Գերագույն համաժողով
Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատկի առանցքը
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատկի առանցքը

Ովսաննայի և ալելուիայի այս տոներին, երգե՛ք ալելո՜ւիա, քանի որ Նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից:

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր․ Զատկի և շարունակվող Վերականգնման այս ժամանակաշրջանում, ովսա՜ննա և ալելո՜ւիա բացականչություններով, մենք տոնում ենք Քրիստոսի կենդանությունը։ Իր կատարյալ սիրով Փրկիչը մեզ հավաստիացնում է․ «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք: Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:1

Տարիներ առաջ, երբ ես և քույր Գոնգը այցելել էինք մի գեղեցիկ ընտանիքի, նրանց փոքր դուստրը՝ Այվին, ամոթխածությամբ ներս բերեց իր ջութակը պատյանով։ Նա բարձրացրեց ջութակի աղեղը, ձգեց այն և բլեկնախեժ քսեց վրան։ Ապա, աղեղը դրեց պատյանի մեջ, ծնկածալ ողջույնի ժեստ արեց և նստեց։ Որպես սկսնակ՝ նա կիսվեց այն ամենով, ինչ գիտեր ջութակի մասին։ Այժմ, տարիներ անց, Այվին հրաշալի ջութակ է նվագում։

Նկար
Այվին և իր ջութակը

Մահկանացու այս կյանքում բոլորս էլ մի քիչ նման ենք Այվիին ու նրա ջութակին։ Մենք սկսում ենք սկզբից։ Համառությամբ փորձելով՝ մենք աճում ենք ու զարգանում։ Ժամանակի ընթացքում բարոյական ազատ կամքը և մահկանացու փորձառությունները մեզ օգնում են ավելի շատ նմանվել Փրկիչին, երբ Նրա հետ աշխատում ենք Իր այգում2 և հետևում ենք Նրա ուխտի ճանապարհին։

Տարեդարձները, ներառյալ այս երկուհարյուրամյակը, ընդգծում են վերականգնման օրինաչափությունները։3 Տոնելով Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակվող վերականգնումը՝ մենք նաև նախապատրաստվում ենք Զատիկին։ Երկու դեպքում էլ մենք ուրախանում ենք Քրիստոսի Գալուստով։ Նա ապրում է ոչ միայն նախկինում, այլ նաև հիմա․ ոչ թե պարզապես մի քանիսի համար, այլ բոլորի համար։ Նա եկել է և գալիս է՝ սրտով կոտրվածներին բուժելու, գերիներին ազատելու, կույրերին տեսողություն տալու, խոցվածներին ազատ արձակելու։4 Բոլորս կանք այդ ցուցակում։ Նրա փրկագնող խոստումները ուժի մեջ են՝ անկախ մեր անցյալից, մեր ներկայից և մեր ապագայից:

Նկար
Հանդիսավոր մուտքը Երուսաղեմ

Վաղը Արմավենիների կիրակին է։ Արմավենու ճյուղերը Տիրոջով ցնծալու ավանդական սրբազան խորհրդանիշ են, ինչպես պատկերված է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ կտավում, երբ «ժողովուրդի բազմությունը …․ արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ»5 (Գուցե հետաքրքիր լինի իմանալ, որ Հարրի Անդերսոնի այդ կտավի բնօրինակը կախված է Նախագահ Նելսոնի գրասեղանի հետևում՝ նրա գրասենյակում)։ Հայտնության գրքում «սպիտակ զգեստներ հագած ու արմավենու ճյուղեր ձեռքերին» մարդիկ փառաբանում էին Աստծուն ու Գառին։6 Կիրթլենդի տաճարի նվիրագործմանը «արդարության պարեգոտի» և «փառքի պսակի» հետ մեկտեղ նշվում են նաև արմավենու ճյուղերը։7

Իհարկե, Արմավենիների կիրակիի նշանակությունը ավելին է, քան բազմության կողմից արմավենու ճյուղերով Հիսուսին դիմավորելը։ Արմավենիների կիրակի օրը Հիսուսի մուտքը Երուսաղեմ հավատացյալները ընդունեցին որպես մարգարեության իրականացում։ Ինչպես Զաքարիան8 ու Սաղմոսերգուն մարգարեաբար կանխատեսել էին, Տերը ավանակի վրա ներս մտավ Երուսաղեմ և բազմությունը գիտակցելով բացականչեց․ «Ովսաննա բարձունքներում»։9 Ովսաննա նշանակում է «աղաչում ենք, փրկի՛ր»։10 Ապա, ինչպես մենք ենք ուրախ գոչում․ «օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը»։11

Արմավենիների կիրակիին հաջորդող կիրակին Զատիկի կիրակին է։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը «եկավ վճարելու պարտքը, որն իրենը չէր, այլ մեր պարտքն էր, որը չէինք կարողանում վճարել»:12 Իրապես, Քրիստոսի Քավության շնորհիվ Աստծո բոլոր զավակները «կարող են փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:13 Զատիկին մենք երգում ենք ալելուիա։ «Ալելո՜ւիա» նշանակում է՝ «Օրհնեցե՜ք Տեր Եհովային»։14 Հենդելի Մեսիա ստեղծագործության «Ալելո՜ւիա կրկներգը» Զատիկի սիրված հայտարարություն է, որ Նա «թագավորների Թագավորն է և տերերի Տերը»։15

Արմավենիների և Զատկի կիրակիների միջև ընկած սրբազան իրադարձությունները պատմություններ են ովսաննայի և ալելուիայի մասին: Ովսա՜ննան մեր աղերսանքն է, որ Աստված փրկի։ Ալելուիան մեր գովքի արտահայտություն է Տիրոջը՝ փրկության և վեհացման հույսի համար։ Ովսաննայի և ալելուիայի բացականչությամբ մենք ընդունում ենք կենդանի Հիսուս Քրիստոսին որպես Զատկի և վերջին օրերի վերականգնման աշխատանքի առանցքը։

Վերականգման վերջին օրերի աշխատանքը սկսվում է աստվածահայտնությամբ՝ Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի բառացի հայտնությամբ երիտասարդ մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Մարգարե Ջոզեֆը ասել է․ «Եթե երկինքը հինգ րոպեով բացվեր ձեզ համար, դուք ավելի շատ բան կսովորեիք, քան երկնքի մասին գրված բոլոր բաները կարդալու շնորհիվ»։16 Երկնքի կրկին բացվելու շնորհիվ մենք գիտենք և «հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն»17՝ հավերժական Աստվածագլխին։

1836 թվականի ապրիլի 3-ի Զատիկի կիրակի օրը՝ Վերականգնման վաղ օրերին, Կիրթլենդի տաճարի նվիրագործումից հետո կենդանի Հիսուս Քրիստոսը կրկին հայտնվեց։ Նրան տեսնողները վկայեցին Նրա մասին կրակի և ջրի փոխլրացնող հակադրության խոսքերով․ «Նրա աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը․ նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես սրընթաց մեծ ջրերի շառաչյուն լիներ, այսինքն՝ Եհովայի ձայնը»։18

Այդ ժամանակ մեր Փրկիչը հայտարարեց․ «Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ»:19 Կրկին փոխլրացնող հակադրություններ՝ առաջինը և վերջինը, ապրում է, ով սպանվել էր։ Նա է Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը,20 մեր հավատքի հեղինակն ու ամբողջացնողը։21

Հիսուս Քրիստոսի հայտնվելուց հետո երևացին նաև Մովսեսը, Եղիասը և Եղիան։ Աստվածային ցուցումով վաղեմի այս մեծ մարգարեները վերականգնեցին քահանայության բանալիները և իշխանությունը։ Այդպիսով, «արդի տնտեսության բանալիները հանձնվել են»22 վերականգնված Եկեղեցուն՝ Աստծո զավակների օրհնության նպատակով։

Եղիայի գալուստը Կիրթլենդի տաճար նաև Հին Կտակարանի Մաղաքիայի մարգարեության իրականացումն էր, որ Եղիան պիտի վերադառնա «Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ»։23 Դրանով իսկ Եղիայի հայտնվելը ոչ պատահականորեն համընկավ հրեական Պասեքի այն շրջանի հետ, երբ ըստ ավանդության, ակնկալվում էր Եղիայի վերադարձը:

Բազմաթիվ նվիրյալ հրեական ընտանիքներ Եղիայի համար Պասեքի սեղանի շուրջ տեղ են թողնում: Շատերը մինչև պռունկը մի գավաթ են լցնում՝ նրան հրավիրելու և հյուրընկալելու համար: Ոմանք էլ, Պասեքի ավանդական սեդերի ժամանակ, երեխաներից մեկին դռան մոտ են ուղարկում, երբեմն էլ դուռը մասամբ բաց թողնում, որպեսզի տեսնեն, թե արդյոք Եղիան դրսում սպասում է, որ ներս հրավիրեն։24

Ի կատարումն բոլոր բաների՝ վերականգնման մարգարեության և խոստումի,25 Եղիան եկավ, ինչպես խոստացել էր Զատիկի օրը և Պասեքը սկսվելիս։ Նա բերեց կնքման իշխանությունը, որպեսզի կապի ընտանիքները և՛ երկրի վրա, և՛ երկնքում։ Ինչպես Մորոնին ուսուցանել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին, Եղիան կգա «և նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, – շարունակել էր Մորոնին, – ողջ երկիրն ամբողջովին կամայանա [Տիրոջ] գալստյան ժամանակ»:26 Եղիայի ոգին՝ Սուրբ Հոգու դրսևորումը, ծագումնաբանության, պատմության և տաճարային ծառայության միջոցով մեզ մոտեցնում է անցյալի, ներկայի և ապագայի մեր սերունդներին:

Եկեք նաև հակիրճ հիշենք, թե որն է Պասեքի նշանակությունը։ Պասեքը հիշեցնում է Իսրայելի զավակների 400 տարվա ստրկությունից ազատագրումը։ Ելից գիրքը պատմում է, թե ինչպես տեղի ունեցավ այդ ազատագրումը գորտերի, մժեղների, շնաճանճի, անասունների կոտորածի, փոշու ու խոցերի, կարկտի ու կրակի, մորեխների և թանձր խավարի պատուհասների միջոցով: Վերջին պատուհասը սպառնում էր երկրի բոլոր առաջնեկների մահով, բացի իսրայելացիների տներից, եթե նրանք դռան սյուներին անարատ գառան արյունով նշան անեին։27

Մահվան հրեշտակը անցավ և վնաս չհասցրեց խորհրդանշական գառի արյունով նշված տներին։28 Մահվան հրեշտակից անվնաս մնալը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի՝ մահվան հանդեպ տարած հաղթանակը։ Իրապես, Աստծո Գառան քավիչ արյունը մեր Բարի Հովվին զորություն է տալիս բոլոր վայրերում և իրավիճակներում վարագույրի երկու կողմի Իր ժողովրդին հավաքել Իր ապահով գավիթը։

Հատկանշական է, որ Մորմոնի Գիրքը «Քրիստոսի զորությունն ու հարությունը»29՝ Զատիկի էությունը, նկարագրում է երկու վերականգնման առումով:

Նախ՝ հարությունը ներառում է մեր «ճիշտ և կատարյալ կառուցվածքով» ֆիզիկական վերականգնումը՝ «ամեն վերջույթ և հոդ պիտի վերականգնվի», «նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի»։30 Այս խոստումը հույս է տալիս այն մարդկանց, ովքեր կորցրել են վերջույթները, ովքեր կորցրել են տեսնելու, լսելու կամ քայլելու կարողությունը կամ ովքեր տանում են անողոք մոլություններ, հոգեկանը կամ մյուս ունակությունները սահմանափակող հիվանդություններ: Նա գտնում է մեզ: Նա բուժում է մեզ։

Զատիկի և մեր Տիրոջ Քավության երկրորդ խոստումը այն է, որ հոգևոր առումով, «բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ կարգով»։31 Այդ հոգևոր վերականգնումը արտացոլելու է մեր գործերն ու ցանկությունները։ Lավությունը ջուրը գցելու նման32 այն վերականգնելու է այն «ինչ բարի է», «ինչ արդարակյաց է», «ինչ արդար է» և «ինչ ողորմած է»33 Պատահական չէ, որ Ալմա մարգարեն վերականգնել բառը գործածում է 22 անգամ,34 երբ մեզ հորդորում է «վարվիր ազնվորեն, դատիր արդարացի և շարունակ բարիք գործիր»։35

Քանի որ «Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը»,36 Տիրոջ Քավությունը կարող է վերականգնել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագան։ Քանի որ նա գիտի մեր ցավերը, տառապանքները, հիվանդությունները և ամեն տեսակի մեր գայթակղությունները,37 Նա կարող է ողորմությամբ սատարել մեզ՝ ըստ մեր թուլությունների։38 Քանի որ Աստված «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» է, ողորմածության ծրագիրը կարող է «բավարարել արդարադատության պահանջները»։39 Մենք ապաշխարում ենք և անում ենք հնարավոր ամեն բան։ Նա հավերժ օղակում է մեզ «իր սիրո բազուկներում»։40

Այսօր մենք տոնում ենք վերականգնումը և հարությունը։ Ձեզ հետ միասին, ես ցնծում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության շարունակվող վերականգնման համար: Այս գարնանից 200 տարի առաջ լույս և հայտնություն է շարունակում աշխարհ գալ Տիրոջ կենդանի մարգարեի և Իր անունով կոչված Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միջոցով, ինչպես նաև Սուրբ Հոգու գերբնական պարգևի՝ անձնական հայտնության և ներշնչանքի միջոցով:

Ձեզ հետ միասին, Զատիկի այս տոներին ես վկայում եմ Աստծո՝ մեր Երկնային Հոր, և Նրա Սիրելի Որդու՝ կենդանի Հիսուս Քրիստոսի մասին: Մահկանացու մարդիկ կան, որ դաժանորեն խաչվել են ու հետագայում հարություն առել: Բայց միայն կենդանի Հիսուս Քրիստոսն է, որ Իր կատարյալ հարություն առած տեսքով դեռևս կրում է խաչելության նշանները Իր ձեռքերին, ոտքերին և կողի վրա: Միայն Նա կարող է ասել․ «Ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա»:41 Միայն նա կարող է ասել․ «Ես նա եմ, որին բարձրացրեցին: Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ»:42

Փոքրիկ Այվիի և նրա ջութակի նման, մենք որոշ առումներով դեռ սկսնակ ենք: Իսկապես՝ «ինչ որ աչք չտեսաւ և ականջ չլսեց և մարդի սիրտը չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:43 Այս ժամանակներում մենք շատ բան կարող ենք սովորել Աստծո բարության և այն մասին, որ Նրա սերը մեզանում աճելու ներուժ ունի, եթե մենք փնտրենք Նրան և օգնության ձեռք մեկնենք միմյանց։ Նոր եղանակներով և նոր վայրերում մենք կարող ենք գործել և կատարելագործվել՝ տող առ տող, բարություն առ բարություն ՝ անհատապես և միասին:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ամենուրեք, երբ ես հանդիպում եմ ձեզ և սովորում եմ ձեզ հետ, ձեր հավատքից ու բարությունից ես լցվում եմ ավետարանի հետաքրքրությամբ և երախտագիտությամբ: Ձեր վկայությունը և ավետարանական ճամփորդությունը հարստացնում են իմ վկայությունն ու ավետարանական ճափորդությունը: Ձեր մտահոգությունն ու ուրախությունը, ձեր սերը Աստծո ընտանիքի և Սրբերի համայնքի հանդեպ, վերականգնված ճշմարտության և լույսի ձեր պատկերացրած ըմբռնումը ավելացնում է վերականգնված ավետարանի իմ ամբողջականությունը, որի կենտրոնում կենդանի Հիսուս Քրիստոսն է: Միասին մենք վստահաբար երգում ենք. «ամպի մեջ, թե արևի շողի, Տեր ինձ հետ եղիր»։44 Միասնաբար, մենք գիտենք, որ հոգսերի և անհանգստությունների մեջ էլ կարող ենք շատ օրհնություններ հաշվել։45 Մենք կարող ենք տեսնել, որ օրվա մանրամասներով և փոքր ու հասարակ բաներով մեծ բաներ են իրականանում մեր կյանքում։46

«Եվ կլինի այնպես, որ արդարները պիտի հավաքվեն բոլոր ազգերի միջից և պիտի գան Սիոն՝ երգելով հավիտենական ուրախության երգեր»:47 Ովսաննայի և ալելուիայի այս տոներին, երգե՛ք ալելո՜ւիա, քանի որ Նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից: Բացականչե՛ք ովսա՜ննա Աստծուն ու Գառին։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն: