Երիտասարդներին զորացնելու համար
Այլևս երբեք չձախողվելու գաղտնիքը
Մարտ 2025


Այլևս երբեք չձախողվելու գաղտնիքը

Դա ավելի հեշտ է, քան դուք կարծում եք։

մարդը պահում է լամպը աստիճանների վերևում

Նկարները՝ Էրիկ Չոուի

«Ես սիրում եմ ձախողվել»։

Հավանաբար, շատերը չեն ասում այս արտահայտությունը։ Մեզանից շատերը չեն ուրախանում անհաջողությամբ: Դա կարող է վշտացնել, խափանել մեր ծրագրերը, երբեմն էլ ուղղակի ամաչեցնել մեզ։

Իսկ ի՞նչ կանեք, եթե իմանաք, որ այլևս երբեք չձախողվելու գաղտնիք կա։

Գուցե մտածում եք․ «Իսկապե՞ս»։ «Ոչ ոք կատարյալ չէ։ Բոլորս էլ սխալներ ենք գործում: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը երբեք չձախողվել»։

Թոմաս Էդիսոնը բացահայտեց այդ գաղտնիքը, երբ շատ անգամ փորձեց հայտնագործել լամպը։ «Ես չեմ ձախողվել 1000 անգամ»,- ասել է նա: «Լամպը 1000 քայլերի արդյունքում կատարված հայտնագործություն է»:

Էդիսոնը կրկին ու կրկին ձախողվում էր, բայց դա չէր համարում ձախողում: Եվ դա է գաղտնիքը: Փոխեք ձեր տեսակետը։ Երբ փոխում եք ձեր տեսակետը, ձեր «ձախողումները» կարող են դառնալ ինչ-որ նոր և դրական բան:

Ահա ձախողման մասին ձեր տեսակետը փոխելու չորս եղանակ.

երիտասարդը փորձում է հետ պահել չափազանց մեծ չափի ասեղը
  1. Պարզեք, թե ինչը կարող եք վերահսկել, իսկ ինչը՝ ոչ: Երբեմն այն բաները, որոնց մասին մենք ամենաշատն ենք անհանգստանում, մեր վերահսկողության տակ չեն: Օրինակ՝ աշխատանքի դիմելը։ Դուք կարող եք վերահսկել այն ջանքերը, որ ներդնում եք դիմելու համար, բայց չեք կարող վերահսկել արդյունքը: «Ձախողվելու» մասին անհանգստանալով՝ էներգիա ծախսելու փոխարեն, փորձեք ջանքեր ներդնել այն բանի վրա, ինչը դուք կարող եք վերահսկել և վստահեք Տիրոջը: Նա խոստացել է, որ «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիներին 8.28)։ Իսկ եթե այդ աշխատանքը չստանա՞ք: Դուք ձախողված չեք։ Նույնիսկ եթե չեք ստանում ձեր ցանկացած արդյունքը, դուք ձեր լավագույն ջանքերն եք ներդրել, և դա հաջողություն է։

    երիտասարդ կինը նկարում է մեծ քարտեզի վրա, որի վրա նստած է
  2. Դասեր քաղեք ու շարունակեք առաջ գնալ: Երբ ձեզ թվում է, թե ձախողվում եք, փորձեք խորապես հասկանալ ձեր փորձառությունը։ Չե՞ք ընդգրկվել սպորտային թիմում: Հիասթափեցնող գնահատակա՞ն եք ստացել թեստից։ Ուսումնասիրելով ձեր դժվարությունները՝ դուք կստանաք մեծ գիտելիք այն մասին, թե ինչ պետք է անեք ապագայում: Եթե փորձառությունը ստիպում է ձեզ վատ և տհաճ զգացումներ ունենալ, ընդունեք դրանք և ընտրեք շարունակել զարգանալ դեպի լավը: Անհաջողությունը կարող է օգնել ձեզ շարունակել առաջ ընթանալ նոր և ավելի լավ ուղղություններով:

    երիտասարդը նայում է բարձրացող, ոլորապտույտ ճանապարհին
  3. Հիշեք, որ սա վերջը չէ: Մի տարածված խոսք կա․ «Վերջում ամեն ինչ լավ կլինի։ Եթե լավ չէ, ապա վերջը չէ»: Մորոնին նման մի բան է սովորեցնում։ Նա ասել է․ «Վերջն արդեն եկե՞լ է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ Ոչ. և Աստված չի դադարել հրաշքների Աստված լինել» (Մորմոն 9․15)։ Երբ մենք ապավինում ենք Աստծուն, առաջ ենք մղվում հավատքով և հիշում ենք, որ մեր պատմությունները չեն ավարտվում, երբ ինչ-որ բան սխալ է լինում, հրաշքներ կարող են տեղի ունենալ և ցանկացած «անհաջողություն», որին մենք կարող ենք բախվել, ի վերջո կարող է դառնալ զարմանալի հաջողություն:

  4. Կանգնեք Քրիստոսի հետ։ Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ ոչ մի ձախողում մշտական չէ։ Մենք միշտ ունենք ընտրություն՝ ապաշխարելու, մեր սրտերը շրջելու դեպի Աստված և խնդրելու Նրա օգնությունը: Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, ուսուցանել է. «Որքան էլ որ շատ սխալներ գործած լինեք՝ ըստ ձեզ … , ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիությունից: Ձեզ համար հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում»: Այսպիսով, ինչ-որ կերպ, երբ դուք կանգնած եք Քրիստոսի հետ, չեք կարող ձախողվել:

Երբ ձեր անհաջողությունները համարում եք հաջողության հասնելու քայլեր, դուք բացում եք իրականում այլևս երբեք չձախողվելու գաղտնիքը:

Փորձեք: Իսկ եթե ձախողվե՞ք։ Պարզապես հիշեք՝ դուք իրականում չեք ձախողվում։ Դուք քայլ առ քայլ առաջադիմում եք: