Երիտասարդներին զորացնելու համար
Քո Երկնային Հայրը ցանկանում է խոսել քեզ հետ
Մարտ 2025


Քո Երկնային Հայրը ցանկանում է խոսել քեզ հետ

Հավատք ունեցեք, որ ձեր Երկնային Հայրը խոսում է ձեզ հետ: Նա այստեղ է և ձեզ ավելի շատ է սիրում, քան խոսքերը կարող են արտահայտել։

երիտասարդ տղան աղոթում է

Մենք Աստծու որդիներն ու դուստրերն ենք, և բնակվում ենք նույն երկրի վրա՝ մեր երկնային տնից հեռու։ Սա մահկանացու կյանքն է՝ մեր մարմինը ստանալու ժամանակը, ընտրելու բարին չարի փոխարեն, մեծացնելու մեր հավատքը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա սուրբ Քավության հանդեպ և ընդունելու մեր Հոր երջանկության ծրագիրը:

Առանց մեր նախաերկրային կյանքի հիշողության մենք երբեմն մեզ միայնակ ենք զգում այն աշխարհի համար, որը թողել ենք մեր հետևում: Մեր Հայրը մեզ հոգևոր պարգև է տվել, որպեսզի մնանք կապված Նրա հետ և նրանից առաջնորդություն, ուղղություն և մխիթարություն ստանանք։ Մենք շատ լավ գիտենք այս պարգևը․ այն կոչվում է աղոթք:

Հիսուս Քրիստոս

Նրանց համար, ովքեր կհավատան Ինձ, նկարը՝ Դեն Ուիլսոնի

Աղոթեք ձեր Երկնային Հորը

Հրեշտակը հրահանգեց Ադամին և Եվային ու բոլոր նրանց, ովքեր կհետևեին նրանց, «ապաշխարել և կանչել առ Աստված առհավետ՝ Որդու անունով» (Մովսես 5.8):

Հիսուսն ուսուցանել է.

  • «Խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք, և ձեզ կբացվի» (Մատթեոս 7.7):

  • «Երբ դու աղոթես, … աղոթիր Քո Հորը … ծածուկ» (Մատթեոս 6․6):

  • «Արդ, դուք այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը» (Մատթեոս 6․9

Հիսուսն անդադար աղոթում էր Իր Հորը (տես Ղուկաս 6.12, Մարկոս 6.46): Գեթսեմանիում Նա իր աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, մինչև աղոթեմ» (Մարկոս 14.32): Խաչի վրա եղած ժամանակ Հիսուսը աղոթում էր Իրեն խաչած զինվորների համար. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23.34):

Մեզ խորհուրդ է տրվում «անդադար աղոթել»։ Երբ մենք «խորհուրդ ենք անում Տիրոջ հետ [մեր] բոլոր գործերում, … նա ուղղություն ցույց կտա [մեզ] բարու համար» (Ալմա 37.37)։ Բացի այդ, մենք «մատուցում ենք բոլոր գոհությունները և գովքը, որը [մեր] ողջ հոգին ի զորու է ունենալու» (Մոսիա 2.20

Բայց ավելի փառահեղ է, որ մեր Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին։ Մտածելու տեղիք տվող հարցն այն է, թե մենք ինչպե՞ս ենք ավելի լավ ստանում և հասկանում մեր Հոր տված պատասխանները, առաջնորդությունն ու մխիթարությունը։

Մեր աղոթքների պատասխանները ստանալը սկսվում է հավատքով Երկնային Հոր ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մենք ապավինում ենք մեր Հորը, գործադրում մեր լավագույն ջանքերը, որպեսզի պահենք պատվիրանները և փնտրում Նրա ձեռքը ամեն ինչում (տես Վարդապետություն և Ուխտեր 59.21):

Ձեր Երկնային Հայրը կկանգնի ձեր կողքին, կամրապնդի ձեր ունակությունները, կսփոփի ձեզ և «կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար» (2 Նեփի 2.2), երբ դուք կանչեք Նրան:

երիտասարդ տղան կարդում է սուրբ գրություններ

Լսել Նրա ձայնը

Երբ մենք հավատք ենք գործադրում առ Աստված և պահում ենք Նրա պատվիրանները, բնականաբար սովորում ենք ավելի լավ լսել Նրա ձայնը:

1993 թ.-ին նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը (1920–2007), որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, հրավիրեց ինձ և կնոջս՝ Քեթիին, իր հետ ներկա գտնվելու Բրիգամ Յանգ համալսարանում անցկացվող մի հոգևոր հավաքի։ Այդ հոգևոր հավաքը տեղի ունեցավ սմարթֆոնների, սոցիալական լրատվամիջոցների և համացանցի լայն հասանելիությունից շատ առաջ։

Իր ելույթում նախագահ Ֆաուստը նախազգուշացրել է. «Ձեր սերնդում դուք կբախվեք բազմաթիվ ազդեցությունների, որոնք ձեզ կասեն, թե ինչպես ապրել, ինչպես բավարարել ձեր կրքերը, ինչպես ստանալ ամեն ինչ»: Բայց «այն ձայնը, որին պետք է սովորել լսել, Հոգու ձայնն է»: Դրա համար «մենք … պիտի բացենք մեր ականջները, հավատքի աչքը դարձնենք ձայնի աղբյուրին և հաստատուն նայենք դեպի երկինք»:

Տարիներ անց նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Եթե դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք սոցիալական մեդիայի թարմացվող բովանդակությանը, քան Հոգու հուշումներին, ապա դուք ձեզ հոգևոր վտանգի տակ եք դնում»:

Հոգու ձայնը գալիս է և մեր մտքին, և մեր զգացմունքներին: «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում» (Վարդապետություն և Ուխտեր 8․2)։ Լսեք ձեր խղճին․ հաճախ այնտեղ սկսվում է հայտնությունը:

Երիտասարդ կինը պատուհանից դուրս է նայում

Աղոթեք հավատքով լցված սրտով

Աստծո պատասխաններն ու տպավորությունները չեն կարող պարտադրվել: Աղոթում ենք և սպասում հավատքով լցված սրտով: Որոշ պատասխաններ այս կյանքում չեն գա, բայց արդարներին Տերը միշտ կուղարկի Իր խաղաղությունը (տես Հովհաննես 14.27): Երբեմն պատասխանները գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում» (Վարդապետություն և Ուխտեր 98.12):

Երկնքի ձայնը հաճախ կարող է անսպասելիորեն գալ հանգիստ տեղերում և սուրբ վայրերում: Վաղ առավոտյան իմ աղոթքների ու մտորումների լռության մեջ ես արտասովոր օրհնություններ եմ գտնում։ Սուրբ գրությունների ամենօրյա, անձնական, անդադար ընթերցանությունը, թեև երբեմն սովորույթ է, կարող է Հոգու ձայնը բերել մեր սրտերին կրակի նման:

Երբ աշխարհի աղմուկն ու շեղումները պտտվում են մեր շուրջը, Տերը հրահանգել է Իր մարգարեին կառուցել ավելի ու ավելի շատ տաճարներ: Տիրոջ այս սուրբ տներում, երբ մենք դրսում ենք թողնում մեր դժվարությունները և մտնում մեր աղոթքներով ու մտահոգություններով, մեզ ուսուցանում են հավերժության ճշմարտությունները: Մեկ տարի առաջ նախագահ Նելսոնը խոստացավ, որ երբ մենք երկրպագում ենք տաճարում․ «Ոչինչ ավելի շատ չի բացի երկինքը։ Ոչինչ»։

Յուրաքանչյուր գերագույն համաժողով բերում է նաև լրացուցիչ առատ օրհնություններ: Գալիք ապրիլ ամսին մենք ևս մեկ անգամ կհանդիպենք գերագույն համաժողովում՝ լսելու Տիրոջ ձայնը: Ես խոստանում եմ, որ երբ դուք պատրաստվեք և աղոթքով գաք գերագույն համաժողով, դուք կգտնեք ձեր մտահոգությունների պատասխանները և կիմանաք, որ «երկնքի աջը» ձեզ վրա է:

Հավատք ունեցեք, որ ձեր Երկնային Հայրը խոսում է ձեզ հետ: Նա խոսում է։ Թույլ տվեք, որ Նրա և Նրա սիրելի Որդու հանդեպ ձեր հավատքը օգնի ձեզ վարագույրը հեռացնել և լսել ձեր Հոր ձայնը: Ես վկայում եմ, որ Նա այստեղ է և սիրում է ձեզ ավելի շատ, քան խոսքերը կարող են արտահայտել: