Գերագույն համաժողով
Մարգարեության իրականացում
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Մարգարեության իրականացում

Մարգարեությունները, որոնք իրականացվել են Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնմամբ, բազմաթիվ են:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, պատիվ ունեմ ելույթ ունենալ այս պատմական գերագույն համաժողովում, երբ նշում ենք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի տարեդարձը, երբ նա տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսին մի վայրում, ինչն, անկասկած, Սրբազան պուրակ է: Այդ տեսիլքը փառահեղ սկիզբն էր ավետարանի Վերականգնման և այն ամենի, ինչը հետևեց դրան՝ Մորմոնի Գրքից մինչև քահանայության իշխանության և բանալիների վերադարձը, Տիրոջ ճշմարիտ եկեղեցու կազմավորումը, սկիզբը Աստծո տաճարների, մարգարեների ու առաքյալների, ովքեր առաջնորդում են աշխատանքն այս վերջին օրերում:

Աստվածային ծրագրով, մղվելով Սուրբ Հոգու կողմից, Աստծո հնադարյան մարգարեները մարգարեանում էին Վերականգնման և այն մասին, ինչ պետք է գա մեր օրերում՝ վերջին տնտեսության և ժամանակների լրիվության ժամանակ: Այդ աշխատանքը «ոգեշնչել է [վաղ օրերի տեսանողների] հոգիները»։1 Սերունդներ շարունակ նրանք կանխագուշակել են, երազել, կանխատեսել և մարգարեացել են երկրի վրա Աստծո արքայության ապագայի մասին, ինչը Եսայիան անվանել է «զարմանալիք և զարմանք»:2

Մարգարեությունները, որոնք իրականացվել են Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնմամբ, ներառյալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, բազմաթիվ են: Սակայն այսօր ես կառանձնացնեմ իմ նախընտրածներից մի քանիսը։ Դրանք ես սովորել եմ Երեխաների միության իմ սիրելի ուսուցիչներից և իմ հրեշտակ մոր ծնկներին։

Նկար
Դանիելն առյուծների գուբի մեջ

Դանիելը, ով սանձեց առյուծներին Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի շնորհիվ և հանդիպեց Աստծո սպասավորող հրեշտակների միջամտությանը, երազում տեսավ մեր օրերը։ Մեկնաբանելով Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը, Դանիելը մարգարեացավ, որ Տիրոջ եկեղեցին վերջին օրերին փոքր քարի նման «սարից կկտրվի առանց ձեռքի»:3 «Առանց ձեռքի» նշանակում է, որ աստվածային միջամտությամբ Տիրոջ Եկեղեցին կմեծանա այնքան, մինչև կլցնի ամբողջ երկիրը «հավիտյանս չի ավերվիլ … [այլ] կմնա հավիտյան»։4

Նկար
Դանիելը մեկնաբանում է երազը

Դա մի մեծ վկայություն է այն մասին, որ Դանիելի խոսքերն իրականանում են, երբ աշխարհով մեկ Եկեղեցու անդամները դիտում և լսում են այսօրվա համաժողովը։

Հավատարիմ Պետրոս առաքյալը նկարագրել է «ամեն բաների հաստատուելու ժամանակները … հավիտենից հետե»։5 Պողոս առաքյալը գրել է, որ ժամանակների լրության ժամանակ, Աստված «ամեն բան կբովանդակի Քրիստոսումը»,6 «որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»։7 Այդ մարգարեությունների իրականացումն ուժգին զգացի, երբ մասնակցեցի Իտալիայի Հռոմի տաճարի նվիրագործմանը։ Բոլոր մարգարեներն ու առաքյալները բերում էին Հիսուս Քրիստոսի, աշխարհի Քավիչի մասին իրենց վկայությունը, ինչպես Պետրոս ու Պողոս առաքյալները։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Եկեղեցին այդ հաստատման կենդանի օրինակ է, և մեր անդամները վաղուց վկայել են այդ աստվածային մարգարեությունների մասին:

Նկար
Մարգարեներն ու առաքյալները Իտալիայի տաճարում

Եգիպտոսից Հովսեփը մարգարեացել է, որ վերջին օրերին․ «Տերը՝ իմ Աստվածը, մի տեսանող կբարձրացնի, որը կլինի մի ընտրյալ տեսանող՝ իմ երանքի պտղի համար»։8 «Քանզի նա կկատարի [Տիրոջ] գործը»։9 Այդ տեսանողը Ջոզեֆ Սմիթն էր՝ Վերականգնման մարգարեն:

Հովհաննես Հայտնիչը մարգարեացել է Ամենազորի հրեշտակի մասին, ով Վերականգնման կարևոր տարրերն իրար է միացնում հետևյալ բառերով. «Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»:10 Մորոնին էր այդ հրեշտակը։ Նա տեսավ մեր օրերը, ինչպես գրված է Մորմոնի Գրքում։ Իր բազմաթիվ այցելություններով նա Ջոզեֆ Սմիթին նախապատրաստեց իր ծառայությանը, այդ թվում «Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» գրքի թարգմանությանը։

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Այլ մարգարեներ կանխագուշակել են մեր օրերի մասին։ Մաղաքիան խոսել է Եղիայի մասին, ով կդարձնի «հայրերի սիրտը դէպի որդիքը եւ որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը»:11 Եղիան եկավ, և արդյունքում մենք այսօր ունենք աշխարհով մեկ տեղակայված 168 տաճարներ։ Յուրաքանչյուր տաճար ծառայում է արժանի անդամներին, որոնք կատարում են սրբազան ուխտեր և ստանում են օրհնյալ արարողություններ իրենց և իրենց հանգուցյալ նախնիների համար: Մաղաքիայի նկարագրած այս սուրբ աշխատանքը «ամենակարևոր դերն ունի Արարիչի ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար»։12

Մենք ապրում ենք այդ մարգարեության ժամանակներում. մենք այն մարդիկ ենք, ովքեր պատասխանատու են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը դիմավորելու համար. մենք պետք է հավաքենք Աստծո զավակներին՝ նրանց, ովքեր կլսեն և կընդունեն հավիտենական ավետարանի ճշմարտությունները, ուխտերը և խոստումները: Նախագահ Նելսոնը դա անվանում է «այսօր երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավերը, մեծագույն նպատակը, և մեծագույն աշխատանքը»։13 Այդ հրաշքի մասին ես բերում եմ իմ վկայությունը։

Նկար
Դուրբան Հարավային Աֆրիկայի տաճարի նվիրագործումը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հանձնարարությամբ, այս տարվա փետրվարին ես նվիրագործեցի Հարավային Աֆրիկայի Դուրբան տաճարը: Այդ օրը ես կհիշեմ ողջ կյանքում։ Ես այն անդամների հետ էի, ովքեր ընդունել էին ավետարանը՝ ինչպես վաղուց մարգարեացել էր Երեմիան. «քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին»։14 Հիսուս Քրիստոսի վարդապետությունը միավորում է բոլորիս ամբողջ աշխարհում՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր, որպես եղբայրներ և քույրեր ավետարանում: Անկախ նրանից, թե ինչպիսի տեսք ունենք կամ ինչպես ենք հագնվում, մենք Հոր հետ մեկ ժողովուրդ ենք, ում ծրագիրն ի սկզբանե եղել է և այն է, որ Իր ընտանիքը վերամիավորվի՝ տաճարային սրբազան ուխտեր կապելով և պահելով:

1834 թվականին Օհայո նահանգի Կիրթլենդի մի դպրոցում հավաքված քիչ թվով քահանայության կրողներին մարգարե Ջոզեֆ Սմիթը մարգարեացել է․ «Միայն մի բուռ քահանայություն եք տեսնում այստեղ, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան՝ այն կլցնի ողջ աշխարհը»։15

Վերջին տարիներին ես ճամփորդել եմ ամբողջ աշխարհով և հանդիպել Եկեղեցու անդամներին: Տասներկուսի քվորումի իմ եղբայրները նմանատիպ հանձնարարություններ են ունեցել: Սակայն, ով կարող է հասնել մեր սիրելի մարգարե Նախագահ Նելսոնին, ով Եկեղեցու նախագահ ծառայելու իր առաջին երկու տարիների ընթացքում հանդիպել է Սրբերին «32 երկրներում և ԱՄՆ տարածքներում», որ16 վկայի ապրող Քրիստոսի մասին։

Ես հիշում եմ, երբ ստացա իմ միսիայի կանչը՝ որպես երիտասարդ տղամարդ։ Ես ուզում էի ծառայել Գերմանիայում, ինչպես իմ հայրը, եղբայրը և քրոջս ամուսինը։ Չսպասելով որևէ մեկին, ես շտապեցի փոստարկղ և բացեցի միսիայի կանչը։ Ես կարդացի, որ կանչվել եմ Արևելյան Նահանգների Միսիա, որի գլխավոր գրասենյակը տեղակայված էր Նյու Յորք Սիթիում: Ես հիասթափվեցի, ուստի ներս մտա և մխիթարության համար բացեցի սուրբ գրությունները։ Ես սկսեցի կարդալ Վարդապետություն և Ուխտերը․ «Ահա, տե՛ս, ես բազում ժողովուրդ ունեմ այս վայրում, մերձակա շրջաններում. և արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում»։17» Այդ մարգարեությունը, տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթին 1833 թվականին, հայտնություն էր ինձ համար։ Ես այդ ժամանակ հասկացա, որ ինձ կանչել էին այն միսիան, որտեղ Տերը ցանկանում էր, որ ես ծառայեմ: Ես մտածեցի Վերականգնման ու դրա ազդեցիկ մեկնարկի մասին, երբ մեր Երկնային Հայրը խոսեց Ջոզեֆ Սմիթի հետ և ասաց. «Սա է իմ սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:18

Ամբողջ Եկեղեցու համար մեծ նշանակություն ունի Եսայիայի մարգարեությունը, որը տրվել է Հիսուս Քրիստոսի ծնունդից ավելի քան 700 տարի առաջ․ «Եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, … Եւ յորդելով նորա մօտ կգնան բոլոր ազգերը»։19

Իմ մտքում այսօր ես պատկերացնում եմ մեր միլիոնավոր անդամներին և ընկերներին, ովքեր միացած են այս հեռարձակմանը՝ էլեկտրոնային տարբերակով, հեռուստատեսությամբ, համացանցով կամ այլ միջոցներով: Մենք նստած ենք միասին, կարծես «սարերի գլխին»։20 Բրիգամ Յանգն էր, ով ասաց մարգարեական «սա է ճիշտ վայրը» խոսքերը։21 Սրբերը, նրանցից մի քանիսն իմ ռահվիրա նախնիները, աշխատում էին Սիոն հիմնել Ռոքի լեռներում «երկրի ազգերին թելադրողների կամքով և ցանկությամբ»:22

Նկար
Սոլթ Լեյք տաճարը 2002 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ

Ես այսօր կանգնած եմ այն սուրբ հողի վրա, որը միլիոնավոր այցելուներ է գրավել։ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթին հյուրընկալեց ձմեռային Օլիմպիական խաղերը։ Թաբերնաքլի երգչախումբը երգեց բացման արարողություններում, և եկեղեցին համերգներ ու ծրագրեր առաջարկեց բազմաթիվ ազգերի հյուրերի և մասնակիցների համար։ Տաճարի պատկերը միշտ հիշելու եմ աշխարհով մեկ հեռարձակվող գիշերային լուրերի հեռարձակման ժամանակ:

Նկար
Եկեղեցին և ԳԲԶԱԱ-ի ղեկավարները

Տարիների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահներ, թագավորներ, դատավորներ, վարչապետեր, դեսպաններ և շատ երկրներից պաշտոնատար անձինք են եկել Սոլթ Լեյք Սիթի և հանդիպել մեր ղեկավարների հետ: Նախագահ Նելսոնը հյուրընկալել է Գունավոր Բնակչության Զարգացման Ազգային Ասոցիացիայի կազմակերպության առաջնորդներին՝ Միացյալ Նահանգների մի կազմակերպություն, որը պաշտպանում է առանց ռասայական խտրականության մարդկանց հավասար իրավունքները։ Հիշում եմ կանգնած այս ընկերների և ղեկավարների կողքին, երբ Նախագահ Նելսոնը միացավ նրանց և կոչ արեց «աշխարհում ավելի մեծ քաղաքակրթություն և ռասայական ներդաշնակություն սահմանելու» մասին։23

Դրանից բացի, շատերն են եկել Տաճարային հրապարակ և խորհրդակցել Եկեղեցու ղեկավարների հետ: Օրինակ՝ անցած տարի, ընդամենը մի քանի անուն նշելու համար ասեմ, որ մենք ընդունեցինք Միացյալ ազգերի 68-րդ քաղաքացիական հասարակության խորհրդաժողովը, մի համաշխարհային հավաքույթ, որն իր տեսակի մեջ առաջինն էր Նյու Յորքի սահմաններից դուրս: Մենք հանդիպեցինք Վիետնամի կրոնական հարցերով հանձնաժողովի, Կուբայի, Ֆիլիպինների, Արգենտինայի, Ռումինիայի, Սուդանի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի դեսպանների հետ: Մենք ողջունեցինք նաև Մուսուլմանական համաշխարհային լիգայի գլխավոր քարտուղարին:

Այն, ինչ ես նկարագրում եմ, Եսայիայի մարգարեության իրականացումն է, որ վերջին օրերին ազգերը հորդելու են դեպի «Տիրոջ տան սարը»:24 Սոլթ Լեյքի մեծ տաճարը կանգնած է այդ վեհության և փառքի կենտրոնում:

Նկար
Սոլթ Լեյքի Տաճարի սրաձողը

Բնապատկերը չէ, որ գրավում է մարդկանց, թեև շրջակայքը հոյակապ է. դա մաքուր կրոնի էությունն է, որը դրսևորվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և նրա ժողովրդի ոգով, աճով, բարությամբ և առատաձեռնությամբ․ մեր սիրո շնորհիվ է, ինչպես Աստված է սիրում, և ավելի վեհ գործի նկատմամբ մեր նվիրվածության շնորհիվ է, որըՋոզեֆ Սմիթը կոչեց «Քրիստոսի գործը»: 25

Մենք չգիտենք, թե Փրկիչը երբ կվերադառնա, բայց սա մենք իսկապես գիտենք։ Մենք պետք է սրտով և մտքով պատրաստ լինենք, արժանի լինենք Նրան ընդունելուն և պատվով դառնանք այն ամենի մասը, ինչի մասին վաղուց մարգարեացել են:

Ես վկայում եմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը երկրի վրա Տիրոջ մարգարեն է, և նրա կողքին են առաքյալները՝ կանչված Աստծո կողմից, հաստատված որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Վերականգնումը շարունակվում է:

Կավարտեմ Ջոզեֆ Սմիթի մարգարեական խոսքերով, որոնք ես վկայում եմ, որ ճշմարիտ են․ «Ճշմարտության Դրոշը վեր է խոյացած. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը, հալածանքները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են միավորվել, զորքեր կարող են հավաքվել, զրպարտությունները կարող են արատավորել, բայց Աստծո ճշմարտությունն առաջ կգնա համարձակ, ազնիվ, անկախ, մինչև այն ներթափանցի յուրաքանչյուր մայրցամաք, այցելի ամեն երկիր, անցնի ամեն պետություն և հնչի յուրաքանչյուրի ականջում, մինչև Աստծո նպատակներն իրականացվեն, և Մեծ Եհովան ասի` աշխատանքը կատարված է»։26 Սույնով վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթի այս մարգարեությունները կատարվում են։

Խոստանում եմ, որ եթե դուք հետևեք մեր սիրելի մարգարե՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի, նրա խորհրդականների, Առաքյալների և Եկեղեցու մյուս ղեկավարների ներշնչված խորհուրդներին, և եթե դուք ուշադրություն դարձնեք հնադարյան մարգարեներին, որոնք կանխագուշակել են մեր օրերը, դուք ձեր սրտի խորքում և ձեր հոգում կզգաք Վերականգնման հոգին և աշխատանքը: Ես խոստանում եմ, որ ձեր կյանքում կտեսնեք Աստծո ձեռքը, կլսեք Նրա հուշումները և կզգաք Նրա սերը: Հիսուս Քրիստոսի անունով, Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու վերականգնման հանդեպ երախտագիտությամբ և ի նշան Նրա անզուգական սիրո, ամեն: