2011
Մորմոնի Գիրք՝ վկայություն Աստվածաշնչի հետ մեկտեղ
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գիրք՝

վկայություն Աստվածաշնչի հետ մեկտեղ

Ներդաշնակ լինելով աստվածաշնչյան այն օրենքին, որ «երկու և երեք վկաների բերանից ամեն բան կհաստատվի» (Բ Կորնթացիս ԺԳ.1), և Մորմոնի Գիրքը, և Աստվածաշունչը վկայում են Հիսուս Քիստոսի մասին և ուսուցանում են Նրա ավետարանի սկզբունքները: Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ «սուրբգրքյան վկայությունները հաստատում են միմյանց: Այս գաղափարը բացատրվել է դեռ շատ վաղուց, երբ մարգարեն գրեց, որ Մորմոնի Գիրքը գրվել է «այն նպատակով, որ դուք հավատաք դրան [Աստվածաշնչին]. և եթե դուք հավատաք դրան [Աստվածաշնչին], դուք կհավատաք նաև սրան [Մորմոնի Գրքին]» [Մորմոն 7.9]: Յուրաքանչյուր գիրք հղում է կատարում մյուսին: Յուրաքանչյուր գիրք վկայություն է հանդիսանում նրա, որ Աստված ապրում է և խոսում է Իր զավակների հետ՝ Իր մարգարեներին տված հայտնության միջոցով»:1

Ստորև տրվում է Աստվածաշնչում ուսուցանվող հիմնարար վարդապետությունների ցանկը, որոնց մասին Մորմոնի Գիրքը լրացուցիչ վկայություն է տրամադրում:

Հիսուս Քրիստոսի առաքելությունը

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու և Նրա Քավության մասին: Նրանք ուսուցանում են, որ Փրկիչը Իր վրա է վերցրել մեր մեղքերը և հաղթել է մահը:

Աստծո Միածին Որդին

Աստվածաշունչ. «Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.16; տես նաև Մատթեոս ԺԶ.16; Հովհաննես Զ.69):

Մորմոնի Գիրք. «Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը պիտի գա, այո, Որդին՝ Հոր Միածինը, լի շնորհով, և ողորմությամբ, և ճշմարտությամբ» (Ալմա 5.48; տես նաև 1 Նեփի 11.16–21; Մոսիա 3.5–8):

Քավեց մեր մեղքերը

Աստվածաշունչ. «Որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար՝ ի թողություն մեղաց (Մատթեոս ԻԶ.28; տես նաև Եբրայեցիս Թ.28; Ա Պետրոս Գ.18):

Մորմոնի Գիրք. «Ահա, նա իրեն զոհ է մատուցում մեղքի համար՝ բավարարելու օրենքի պահանջները, բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի» (2 Նեփի 2.7; տես նաև 1 Նեփի 11.33; Ալմա 34.8–10; 3 Նեփի 11.14):

Կրեց մեր վշտերը

Աստվածաշունչ. «Հիրավի նա մեր ցավերը վեր առավ և մեր վիշտերը բեռնեց իր վրա» (Եսայիա ԾԳ.4; տես նաև Եբրայեցիս Բ.18):

Մորմոնի Գիրք. «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12; տես նաև Մոսիա 14.3–5):

Հաղթեց մահը

Աստվածաշունչ. «Բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկ եղավ» (Ա Կորնթացիս ԺԵ.20; տես նաև Հովհաննես ԺԴ.19; Գործք ԻԶ.23):

Մորմոնի Գիրք. «Դուք պետք է հավատաք Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է, և որ նա սպանվել է հրեաների կողմից, և Հոր զորությամբ նա կրկին հարություն է առել, որով նա հաղթանակ է ձեռք բերել գերեզմանի վրա» (Մորմոն 7.5; տես նաև Մոսիա 16.7–8; Հելաման 14.17):

Մեզ համար Աստծո ծրագիրը

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը ուսուցանում են, որ Աստված մեր Երկնային Հայրն է: Լինելով մեր Հայրը՝ Նա պատրաստել է «փրկության ծրագիր» (Ալմա 24.14), որով մենք կարող ենք փրկվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Սիրող Երկնային Հայրը

Աստվածաշունչ. «Որովհետև մենք նորանով ենք ապրում և շարժվում և կանք. ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թե Նորա ազգիցն էլ ենք» (Գործք ԺԷ.28; տես նաև Սաղմոս ՁԲ.6; Եբրայեցիս ԺԲ.9):

Մորմոնի Գիրք. «Ես գիտեմ, որ [Աստված] սիրում է իր զավակներին» (1 Նեփի 11.17; տես նաև 1 Նեփի 17.36):

Մահը և հոգևոր աշխարհը

Աստվածաշունչ. «Հողը ետ է դառնում երկրին, ինչպես որ էր, և հոգին ետ է դառնում Աստծո մոտ, որ տվել էր» (Ժողովող ԺԲ.7; տես նաև 1 Պետրոս 3.19–20; 4.6):

Մորմոնի Գիրք. «Բոլոր մարդկանց հոգիները՝ լինեն նրանք բարի, թե չար, տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել» (Ալմա 40.11; տես նաև հատվածներ 12–14):

Հարություն

Աստվածաշունչ. «Եվ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն» (Հոբ ԺԹ.26; տես նաև Եզեկիել ԼԷ.12; Ա Կորնթացիս Զ.14; ԺԵ.54):

Մորմոնի Գիրք. «Ես գիտեմ, որ դուք իմանում եք, որ մեր մարմինը պետք է հալումաշ լինի ու մեռնի. այնուամենայնիվ, մեր մարմիններում մենք կտեսնենք Աստծուն» (2 Նեփի 9.4; տես նաև 2 Նեփի 9.12; Ալմա 11.43–45; 40.23):

Պատվիրանները ուղեցույց են հանդիսանում

Աստվածաշունչն ուսուցանում է, որ Աստված պատվիրաններ է տվել և կօրհնի մեզ, եթե մենք հետևենք դրանց: Մորմոնի Գրքի մարգարեները նույնպես գրի են առել պատվիրաններ և հետևել դրանց:

Հնազանդության օրհնությունները

Աստվածաշունչ. «Եվ Եհովան մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք, և մեր Եհովա Աստուածանից վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահե … Եվ մեզ համար արդարություն լինի, եթե այս բոլոր պատվիրանքները կատարելու զգուշանանք» (Երկրորդ Օրինաց Զ.24–25; տես նաև Առակաց Դ.4; Հովհաննես ԺԴ.21):

Մորմոնի Գիրք. «Նա խոստացել է ձեզ, որ եթե դուք պահեք նրա պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում. և նա երբեք չի շեղվում նրանից, ինչ նա ասել է. հետևաբար, եթե դուք պահում եք նրա պատվիրանները, նա, իրոք, օրհնում և բարգավաճեցնում է ձեզ» (Մոսիա 2.22; տես նաև 2 Նեփի 1.20):

Տաս պատվիրանները

Աստվածաշունչ. Տերը Մովսեսին տալիս է Տասը Պատվիրանները (տես Ելից Ի.1–17):

Մորմոնի Գիրք. Աբինադին ուսուցանում է Տասը Պատվիրանները Նոյ Թագավորի քահանաներին (տես Մոսիա 12.33–36; 13.12–24):

Տասանորդ

Աստվածաշունչ. «Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի» (Մաղաքիա 3.10; տես նաև Ղևտացիս 27.30):

Մորմոնի Գիրք. «Եվ դա այն նույն Մելքիսեդեկն էր, որին Աբրահամը տասանորդ վճարեց. այո, նույնիսկ մեր հայր Աբրահամը վճարեց տասնորդ՝ մեկ տասներորդ մասն իր ողջ ունեցածի» (Ալմա 13.15; տես նաև 3 Նեփի 24.8–10):

Մկրտություն և Սուրբ Հոգի

Աստվածաշունչ. «Եթե մեկը ջրից և հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել» (Հովհաննես 3.5; տես նաև Մարկոս 16.16; Գործք 2.36–38):

Մորմոնի Գիրք. «Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20; տես նաև 2 Նեփի 9.23; 31.5–9):

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հին ժամանակներում

Տերը հիմնել է Իր Եկեղեցին Երուսաղեմում և Ամերիկաներում: Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են այն մասին, որ Նա կազմակերպում և ղեկավարում է Իր ժողովրդին մարգարեների և առաքյալների միջոցով:

Մարգարեներ

Աստվածաշունչ. «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չհայտնե իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3.7; տես նաև ԵրեմիաԱ.7; 7.25):

Մորմոնի Գիրք. «Սուրբ Հոգու միջոցով են բոլոր բաները հայտնի դարձվում մարգարեներին» (1 Նեփի 22.2; տես նաև Հակոբ 4.4–6):

Տասներկուսը

Աստվածաշունչ. «Նա կանչեց իր աշակերտները, և ընտրեց նորանցից տասներկուսին, որոնց առաքյալ էլ անվանեց» (Ղուկաս 6.13; տես նաև Եփեսացիս 2.19–20; 4.11–14):

Մորմոնի Գիրք. «Երանելի եք դուք, եթե ուշք դարձնեք այս տասներկուսի խոսքերին, որոնց ես ընտրել եմ ձեր միջից՝ ծառայելու ձեզ» (3 Նեփի 12.1; տես նաև 1 Նեփի 11.29):

Քահանայության Իշխանություն

Աստվածաշունչ. «Ոչ թե դուք ինձ ընտրեցիք. այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք. և ձեր պտուղը մնա» (Հովհաննես 15.16; տես նաև Մատթեոս 16.19; Ղուկաս 9.1–2; Եբրայեցիս 5.4):

Մորմոնի Գիրք. «[Ալման] քահանաներ ու երեցներ կարգեց, ձեռնադրելով ըստ Աստծո կարգի, որ նախագահեն և հսկեն եկեղեցու վրա» (Ալմա 6.1; տես նաև 2 Նեփի 6.2; Մորոնի 3):

Լրացուցիչ ուսումնասիրություն

Այս սխեման ամբողջական ցանկը չի ներառում: Ձեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում դուք կարող եք հղումներ ավելացնել այս սխեմային և ավելի շատ սկզբունքներ գտնել, որոնք ուսուցանվում են Մորմոնի Գրքում և Աստվածաշնչում, օգտվելով Թեմատիկ Ուղեցույցից կամ Սուրբ գրությունների ուղեցույցից և առցանց ուսումնասիրության գործիքներից scriptures.lds.org կայքում:

Հղում

  1. Russell M. Nelson, “Scriptural Witnesses,” Liahona, Nov. 2007, 43.

Հարոլդ Բ. Լիի դիմանկարը՝ Դոյլ Շոյի կողմից, տրամադրել է Եկեղեցու Պատմության Թանգարանը