2011
Մորմոնի Գիրք` մեր կրոնի պորտաքար
Հոկտեմբեր 2011


Մորմոնի Գիրք՝ մեր կրոնի պորտաքար

Էզրա Թավթ Բենսոնը դարձավ Եկեղեցու 13-րդ Նախագահը 1985թ. նոյեմբերին: Նա հայտնի է իր հաստատուն վկայությամբ՝ Մորմոնի Գրքի զորության մասին, և սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը, միսիոներական աշխատանքին և ավետարանի ուսուցանմանը մեծ կարևորություն տալու համար: Այս տարի լրանում է 1986թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի այս ուղերձի 25-ամյակը:

Նկար
President Ezra Taft Benson

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր ես կցանկանայի խոսել առավել կարևոր պարգևներից մեկի մասին, որ տրվել է աշխարհին արդի ժամանակներին: Պարգևը, որի մասին ես մտածում եմ, առավել կարևոր է, քան որևէ հայտնագործություն, որ արվել է արդյունաբերական և տեխնոլոգիական հեղափոխությունների արդյունքում: Դա մի պարգև է, որը մարդկության համար ավելի մեծ արժեք ունի, քան բազմաթիվ զարմանալի առաջադիմությունները, որ տեսնում ենք ժամանակակից բժշկության մեջ: Այն մարդկության համար ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան օդային կամ տիեզերական ճանապարհորդության զարգացումները: Ես խոսում եմ Մորմոնի Գրքի պարգևի մասին, որը տրվեց մարդկությանը 156 տարի առաջ:

Այս պարգևը պատրաստվել էր Տիրոջ ձեռքով ավելի քան հազար տարիների ընթացքում, ապա թաքցվել էր Նրա կողմից, որպեսզի պահպանվեր իր մաքրությամբ մեր սերնդի համար: Երևիթե, չկա ավելի մեծ վկայություն, որը հստակեցնում է այս ժամանակակից սուրբ գրքի կարևորությունը, քան այն, ինչ Տերն Ինքն է ասել դրա մասին:

Իր բերանով Նա վկայություն է բերել, (1) որ այն ճշմարիտ է (ՎևՈՒ 17.6), (2) որ այն պարունակում է ճշմարտությունը և Իր խոսքերը (ՎևՈՒ 19.26), (3) որ թարգմանվել է ի վերուստ ստացած զորությամբ (ՎևՈՒ 20.8), (4) որ պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանի ամբողջությունը (ՎևՈՒ 20.9; 42:12), (5) որ տրվել է ոգեշնչմամբ և հաստատվել է հրեշտակների ծառայությամբ (ՎևՈՒ 20.10), (6) որ տալիս է ապացույց սուրբ գրությունների ճշմարտության մասին (ՎևՈՒ 20.11), և (7) որ նրանք, ովքեր ընդունում են այն հավատքով, պետք է ստանան հավերժական կյանք (ՎևՈՒ 20.14):

Մորմոնի Գրքի կարևորության երկրորդ հզոր վկայությունը նշելն է, թե երբ էր Տերը նախատեսել, որ այն երևան գար սկիզբ առնող Վերականգնման ժամանակացույցի շրջանակներում: Դրան նախորդող միակ իրադարձությունը Առաջին Տեսիլքն էր: Այդ հրաշալի հայտնության ժամանակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը իմացավ Աստծո իրական էության մասին և որ Աստված իր համար աշխատանք ուներ: Մորմոնի Գրքի երևան գալը հաջորդ իրադարձությունն էր:

Մտածեք, թե ինչ էր դա ենթադրում: Մորմոնի Գրքի երևան գալը նախորդեց քահանայության վերականգնմանը: Այն հրատարակվեց Եկեղեցու կազմակերպվելուց միայն մի քանի օր առաջ: Սրբերը ստացան Մորմոնի Գիրքը մինչև այն հայտնությունները ստանալը, որոնք պարունակում էին այնպիսի մեծ վարդապետություններ, ինչպիսին են՝ փառքի երեք աստիճանները, սելեստիալ ամուսնությունը կամ մահացածների համար աշխատանքը: Այն տրվեց քահանայության քվորումների և Եկեղեցու կազմավորումից առաջ: Արդյո՞ք սա ինչ-որ բան չի ասում այն մասին, թե ինչպես է Տերը դիտում այս սուրբ աշխատանքը:

Երբ մենք հասկանում ենք, թե ինչ է Տերը զգում այս գրքի հանդեպ, զարմանալի չէ, որ Նա մեզ տալիս է լուրջ նախազգուշացումներ այն մասին, թե ինչպես մենք պետք է ընդունենք այն: Նրանից հետո, երբ Նա ասում է, որ նրանք, ովքեր ընդունում են Մորմոնի Գիրքը հավատքով, աշխատում են արդարակյաց լինել, կստանան հավերժական փառքի պսակը (տես ՎևՈՒ 20.14), Տերը շարունակում է հետևյալ նախազգուշացմամբ.«Բայց նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերն անհավատությամբ և կմերժեն այն, այն կդառնա իրենց իսկ դատապարտությունը» (ՎևՈՒ 20.15):

1829թ. Տերը զգուշացնում է Սրբերին, որ նրանք չպետք է կատակեն սուրբ բաների շուրջ (տես ՎևՈՒ 6.12): Անշուշտ, Մորմոնի Գիրքը սուրբ է, բայց, միևնույն է, շատերը լուրջ չեն ընդունում այն, վերաբերվելով դրան որպես քիչ կարևորություն կրող առարկայի:

1832թ., երբ վաղ միսիոներներից մի քանիսը վերադարձան իրենց միսիայի դաշտից, Տերը նախատեց նրանց Մորմոնի Գրքին թեթևակի վերաբերվելու համար: Այդ վերաբերմունքի արդյունքում, նա ասաց, որ նրանց ուղեղները խավարել են: Այս սուրբ գրքին թեթևակի վերաբերվելը ոչ միայն լույսի կորուստ բերեց հենց իրենց կյանքում, այլ նաև պատժի տակ դրեց ամբողջ Եկեղեցին՝ Սիոնի բոլոր զավակներին: Տերն ասել է. «Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը» (ՎևՈՒ 84.54–57):

Արդյո՞ք այն փաստը, որ մենք ունենք Մորմոնի Գիրքը արդեն մեկուկես դար, ավելի քիչ արժեքավոր է այն դարձնում այսօր: Արդյո՞ք մենք հիշում ենք նոր ուխտը՝ Մորմոնի Գիրքը: Աստվածաշնչում մենք ունենք Հին և Նոր Կտակարանները: Կտակարան բառը անգլերենում ծագում է հուներեն բառից, որը կարող է թարգմանվել որպես ուխտ: Արդյո՞ք սա չէր այն, ինչ Տերը ի նկատի ուներ, երբ կոչեց Մորմոնի Գիրքը «նոր ուխտ»: Այն իսկապես մեկ այլ ուխտ կամ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Սա այն պատճառներից մեկն է, որ մենք վերջերս ավելացրեցինք «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» բառերը Մորմոնի Գրքի վերնագրին:

Եթե վաղ Սրբերը նախատվեցին Մորմոնի Գրքին թեթևակի վերաբերվելու համար, արդյո՞ք մենք ավելի քիչ մեղադրանքի կարժանանանք, եթե նույնկերպ վարվենք: Տերն Ինքն է վկայություն բերում այդ գրքի հավերժական կարևորության մասին: Կարո՞ղ է արդյոք մեր մի փոքր խումբ մեղադրանքի տակ դնել ողջ Եկեղեցին՝ սուրբ բաներին թեթևակի վերաբերվելու արդյունքում: Ի՞նչ մենք կասենք Դատաստանի օրը, երբ կանգնենք Նրա առաջ և արժանանանք Նրա քննող հայացքին, եթե լինենք նրանց շարքում, ովքեր մոռացել են նոր ուխտը:

Կան երեք մեծ պատճառներ, որոնցով Վերջին Օրերի Սրբերը պետք է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը դարձնեն կյանքի աշխատանք:

Առաջինը այն է, որ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Սրանք Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերն են: Նա վկայել է, որ «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է»:1 Պորտաքարը կամարի կենտրոնական քարն է: Այն պահում է բոլոր մյուս քարերը, և եթե հեռացվի, ապա կամարը կփլուզվի:

Կան երեք ճանապարհներ, որոնցով Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն մեր վկայության պորտաքարն է:

Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, երբ որ Ինքը՝ այն ամենի պորտաքարն է, ինչ մենք անում ենք: Այն վկայություն է բերում Նրա իրականության մասին՝ զորությամբ և պարզությամբ: Ի տարբերություն Աստվածաշնչին, որը սերունդներ շարունակ անցել է կրկնօրինակողների, թարգմանիչների և կեղծ կրոնականների ձեռքերով, որոնք փոփոխել են տեքստը, Մորմոնի Գիրքը մեզ տրվել է գրողից ընթերցողին՝ ոգեշնչված թարգմանության միայն մեկ քայլով: Հետևաբար, Վարդապետի մասին դրա վկայությունը մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ: Սակայն այն ավելին է: Այսօր Քրիստոնյա աշխարհի մեծ մասը մերժում է Փրկչի աստվածային բնույթը: Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշալի ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառավոր Հարության իրականությունը: Մորմոնի Գիրքը՝ պարզ և անսխալ արտահայտություններով մեզ ուսուցանում է բոլոր բաների ճշմարտությունը: Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: Իսկապես, այս աստվածայնորեն ոգեշնչված գիրքը պորտաքար է՝ աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու գործում:2

Մորմոնի Գիրքը նաև Հարության վարդապետության պորտաքարն է: Ինչպես արդեն նշվեց, Տերն Ինքն է ասել, որ Մորմոնի Գիրքը պարունակում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» ՎևՈՒ 20.9): Սա չի նշանակում, որ այն պարունակում է ամեն մի ուսմունք, ամեն մի վարդապետություն, որը երբևէ հայտնվել է: Ավելի շուտ, մենք Մորմոնի Գրքում կարող ենք գտնել այն վարդապետությունների ամբողջականությունը, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար: Եվ դրանք ուսուցանվում են պարզ և հասարակ ձևով, որպեսզի անգամ երեխաները կարողանան սովորել փրկության և վեհացման ուղիները: Մորմոնի Գիրքը այնքան շատ բան է առաջարկում, որ կարողանում է լայնացնել փրկության վարդապետությունների մասին մեր հասկացողությունը: Առանց դրա, այլ սուրբ գրություններում ուսուցանվածի մեծ մասը չէր լինի այդքան պարզ և արժեքավոր:

Վերջապես, Մորմոնի Գիրքը մեր վկայության պորտաքարն է: Ինչպես կամարն է փլուզվում, երբ պորտաքարը հանվում է, այնպես էլ ողջ Եկեղեցին կանգուն կմնա կամ կընկնի՝ կախված Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելուց: Եկեղեցու թշնամիները սա հստակ հասկանում են: Այդ պատճառով նրանք այդքան մեծ ջանքեր են գործադրում՝ Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելը հերքելու ուղղությամբ, քանի որ նրա հետ կարժեքազրկվի նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Նմանապես, նույնը տեղի կունենա քահանայության բանալիների, հայտնության և վերականգնված Եկեղեցու հետ: Սակայն, նման ձևով, եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և միլիոնավոր մարդիկ այսօր վկայում են, որ Հոգով վկայություն ունեն, որ այն իրոք ճշմարիտ է, ապա պետք է ընդունել Վերականգնման բոլոր հայտարարությունները և դրան վերաբերող ամեն ինչ:

Այո, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է՝ մեր վկայության, մեր վարդապետության և մեր Տիրոջ ու Փրկչի մասին վկայության պորտաքարը:

Երկրորդ մեծ պատճառը, թե ինչու մենք պետք է Մորմոնի Գիրքը դարձնենք մեր ուսումնասիրության առանցքը, այն է, որ դա գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այս գիրքը, ոչ էլ՝ Լամանացիները հին ժամանակներում: Այն նախատեսված է եղել մեզ համար: Մորմոնը գրել է Նեփիացիների քաղաքակրթության վերջին ժամանակներում: Աստծո ներշնչման ներքո, որը տեսնում է բոլոր բաները սկզբից ի վեր, նա կրճատեց դարերի գրառումները, ընտրելով պատմություններ, քարոզներ և իրադարձություններ, որոնք առավել օգտակար են մեզ համար:

Մորմոնի Գրքի բոլոր խոշոր գրողները վկայել են, որ գրել են ապագա սերունդների համար: Նեփին ասել է. «Տեր Աստված խոստացել է ինձ, որ այս բաները, որոնք ես գրում եմ, պիտի պահվեն ու պահպանվեն, և փոխանցվեն իմ հետնորդներին, սերնդե-սերունդ» (2 Նեփի 25.21): Նրա եղբայր Հակոբը, որը հաջորդեց նրան, գրել է նմանատիպ խոսքեր. «Քանզի [Նեփին] ասաց, որ իր ժողովրդի պատմությունը պետք է փորագրվի իր մյուս թիթեղների վրա, և որ ես պետք է պահպանեի այս թիթեղները և իմ հետնորդներին փոխանցեի՞ սերնդե-սերունդ» (Հակոբ 1.3): Ենովսը և Հարոմը նույնպես նշում են, որ գրում են ոչ թե իրենց ժողովուրդների, այլ՝ ապագա սերունդների համար (տես Ենովս 1.15–16; Հարոմ 1.2):

Մորմոնն ինքն է ասել. «Այո, ես խոսում եմ ձեզ համար, դուք, Իսրայելի տան մնացորդ» (Մորմոն 7.1): Եվ Մորոնին, ոգեշնչված գրողներից վերջինը, իրականում տեսել է մեր օրը և ժամանակը: «Ահա, - ասել է նա, - Տերն ինձ ցույց է տվել մեծ և զարմանալի բաներ նրա վերաբերյալ, ինչ պետք է շուտով գա, այն օրը, երբ այս բաներն առաջ կգան ձեր մեջ:

Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.34–35):

Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածը իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս տարիքում»:

Եվ օրինակը օրինակի ետևից ցույց են տալիս, թե ինչպես այս հարցը կստանա իր պատասխանը: Օրինակ, Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Երկրորդ Գալստին պատրաստվելու ուղի: Գրքի հիմնական մասը կենտրոնանում է Ամերիկա Քրիստոսի գալուց առաջ մի քանի տասնամյակների շուրջ: Այդ ժամանակահատվածի ուշադիր ուսումնասիրությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչու ոմանք կործանվեցին սաստիկ դատաստանների մեջ, որոնք նախորդեցին Նրա գալստյանը, և ով բերեց մյուսներին՝ տաճարի մոտ, Բաունթիֆուլ երկրում, որպեսզի նրանք կարողանային իրենց ձեռքերով շոշափել Նրա ձեռքերի և ոտքերի վերքերը:

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, թե ինչպես էին Քրիստոսի աշակերտները ապրում պատերազմի ժամանակ: Մորմոնի Գրքում մենք տեսնում ենք գաղտնի խմբակցությունների գործած չարիքները և դրանց սարսափեցնող իրականությունը: Մորմոնի Գրքում մենք գտնում ենք դասեր՝ ուրացությանը և հալածանքին դիմակայելու համար: Մենք շատ բան ենք սովորում միսիոներական աշխատանքի մասին: Եվ առավել պարզ, քան որևէ այլ գրքում, մենք Մորմոնի Գրքում տեսնում ենք մատերիալիզմի և մեր սրտերը աշխարհի բաների վրա դնելու վտանգները: Կարո՞ղ է որևէ մեկը կասկածել, որ այս գիրքը նախատեսված է եղել մեզ համար և որ նրանում մենք կգտնենք մեծ զորություն, մեծ սփոփանք և մեծ պաշտպանություն:

Երրորդ պատճառը, թե ինչու է Մորմոնի Գիրքը այդքան մեծ արժեք ներկայացնում Վերջին Օրերի Սրբերի համար, տրված է Մարգարե Ջոզեֆ Սմիթի նույն խոսքերում, որոնք արդեն մեջբերվել են: Նա ասաց. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»: Դա է գիրքն ուսումնասիրելու երրորդ պատճառը: Այն օգնում է մեզ մոտնել Աստծուն: Արդյո՞ք մեր սրտերի խորքում կա ավելի մեծ փափագ, քան ավելի մոտնենալը Աստծուն, ավելի նմանվելը Նրան մեր ամենաօրյա քայլերում, զգալը Նրա ներկայությունը մեզ հետ շարունակ: Եթե այդպես է, ապա Մորմոնի Գիրքը կօգնի մեզ այդ հարցում ավելի, քան որևէ այլ գիրք:

Մորմոնի Գիրքը մեզ միայն ճշմարտություն չի ուսուցանում, թեև այն իսկապես ուսուցանում է դա: Մորմոնի Գիրքը միայն վկայություն չի բերում Քրիստոսի մասին, թեև իսկապես բերում է: Կա ավելին: Գրքի մեջ մի զորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ գայթակղությանը դիմակայելու համար: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ խաբեությունից խուսափելու համար: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ ուղիղ և նեղ արահետի վրա մնալու համար: Սուրբ գրությունները կոչվում են «կյանքի խոսքեր» (տես ՎևՈւ 84.85), և դա առավել ճշմարիտ է Մորմոնի Գրքի մասին: Երբ դուք սկսում եք քաղց և ծարավ զգալ այդ խոսքերի համար, դուք կգտնեք ավելի մեծ և առատ կյանք:

Մեր սիրելի եղբայր՝ Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին … վկայել է այն օրհնությունների մասին, որոնք կարող են գալ նրանց կյանք, ովքեր կկարդան և կուսումնասիրեն Մորմոնի Գիրքը: Նա ասել է.

«Ես համոզված եմ, որ, եթե մեր տներում, ծնողները թե առանձին և թե երեխաների հետ կանոնավոր և աղոթքով կարդան Մորմոնի Գիրքը, այդ մեծ գրքի հոգին կթափանցի մեր տները և բոլոր նրանց մեջ, ովքեր ապրում են այնտեղ: Պատկառանքի հոգին կմեծանա, կաճի փոխադարձ հարգանքը և միմյանց հանդեպ հոգատարությունը: Հակառակության հոգին կհեռանա: Ծնողները խորհուրդ կտան իրենց զավակներին սիրով և իմաստությամբ: Երեխաները կլինեն ավելի արձագանքող և ենթարկվող իրենց ծնողների խորհրդին: Արդարակեցությունը կմեծանա: Հավատքը, հույսը և գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը, կլցնեն մեր տները և կյանքերը, իրենց հետ բերելով խաղաղություն, ուրախություն և երջանկություն»:3

Այս խոստումները՝ ավելի մեծ սերը և ներդաշնակությունը տանը, ավելի մեծ հարգանքը ծնողի և երեխայի միջև, ավելի մեծ հոգևորականությունը և արդարակեցությունը, դատարկ խոստումներ չեն, այլ հենց այն, ինչ ի նկատի ուներ Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ ասում էր, որ Մորմոնի Գիրքը կօգնի մեզ ավելի մոտենալ Աստծուն:

Եղբայրներ և քույրեր, ես կոչ եմ անում իմ ողջ սրտով, որ դուք ամենայն լրջությամբ ընդունեք Մորմոնի Գրքի կարևորությունը՝ ինչպես անձամբ ձեզ, այնպես էլ՝ ամբողջ Եկեղեցու համար:

Ավելի քան 10 տարի առաջ ես հետևյալ հայտարարությունն արեցի Մորմոնի Գրքի մասին.

«Արդյո՞ք հավերժական հետևանքները կախված են այս գրքի հանդեպ մեր վերաբերմունքից: Այո՝ կամ մեր օրհնությունը, կամ՝ մեր դատապարտումը:

Յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է դարձնի այս գրքի ուսումնասիրությունը կյանքի աշխատանք: Այլապես, նա իր հոգին դնում է վտանգի տակ և անտեսում այն, ինչ կարող էր իր ողջ կյանքին տալ հոգևոր և մտավոր միասնություն: Տարբերություն կա Մորմոնի Գրքի ուսումնասիրության միջոցով և երկաթե ձողից բռնվելով Քրիստոսի վեմի վրա կառուցող նորադարձի և նրա միջև, ով այդպես չի արել»:4

Ես վերահաստատում եմ այսօր այս խոսքերը ձեզ: Եկեք չմնանք դատապարտման տակ՝ իր անեծքներով և դատաստանով, թեթևակի վերաբերվելով այս մեծ և հրաշալի պարգևին, որը Տերը տվել է մեզ: Ընդհակառակը, եկեք ձեռք բերենք խոստումները՝ այն մեր սրտերում փայփայելու միջոցով:

Վարդապետություն և Ուխտերի 84-րդ բաժնում, 54–58 հատվածներում մենք կարդում ենք.

«Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է՝ անհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք,–

Ունայնություն և անհավատություն, որոնք դատապարտության տակ են դրել ողջ եկեղեցին:

Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա:

Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր ուխտը, այսինքն՝ Մորմոնի Գիրքը և նախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ գործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ,–

Որ նրանք կարողանան իրենց Հոր արքայությանը վայել պտուղներ առաջ բերել. այլապես, մնում է խարազան և դատաստան թափվի Սիոնի զավակների վրա»:

Վերջին գերագույն համաժողովից հետո ես շատ նամակներ եմ ստացել Սրբերից՝ երիտասարդ և տարիքով, ողջ աշխարհում, ովքեր ընդունել էին Մորմոնի Գիրքը կարդալու և ուսումնասիրելու կոչը:

Ես հուզված էի նրանց պատմություններով այն մասին, թե ինչպես էր փոխվել նրանց կյանքը և թե ինչպես էին նրանք ավելի մոտեցել Տիրոջը՝ իրենց պարտավորվածության արդյունքում: Այս փառահեղ վկայությունները հաստատեցին իմ հոգում Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերն այն մասին, որ Մորմոնի Գիրքը իսկապես «մեր կրոնի պորտաքարն է» և որ տղամարդն ու կինը, «ապրելով ըստ դրա ցուցումների, ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների«:

Սա է իմ աղոթքը, որ Մորմոնի Գիրքը դառնա մեր կյանքի պորտաքարը:

Հղումներ

  1. Մորմոնի Գրքի Նախաբան:

  2. Տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ:

  3. Marion G. Romney, “The Book of Mormon,” Ensign, May 1980, 67.

  4. Ezra Taft Benson, “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 65.

Լուսանկարները՝ Դեյվիդ Սթոքերի կողմից; աջում. Լուսանկարը՝ Վելդեն Ս. Անդերսենի կողմից; Նախագահ Բենսոնի լուսանկարը՝ Բուսաթ Ֆոտոգրաֆիի կողմից