Գերագույն համաժողով
Որ նրանք կարողանան տեսնել
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Որ նրանք կարողանան տեսնել

Փնտրեք և աղոթեք այն հնարավորությունների համար, որ թույլ տաք ձեր լույսը շողա, և մյուսները կարողանան տեսնել ճանապարհը, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր սրտերն օրհնվել և նորոգվել են այն Հոգով, որը զգացինք այս համաժողովի ժամանակ:

Նկար
Լույսի մի սյուն

Երկու հարյուր տարի առաջ լույսի մի սյուն իջավ մի երիտասարդ տղայի վրա ծառերի պուրակում։ Այդ լույսի մեջ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Նրանց լույսը ցրեց այն հոգևոր խավարը, որը ծածկում էր երկիրը և ցույց տվեց առջևի ճանապարհը Ջոզեֆ Սմիթի և բոլորիս համար: Այդ օրը բացված լույսի շնորհիվ մենք կարող ենք ստանալ օրհնությունների լրիվությունը, որոնք հասանելի են մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Նրա ավետարանի Վերականգնման զորության շնորհիվ մենք կարող ենք լցվել մեր Փրկիչի լույսով։ Այնուամենայնիվ, այդ լույսը նախատեսված չէ միայն ձեզ և ինձ համար: Հիսուս Քրիստոսը մեզ կոչ է արել՝ «թող ձեր լույսն այնպես շողա այս ժողովրդի առաջ, որ նրանք կարողանան տեսնել ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որը երկնքում է»:1 Ինձ դուր է եկել «որ նրանք կարողանան տեսնել» արտահայտությունը։ Դա Տիրոջ սրտանց հրավերն է, որ ավելի անկեղծ օգնենք մյուսներին տեսնելու ճանապարհը և դրանով իսկ գալ Քրիստոսի մոտ:

Նկար
Երեց Լ․ Թոմ Փերի

Երբ ես 10 տարեկան էի, մեր ընտանիքը պատիվ ունեցավ հյուրընկալելու Երեց Լ. Թոմ Փերիին Տասներկու Առաքյալների Քվորումից, երբ նա հանձնարարությամբ գտնվում էր իմ քաղաքում։

Օրվա վերջում, մեր ընտանիքը և Փերիների ընտանիքը նստեցին մեր հյուրասենյակում, որպեսզի վայելեն մայրիկիս պատրաստած համեղ խնձորի կարկանդակը, իսկ Երեց Փերին պատմում էր պատմություններ աշխարհի Սրբերի մասին: Ես ոգևորված էի։

Ուշ էր արդեն, երբ մայրս ինձ կանչեց խոհանոց և մի պարզ հարց տվեց. «Բոննի, դու կերակրե՞լ ես հավերին»։

Սիրտս թրթռաց և պատասխանեցի, որ չեմ կերակրել։ Չցանկանալով հեռանալ Տիրոջ Առաքյալի ներկայությունից, ես առաջարկեցի, որ հավերը ծոմ պահեն մինչև առավոտ:

Մայրս կտրուկ պատասխանեց «ո՛չ»։ Հենց այդ ժամանակ Երեց Փերին մտավ խոհանոց և իր եռանդուն, խանդավառ ձայնով հարցրեց. «Լսեցի, որ ինչ-որ մեկը պետք է հավերին կերակրի՞: Կարո՞ղ ենք ես ու իմ որդին միանալ ձեզ»։

Օ՜, այժմ ինչպիսի մեծ ուրախություն դարձավ հավերին կերակրելու գործընթացը։ Ես վազեցի, որ վերցնեմ մեր մեծ դեղին լապտերը։ Լավ տրորված արահետով ես ոգևորված առաջնորդեցի նրանց դեպի հավերի բունը։ Ձեռքիցս կախված լապտերով մենք անցանք եգիպտացորենի և ցորենի դաշտերով։

Հասնելով ճանապարհը հատող ոռոգման առվին, ես բնազդաբար ցատկեցի դրա վրայով, ինչպես նախկինում շատ անգամ էի արել: Ես չէի նկատում, որ Երեց Փերին դժվարությամբ էր գտնում ճանապարհն այդ մութ ու անծանոթ արահետի վրա։ Անընդհատ շարժվող իմ լապտերի լույսի պատճառով նա չնկատեց առուն։ Մշտական լույսը չտեսնելու պատճառով նա ոտքն ուղիղ դրեց ջրի մեջ և բարձրաձայն հառաչեց։ Խուճապի մատնվելով, ես շրջվեցի և տեսա, որ իմ նոր ընկերն իր թաց ոտքը հանում է ջրից և շարժելով ոտքը՝ փորձում է ջուրը հեռացնել ծանր կաշվե կոշիկի միջից:

Թրջված և ջրով ներծծված կոշիկով, երեց Փերին օգնեց ինձ կերակրել հավերին։ Երբ վերադառնում էինք, նա մեղմ հրահանգեց․ «Բոննի, ես պետք է տեսնեմ ճանապարհը։ Լույսը պետք է երևա ոտքիս տակ»։

Ես լուսավորում էի, բայց այնպես չէի լուսավորում, որը կօգներ երեց Փերիին։ Այժմ իմանալով, որ նրան պետք է իմ լույսը, որպեսզի ապահով գտնի ճանապարհը, ես լապտերը պահեցի անմիջապես նրա առաջ և մենք կարողացանք վստահ վերադառնալ տուն:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, տարիներ շարունակ մտածել եմ երեց Փերիից սովորած սկզբունքի մասին։ Տիրոջ՝ «թող ձեր լույսը շողա» հրավերը ոչ միայն լույսի շողն անկայուն շարժելու և աշխարհն ընդհանուր առմամբ ավելի պայծառ դարձնելու մասին է: Խոսքը մեր լույսը կենտրոնացնելու մասին է, որպեսզի մյուսները կարողանան տեսնել ճանապարհը, որը տանում է դեպի Քրիստոսը: Դա Իսրայելը վարագույրի այս կողմում հավաքելն է․ օգնելն է, որ ուրիշները տեսնեն Աստծո հետ սրբազան ուխտեր կապելու և պահելու հաջորդ քայլը։2

Փրկիչը վկայել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը. ես օրինակ եմ ծառայում ձեզ համար»:3 Եկեք դիտարկենք Նրա օրինակներից մեկը։

Ջրհորի մոտ գտնվող կինը սամարացի էր, ով չէր ճանաչում Հիսուս Քրիստոսին և շատերի կողմից համարվում էր որպես իր հասարակությունից օտարված: Հիսուսը հանդիպեց և զրույցի բռնվեց նրա հետ։ Նա այդ կնոջ հետ խոսեց ջրի մասին։ Ապա, Նա այդ կնոջն առաջնորդեց դեպի ավելի շատ լույսը, երբ հայտարարեց, որ Ինքը «կենդանի ջուր է»։4

Քրիստոսը կարեկցում էր և տեղյակ էր նրա ու նրա կարիքների մասին: Նա հանդիպեց այդ կնոջն այն վայրում, որտեղ կինը գտնվում էր այդ պահին և սկսեց խոսել ինչ-որ ծանոթ և ընդհանուր բանի մասին: Եթե նա չշարունակեր դրանից հետո, ապա դա մի հաճելի հանդիպում կլիներ։ Բայց դրանից հետո այդ կինը չէր գնա քաղաք և հայտարարի․ «Եկէք տեսէք … Արդեօք նա՞ է Քրիստոսը»:5 Աստիճանաբար, զրույցի ընթացքում նա բացահայտեց Հիսուս Քրիստոսին, և չնայած իր անցյալին, այդ կինը դարձավ լույսի օրինակ՝ լուսավորելով ճանապարհը, որ ուրիշները տեսնեն:6

Այժմ եկեք խոսենք երկու մարդու մասին, որոնք հետևեցին լույսով շողալու Փրկիչի օրինակին։ Վերջերս իմ ընկերը՝ Քեվինը, ընթրում էր մի գործադիր տնօրենի հետ։ Նա անհանգստացած էր, թե ինչի՞ մասին պիտի զրուցեր այդ երկու ժամվա ընթացքում։ Հետևելով հուշմանը Քեվինը հարցրեց․ «Պատմեք ինձ ձեր ընտանիքի մասին։ Որտեղի՞ց են նրանք սերում»:

Այդ պարոնը շատ քիչ բան գիտեր իր ծագումնաբանության մասին, ուստի Քեվինը հանեց հեռախոսը և ասաց. «Ես ունեմ մի ծրագիր, որը մարդկանց միացնում է իրենց ընտանիքներին: Տեսնենք, թե ինչ կարող ենք գտնել»:

Երկարատև քննարկումից հետո Քեվինի նոր ընկերը հարցրեց․ «Ինչո՞ւ է ընտանիքն այդքան կարևոր ձեր եկեղեցում»։

Քեվինը պարզ պատասխան տվեց․ Մենք հավատում ենք, որ շարունակում ենք ապրել մեր մահից հետո: Եթե մենք ճանաչում ենք մեր նախնիներին և նրանց անունները տանում ենք մի սուրբ վայր, որը կոչվում է տաճար, մենք կարողանում ենք կատարել ամուսնության արարողություններ, որոնք մեր ընտանիքները միասին են պահում նույնիսկ մահից հետո»:7

Քեվինը խոսեց մի թեմայի մասին, որն ընդհանուր էր իր և իր նոր ընկերոջ համար: Այնուհետև նա գտավ Փրկիչի լույսի և սիրո մասին վկայելու եղանակը:

Երկրորդ պատմությունը Էլլայի մասին է, ով խաղում է համալսարանական բասկետբոլի թիմում։ Նա օրինակ ծառայեց այն ժամանակ, երբ համալսարանում ստացավ իր միսիայի կանչը։ Նա որոշեց իր միսիայի կանչի նամակը բացել իր թիմի առջև։ Նրանք գրեթե ոչինչ չգիտեին Հիսուս Քրիստոսի եկեղեցու մասին և չէին հասկանում Էլլայի ծառայելու ցանկությունը: Էլլան անընդհատ աղոթել էր, որպեսզի իմանար, թե ինչպես բացատրել իր միսիա կանչվելու նորությունն այնպես, որ իր թիմակիցները զգան Հոգին: Նրա պատասխանը հետևյալն էր։

«Ես պատրաստեցի ցուցադրություն PowerPoint-ով, քանի որ ինձ մոտ դա լավ է ստացվում»,- ասել է Էլլան։ Նա պատմեց նրանց 400-ից ավել միսիաներից մեկում ծառայելու և նոր լեզու սովորելու հնարավորության մասին: Նա ընդգծեց արդեն իսկ ծառայող հազարավոր միսիոներների: Էլլան ցուցադրությունն ավարտեց Փրկիչի նկարով և այս կարճ վկայությամբ. «Բասկետբոլն իմ կյանքի ամենակարևոր բաներից մեկն է: Գտնվելով հեռու իմ ընտանիքից, ես երկրով մեկ ճամփորդել եմ, որ խաղամ այս մարզիչի և թիմի համար։ Միակ երկու բաները, որոնք ինձ համար ավելի կարևոր են, քան բասկետբոլը, դրանք իմ հավատքն ու իմ ընտանիքն են»։8

Այժմ, եթե մտածում եք, որ սրանք «1000 վատտ հզորությամբ» լույսի հրաշալի օրինակներ են, իսկ դուք «20 վատտ հզորությամբ լամպ եք», հիշեք, որ Փրկիչը վկայեց. «Ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»:9 Նա հիշեցնում է մեզ, որ Նա կբերի լույսը, եթե մենք պարզապես ուրիշներին մատնանշենք Նրա կողմը:

Մենք միասին բավականաչափ լույս ունենք հենց հիմա կիսվելու համար։ Մենք կարող ենք օգնել ինչ-որ մեկին կատարել հաջորդ քայլը դեպի Հիսուս Քրիստոսը, իսկ հետո հաջորդը և այսպես շարունակ։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞ւմ է պետք լույսը, որը դուք ունեք, որպեսզի գտնեն այն ճանապարհը, որն անհրաժեշտ է իրենց, բայց որը չեն տեսնում»:

Իմ սիրելի՛ ընկերներ, ինչո՞ւ է լույսի շողն այդքան կարևոր։ Տերն ասել է մեզ, որ «երկրի վրա դեռ շատերը կան …. որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»:10 Մենք կարող ենք օգնել: Մենք կարող ենք գիտակցաբար մեր լույսը տարածել, որ ուրիշները կարողանան տեսնել։ Մենք կարող ենք հրավեր հղել։11 Մենք կարող ենք ճանապարհ գնալ նրանց հետ, ովքեր քայլ են անում դեպի Փրկիչը՝ անկախ նրանից, որքան երերուն են քայլում: Մենք կարող ենք հավաքել Իսրայելը։

Ես վկայում եմ, որ Տերը կմեծացնի յուրաքանչյուր փոքր ջանք։ Սուրբ Հոգին կհուշի մեզ, թե ինչ ասել կամ անել։ Նման ջանքերը գուցե պահանջեն, որ դուրս գանք հարմարավետության գոտուց, բայց կարող ենք վստահ լինել, որ Տերը կօգնի, որ մեր լույսը շողա:

Որքա՜ն երախտապարտ եմ Փրկիչի լույսի համար, որը շարունակում է առաջնորդել այս Եկեղեցին հայտնության միջոցով:

Նկար
Փրկիչը՝ լապտերը պահած

Հրավիրում եմ բոլորիս հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և կարեկցանքով հոգ տանել մեզ շրջապատողների մասին: Փնտրեք և աղոթեք այն հնարավորությունների համար, որ թույլ տաք ձեր լույսը շողա, և մյուսները կարողանան տեսնել ճանապարհը, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսը: Նրա խոստումը մեծ է. «Ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կեանքի լույսը կընդունի»:12 Ես վկայում եմ, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, լույսը և աշխարհի սերը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։