Գերագույն համաժողով
Առաջ գնացեք հավատքով
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Առաջ գնացեք հավատքով

Ես օրհնում եմ ձեզ խաղաղությամբ և Տիրոջ հանդեպ աճող հավատով։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մոտենալով այս պատմական համաժողովի ավարտին, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Տիրոջը։ Երաժշտությունը վեհացնող էր, ուղերձները ոգեշնչող:

Այս համաժողովի ընթացքում շատ ուշագրավ պահեր ապրեցինք։ Այս երկուհարյուրամյակին մենք ներկայացրեցինք աշխարհին մի հռչակագիր, որը հայտարարում է իր լրիվության մեջ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման իրականության մասին:

Մենք նշեցինք Վերականգնումը Օվսաննա բացականչությամբ։

Մենք հայտնի դարձրեցինք մի նոր խորհրդանիշ, որն արտահայտում է մեր հավատը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և հանդիսանում է Եկեղեցու տեղեկատվության և նյութերի տեսողական ճանաչման գործիք։

Մենք հրավիրում ենք բոլորին անցկացնել ծոմապահության և աղոթքի միջազգային օր, որպեսզի ներկայիս համավարակը վերահսկելի դառնա, բուժաշխատողները պաշտպանված լինեն, տնտեսությունն ուժեղանա և կյանքը կարգավորվի: Այդ ծոմը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ Ավագ Ուրբաթ։ Ինչպիսի՜ հրաշալի Ուրբաթ է դա լինելու։

Հաջորդ կիրակի Զատիկ է, և մենք կրկին նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Քավությունը և Հարությունը։ Նրա Քավության շնորհիվ հարության Նրա պարգևը հասանելի է բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրել են։ Եվ հավերժական կյանքի Նրա պարգևը հասանելի է բոլոր նրանց, ովքեր կարժանանան դրան՝ հավատարիմ մնալով Իր սուրբ տաճարներում կատարած արարողություններին և կապած ուխտերին։

2020 թվականի ապրիլյան այս գերագույն համաժողովի, ինչպեսև մեկնարկող այս սուրբ շաբաթվա բազմաթիվ ոգեշնչող ուղերձները կարելի է ամփոփել երկու աստվածային պատգամ-բառերով՝ «Լսիր Նրան»։1 Մենք աղոթում ենք, որ կենտրոնանալով Երկնային Հոր, ով ասել է այդ խոսքերը, և Նրա Սիրելի Որդի՝ Հիսուս Քրիստոսի վրա, դուք կկարողանաք ձեր հիշողության մեջ պահել և արտաբերել այն ամենը, ինչ ասվեց։ Մենք աղոթում ենք, որ դուք սկսեք նորովի իսկապես լսել, ուշք դարձնել և հետևել Փրկիչի խոսքերին։2 Ես խոստանում եմ, որ վախը կպակասի, իսկ հավատը կաճի։

Շնորհակալություն ձեր տները հավատքի ճշմարիտ սրբավայրեր դարձնելու ձեր ցանկության համար, որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: Եկ, հետևիր ինձ ավետարանի ուսուցման մեր ծրագիրը կշարունակի օրհնել ձեր կյանքը։ Այս ուղղությամբ ձեր հետևողական ջանքերը, անգամ այն ժամանակ, երբ զգում եք, թե հաջողության չեք հասնում, կփոխեն ձեր կյանքը, ձեր ընտանիքի կյանքը և ամբողջ աշխարհը։ Մենք կամրանանք, եթե դառնանք Տիրոջ ավելի քաջարի աշակերտները, պաշտպանելով և ներկայացելով Նրան, ուր էլ որ լինենք:

Այժմ եկեք խոսենք տաճարների մասին: Մենք ունենք ամբողջ աշխարհում 168 նվիրագործված տաճար։ Մյուսները գտնվում են պլանավորման և շինարարության տարբեր փուլերում։ Երբ հայտարարում են նոր տաճարի կառուցման ծրագրերը, այն դառնում է մեր սրբազան պատմության մասը։

Տարօրինակ կարող է հնչել նոր տաճարների մասին հայտարարելը, երբ մեր բոլոր տաճարները ժամանակավորապես փակ են։

Ավելի քան մեկ դար առաջ, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը 1893 թ․-ին Սոլթ Լեյք Սիթիի տաճարի նվիրագործման իր աղոթքում կանխատեսել էր այն պայմանները, որոնցում այսօր մենք գտնվում ենք։ Ձեզանից շատերը վերջերս, գուցե, հանդիպել են այդ նշանավոր աղոթքի հատվածներին սոցիալական մեդիայում։

Լսեք Աստծո զորեղ մարգարեի այս աղերսանքը․ «Երբ Քո ժողովուրդը հնարավորություն չունենա մտնելու այս սուրբ տունը … և երբ մարդիկ ճնշված և անհանգիստ լինեն, շրջապատված դժվարություններով … և դարձնեն իրենց երեսները դեպի Քո սուրբ տունը և խնդրեն Քեզ տալ ազատում, տալ օգնություն, որ Քո զորությունը գործադրվի իրենց համար, մենք աղերսում ենք, որ Դու նայես ներքև՝ Քո սուրբ վայրից՝ ողորմությամբ … և լսես նրանց աղաչող ձայները։ Կամ, երբ Քո ժողովրդի զավակները, գալիք ժամանակներում, որևէ պատճառով առանձնացվեն այս վայրից … և աղաչանքով դիմեն Քեզ իրենց չարչարանքների և վշտի խորքից, որ հանգստություն ու ազատում տաս իրենց, մենք խոնարհաբար աղերսում ենք Քեզ, որ … լսես նրանց աղաչող ձայները և շնորհես նրանց այն օրհնությունները, որոնք խնդրում են»։3

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր ճգնաժամային օրերին, երբ տաճարները փակ են, դուք, միևնույնն է, կարող եք ապավինել ձեր տաճարային ուխտերի և օժտման զորությանը, պատվելով ձեր ուխտերը։ Խնդրում ենք, այս օրերին, երբ տաճարները փակ են, շարունակեք ապրել տաճարին արժանի կյանքով, կամ դարձեք տաճարին արժանի։

Խոսեք տաճարի մասին ձեր ընտանիքների և ընկերների հետ։ Քանի որ Հիսուս Քրիստոսը այն ամենի առանցքն է, ինչ մենք անում ենք տաճարում, որքան ավելի շատ եք մտածում տաճարի մասին, այնքան ավելի շատ եք մտածում Նրա մասին։ Ուսումնասիրեք և աղոթեք, որպեսզի ավելին իմանաք այն զորության և գիտելիքի մասին, որոնցով օժտվել եք, կամ որոնցով դեռ կօժտվեք։

Այսօր մենք ուրախությամբ հայտարարում ենք հետևյալ վայրերում ութ նոր տաճարներ կառուցելու ծրագրերի մասին․ Բահիյա Բլանկա, Արգենտինա; Թալահասի, Ֆլորիդա; Լուբումբաշի, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն; Պիտսբուրգ, Պենսիլվանիա; Բենին Սիթի, Նիգերիա; Սիրակուզա, Յուտա; Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ; Շանհայ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Բոլոր ութ վայրերում Եկեղեցու ճարտարապետները կաշխատեն տեղական իշխանությունների հետ, որպեսզի տաճարները ներդաշնակ լինեն տվյալ համայնքի ճարտարապետության հետ և դառնան գեղեցիկ ավելացում այդ համայնքին։

Դուբայում տաճարի ծրագիրը մշակվեց ի պատասխան գթառատ հրավերի, որը մենք երախտագիտությամբ ընդունեցինք։

Շանհայի հետ կապված ծրագիրը շատ կարևոր է։ Երկու տասնամյակից ավել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բնակվող տաճարային արժանավորություն ունեցող անդամները հաճախում էին Հոնգ Քոնգի տաճարը Չինաստանում։ Սակայն 2019թ․ հուլիսին այդ տաճարը փակվեց՝ դեռևս երկար ժամանակ առաջ ծրագրված և շատ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար։

Շանհայում, համեստ բազմաֆունկցիոնալ հավաքատունը հնարավորություն կտա չինացի անդամներին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում շարունակել մասնակցել տաճարային արարողություններին՝ իրենց և իրենց նախնիների համար։4

Յուրաքանչյուր երկրում այս Եկեղեցին իր անդամներին ուսուցանում է հարգել, հնազանդվել և հետևել օրենքին։5 Մենք ուսուցանում ենք ընտանիքի, լավ ծնողներ և օրինակելի քաղաքացիներ լինելու կարևորությունը։ Հարգելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրենքները և կարգը, Եկեղեցին այնտեղ չի ուղարկում քարոզող միսիոներների, և կշարունակի այդպես վարվել։

Չինաստանում ապրող և աշխատող արտասահմանցիները և չինացի անդամների համայնքները կշարունակեն հավաքվել իրարից առանձին։ Եկեղեցու իրավական կարգավիճակն այնտեղ մնում է անփոփոխ։ Տարածքի օգտագործման նախնական փուլում մուտքը միայն պայմանավորվածությամբ կլինի։ Տիրոջ տունը Շանհայում չի ծառայի որպես ժամանման վայր այլ երկրների զբոսաջրջիկների համար։

Այս նոր ութ տաճարները մահվան վարագույրի երկու կողմերում կօրհնեն շատ մարդկանց կյանքեր։ Տաճարները Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման պսակն են հանդիսանում: Իր բարությամբ և մեծահոգությամբ Աստված ավելի է մոտեցնում տաճարի օրհնությունները Իր զավակներին ամենուրեք։

Վերականգնումը շարունակվում է, և ես գիտեմ, որ Աստված շարունակում է հայտնել շատ մեծ ու կարևոր բաներ Երկրի վրա Իր արքայության վերաբերյալ:6 Այդ արքայությունն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, ես իմ սերն եմ հայտնում ձեր հանդեպ: Այս լարված և անորոշ ժամանակներում, օգտվելով ինձ շնորհված իշխանությունից, ես ցանկանում եմ ձեզ թողնել իմ առաքելական օրհնությունը։

Ես օրհնում եմ ձեզ խաղաղությամբ և Տիրոջ հանդեպ աճող հավատով։7

Ես օրհնում եմ ձեզ ապաշխարելու և ամեն օր Նրան մի փոքր ավելի նմանվելու ցանկությամբ։8

Ես օրհնում ձեզ գիտելիքով այն մասին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի իր լրիվության մեջ, Վերականգնման մարգարեն է:

Եթե դուք կամ ձեր հարազատները հիվանդ եք, ես թողնում եմ ապաքինման իմ օրհնությունը՝ Տիրոջ կամքին համաձայն։

Ես օրհնում եմ ձեզ, ևս մեկ անգամ արտահայտելով յուրաքանչյուրիդ հանդեպ իմ սերը, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: