Գերագույն համաժողով
Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Լավ հիմք ընդդեմ գալիք ժամանակների

Գալիք տարիների ընթացքում թող որ մենք թույլ տանք, որ Սոլթ Լեյքի տաճարում կատարվող բարեփոխումները ոգեշնչեն մեզ։

Սոլթ Լեյքի Տաճարի պատմությունը

Եկեք մտովի տեղափոխվենք 1847 թվականի հուլիսի 24-ի շոգ կեսօրվա ժամը 2-ը։ Եկեղեցու 148 անդամների՝ արևմուտք ուղևորված առաջին խմբի հետ 111-օրյա դժվարին ճամփորդությունից հետո, Բրիգամ Յանգը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, լեռնային տենդի պատճառով հիվանդ ու թույլ, ոտք դրեց Սոլթ Լեյքի հովիտ։

Երկու օր անց, մինչ Բրիգամ Յանգը ապաքինվում էր իր հիվանդությունից, Տասներկու Առաքյալների Քվորումի մի քանի անդամների և ուրիշների հետ նախաձեռնեց հետախուզական արշավ։ Վիլյամ Քլեյթոնը գրել է․ «Քայլելով ճամբարից մոտավորապես երեք քառորդ մղոն դեպի հյուսիս մենք հասանք մի գեղեցիկ հարթավայր, որը տարածվում էր դեպի արևմուտք»։1

Նկար
Բրիգամ Յանգը տաճարի տարածքում
Նկար
Բրիգամ Յանգը նշում է տաճարի տեղը
Նկար
Նշվում է տաճարի տեղը

Խմբի հետ տեղանքը զննելիս Բրիգամ Յանգը հանկարծ կանգ առավ և ձեռնափայտը խրելով հողում, բացականչեց․ «Այստեղ վեր կխոյանա մեր Աստծո Տաճարը»։ Նրա զուգընկերներից մեկը Երեց Վիլֆորդ Վուդրոֆն էր, ում խոսքերով հայտարարությունը «կայծակի պես անցավ [նրա] միջով», և նա մի ճյուղ տնկեց հողում՝ նշելով Նախագահ Յանգի ձեռնափայտի տեղը։ Տաճարի համար ընտրվեց քառասուն ակր (16 հա) և որոշվեց, որ քաղաքը պետք է ունենար «քառակուսու տեսք, տարածվելով հավասարապես դեպի հյուսիս & հարավ, արևելք & արևմուտք», իսկ տաճարը լինելու էր ճիշտ կենտրոնում։2

1851 թվականի ապրիլի գերագույն համաժողովին Եկեղեցու անդամները միաձայն քվեարկեցին՝ աջակցելով «Տիրոջ անունով տաճար կառուցելու» առաջարկին։3 Երկու տարի անց, 1853 թվականի փետրվարի 14-ին տարածքը նվիրագործվեց Հեբեր Չ․ Քիմբալի կողմից հրապարակային արարողության ժամանակ, որին մասնակցում էին մի քանի հազար Սրբեր, և կատարվեց Սոլթ Լեյքի Տաճարի հիմնադրման առաջին քայլը։ Մի քանի ամիս անց՝ ապրիլի 6-ին, դրվեցին տաճարի վիթխարի անկյունաքարերը և նվիրագործվեցին պատշաճ արարողակարգերով, որոնք ներառում էին՝ գունավոր ժապավենները և պահակախմբերը, Եկեղեցու ղեկավարների կողմից առաջնորդվող երթ, սկսած հին խորանից մինչև տաճարի վայրը, որտեղ հնչեցին ելույթներ և աղոթքներ չորս քարերից յուրաքանչյուրի մոտ։4

Նկար
Սոլթ Լեյքի Տաճարի հիմքը
Նկար
Բրիգամ Յանգ

Հիմնադրման արարողության ժամանակ Նախագահ Յանգը պատմեց, որ տեսիլք էր ունեցել, երբ առաջին անգամ ոտք էր դրել այդտեղ, մինչ նրանք զննում էին հովիտը, հայտարարելով․ «Ես գիտեի [այն ժամանակ], ճիշտ ինչպես ես գիտեմ այժմ, որ սա է այն վայրը, որտեղ պետք է տաճար կանգնեցվի․ այն իմ առջև էր»։5

Տասը տարի անց Բրիգամ Յանգն արտահայտեց հետևյալ մարգարեական միտքը 1863 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին․ «Ես ուզում եմ, որ տաճարն այնպես կառուցվի, որ կանգուն մնա հազարամյակի ընթացքում։ Սա միակ տաճարը չէ, որ մենք կկառուցենք․ կկառուցվեն և Տիրոջը կնվիրաբերվեն հարյուրավոր տաճարներ։ Այս տաճարը հայտնի կդառնա որպես Վերջին Օրերի Սրբերի կողմից լեռներում կառուցված առաջին տաճար … Ես ուզում եմ, որ այդ տաճարը … վեր խոյանա լեռներում՝ որպես Աստծո Սրբերի հավատքի, հաստատակամության և ջանասիրության վեհ հուշարձան»։6

Նկար
Սոլթ Լեյքի տաճարը կառուցման փուլում
Նկար
Սոլթ Լեյքի տաճարը կառուցման փուլում

Այս համառոտ պատմությունն ակնածանք է ներշնչում Բրիգամ Յանգի տեսլականի հանդեպ․ առաջինը, նրա վստահությունը, որ հնարավորության սահմաններում, օգտագործելով տվյալ ժամանակներում և վայրում հասանելի շինարարական մեթոդները, Սոլթ Լեյքի Տաճարը կկառուցվի այնպես, որ դիմակայի Հազարամյակի ընթացքում, և երկրորդը, նրա մարգարեությունը՝ կապված ապագայում ողջ աշխարհով մեկ տաճարների աճի հետ, հասնելով հարյուրների։

Սոլթ Լեյքի Տաճարի վերանորոգումը

Ինչպես Բրիգամ Յանգը, այնպես էլ մեր օրերի մարգարեն մեծ հոգատարությամբ է վերաբերվում Սոլթ Լեյքի Տաճարին և մնացած բոլոր տաճարներին։ Տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տվել Նախագահող Եպիսկոպոսությանը համոզվել, որ Սոլթ Լեյքի Տաճարի հիմքն ամուր է։ Երբ ես ծառայում էի Նախագահող Եպիսկոպոսությունում, Առաջին Նախագահության պատվերով մենք կատարեցինք Սոլթ Լեյքի Տաճարի ընդհանուր շինության ստուգում, ներառյալ սեյսմիկ նախագծի և շինարարական տեխնիկայի ամենաարդիական ձեռքբերումների գնահատումը։

Ահա այդ ժամանակ Առաջին Նախագահությանը ներկայացված արդյունքներից մի հատված․ «Սոլթ Լեյքի Տաճարի նախագծման և կառուցման ժամանակ օգտագործվել են՝ լավագույն տեխնիկա, հմուտ աշխատուժ, շինանյութեր, կահավորանքներ և ժամանակաշրջանի համար մատչելի այլ ռեսուրսներ։ Նվիրագործումից ի վեր, որը տեղի է ունեցել 1893 թվականին, տաճարն ամուր կանգնած է և ծառայել է որպես հավատքի [ու] հույսի փարոս և որպես լույս մարդկանց համար։ Մեծ խնամք է տարվել, որպեսզի տաճարը գործի, լինի մաքուր և պահպանվի լավ պայմաններում։ Ներսի և դրսի գրանիտե հատակի հեծանները և չորսուները լավ վիճակում են։ Վերջին ուսումնասիրությունները հաստատում են, որ Բրիգամ Յանգի կողմից տաճարի համար ընտրված վայրն ունի բարձրորակ և ամուր հող»։7

Հետազոտությունները ցույց տվեցին, որ տաճարն ունի սովորական վերանորոգման ու թարմացման կարիք, ներառելով արտաքին տախտակամածը և մակերեսային տարածքները, հնացած կոմունալ համակարգերը և մկրտությունների տարածքները։ Ինչևէ, առաջարկվեց ստեղծել առանձին ավելի ընդգրկուն սեյսմիկ համակարգ, ներառելով տաճարի հիմքից մինչև գագաթը։

Տաճարի հիմքը

Ինչպես հիշում եք, Նախագահ Բրիգամ Յանգը անձամբ ակտիվ մասնակցել է տաճարի հիմքի կառուցմանը, որը շինարարության ավարտից ի վեր 127 տարի պատշաճ կերպով ծառայում է տաճարին։ Տաճարի սեյսմիկ նոր փաթեթը կօգտագործի հիմքի մեկուսացման տեխնոլոգիան, որի վերաբերյալ կառուցման պահին գաղափար անգամ չունեին։ Այն համարվում է երկրաշարժից պաշտպանվելու նորագույն, ամենաառաջադեմ տեխնոլոգիան։

Նկար
Տաճարի վերանորոգման ծրագիրը
Նկար
Տաճարի վերանորոգման ծրագիրը

Այս տեխնոլոգիան, որը մշակվել է վերջին շրջանում, սկսվում է տաճարի հիմքից՝ ապահովելով ուժեղ պաշտպանություն երկրաշարժից բխող վնասից։ Ըստ էության, այն ամրացնում է տաճարի շինությունը և ապահովում կայունությունը նույնիսկ այն ժամանակ, երբ շրջակա միջավայրը ենթարկվում է երկրաշարժի։

Տաճարի վերանորոգումը, որը կօգտագործի այս տեխնոլոգիան, Առաջին նախագահությունը հայտարարել է անցյալ տարի։ Նախագահող եպիսկոպոսության առաջնորդությամբ շինարարությունը սկսվել է մի քանի ամիս առաջ՝ 2020 թվականի հունվարին։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մոտ չորս տարի անց։

Ձեր անձնական հիմքի ամրացումը

Խորհելով հետագա չորս տարիների ընթացքում այս գեղեցիկ, ազնվաշուք, վեհ և ակնածանք ներշնչող Սոլթ Լեյքի Տաճարի մասին, ես պատկերացնում եմ դրանք ավելի շատ որպես նորացման, այլ ոչ թե փակ լինելու ժամանակներ։ Նույն կերպ, մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ․ «Ինչպե՞ս կարող է Սոլթ Լեյքի Տաճարի այս լայնածավալ վերանորոգումը ոգեշնչել մեզ վերանայել մեր անձնական հոգևոր նորոգումը, վերակառուցումը, վերածնունդը կամ վերականգնումը»։

Հետադարձ հայացքը կարող է ցույց տալ, որ մեր, ինչպես նաև մեր ընտանիքների համար օգտակար կարող է լինել որոշակի անհրաժեշտ խնամքն ու նորոգման աշխատանքը, մինչև անգամ՝ սեյսմիկ նորացումը։ Նման գործընթացը մենք կարող ենք սկսել հետևյալ հարցերով․

«Ինչպիսի՞ն է իմ հիմքը»։

«Ի՞նչն է իր մեջ ներառում հաստ պատերով, կայուն, ամուր անկյունաքարերը, որոնք իմ անձնական հիմքի մասն են կազմում, որոնց վրա հենվում է իմ վկայությունը»։

«Որո՞նք են իմ հոգևոր և հուզական բնույթի հիմնարար տարրերը, որոնք թույլ կտան ինձ և իմ ընտանիքին մնալ կայուն և անսասան, նույնիսկ դիմակայել երկրաշարժին և սեյսմիկ ուժգին իրադարձություններին, որոնք անպայման տեղի են ունենալու մեր կյանքում»։

Այս իրադարձությունները, ինչպես երկրաշարժը, հաճախ դժվար է կանխատեսել և հանդիպում են տարբեր հաճախականությամբ․ պայքարում են հարցերի կամ կասկածների միջոցով, հանդիպում են աղետների կամ նեղությունների տեսքով, անձնական խնդիրներ են առաջացնում՝ կապված Եկեղեցու ղեկավարների, անդամների, վարդապետության կամ օրենքների հետ։ Նման երևույթների դեմ լավագույն պաշտպանությունը մեր հոգևոր հիմքն է։

Որո՞նք կարող են լինել մեր անձնական և ընտանեկան կյանքի հոգևոր անկյունաքարերը։ Դրանք կարող են լինել ավետարանով ապրելու պարզ, հասարակ և թանկարժեք սկզբունքները․ ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը՝ ներառելով Մորմոնի Գիրքը, տաճար այցելելը և ավետարանի ուսումնասիրումը Եկ, հետևիր ինձ ձեռնարկի միջոցով և ընտանեկան երեկոն։ Ձեր հոգևոր հիմքն ամրացնելու այլ օգտակար նյութեր կարող են ներառել Հավատո հանգանակները, ընտանիքի հռչակագիրը և «Կենդանի Քրիստոսը»։

Տաճարային երաշխավորագրի հարցերում ներառված սկզբունքներն ինձ համար ծառայում են որպես ամուր հոգևոր հիմք, հատկապես՝ առաջին չորս հարցերը։ Ես նայում եմ դրանց որպես հոգևոր անկյունաքարերի։

Մենք, իհարկե, ծանոթ ենք այդ հարցերին․ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մեկ առ մեկ ընթերցեց դրանք մեզ համար նախորդ գերագույն համաժողովի ժամանակ։

  1. Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

    Նկար
    Աստվածագլուխ
  2. Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:

    Նկար
    Հիսուս Քրիստոսի Քավությունը
  3. Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:

    Նկար
    Վերականգնում
  4. Դուք սատարո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ անձը Երկրի վրա, ով լիազորված է կիրառելու քահանայության բոլոր բանալիները։8

    Նկար
    Մարգարեներ

Նկատո՞ւմ եք, թե ինչպես կարող եք այս հարցերը համարել արժեքավոր տարրեր ձեր անձնական հիմքում՝ օգնելով ձեզ կառուցել և ամրացնել այն։ Պողոսն ուսուցանեց եփեսացիներին եկեղեցու մասին՝ «Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է․ Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով»։9

Նկար
Ամուր հիմքով տաճար

Իմ կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը ամբողջ աշխարհով մեկ Եկեղեցու անդամների հետ ծանոթանալն ու նրանցով ոգեշնչվելն է, ովքեր առ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանն ունեցած հավատքի կենդանի օրինակներ են։ Նրանք կառուցել են ամուր անձնական հիմքեր, որոնք թույլ են տալիս նրանց կայուն հասկացողությամբ դիմակայել սեյսմիկ իրադարձություններին՝ անկախ իրենց վշտից ու ցավից։

Ահա այս ամենի մի անհատական օրինակ․ ես վերջերս խոսեցի մի գեղեցիկ, պայծառ, երիտասարդ կնոջ և մոր թաղման ժամանակ (նաև մեր ընտանիքի ընկեր)։ Նա ֆուտբոլի թիմի անդամ էր, երբ հանդիպեց ու ամուսնացավ իր ատամնաբույժ ուսանող ամուսնու հետ։ Նրանք օրհնվեցին՝ ունենալով մի գեղեցիկ, թանկագին դուստր։ Նա վճռականորեն պայքարեց տարբեր քաղցկեղների դեմ վեց դժվարին տարիների ընթացքում։ Չնայած իր զգացմունքային և ֆիզիկական անընդմեջ տառապանքին, նա վստահում էր իր սիրող Երկնային Հորը և հաճախ նրա խոսքերը մեջբերում էին սոցցանցերի նրա հետևորդները. «Աստված մանրամասների մեջ է»։

Իր գրառումներից մեկում նա գրել է, որ ինչ-որ մեկը հարցրել է իրեն․ «Ինչպե՞ս ես շարունակում հավատալ այդ բոլոր ցավերի մեջ»։ Նա հաստատակամորեն պատասխանել է հետևյալ խոսքերով․ «Հավատքի շնորհիվ է, որ հաղթահարում եմ այս մռայլ ժամանակները։ Հավատք ունենալը չի նշանակում, որ ոչ մի վատ բան չի պատահելու։ Հավատք ունենալն ինձ թույլ է տալիս վստահել, որ կրկին լույս է բացվելու։ Եվ այդ լույսը լինելու է նույնիսկ ավելի պայծառ, քանի որ ես քայլել եմ խավարի միջով։ Տարիների ընթացքում որքան խավարի ականատես եղա, ավելի շատ լույս տեսա։ Ես տեսա հրաշքներ։ Ես զգացել եմ հրեշտակներին։ Ես գիտեի, որ իմ Երկնային Հայրն ինձ տանում է ձեռքերի վրա։ Ես չէի ունենա նման փորձառություններ, եթե այս կյանքը հեշտ լիներ։ Այս կյանքում իմ ապագան գուցե անիմանալի է, բայց ոչ իմ հավատքը։ Եթե ես ընտրեմ հավատք չունենալ, ապա ես ընտրում եմ լոկ խավարում քայլելը։ Քանի որ առանց հավատքի մնում է միայն խավարը»։10

Նրա անսասան վկայությունն առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի մասին, արտահայտված նրա խոսքերում և նրա գործերում, ոգեշնչում էր ուրիշների համար։ Չնայած նրա մարմինը թույլ էր, նա բարձրացնում էր ուրիշներին՝ ավելի ուժեղ լինելու համար:

Ես մտածում եմ Եկեղեցու անհամար այլ անդամների մասին, այս քրոջ նման մարտիկների, ովքեր քայլում են ամեն օր հավատքով, ձգտելով լինել մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի հավատարիմ և անվեհեր աշակերտներ։ Նրանք սովորում են Քրիստոսի մասին։ Նրանք քարոզում են Քրիստոսի մասին։ Նրանք ձգտում են նմանվել Նրան։ Անկախ այն բանից, թե նրանց կյանքի օրերը հաստատուն, թե ցնցվող հողի վրա են անցնում, նրանց հիմքն ամուր և անսասան է։

Նրանք նվիրյալ հոգիներ են, ովքեր հասկանում են հետևյալ խոսքերի խորը իմաստը․ «Ի՜նչ ամուր է դրված, ով Աստծո Սրբեր, ձեր հավատքի հիմքը» և «Նրա գրկում ապաստան եք գտել»։11 Ես անչափ երախտապարտ եմ քայլելու նրանց մեջ, ովքեր հոգևոր հիմք են պատրաստել Սրբերի անունին արժանի և ովքեր ուժեղ են և բավականաչափ ապահով՝ դիմակայելու կյանքի բազմաթիվ իրարանցումներին։

Չեմ կարծում, թե մենք կարող ենք գերագնահատել մեր անձնական կյանքում նման ամուր հիմքի կարևորությունը։ Նույնիսկ վաղ տարիքում մեր մանուկները Երեխաների միությունում սովորում են, մինչ երգում են հետևյալ ճշմարտության մասին․

Իմաստուն մարդը կառուցեց իր տունը ժայռի վրա,

Եվ անձրևները հորդեցին, …

Անձրևները հորդեցին, և գետերը բարձրացան,

Իսկ ժայռի վրա կառուցված տունը մնաց անսասան։12

Սուրբ գրություններում հաստատվում է այս հիմնարար վարդապետությունը։ Փրկիչն ուսուցանել է Ամերիկա մայրցամաքի բնակիչներին․

«Եվ եթե դուք միշտ անեք այս բաները, օրհնվա՛ծ եք դուք, քանզի դուք կառուցված եք իմ վեմի վրա։

Բայց ովքեր, որ ձեր մեջ անեն ավելի կամ պակաս, քան այս, կառուցված չեն իմ վեմի վրա, այլ կառուցված են ավազե հիմքի վրա. և երբ անձրևը տեղա, և ջրհեղեղները գան, և քամիները փչեն և զարկեն նրանց, նրանք կընկնեն»։13

Եկեղեցու ղեկավարներն անկեղծ հույս ունեն, որ Սոլթ Լեյքի տաճարի կարևոր վերակառուցումները կնպաստեն Բրիգամ Յանգի ցանկությանը, տեսնելու «տաճարն այնպես կառուցված, որ կանգուն մնա հազարամյակի ընթացքում»։ Գալիք տարիների ընթացքում թող որ մենք թույլ տանք, որ Սոլթ Լեյքի տաճարում կատարվող բարեփոխումները ոգեշնչեն մեզ որպես անհատներ և ընտանիքներ, որ մենք նույնպես փոխաբերական իմաստով «այնպես կառուցվենք, որ կանգուն մնանք հազարամյակի ընթացքում»։

Մենք կանենք դա, եթե կատարենք Պողոս Առաքյալի հորդորը․ «[Մեր] անձերի համար բարի հիմ գանձենք հանդերձեալի համար, որ յաւիտենական կեանք ձեռք բերենք»։14 Ես ջերմեռանդ աղոթում եմ, որ մեր հոգևոր հիմքը լինի ամուր և անսասան, որ Հիսուս Քրիստոսի Քավության և որպես մեր Փրկիչ և Քավիչ Նրա դերի վերաբերյալ մեր վկայությունը դառնա մեզ համար կարևորագույն անկյունաքարը, ում մասին ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. William Clayton journal, July 26, 1847, Church History Library, Salt Lake City.

  2. “At the Tabernacle, Presidents Woodruff and Smith Address the Saints Yesterday Afternoon,” Deseret Evening News, Aug. 30, 1897, 5; “Pioneers’ Day,” Deseret Evening News, July 26, 1880, 2; Wilford Woodruff journal, July 28, 1847, Church History Library, Salt Lake City.

  3. “Minutes of the General Conference of the Church of Jesus Christ of Latter-day Saints, held at Great Salt Lake City, State of Deseret, April 6, 1851,” Deseret News, Apr. 19, 1851, 241.

  4. “The Temple,” Deseret News, Feb. 19, 1853, 130; “Minutes of the General Conference,” Deseret News, Apr. 16, 1853, 146; “Minutes of the General Conference,” Deseret News, Apr. 30, 1853, 150.

  5. “Address by President Brigham Young,” Millennial Star, Apr. 22, 1854, 241.

  6. “Remarks by President Brigham Young,” Deseret News, Oct. 14, 1863, 97.

  7. Presiding Bishopric presentation on the Salt Lake Temple to the First Presidency, Oct. 2015.

  8. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 121։

  9. Եփեսացիս 2․20-21:

  10. Սոցցանցերի գրառում կատարված Քիմ Օլսեն Ուայթի կողմից։

  11. «Աստծո Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, հ․ 6։

  12. “The Wise Man and the Foolish Man,” Children’s Songbook, 281; emphasis in original was removed in this instance.

  13. 3 Նեփի 18.12-13, շեշտադրումն ավելացված է։

  14. Ա Տիմոթեոս 6․19, շեշտադրումն ավելացված է։