Երիտասարդներին զորացնելու համար
Թաքնված գանձեր
Մարտ 2025


Եկ, հետևիր ինձ

Վարդապետություն և Ուխտեր 18-28

Թաքնված գանձեր

Պրպտեք սուրբ գրությունները և կգտնեք ամեն տեսակ բաներ:

Ջոզեֆ Սմիթը առաջին տեսիլքի ժամանակ

Ժամանակակից հայտնությունը պարզաբանում է սուրբ գրությունները

Վարդապետություն և Ուխտեր 19

Վարդապետություն և Ուխտեր 19 բաժինը երկու բան է բացատրում Փրկչի մասին:

Ղուկասն ասում է, որ Տիրոջ քրտինքը Գեթսեմանի պարտեզում «դարձավ արյան կաթիլների պես» (Ղուկաս 22.44): «Պես» նշանակում է, որ դա պարզապես փոխաբերություն է:

Հիսուսը պարզաբանում է։ Նա ասում է, որ Իր տառապանքը ստիպեց Իրեն «արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18): Փոխաբերություններ չկան: Նրա վիշտն այնքան մեծ էր, որ նա իրոք արյուն էր թափել:

Մեկ այլ տեղ սուրբ գրություններն օգտագործում են նմանատիպ արտահայտություններ՝ «անվերջ տանջանք» և «հավերժական պատիժ»: Ալմա Կրտսերն ասում է, որ նա «պրկված էր հավերժական տանջանքից» (Ալմա 36.12): Բայց նրա տանջանքը տևեց ընդամենը երեք օր (տես Ալմա 36.16): Ինչպե՞ս է դա «հավերժական»։

Հիսուսը կրկին պարզաբանում է. Քանի որ Երկնային Հայրը և Հիսուսը հավերժական են և անվերջ, նրանց տված ցանկացած պատիժ, ըստ սահմանման, «հավերժական» կամ «անվերջ» պատիժ է՝ անկախ տևողությունից (տես Վարդապետություն և Ուխտեր 19.6–12)։ Միայն կորստի որդիների տառապանքը կտևի հավիտյան (տես Վարդապետություն և Ուխտեր 76.30–38

Մեկ մկրտությունը բավական է, բայց դա իշխանություն է պահանջում

Վարդապետություն և Ուխտեր 22

Ապագա նորադարձները հաճախ հարցնում են միսիոներներին. Ես արդեն մկրտվել եմ մեկ այլ եկեղեցում: Արդյո՞ք ես նորից պետք է մկրտվեմ:

Վարդապետություն և Ուխտերը բացատրում է, որ առանց քահանայության՝ Աստծո անունով գործելու իշխանության, «թեև մարդ մկրտված լինի հարյուր անգամ, դա նրան ոչնչով օգտակար չի լինի» (Վարդապետություն և Ուխտեր 22.2

Այսպիսով, պատասխանը հիմնականում հետևյալն է. «Ձեր նախորդ մկրտությունը արդար արարք էր՝ հիմնված այն ամենի վրա, ինչ դուք գիտեիք այդ ժամանակ: Այժմ դուք ավելի շատ բան գիտեք, և Տերն ուզում է, որ դուք գործեք այդ գիտելիքի համաձայն»:

Հիսուս Քրիստոսը սպասավորում է հաղորդությունը նեփիացիներին

Ոչ ոք ամեն ինչում կատարյալ չէ։ Եվ դա բնական է:

Վարդապետություն և Ուխտեր 24

Մարգարե Ջոզեֆ Սմիթը լավ չէր բիզնեսում կամ տնտեսագիտության մեջ: Աշխարհի աչքերում նա հաջողակ չէր։

Տերն ասաց նրան, որ այդպես կլինի. «Եվ նյութական գործերում դու ուժ չես ունենա, քանզի դա չէ քո կոչումը» (Վարդապետություն և Ուխտեր 24.9):

Դուք կունենաք ընկերներ և դասընկերներ, որոնք կսովորեն ավելի լավ համալսարաններում, կստանան ավելի հեղինակավոր աշխատանք և կունենան ավելի շատ աշխարհիկ հաջողություններ, քան դուք:

Դա նշանակություն չունի:

Կյանքը մրցույթ չէ: Իհարկե, դուք պետք է փորձեք հասնել ձեր լավագույն ներուժին: Բայց խուճապի մի մատնվեք, եթե տեսնեք, որ ուրիշները ձեզնից առաջ են անցնում կյանքի ճանապարհին: Հնարավոր է՝ նրանք դեպի նույն նպատակակետը չեն գնում, ինչ դուք։ Շարունակեք անել այն, ինչ Տերն է ուզում, որ դուք անեք՝ ձեր «կոչումը», և մի անհանգստացեք ուրիշների համար Նրա ծրագրերի մասին:

Տիրոջ տունը կարգ ու կանոնի տուն է

Վարդապետություն և Ուխտեր 27-28

Փրկիչը հաճախ էր հիշեցնում Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ ամեն ինչ պետք է արվի «կարգով» (տես Վարդապետություն և Ուխտեր 20.68, 28․13, 58․55, 107․84): Ձեզ անհրաժեշտ են կանոններ, այլապես քաոս կտիրի:

Բայց դա չի նշանակում, որ սեփական կամքով շարժվելու ազատություն չկա: Օրինակ՝ Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ «նշանակություն չունի, թե ինչ պիտի դուք ուտեք և թե ինչ պիտի դուք խմեք, երբ որ ճաշակեք հաղորդությունից», եթե դուք դա անում եք՝ ի հիշատակ Նրա տառապանքի և Քավության (Վարդապետություն և Ուխտեր 27.2):

Եկեղեցին առաջնորդելու հարցում, սակայն, սեփական կամքը կատարելու ազատություն չկա։ Միայն մեկ մարդ կարող է հայտնություն ստանալ Եկեղեցու համար. նախ՝ Ջոզեֆ Սմիթը (տես Վարդապետություն և Ուխտեր 28.2), այնուհետև նրանք, ում Տերը նշանակեց «նրա տեղը» (Վարդապետություն և Ուխտեր 28.7)՝ Բրիգամ Յանգ, Ջոն Թեյլոր և այլն, մինչև ներկայիս մարգարեն:

Եկեղեցու մյուս ոգեշնչված ղեկավարները կարող են ուսուցանել և խորհուրդ տալ (տես Վարդապետություն և Ուխտեր 28.4–5)։ Սակայն միայն Եկեղեցու նախագահը կարող է խոսել Աստծո անունից այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են ողջ Եկեղեցուն։