Գերագույն համաժողովներ
Ինչպե՞ս է քահանայությունն օրհնում երիտասարդներին
նախորդ հաջորդ

Ինչպե՞ս է քահանայությունն օրհնում երիտասարդներին

Մեզ հնարավորություն է տրվել հրեշտակների նման սպասավորել, քարոզել ավետարանը Երկրի բոլոր մայրցամաքներում և օգնել հոգիներին գալ դեպի Քրիստոս:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես իսկապես երախտապարտ եմ, որ այս պատմական երեկոյի ընթացքում ձեզ հետ կարող եմ խոսել քահանայության սրբազան պարգևի և այն սքանչելի զորության մասին, որ այն ունի` օրհնելու երիտասարդներին այս տնտեսությունում: Աղոթում եմ, որ չնայած իմ անկատարություններին, Հոգին օգնի ինձ ուսուցանել ճշմարտությունը:

Առաջին նախագահությունը հիշեցրել է Ահարոնյան քահանայություն կրողներին, որ «դուք ապրում եք մեծ հնարավորությունների և մարտահրավերների օրերում, երբ վերականգնվել է քահանայությունը: Դուք Ահարոնյան քահանայության արարողությունները կատարելու իշխանություն ունեք: Այդ իշխանությունը աղոթքով և արժանիորեն գործադրելու դեպքում, դուք մեծապես կօրհնեք ձեր շուրջը գտնվողների կյանքը»:1 Որպես Եկեղեցու երիտասարդ տղամարդիկ, մեզ նաև հիշեցվում է, որ մենք «Աստծո սիրելի [որդիներն] ենք, և Նա աշխատանք ունի [մեզ] համար կատարելու»,2 և մենք օգնում ենք Նրա գործին՝ «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Քահանայությունը Փրկիչի ավետարանի արարողություններն ու ուխտերը սպասավորելու իշխանությունն է նրանց համար, ովքեր արժանի են դրանք ստանալ: Քահանայության այս արարողությունների և սրբազան ուխտերի միջոցով գալիս են Փրկիչի Քավության լիակատար օրհնությունները, որոնք օգնում են մեզ հասնել մեր աստվածային ճակատագրին:

Ջոզեֆ Սմիթը երիտասարդ տղամարդ էր, ով կանչվել էր Աստծո կողմից` վերականգնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, և այդ նպատակով նրան տրվեց քահանայություն, որը նա օգտագործեց` օրհնելու ողջ մարդկությանը: Վարդապետություն և Ուխտեր 135-ը մեջբերում է այն բազմաթիվ օրհնությունները, որոնք Ջոզեֆը տվել է այս տնտեսության երիտասարդներին: Մենք կարդում ենք. «Ջոզեֆ Սմիթը .… ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա: …. Նա առաջ բերեց Մորմոնի Գիրքը, …. ուղարկեց հավիտենական ավետարանի լրիվությունը, …. դեպի աշխարհի չորս կողմերը, առաջ բերեց այն հայտնություններն ու պատվիրանները, որոնք կազմում են Վարդապետություն և Ուխտեր[ը] …. , հավաքեց բազմահազար Վերջին Օրերի Սրբերի, …. և համբավ և անուն թողեց, որը չի կարող կորչել» (Վարդապետություն և Ուխտեր 135.3):

Որպեսզի Ջոզեֆի նման արդյունավետ ծառայենք, մենք պետք է արժանավայել օգտագործենք Տիրոջ քահանայության զորությունը: Մինչ Ջոզեֆը և Օլիվեր Քաուդերին թարգմանում էին Մորմոնի գիրքը, կամեցան մկրտվել, բայց նրանք չունեին համապատասխան իշխանություն: 1829 թվականի մայիսի 15-ին նրանք ծնկի իջան աղոթքով և նրանց այցելեց Հովհաննես Մկրտիչը, ով նրանց տվեց Ահարոնյան քահանայության բանալիներն ու իշխանությունը` ասելով. «Իմ ընկերակից ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 13.1):

Մեզ տրվել է հնարավորություն հրեշտակների նման սպասավորել, քարոզել ավետարանը Երկրի բոլոր մայրցամաքներում և օգնել հոգիներին գալ դեպի Քրիստոս: Այս ծառայությունը մեզ համատեղ աշխատանքի մեջ է դնում Հովհաննես Մկրտիչի, Մորոնիի, Ջոզեֆ Սմիթի, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Տիրոջ այլ ջանասեր ծառաների հետ:

Մեր ծառայությունը Նրա քահանայության մեջ և Նրա հետ համախմբում է նրանց, ովքեր նվիրված են ճշգրտորեն հետևելու և ապրելու Տիրոջ ուսմունքներով, որը ես անձամբ գիտեմ, որ կարող է դժվար լինել, քանի որ մենք դիմակայում ենք երիտասարդության մարտահրավերներին: Բայց Նրա աշխատանքն իրականացնելիս Տիրոջ ընկերակից ծառաների հետ միավորվելը կօգնի մեզ ամրապնդվել հակառակորդի գայթակղությունների և խաբկանքների դեմ: Դուք կարող եք լինել լույսի փարոս բոլոր նրանց համար, ովքեր ինքնավստահ չեն: Ձեր ներքին լույսը կշողա այնքան պայծառ, որ բոլոր նրանք, ում հետ կշփվեք, ուղղակի կօրհնվեն ձեր ընկերակցության մեջ: Երբեմն կարող է դժվար լինել ճանաչել մեր հոգևոր ընկերակիցների ներկայությունը, բայց ես երախտապարտ եմ` գիտենալով, որ ես քահանայության հավատարիմ քվորումի անդամ եմ, որոնց հետ կարող եմ աշխատել, որպեսզի ավելի մոտենամ Քրիստոսին:

Մեր ընկերների և ընտանիքի հետ միասին, Սուրբ Հոգին մեր ամենահավատարիմ և հուսալի ընկերակիցներից մեկն է: Բայց որպեսզի հրավիրենք Նրա մշտական ընկերակցությունը, մենք պետք է ինքներս գտնվենք այն իրավիճակներում և տեղերում, որտեղ Նա կկամենա ներկա լինել: Սա կարելի է սկսել մեր սեփական տներում, երբ աշխատում ենք դրանք սուրբ տեղեր դարձնել` ընտանիքի հետ միասին մասնակցելով ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությանը և աղոթքին, և ավելի կարևոր, երբ մենք անհատապես ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և աղոթում ինքնուրույն:

Այս տարվա սկզբին ինձ տրվեց մի հուզիչ, բայց համեստ հնարավորություն՝ օգնել իմ փոքր քույր Օսիենին առաջադիմել ուխտի ճանապարհով՝ ընդունելով մկրտվելու հրավերը և կատարելով սելեստիալ թագավորություն մտնելու համար նախատեսված պահանջներից մեկը: Նա հետաձգեց իր մկրտությունը մեկ ամսով, մինչև ես կարգվեցի քահանա, որպեսզի ինձ արտոնություն տար կատարել արարողությունը, մինչ մեր մյուս քույրերը նույնպես արտոնվեին աշխատել քահանայության հանձնարարության ներքո և կանգնեին որպես վկաներ: Երբ մենք կանգնած էինք ջրավազանի հակադիր կողմերում և պատրաստվում էինք ջուրը մտնել, ես նկատեցի նրա հուզմունքը, քանի որ այն համընկավ իմ հուզմունքին: Եվ ես միավորված զգացի նրա հետ` տեսնելով, որ նա ճիշտ որոշում էր կայացնում: Իմ քահանայությունը գործադրելու այդ հնարավորությունը ինձանից պահանջեց ավելի ուշադիր լինել և անփույթ չլինել ավատարանով ապրելիս: Որպեսզի պատրաստվեի, այդ շաբաթ ես ամեն օր տաճար գնացի` ստանալով մայրիկիս, տատիկիս և քրոջս աջակցությունը և կատարելով մկրտություններ մահացածների համար:

Այդ փորձառությունն ինձ շատ բան ուսուցանեց քահանայության և այն մասին, թե ինչպես ես կարող էի գործադրել այն արժանավայել կերպով: Ես գիտեմ, որ բոլոր քահանայություն կրողները զգում են նույն բաները, ինչ ես զգացի, եթե հետևենք Նեփիի «կգնամ և կանեմ» օրինակին (տես 1 Նեփի 3.7): Մենք չենք կարող անգործ նստել և սպասել Տիրոջը, որ Նա օգտագործի մեզ Իր մեծ աշխատանքում: Մենք չպետք է սպասենք նրանց, ովքեր կարիք ունեն մեր օգնությանը, որ փնտրեն և գտնեն մեզ, մեր պարտականությունն է՝ որպես քահանայություն կրողներ օրինակ լինել և կանգնել որպես Աստծո վկաներ: Եթե մենք որոշումներ ենք կայացնում, որոնք խանգարում են մեր հավերժական առաջընթացին, մենք պետք է փոխվենք այժմ: Սատանան կփորձի ամեն հնարավոր բան` պահելու մեզ հասարակ հաճույքների ձգտող մարմնական վիճակում: Բայց ես գիտեմ, որ եթե մենք ջանք գործադրենք, գտնենք նրանց, ովքեր կաջակցեն մեզ և ապաշխարենք ամեն օր, արդյունքում օրհնություններն աներևակայելի կլինեն, և մեր կյանքը հավերժ կփոխվի, երբ մենք առաջ շարժվենք ուխտի արահետով:

Ես գիտեմ, որ սա է ճշմարիտ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի, ով մեր Փրկիչն է և լիազորել է քահանայության բանալիներն Իր Առաքյալներին, ովքեր օգտագործում են դրանք` մեզ առաջնորդելու համար, հատկապես այս դժվարին օրերում և նախապատրաստելու աշխարհը Իր վերադարձի համար:

Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը վերականգնման մարգարեն է, և որ Նախագահ Նելսոնը այսօր մեր կենդանի մարգարեն է: Ես հրավիրում եմ մեզ բոլորիս ուսումնասիրել այս հիանալի քահանայություն կրողների կյանքը և ձգտել ամեն օր բարելավել ինքներս մեզ, որպեսզի կարողանանք պատրաստ լինել հանդիպելու մեր Արարիչին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Առաջին Նախագահություն. Կատարել Աստծո հանդեպ մեր պարտականությունը (գրքույկ, 2010), 5:

  2. Ահարոնյան քահանայության քվորումի թեմա. Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.1.2, ChurchofJesusChrist.org: