Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 100


Բաժին 100

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին և Սիդնի Ռիգդոնին, Փերիսբուրգում, Նյու Յորք, 1833թ. հոկտեմբերի 12-ին (History of the Church, 1.416, 419–421): Այս երկու եղբայրները, մի քանի օր բացակայելով իրենց ընտանիքներից, մտահոգված էին նրանց համար:

1–4՝ Ջոզեֆն ու Սիդնին պետք է քարոզեն ավետարանը հոգիների փրկության համար. 5–8՝ Անհրաժեշտ ժամին նրանց կտրվի, թե ինչ պիտի ասեն. 9–12՝ Սիդնին պիտի լինի խոսնակը, իսկ Ջոզեֆը պիտի լինի հայտնողը և վկայության մեջ զորավորը. 13–17՝ Տերը պիտի բարձրացնի մաքուր ժողովուրդ, և հնազանդները կփրկվեն:

1 Ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ, իմ բարեկամնե՛ր Սիդնի և Ջոզեֆ. Ձեր ընտանիքները բարվոք են. նրանք իմ ձեռքում են, և ես կվարվեմ նրանց հետ, ինչպես ինձ բարի է երևում. քանզի ինձանում է ողջ զորությունը:

2 Հետևաբար, հետևեք ինձ և լսեք խորհուրդը, որը ես կտամ ձեզ:

3 Ահա, տե՛ս, ես բազում ժողովուրդ ունեմ այս վայրում, մերձակա շրջաններում. և արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում, արևելյան այս հողում:

4 Հետևաբար, ես՝ Տերս, թույլ եմ տվել, որ դուք գաք այս վայրը. քանզի ինձ այդպես էր նպատակահարմար հոգիների փրկության համար:

5 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր ձայնը դեպի այս ժողովուրդը. ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում, և դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ.

6 Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք:

7 Բայց ես պատվիրան եմ տալիս ձեզ, որ ինչ որ հայտարարում եք, դուք պետք է հայտարարեք իմ անունով, սրտի հանդիսավորությամբ, հեզության ոգով, բոլոր բաներում:

8 Եվ ես տալիս եմ ձեզ այս խոստումը, որ որքան որ դուք անեք այդ, Սուրբ Հոգին կթափվի՝ վկայություն բերելով բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք:

9 Եվ ինձ նպատակահարմար է, որ դո՛ւ, իմ ծառա՛ Սիդնի, խոսնակ լինես այս ժողովրդի համար. այո, ճշմարիտ, ես կկարգեմ քեզ այս կոչմանը, այսինքն՝ խոսնակ լինելու իմ ծառա Ջոզեֆի համար:

10 Իսկ նրան ես զորություն կտամ՝ զորավոր լինելու վկայության մեջ:

11 Եվ ես քեզ զորություն կտամ՝ զորավոր լինելու բոլոր սուրբ գրքերը մեկնաբանելիս, որպեսզի դու խոսնակ լինես նրա համար, իսկ նա հայտնող լինի քեզ համար, որպեսզի դու իմանաս երկրի վրա իմ արքայությանը վերաբերող բոլոր բաների հաստատ լինելը:

12 Հետևաբար, շարունակեք ձեր ճամփորդությունը, և թող ձեր սրտերը ցնծան. քանզի ահա, տե՛ս, ես ձեզ հետ եմ, նույնիսկ մինչև վերջ:

13 Իսկ այժմ, ես տալիս եմ ձեզ մի խոսք Սիոնի վերաբերյալ: Սիոնը պիտի փրկագնվի, չնայած որ այն խրատվել է մի փոքր ժամանակով:

14 Քո եղբայրները՝ իմ ծառաներ Օրսոն Հայդը և Ջոն Գոլդը, իմ ձեռքերում են. և որքան որ նրանք պահեն իմ պատվիրանները, նրանք կփրկվեն:

15 Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն. քանզի բոլոր բաները միաժամանակ կգործեն նրանց բարիքի համար, ովքեր ուղիղ են քայլում, և եկեղեցու սրբագործման համար:

16 Քանզի ես ինձ համար մաքուր մի ժողովուրդ կբարձրացնեմ, որն արդարությամբ կծառայի ինձ.

17 Եվ բոլորը, ովքեր կանչում են Տիրոջ անունը, և պահում են նրա պատվիրանները, պիտի փրկվեն: Ճիշտ այդպես: Ամեն: