Երիտասարդներին զորացնելու համար
Քայլել Հոգու հետ զբաղված ժամանակներում
Մարտ 2025


Քայլել Հոգու հետ զբաղված ժամանակներում

Երկնային Հայրը ցանկանում է խոսել ձեզ հետ: Ահա թե ինչպես կարող եք շարունակել հաղորդակցվել։

երիտասարդ տղան աղոթում է

Ձեր Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզ։ Նա լսում է ձեզ, երբ դուք աղոթում եք, և Նա ցանկանում է խոսել ձեզ հետ: Կարևոր է բացահայտել, թե Նա ինչպես է խոսում մեզ հետ, և դա տարբեր է բոլորիս համար: Բայց հաճախ դուք կարող եք նկատել, որ Երկնային Հայրը խոսում է ձեր մտքի և սրտի հետ, երբ դուք զբաղված եք՝ ապրելով ձեր կյանքը և գործելով հավատքով:

Մնացեք կապի մեջ

Դուք կարող եք պահել ձեր կապը Երկնային Հոր հետ, երբ կանոնավոր կերպով և անկեղծորեն աղոթեք Նրան։ Սուրբ գրություններում ուսումնասիրեք Նրա խոսքը: Լսեք և հետևեք Նրա ընտրյալ ծառաներին՝ մարգարեներին և առաքյալներին: Եվ արեք հնարավոր ամեն բան՝ Նրա պատվիրանները պահելու համար։

Երկնային Հոր հետ կապված մնալը երջանկություն և իմաստ է տալիս մեր կյանքին: Այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Նրա ծրագիրը և զգալ Նրա սերը։ Մենք հասկանում ենք, թե երբ է Նա խոսում, երբ մենք ձգտում ենք մնալ ամենալավ հոգևոր վիճակում:

երիտասարդը նայում է հորիզոնին

Հանդարտ մնացեք

Սուրբ գրություններում Տերը մեզ հիշեցնում է․ «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը» (Սաղմոսներ 46.10, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101.16): Աշխարհը լցված է աղմուկով և շեղումներով, բայց Երկնային Հայրը բարձր ձայնով կամ աղմուկով չի խոսում: Նա խոսում է «մեղմ ու նուրբ ձայնով» (Գ Թագավորների 19.12): Մենք կարող ենք ճանաչել Նրա ազդեցությունը, երբ հանդարտ ենք։

Օրինակ՝ աղոթելու համար հանգիստ տեղ գտեք, ժամանակ տրամադրեք, որպեսզի շրջապատեք ձեզ բնության մեջ Աստծո ստեղծագործությունների գեղեցկությամբ կամ վայելեք ոգեշնչող երաժշտություն և արվեստ: Դրանք օգնում են մեր մտքերն ու սրտերը բաց պահել Երկնային Հոր հետ հատուկ փորձառությունների համար:

երիտասարդ կին

Հետևեք հուշումներին

Երկնային Հայրը հաճախ խոսում է մեզ հետ հուշումների միջոցով։ Բայց ինչպե՞ս կարող ենք հաստատ իմանալ, որ հուշումը գալիս է Նրանից։ Մորմոնի Գիրքը տալիս է լավ ուղեցույց․ «Ամեն բան, որ հրավիրում և հրապուրում է անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան, ոգեշնչված է Աստծուց» (Մորոնի 7․13)։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) մի անգամ ասել է. «Սա է ստուգման ձևը, երբ ամեն ինչ ասվել է և արվել: Արդյո՞ք այն համոզում է մարդուն բարի գործեր անել, բարձրանալ, հասակով մեկ կանգնել, ճիշտ գործել, բարի լինել, առատաձեռն լինել: Եթե այդպես է, ուրեմն դա Աստծո Հոգուց է»:

Հաճախ հուշումը կլինի «գնալ և անել» (տես 1 Նեփի 3.7) կամ ասել ինչ-որ բան: Երբ մենք գործենք այդ հուշումների համաձայն, հատկապես, երբ առաջին անգամ ենք զգում դա, ավելի շատ փորձառություններ կլինեն։ Ուստի, եթե զգում եք, որ պետք է ինչ-որ լավ կամ դրական բան ասեք կամ անեք, արեք դա։ Հաստատումը, որ դուք ճիշտ ուղու վրա եք, գալիս է, երբ դուք շարժվում եք:

երիտասարդներ

Առաջ շարժվեք հավատքով և վստահությամբ

Գիտակցելը, թե երբ է Աստված խոսում, գործընթաց է: Այն պահանջում է և հավատք, և վստահություն, որ Երկնային Հայրը կխոսի ձեզ հետ և կօգնի ձեզ անել շատ ավելին, քան դուք կարող եք ինքնուրույն անել։ Կարևոր է նաև հիշել, որ Երկնային Հայրը վստահում է ձեզ՝ ոչ միայն փնտրելու Իր առաջնորդությունը ձեր սեփական կյանքում, այլ նաև օրհնելու և բարձրացնելու ձեր շուրջը գտնվողներին:

Միշտ չէ, որ կունենաք բոլոր պատասխանները: Ձեզանից դա չի ակնկալվում: Բայց ձեզ քաջալերում են հավատքով գործել։ Երբ այդպես վարվեք, դուք կտեսնեք, որ Աստված կարող է խոսել ավելի շատ ձևերով, քան կարող եք պատկերացնել: Ժամանակի ընթացքում Նրա ձայնն ավելի պարզ կդառնա, Նրա առաջնորդությունը՝ ավելի ակնհայտ, և Նրա ներկայությունը՝ ավելի նկատելի, որպեսզի օգնի ձեզ դառնալ այն, ինչ Նա գիտի, որ դուք կարող եք դառնալ: