Գերագույն համաժողովներ
Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը
նախորդ հաջորդ

Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը

Մենք միշտ պետք է հիշենք այն գինը, որը վճարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները և մի շարք հավատարիմ այլ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ Եկեղեցին հիմնելու համար։

Շատ շնորհակալություն, Նախագա՛հ, այս հրաշալի բացման ելույթի համար։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, 215 տարի առաջ, Ջոզեֆ և Լյուսի Մակ Սմիթները որդի ունեցան։ Նա ծնվեց Վերմոնտում. Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում գտնվող այդ տարածաշրջանը հայտնի էր որպես Նոր Անգլիա։

Ջոզեֆը և Լյուսի Մակերը հավատում էին Հիսուս Քրիստոսին, ուսումնասիրում էին սուրբ գրությունները, անկեղծորեն աղոթում էին և ապրում հավատքով առ Աստված։

Նրանք իրենց նորածնին անվանեցին Ջոզեֆ Սմիթ Կրտսեր։

Սմիթների ընտանիքի մասին Բրիգամ Յանգն ասել է․ «Տերը պահում էր իր աչքը [Ջոզեֆ Սմիթի] վրա, նրա հոր վրա և նրա հոր հոր վրա և նրանց նախնիների վրա` նույնիսկ մինչև Աբրահամը, Աբրահամից մինչև ջրհեղեղը, ջրհեղեղից մինչև Ենովքը և Ենովքից մինչև Ադամը: Նա հսկել է այդ ընտանիքին և այդ արյունը, մինչ այն շրջապտույտ է գործել իր սկզբնաղբյուրից մինչև այդ մարդու ծնունդը: [Ջոզեֆ Սմիթը] նախակարգվել էր ավետարանը վերականգնելու համար»։1

Ջոզեֆ Կրտսերը սիրված էր իր ընտանիքում, նա հատկապես մտերիմ էր իր ավագ եղբոր՝ Հայրումի հետ, ով գրեթե վեց տարեկան էր, երբ Ջոզեֆը ծնվեց։

Անցյալ տարվա հոկտեմբերին, մի օր ես նստել էի այն օջախի մոտ, որը գտնվում էր Սմիթների փոքրիկ տանը՝ Շերոնում (Վերմոնտ), որտեղ ծնվել էր Ջոզեֆը։ Ես պատկերացրի, թե ինչպես էր Հայրումը սիրում Ջոզեֆին և մտածում էի այն մասին, թե ինչպես էր նա գրկում փոքրիկ եղբորը և սովորեցնում նրան քայլել։

Հայր և մայր Սմիթները անձնական անհաջողությունների պատճառով ստիպված էին ընտանիքով բազմիցս տեղափոխվել բնակության մի վայրից մյուսը, մինչև վերջնականապես հրաժարվեցին Նոր Անգլիայից, համարձակ որոշում կայացնելով հաստատվել Նյու Յորք նահանգի արևմտյան մասում։

Ընտանեկան համախմբվածության շնորհիվ նրանք դիմացան այդ դժվարություններին և միասին դիմագրավեցին այդ սարսափելի խնդրին՝ զրոյից սկսելու հարյուր ակր (0.4 կմ2) անտառածածկ հողի մշակումը Մանչեստրում` Պալմիրայի մոտակայքում (Նյու Յորք)։

Վստահ չեմ, որ շատերը հասկանում են, թե ինչ ֆիզիկական և հուզական մարտահրավերներ էր ունենում Սմիթների ընտանիքը, որոնք տեղափոխման հետ նորից սկսվեցին՝ հողի մաքրման աշխատանքներ, այգիների և դաշտերի տնկում, փոքր գերանակապ տան կառուցում և գյուղատնտեսական այլ կառուցապատումներ, ցերեկային ժամերին վարձու աշխատանքի կատարում և տնային պարագաների պատրաստում՝ քաղաքում վաճառելու նպատակով։

Երբ ընտանիքը ժամանեց արևմտյան Նյու Յորք, տարածաշրջանը տարված էր կրոնական եռուզեռով, հայտնի որպես Երկրորդ Մեծ զարթոնք:

Կրոնական խմբերի միջև այդ բանավեճերի և կռիվների ժամանակաընթացքում Ջոզեֆը զարմանալի տեսիլք ունեցավ, որն այսօր հայտնի է որպես Առաջին Տեսիլք։ Մենք օրհնված ենք՝ այդ մասին ունենալով չորս բնօրինակ աղբյուրներ, որոնցից ես մեջբերումներ կկատարեմ։2

Ջոզեֆը գրել է․ «Այս մեծ հուզումների ժամանակ, միտքս համակված էր լուրջ մտախոհությամբ ու մեծ անհանգստությամբ. բայց չնայած իմ զգացումները խորն էին ու հաճախ շատ սուր, ես շարունակում էի ինձ հեռու պահել բոլոր այդ խմբակցություններից, չնայած հնարավորություն ունենալու դեպքում հաճախում էի նրանց առանձին ժողովներին։ … Սակայն այնքան մեծ էին տարբեր դավանանքների միջև եղած տարաձայնություններն ու վիճաբանությունները, որ մարդկանց ու իրերին անծանոթ այնպիսի մի երիտասարդի համար, ինչպիսին ես էի, անհնար էր որոշակի եզրակացության գալ, թե ով է ճիշտ, և ով է սխալ»։3

Ջոզեֆ Սմիթը դիմեց Աստվածաշնչին, որպեսզի գտներ իր հարցերի պատասխանները և կարդաց Հակոբոս 1․5-ում․ «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան»։4

Նա նշել է․ «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ։ Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքերը։ Ես նորից ու նորից նթերցեցի այն»։5

Ջոզեֆը հասկացավ, որ Աստվածաշունչը չի պարունակում կյանքի բոլոր հարցերի պատասխանները. ավելի շուտ, այն կանանց և տղամարդկանց սովորեցնում է, թե ինչպես գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները՝ աղոթքի միջոցով ուղղակիորեն շփվելով Աստծո հետ։

Նա հավելել է․ «Այդպես, Աստծուն խնդրելու իմ այդ որոշման համաձայն, ես առանձնացա անտառում, որ փորձեմ։ Հազար ութ հարյուր և քսան թվականի վաղ գարնան մի գեղեցիկ ու պարզ օրվա առավոտ էր»։6

Այդ իրադարձությունից կարճ ժամանակ անց, Ջոզեֆն ասել է․ «Լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր։ Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. [Ջո՛զեֆ,] Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»։7

Ապա, Փրկիչն ասել է․ «Ջոզեֆ, որդի՛ս, քո մեղքերը ներված են քեզ։ Գնա՛ քո ճանապարհով, քայլիր իմ կանոններով և պահիր իմ պատվիրանները։ Ահա, ես եմ փառավոր Աստվածը։ Ես խաչվեցի աշխարհի համար, որ նրանք, ովքեր հավատում են իմ անվանը, կարողանան հավերժական կյանք ունենալ»։8

Ջոզեֆը հավելել է․ «Ուստի, ինքնատիրապետումս վերականգնվելուն պես, այնպես որ կարող էի խոսել, ես հարցրեցի Անձնավորություններին, որոնք կանգնած էին ինձանից վեր՝ լույսի մեջ, թե եղած աղանդներից որն էր ճշմարիտ»։9

Նա պատմել է․ «Նրանք ինձ ասացին, որ բոլոր կրոնական դավանանքները հարում էին սխալ վարդապետությունների, և որ դրանցից ոչ մեկն Աստծո կողմից չի ճանաչվում որպես Նրա եկեղեցին և թագավորությունը: Եվ … միևնույն ժամանակ ես ստացա մի խոստում, որ ավետարանի լրիվությունն ինձ հայտնի կդարձվի մոտակա ժամանակներում»:10

Ջոզեֆը նաև այս գրառումն էր կատարել․ «Ես տեսա շատ հրեշտակներ այս տեսիլքում»։11

Այս փառահեղ տեսիլքից հետո Ջոզեֆը գրել է․ «Իմ հոգին լցվեց սիրով և երկար ժամանակ ես շատ ուրախ էի։ … Տերը ինձ հետ էր»։12

Նա դուրս եկավ սրբազան պուրակից, որ պատրաստվի դառնալ Աստծո մարգարեն։

Ջոզեֆը նաև սկսեց հասկանալ հին մարգարեների ունեցած փորձառությունները՝ մերժում, ընդդիմություն և հալածանք։ Ջոզեֆը մտաբերել է, թե ինչպես է իր տեսածով ու լսածով կիսվել այդ ժամանակի կրոնական վերածննդի մի շատ ակտիվ սպասավորի հետ․

«Նրա վարքն ինձ շատ զարմացրեց. նա ոչ միայն անլուրջ վերաբերվեց իմ ունեցած հաղորդակցությանը, այլև մեծ արհամարհանքով, ասելով, որ այդ բոլորը դևից է, որ մեր օրերում չկան այնպիսի բաներ, ինչպիսիք են տեսիլքներն ու հայտնությունները. որ բոլոր նման բաները դադարել են առաքյալների հետ, և որ երբեք այլևս չեն կրկնվելու։

Ինչևէ, շուտով ես հայտնաբերեցի, որ պատմությունս իմ հանդեպ մեծ նախապաշարմունք էր առաջացրել կրոնի դավանողների մեջ, և ծանր հետապնդումների պատճառ էր դարձել, որը շարունակ աճում էր. … և դա բնորոշ էր բոլոր աղանդներին. բոլորը միավորվել էին՝ ինձ հետապնդելու»։13

Երեք տարի անց՝ 1823 թվականին, երկինքները նորից բացվեցին վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման համար։ Ջոզեֆը գրում է, որ Մորոնի անունով հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, «որ Աստված աշխատանք ունի ինձ համար՝ … [և] որ ոսկե թիթեղների վրա գրված մի գիրք կա պահված», որը պարունակում է «հավիտենական Ավետարանի լրիվությունը, ինչպես որ այն Փրկիչի կողմից հանձնվել է [Ամերիկա մայրցամաքների] հնագույն բնակիչներին»։14

Ի վերջո, Ջոզեֆը ստացավ, թարգմանեց և հրատարակեց հնագույն գրությունը, որն այսօր հայտնի է որպես Մորմոնի Գիրք։

Ոսկե թիթեղների վկաներից մեկն էր նրա եղբայրը` Հայրումը, ով եղել է նրա մշտական աջակիցը, հատկապես 1813 թվականին տեղի ունեցած ցավոտ, կյանքին սպառնացող նրա ոտքի վիրահատությունից հետո։ 1830 թվականին, երբ կազմավորվեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, Հայրումը Եկեղեցու առաջին վեց անդամներից մեկն էր։

Կյանքի ընթացքում Ջոզեֆն ու Հայրումը միասին էին դիմակայում ամբոխներին և հետապնդումներին։ Օրինակ, Միսսուրիում գտնվող Լիբերթիի բանտում, շատ անմարդկային պայմաններում նրանք միասին էին տառապում 1838-1839 թվականների ձմեռային ցուրտ ամիսներին։

1839 թվականի ապրիլին Ջոզեֆը նամակ է գրել կնոջը՝ Էմմային, նկարագրելով իրենց դրությունը Լիբերթիի բանտում․ «Կարծում եմ, արդեն հինգ ամիս և վեց օր է, ինչ գիշեր-ցերեկ այս պահակախմբի այլանդակ ու գարշելի խոսքերն են հնչում, մութ ու կեղտոտ, լքված բանտախցի պատերի, վանդակաճաղերի և երկաթյա դռների շխկոցի ներքո։ … Ամեն դեպքում, մեզ կտեղափոխեն այստեղից, և մենք ուրախ ենք դրա համար։ Ինչ լինում է, թող լինի, ավելի վատ փոս, քան այս մեկն է, դժվար է պատկերացնել։ … Երբեք չէինք ցանկանա նորից հայտնվել Միսսուրիի Քլեյ գավառի այս Լիբերթիում։ Այս ապրումները հավերժ մեզ հետ կմնան»։15

Հալածանքների ներքո Հայրումը Տիրոջ խոստումների հանդեպ հավատք դրսևորեց, այդ թվում՝ թշնամիներից ազատվելու երաշխիք ստացավ, եթե նա այդպես ընտրեր։ 1835 թվականին Ջոզեֆ Սմիթի ձեռքից Հայրումը օրհնություն ստացավ և օրհնությամբ Տերը խոստացավ նրան. «Դու զորություն կունենաս փախչելու քո թշնամիների ձեռքից։ Կյանքից զրկելու համար քեզ կփնտրեն անդադար եռանդով, բայց դու կփախչես։Եթե քեզ հաճելի է, և դու ցանկանաս՝ զորություն կունենաս կյանքդ հոժարակամ տալու՝ Աստծուն փառավորելու համար»։16

1844 թվականի հունիսին Հայրումն ընտրության առաջ կանգնեց՝ ապրել, թե կյանքը տալ՝ Աստծուն փառավորելու համար և «կնքե[լ] իր վկայությունն իր արյամբ», կողք կողքի իր սիրելի եղբոր՝ Ջոզեֆի հետ։17

Մեկ շաբաթ առաջ, մինչ ճակատագրական ճամփորդությունը դեպի Քարթեջի բանտ, որտեղ նրանք սառնասրտորեն սպանվեցին զինված վախկոտ ամբոխի կողմից, որոնք ներկել էին իրենց դեմքերը՝ հայտնաբերումից խուսափելու համար, Ջոզեֆը գրել էր՝ «ես խորհուրդ տվեցի եղբորս՝ Հայրումին, որ իր ընտանիքին վերցնի և հաջորդ իսկ շոգենավով մեկնի Ցինցինատի»։

Ես դեռ խորապես հուզվում եմ, հիշելով Հայրումի պատասխանը. «Ջոզեֆ, ես չեմ կարող քեզ թողնել»։18

Այդպիսով, Ջոզեֆն ու Հայրումը գնացին Քարթեջ, որտեղ նրանք նահատակվեցին Քրիստոսի գործի և անվան համար։

Նահատակության մասին պաշտոնական հայտարարության մեջ ասված է հետևյալը․ «Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ Մարգարեն և Տեսանողը, … առաջ բերեց Մորմոնի Գիրքը, որը նա թարգմանեց Աստծո պարգևով ու զորությամբ, և որը նրա միջոցով հրատարակվեց երկու աշխարհամասերում. հավիտենական ավետարանի լրիվությունը պարունակող այդ գիրքը նա ուղարկեց դեպի աշխարհի չորս կողմերը. նա առաջ բերեց այն հայտնություններն ու պատվիրանները, որոնք կազմում են այս Վարդապետություն և Ուխտեր գիրքը և շատ այլ իմաստուն փաստաթղթեր ու հրահանգներ՝ մարդկանց զավակների օգտի համար. նա հավաքեց բազմահազար Վերջին Օրերի Սրբերի, հիմնադրեց մի մեծ քաղաք և համբավ ու անուն թողեց, որը չի կարող կորչել։ … Եվ ինչպես հին ժամանակների Տիրոջ օծյալներից շատերը, [Ջոզեֆը] կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ. և այդպես արեց նաև նրա եղբայրը՝ Հայրումը։Կյանքում նրանք անբաժան էին, մահվան մեջ էլ նրանք չառանձնացան»։19

Նահատակությունից հետո Ջոզեֆի և Հայրումի մարմինները տարան Նավու, լվացին և հագցրեցին, այնպես որ Սմիթների ընտանիքի անդամները տեսնեին իրենց սիրելիներին։ Նրանց թանկագին մայրը հիշում էր․ «Երկար ժամանակ ես լարում էի բոլոր նյարդերս, հոգուս ամեն մի եռանդն արթնացնում և կանչում էի առ Աստված, որ զորացնի ինձ։ Բայց երբ մտա սենյակ և աչքիս առաջ հայտնվեցին սպանված որդիներս, երկուսը միասին, և լսեցի ընտանիքիս հեկեկոցներն ու հառաչանքները, նրանց կանանց, երեխաների, եղբայրների ու քույրերի շրթունքներից արձակվող ճիչերը, դիմանալն անհնար էր։ Ես հետ կանգնեցի, հոգևարքի մեջ աղաղակելով առ Տերը․ «Իմ Աստվա՜ծ։ Իմ Աստվա՜ծ։ Ինչո՞ւ ես լքել այս ընտանիքին»։20

Վշտի և տառապանքի այդ պահին նա հիշում է, որ լսել է որդիների ձայները. «Մայրի՛կ, լաց մի եղիր մեզ համար, մենք հաղթեցինք աշխարհին սիրով»։21

Նրանք իսկապես հաղթել էին աշխարհին։ Ջոզեֆ և Հայրում Սմիթները, Հայտնության գրքում նկարագրված հավատարիմ Սրբերի նման, «գալիս են այն մեծ նեղութիւնիցը, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը … Աստուծոյ աթոռի առաջին են, եւ պաշտում են նորան ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ. Եւ աթոռի վերայ նստողը իր վրանը կ’տարածէ նորանց վերայ։

Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։

Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»։22

Նշելով այս ուրախ իրադարձությունը՝ Առաջին Տեսիլքի 200-ամյակը, մենք միշտ պետք է հիշենք այն գինը, որը վճարեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները, և մի շարք հավատարիմ այլ տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ Եկեղեցին հիմնելու համար, որպեսզի ես և դուք կարողանանք վայելել բազմաթիվ օրհնություններ և բացահայտված այս բոլոր ճշմարտությունները, որոնք այսօր ունենք։ Նրանց հավատարմությունը երբեք չպետք է մոռացվի։

Ես շատ եմ մտածել, թե ինչու են այդքան տառապել Ջոզեֆը, Հայրումը և նրանց ընտանիքները։ Հնարավոր է, որ նրանք այդ տառապանքի միջոցով ճանաչեցին Աստծուն, և այլ կերպ դա տեղի չէր ունենա։ Տառապանքի միջոցով նրանք կխորհեին Գեթսեմանիի և խաչված Փրկիչի մասին։ Ինչպես ասել է Պողոսը․ «Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ»։23

Մահից առաջ, 1844 թվականին, Ջոզեֆը ոգեշունչ նամակ գրեց սրբերին։ Դա գործելու կոչ էր, որն այսօր շարունակվում է Եկեղեցում․

«Եղբայրնե՛ր [և քույրե՛ր], արդյոք մենք չպիտի՞ շարունակենք այս մեծ գործը։ Գնացե՛ք առաջ, և ոչ թե հետ: Քաջությո՛ւն, եղբայրնե՛ր. և առա՛ջ, առաջ դեպի հաղթանակ։ …

… Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը»։24

Այս հանգստյան օրերին, 200-ամյակի տոնակատարության ժամանակ, լսելով Հոգու ձայնը, խորհեք, թե առաջիկա օրերին ինչ կարող եք մատուցել Տիրոջը արդարությամբ։ Եղեք համարձակ, կիսվեք դրանով վստահելի մեկի հետ, և որ ամենակարևորն է՝ խնդրում եմ, ժամանակ գտեք դրա համար։

Ես գիտեմ, որ Փրկիչը գոհ է, երբ մենք արդարությամբ սրտաբուխ ընծա ենք մատուցում Նրան, այնպես, ինչպես Նա գոհ էր հրաշալի եղբայրների՝ Ջոզեֆ և Հայրում Սմիթների և մյուս բոլոր հավատարիմ սրբերի ընծայից։ Այս մասին ես հանդիսավոր վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։