայից և սկսեցի կարդալ: Անընդմեջ, ես գտնում էի այնպիսի պատասխաններ, որոնք ինձ անհրաժեշտ էին:

Այդ ժամանակ ես սկսեցի զգալ, որ չեմ կարող այլևս ապրել առանց Եկեղեցու: Դա այն վայրն էր, որտեղ ես ցանկանում էի լինել: Դա այն վայրն էր, որին ես զգում էի, որ պատկանում էի:

Ինչևէ, ես ուզում էի վստահ լինել՝ Աստծուն հարցնելով: Խնդիրն այն էր, որ ես ապրում էի մեկ սենյականոց փոքր բնակարանում, որտեղ ապրում էր նաև իմ տանտիրուհին՝ մի ծեր կին, և առանձին տեղ չկար, որպեսզի ես աղոթեի: Բայց մի երեկո, ես մտա խոհանոց, որը մի փոքր առանձնացած է տան մյուս մասից, և հարցրեցի Երկնային Հորը, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ է: Ես այնպիսի ուժեղ զգացում ունեցա որպես պատասխան, որ գիտեի, թե ինչ պետք է անեի:

Ոչ շատ ժամանակ անց ես մկրտվեցի, և որպես Եկեղեցու անդամ իմ տարիները ամենաերջանիկն էին իմ կյանքում: Նախկինում ես հարցեր ունեի, այժմ ունեմ պատասխաններ: Նախկինում ես ինձ դատարկ էի զգում, այժմ՝ լիարժեք:

Ես շնորհակալ եմ, որ Երկնային Հայրը չի թողել մեզ առանց պատասխանների: Ես գիտեմ, որ Նա կխոսի մեզ հետ՝ և աղոթքի, և սուրբ գրությունների միջոցով: