2011
Լեքիի երազը` ամուր բռնվել ձողից
Հոկտեմբեր 2011


Լեքիի երազը՝

ամուր բռնվել ձողից

Մորմոնի Գրքի կարևորագույն թեման՝ բոլորին հրավիրել գալ դեպի Քրիստոսը, լավագույնս դրսևորվում է Լեքիի տեսիլքում:

Նկար
Elder David A. Bednar

Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը: Ավետարանի մասին իմ վաղ հիշողությունները կապված են Էմմա Մար Փեթերսենի՝ Մորմոնի Գրքի պատմությունները երիտասարդ Վերջին Օրերի Սրբերի համար գրքից մորս ընթերցանությունների հետ: Մանկական այդ փորձառությունների և կյանքի ընթացքում անձնական ուսումնասիրության և աղոթքի հետևանքով, Սուրբ Հոգին շարունակ վկայություն է տվել ինձ այն մասին, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է:

Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը ևս մի վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Ես գիտեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը Աստծո զորությամբ: Եվ ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը «ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:1

Լեքիի երազի հիմնական խորհրդանիշերը

Սուրբ գրությունները ընդհանրապես, և Մորմոնի Գիրքը մասնավորապես, կարդալու, ուսումնասիրելու, քննելու և դրանց շուրջ խորհելու կարևորությունը շեշտվում է կյանքի ծառի Լեքիի տեսիլքի մի քանի բաղադրիչներում (տես 1 Նեփի 8):

Լեքիի երազի կենտրոնական երևույթը կյանքի ծառն է, որը ներկայացնում է «Աստծո սերը» (տես 1 Նեփի 11.21–22): «Որովհետև Աստուած այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.16): Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը, կյանքը և քավող զոհաբերությունը՝ Իր զավակների հանդեպ Աստծո սիրո մեծագույն դրսևորումն է: Ինչպես Նեփին է վկայել, այդ սերը «ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի», և ինչպես նրա տեսիլքում հրեշտակն է հայտարարել՝ «հոգու համար ամենաբերկրալին» (1 Նեփի 11.22–23; տես նաև 1 Նեփի 8.12, 15): 1Նեփիի 11-րդ գլուխը ներկայացնում է կյանքի ծառի մանրամասն նկարագրությունը՝ որպես Փրկչի կյանքի, ծառայության և զոհաբերության խորհրդանիշ՝ «Աստծո բարեհաճության մասին» (1 Նեփի 11.16):

Ծառի պտուղը Քավության օրհնությունների խորհրդանիշն է: Ծառի պտղից ճաշակելը ներկայացնում է ծեսերը և ուխտերը ստանալը, որոնցով Քավությունը կարող է լիարժեք գործել մեր կյանքում: Պտուղը նկարագրվում է որպես «բաղձալի մարդուն երջանիկ դարձնելու համար» (1 Նեփի 8.10) և պարգևում է մեծ ուրախություն և մյուսների հետ այդ ուրախությամբ կիսվելու ցանկություն:

Նշանակալից է, որ Մորմոնի Գրքի կարևորագույն թեման՝ բոլորին հրավիրել գալ դեպի Քրիստոսը, լավագույնս դրսևորվում է Լեքիի տեսիլքում: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում երկաթե ձողը, որը տանում է դեպի ծառը (տես 1 Նեփի 8.19): Երկաթե ձողը Աստծո խոսքն է:

Կառչելը՝ ի հակադրություն մշտապես ձողից ամուր բռնվելուն

Լեքիի հայրը տեսավ իր տեսիլքում մարդկանց չորս խմբեր: Երեք խմբերը առաջ էին գնում նեղ ու անձուկ արահետով, ձգտելով հասնել ծառին և դրա պտղին: Չորրորդ խումբը չէր ձգտում դեպի ծառը, փոխարենը՝ ցանկանալով հասնել մեծ և ընթարձակ շենքին՝ որպես վերջնական նպատակակետի (տես 1 Նեփի 8.31–33):

1 Նեփի 8.21–23-ում մենք սովորում ենք մարդկանց առաջին խմբի մասին, ովքեր առաջ էին շարժվում և գտնվում էին դեպի կյանքի ծառը տանող ճանապարհի սկզբին: Ինչևէ, երբ խավարի մեգը պատում է մարդկանց, որը ներկայացնում է «դևի գայթակղությունները» (1 Նեփի 12.17), նրանք կորցնում են իրենց ճանապարհը, մոլորվում և կորում են:

Նկատեք, որ այս տողերում ոչինչ չի ասվում երկաթե ձողի մասին: Նրանք, ովքեր անտեսում և անլուրջ են վերաբերվում Աստծո խոսքին, չեն կարող օգտվել աստվածային ուղեցույցից, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը: Համարեք, որ այս խումբը գտել է ճանապարհը և առաջ շարժվել, դրսևորելով բավական հավատք առ Քրիստոս և հոգևոր համոզմունք, սակայն այդ մարդիկ տրվեցին դևի գայթակղություններին և մոլորվեցին:

1 Նեփի 8.24–28-ում մենք կարդում ենք մարդկանց երկրորդ խմբի մասին, որոնք գտան ուղիղ և նեղ արահետը, որը տանում է դեպի կյանքի ծառը: Այս խւմբի մարդիկ «առաջ մղվեցին խավարի մեգի միջով՝ կառչելով երկաթյա ձողից, այնքան, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին ծառի պտղից» (հատված 24): Սակայն, երբ մեծ և ընդարձակ շենքի նրբագեղ հագնված բնակիչները ծաղրեցին երկրորդ խմբի մարդկանց, «նրանք ամաչեցին» և «հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան» (հատված 28): Նկատեք, որ այս խումբը նկարագրվում է որպես «կառչող երկաթյա ձողից» (1 Նեփի 8.24; շեշտադրումն ավելացված է):

Նշանակալից է, որ երկրորդ խումբը առաջ մղվեց հավատքով և վճռականությամբ: Նրանք նաև կրում էին երկաթե ձողի լրացուցիչ օրհնությունը և կառչում էին դրանից: Սակայն, երբ նրանք հադիպեցին հալածանքին և դժվարություններին, ընկան արգելված ուղու վրա և կորան: Անգամ հավատքով, վճռականությամբ և Աստծո խոսքով, այս խումբը ի վերջո կորավ, մի գուցե, այն պատճառով, որ միայն պարբերաբար էր կարդում կամ ուսումնասիրում կամ քննում սուրբ գրությունները: Երկաթե ձողից կառչելը ինձ համար նշանակում է միայն ժամանակ առ ժամանակ ուսումնասիրության «պոռթկումներ» կամ անկանոն խորացված ուսումնասիրություն, ոչ թե՝ Աստծո խոսքի շարունակ և հետևողական խոր ուսումնասիրություն:

30-րդ հատվածում մենք կարդում ենք մարդկանց երրորդ խմբի մասին, որոնք առաջ մղվեցին՝ «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից»: Այս հատվածի հիմնական արտահայտությունը երկաթե ձողից շարունակ ամուր բռնվելն է:

Երրորդ խումբը նույնպես առաջ մղվեց հավատքով և համոզմունքով, սակայն, ոչինչ չի ասվում այն մասին, որ նրանք շեղվեցին, ընկան արգելված ուղու վրա և կորան: Հավանաբար, այս երրորդ խումբը շարունակ կարդում և ուսումնասիրում և քննում էր սուրբ գրությունները: Հավանաբար, ջանասիրությունը թվացող «փոքր և հասարակ» բաներում և նվիրվածությունը դրանց (Ալմա 37.6) օգնեցին երրորդ խմբին փրկվել կործանումից: Մի գուցե, սուրբ գրությունները հավատքով ուսումնասիրելու արդյունքում ձեռք բերած «Տիրոջ մասին գիտելիքը» և «ճշմարտության գիտելիքը» (Ալմա 23.5, 6) տվեցին խոնարհության այն հոգևոր պարգևը, որն օգնեց մարդկանց այս խմբին «երեսնիվայր ընկնել և ճաշակել ծառի պտղից» (1 Նեփի 8.30; շեշտադրումն ավելացված է): Մի գուցե, հոգևոր սնուցումն ու ամրությունն էր, որը ձեռք է բերվում, երբ շարունակ «սնվում են Քրիստոսի խոսքով» (2 Նեփի 31.20), որ թույլ տվեց այս խմբին չթաքնվել մեծ և ընդարձակ շենքի մարդկանց ծաղրուծանակից (տես 1 Նեփի 8.33): Սա այն խումբն է, որին դուք և ես պետք է ձգտենք միանալ:

Նեփիի եղբայրները հարցրեցին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը, որը տեսել էր մեր հայրը, որը տանում էր դեպի ծառը»:

«Եվ [Նեփին] ասաց նրանց, որ դա Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում» (1 Նեփի 15.23–24; շեշտադրումն ավելացված է):

Այսպիսով, ո՞րն է տարբերությունը երկաթե ձողից կառչելու և ամուր բռնվելու միջև: Թույլ տվեք առաջարկել, որ երկաթե ձողից ամուր բռնելը, լայն իմաստով, նշանակում է սուրբ գրությունների հետևողական, ջանասիրաբար և աղոթքով կիրառում՝ որպես հայտնված ճշմարտության աղբյուր և վստահելի ուղեցույց նեղ ու անձուկ արահետով շարժվելու համար՝ դեպի կյանքի ծառը, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսը:

«Եվ եղավ այնպես, որ ես հասկացա, որ երկաթյա ձողը, որը տեսել էր հայրս, Աստծո խոսքն էր, որը տանում էր դեպի կենաց ջրերի ակունքը կամ դեպի կենաց ծառը» (1 Նեփի 11.25):

Մորմոնի Գիրքը այսօր մեզ համար է

Մորմոնի Գիրքը առաջարկում է ճշմարտություններ, որոնք կիրառելի և կարևոր են մեր օրերում մեր պայմանների համար: Մորմոնի Գրքի հոգևոր և գործնական կիրառումը մեր կյանքում շեշտված է Մորոնիի կողմից. «Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք: Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները» (Մորմոն 8.35): Դիտարկելով մեր օրերը և պայմանները Աստծո կանխատեսված գիտելիքի միջոցով, Մորմոնի Գրքի հիմնական հեղինակները ներառել են այնպիսի թեմաներ և օրինակներ, որոնք մեծագույն կարևորություն ունեն վերջին օրերին երկրի բնակիչների համար:

Ես ձեզ հրավիրում եմ խորությամբ և աղոթքով մտածել հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ դասեր ես կարող եմ և պետք է քաղեմ կյանքի ծառի մասին Լեքիի տեսիլքից և շարունակ երկաթե ձողից ամուր բռնվելու սկզբունքից, որպեսզի կարողանամ հոգեպես ամուր կանգնել այն աշխարհում, որտեղ այսօր ապրում եմ:

Եթե դուք ջանասիրաբար աշխատեք և ոգեշնչում փնտրեք՝ այս կարևոր հարցին պատասխանելու համար, դուք՝ Սուրբ Հոգու զորությամբ, ձեր սրտում և ձեր մտքում, ավելի լիարժեք կհասկանաք երկաթե ձողից շարունակ ամուր բռնվելու կարևորությունը: Եվ դուք կօրհնվեք, որպեսզի կիրառեք այդ դասերը հավատքով և ջանասիրությամբ ձեր անձնական կյանքում և ձեր տներում:

Թող որ մենք աչքեր ունենանք՝ տեսնելու, և ականջներ՝ լսելու Լեքիի տեսիլքի լրացուցիչ դասերը, որոնք կօգնեն մեզ «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):

Հղում

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 64:

ԼԵՔԻԻ ԵՐԱԶԸ, ԳՐԵԳ ՕԼՍԵՆ, ՉԲԱԶՄԱՑՆԵԼ

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԴԵՅՎԻԴ ՍԹՈՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԵԹՅՈՒ ՌԵՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ