Օգտագործեք ուղեցույցը
Պաղպաղակ, ընկերություն և սիրիր քո ընկերոջը
Երկրորդ մեծ պատվիրանը պահելն այնքան էլ դժվար չէ, որքան կարծում եք։
Նկարները՝ Վալենտինա Վինչիի
Երբ ձեր ընկերը կամ ընտանիքի անդամը իրական դժվարությունների միջով է անցնում, երբևէ անհանգստանո՞ւմ եք՝ մտածելով նրանց խնդիրները լուծելու մասին։ Թվում է, թե լավ միտք է:
Բայց պատկերացրեք, որ ձեր ընկերոջ ծնողները ամուսնալուծվում են։ Կամ ձեր կրտսեր քրոջը ծաղր ու ծանակի են ենթարկում դպրոցում: Կամ ձեր պապիկը պայքարում է ծանր ընկճախտի դեմ։ Ինչպե՞ս եք պատրաստվում այս բոլորը լուծել:
Կարճ պատասխանն է` չեք կարող: Եվ դա բնական է: Միևնույն ժամանակ, սակայն, դուք միշտ կարող եք օգնել։ Եվ դուք կզարմանաք, թե փոքր օգնությունը որքան կարող է փոխել իրավիճակը:
Մեծ պայքար, պարզ բարություն
Ֆոնի Պ.-ն մեծացել է մեկ ծնողի հետ: Մանկության և պատանեկության տարիներին Ֆոնին տեսնում էր, թե որքան դժվարությամբ է իր միայնակ մայրը երեք երեխա մեծացնում։ Արդյունքում՝ Ֆոնին վատ զգացմունքներ ուներ հոր հանդեպ։ Վերջերս, երբ նա 19 տարեկան դարձավ, հայրը փորձեց կապ հաստատել նրա հետ։
«Ես հուզված էի»,- ասում է Ֆոնին: «Մտածում էի, որ նա 19 տարի ուներ իմ կյանքի մասը լինելու համար, բայց չէր եղել։ Ինչո՞ւ է հայտնվել հիմա»։ Թեև Ֆոնին աղոթում էր ու խորհում, սակայն չէր կարողանում խաղաղություն գտնել։ Մոր ու մորաքրոջ հետ զրուցելը մի փոքր օգնեց, բայց դեռ բացասական զգացմունքներ ուներ։ Հետո տեղի ունեցավ մի անհավանական (բայց պարզ) բան. Ֆոնիի լավագույն ընկերը նրան հրավիրեց պաղպաղակ ուտելու և գնումներ կատարելու:
«Շատ մարդիկ կնայեին այդ ամենին և կկարծեին, որ դա անկարևոր է։ Բայց դա շատ կարևոր էր։ Ես զգում էի արևի ջերմությունը մաշկիս վրա: Մենք քայլում էինք դրսում, և ես տեսնում էի ծառերը։ Ես զգացի քամին և միաժամանակ զգացի Հոգուն: Պարզապես ապշեցուցիչ էր»:
Արդյո՞ք հանպատրաստից գնումներ կատարելը լուծեց Ֆոնիի խնդիրները։ Իհարկե՝ ոչ։ Ֆոնին խոստովանում է, որ հոր հետ իր հարաբերությունները դեռևս բարդ են։ Բայց նրա ընկերոջ այդ պարզ բարությունը թույլ տվեց, որ Ֆոնին կրկին զգա Սուրբ Հոգուն։ Այդ ժամանակ նա կարող էր ավելի լավ դիմակայել իր պայքարին լրացուցիչ ուժով: «Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին հուշել էր նրան հրավիրել ինձ»,- կիսվում է Ֆոնին:
Ո՞վ ունի ձեր կարիքն այսօր
Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցում մեզ հրավիրում են «սատարել նրանց, ովքեր զգում են միայնակ, մեկուսացած կամ անօգնական: Օգնեք նրանց զգալ Երկնային Հոր սերը ձեր միջոցով» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 12)։ Այդ պարզ ընկերությունն օգնեց Ֆոնիին զգալ Աստծո սերը ծանր իրավիճակում ։ Ո՞ւմ կարող եք օգնել զգալու նույն սերն այսօր: