Սեմինարիա
Մաս 30. Օր 1, Հաջորդականությունը Նախագահությունում


Մաս 30. Օր 1

Հաջորդականությունը Նախագահությունում

Նախաբան

1844 թվականի հունիսի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրումի նահատակությունից հետո շատերը շփոթմունքի մեջ էին, թե ով պետք է առաջնորդի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Բայց նախքան իր մահը, Մարգարեն ղեկավարության այս փոխանցմանը պատրաստվել էր և քահանայության ղեկավարության բոլոր բանալիներն ու իշխանությունը շնորհել էր Տասներկու Առաքյալների Քվորումին։ Երբ 1844 թվականի օգոստոսի 8-ին Բրիգամ Յանգը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, խոսեց Սրբերի հետ, Եկեղեցու անդամներից շատերը հոգու կողմից վկայություն ստացան, որ նա կանչվել և նախապատրաստվել էր Աստծո կողմից՝ առաջնորդելու Եկեղեցին։

Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Նախագահների հաջորդականության ժամանակացույցը

Ամսաթիվ

Իրադարձություն

1844 թվականի հունիսի 27

Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին Իլինոյսի Քարթիջում։

1844 թվականի հունիսի 29

Ջոզեֆ և Հայրում Սմիթների դիերի հանրային դիտումը։

1844 թվականի հունիսի 27 - հուլիսի 7

Վիլլարդ Ռիչարդսը և վնասվածք ստացած Ջոն Թեյլորը միակ Առաքյալներն են Նավուում` Իլինոյս։

1844 թվականի հուլիսի 8

Փարլի Պ․ Պրատը վերադառնում է Նավու և օգնում Վիլլարդ Ռիչարդսին և Ջոն Թեյլորին Եկեղեցում կարգուկանոն հաստատել։

1844 թվականի օգոստոսի 3

Սիդնի Ռիգդոնը Պենսիլվանիայի Փիթսբուրգից ժամանում է Նավու։

1844 թվականի օգոստոսի 4

Սիդնի Ռիգդոնը մի խումբ Սրբերի ասում է, որ ինքը պետք է լինի Եկեղեցու խնամակալը և ցանկանում է օգոստոսի 6-ին հատուկ ժողով հրավիրել իր նշանակումը հաստատելու համար։ Հանդիպումը իրականում տեղի ունեցավ հինգշաբթի օրը` օգոստոսի 8-ին։

1844 թվականի օգոստոսի 6

Մնացած Առաքյալների մեծ մասը, այդ թվում՝ Բրիգամ Յանգը, Նավու վերադարձան իրենց միսիայից։

1844 թվականի օգոստոսի 7

Վնասվածք ստացած Ջոն Թեյլորի տանը Առաքյալները և Սիդնի Ռիգդոնն առավոտյան հանդիպեցին իրար։

Առաքյալների, բարձրագույն խորհրդի և քահանայապետերի կեսօրվա ժողովի ժամանակ Սիդնի Ռիգդոնը կրկին պնդեց, որ ինքը պետք է լինի Եկեղեցու խնամակալը։ Բրիգամ Յանգը նշեց, որ ինքը կրում է բանալիները և այդ առիթով ցանկանում է կատարել Տիրոջ կամքը։

1844 թվականի օգոստոսի 8

Առավոտյան 10:00-ի ժողովի ժամանակ Սիդնի Ռիգդոնը մեկ ու կես ժամ խոսում է հավաքված հազարավոր Սրբերի առջև՝ բացատրելով, թե ինչու ինքը պետք է խնամակալ կարգվի։ Բրիգամ Յանգը նույնպես խոսում է և կոչ է անում սրբերին կրկին հավաքվել ժամը 14:00-ի ժողովին։

Օրվա ընթացքում բազմաթիվ Սրբեր ականատես են լինում, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթի թիկնոցը կամ իշխանությունն ընկնում Բրիգամ Յանգի վրա։ Ժամը 14:00 ժողովի ժամանակ Սրբերը Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալներին հաստատում են որպես Եկեղեցու ղեկավարներ։

Երկու ժողովների ժամանակ բազմաթիվ Սրբեր ականատես են լինում, թե ինչպես է Բրիգամ Յանգը մի պահ երևում և խոսում Ջոզեֆ Սմիթի նման։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո որոշ մարդիկ պնդում էին Եկեղեցին ղեկավարելու իրենց իրավունքը

Պատկերացրեք, որ դուք իմանում եք, որ Եկեղեցու Նախագահը վախճանվել է անցած գիշեր։ Ո՞վ կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։ Ինչպե՞ս նա կընտրվի։ Ինչպե՞ս են փոխանցվում Եկեղեցին նախագահելու քահանայության բանալիները Եկեղեցու հաջորդ Նախագահին։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակվելուց հետո Սրբերը մեծապես տխրեցին և Եկեղեցու բազմաթիվ անդամներ շփոթված էին, թե ով պետք է ղեկավարի Եկեղեցին։ Այդ ժամանակ տարբեր մարդիկ պնդում էին, որ նրանք իրավունք ունեն ղեկավարելու Եկեղեցին։ Դրանց թվում էին Սիդնի Ռիգդոնը, Ջեյմս Սթրանգը և Բրիգամ Յանգը։

Հետևյալ պարբերությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչու Սիդնի Ռիգդոնը, ով երկար տարիներ շարունակ եղել էր Եկեղեցու հայտնի ղեկավար, պնդում էր, որ ինքը պետք է առաջնորդի Եկեղեցին։

«Սիդնի Ռիգդոնը, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը եկավ [Նավու] Պենսիլվանիայի Փիթսբուրգից 1844 թվականի օգոստոսի 3-ին։ Դրանից մեկ տարի առաջ նա սկսել էր հակառակվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհուրդներին և օտարվել էր [բաժանվել] Եկեղեցուց։ Նա հրաժարվեց հանդիպել Տասներկուսի երեք անդամների հետ դեռևս Նավուում և փոխարենը խոսեց Սրբերի մի մեծ խմբի հետ, որոնք հավաքվել էին իրենց Կիրակնօրյա երկրպագության ծառայությանը» (Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը [1996], 71)։

Սիդնի Ռիգդոնը մի հատուկ ժողով հրավիրեց, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 6-ին, երեքշաբթի օրը, որի ժամանակ Եկեղեցու անդամները կարող էին խնամակալ ընտրել Եկեղեցու համար։ Կարծես թե Սիդնի Ռիգդոնը փորձում էր այդ ժողովն անցկացնել այնպես, որպեսզի Եկեղեցու անդամները կարողանային որպես Եկեղեցու խնամակալ հաստատել իր դիրքը, նախքան բոլոր առաքյալները կվերադառնային Միացյալ Նահանգների արևելքի իրենց միսիայից։ Եկեղեցու որոշ ղեկավարներ զգացին, որ Եղբայր Ռիգդոնը ծրագրում է «օգտվել Սրբերի իճակից» (History of the Church, 7:225)։ Բարեբախտաբար, Երեց Վիլլարդ Ռիչարդսի և Երեց Փարլի Պ․ Պրատի ջանքերի շնորհիվ ժողովը տեղափոխվեց հինգշաբթի օրը, 1844 թվականի օգոստոսի 8-ին, որի ընթացքում առաքյալներից շատերը վերադարձան Նավու։

Սիդնի Ռիգդոնը պնդում էր դա, քանի որ նախկինում նա կանչվել և կարգվել էր որպես Ջոզեֆ Սմիթի խոսնակ, նրա պարտականությունն էր «համոզվել, որ Եկեղեցին ղեկավարվում է պատշաճ ձևով» (History of the Church, 7:229)։ Նա նաև պնդում էր, որ ինքը պետք է նշանակվի «ժողովրդի խնամակալ», և որ կատարելով իր պարտականությունը, նա անում էր այն, ինչն Աստված էր պատվիրել իրեն անել (տես History of the Church, 7:230)։

Նկար
Sidney Rigdon

Սիդնի Ռիգդոն

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Եթե այդ ժամանակ Նավուում լինեիք, ի՞նչ կմտածեիք Սիդնի Ռիգդոնի հավակնությունների մասին։

    2. Ի՞նչ մտահոգություններ կունենայիք Եղբայր Ռիգդոնի վերաբերյալ։

Հետևյալ պարբերությունը կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչու Ջեյմս Սթրանգն ասաց, որ ինքը կառաջնորդի Եկեղեցին․

Ջեյմս Սթրանգը, ով մկրտվել էր 1844 թվականի փետրվարին, 1844 թվականի գարնանը Վիսկոնսինում հնարավոր բնակության վայր էր փնտրում Սրբերի համար։ Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Ջեյմս Սթրանգը պնդում էր, որ նամակ էր ստացել նրանից , որտեղ նշվում էր, որ ինքն էր նշանակված` փոխարինելու Ջոզեֆին ։ Ջեյմս Սթրանգի նամակը, որը նա ցույց տվեց Եկեղեցու անդամներին, կարծես թե կրում էր Ջոզեֆ Սմիթի ստորագրությունը։ Ջեյմս Սթրանգը պնդեց, որ ինքը հաջորդ մարգարեն էր և իր դիրքորոշումը հայտարարեց 1844 թվականի օգոստոսի 5-ին Միչիգանում տեղի ունեցած Եկեղեցու համաժողովին։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Եթե դուք լինեիք Միչիգանի Սրբերի հետ, ձեր կարծիքով, ի՞նչը ձեզ համար համոզիչ կլիներ Ջեյմս Սթրանգի հավակնություններում։

    2. Ի՞նչ մտահոգություններ կունենայիք նրա հավակնությունների վերաբերյալ։

Հետևյալ պարբերությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց Բրիգամ Յանգը մյուս քահանայության ղեկավարներին, այդ թվում՝ Նավուում գտնվող Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին այն մասին, թե ով պետք է առաջնորդի Եկեղեցին․

Երեցներ Ջոն Թեյլորը, Վիլլարդ Ռիչարդսը և Փարլի Պ․ Պրատն արդեն գտնվում էին Նավուում, երբ Սիդնի Ռիգդոնը ժամանեց։ Մնացած Առաքյալների մեծ մասը, այդ թվում՝ Բրիգամ Յանգը, Նավու վերադարձան 1844 թվականի օգոստոսի 6-ի երեկոյան։ Հաջորդ օրը` օգոստոսի 7-ին, Առաքյալները խորհուրդ արեցին Ջոն Թեյլորի տանը։ Այդ օրը` ավելի ուշ, կեսօրվա ժողովի ժամանակ, Տասներկու Առաքյալները, բարձրագույն խորհուրդը և քահանայապետերը միասին հանդիպեցին Նավուում։ Նախագահ Յանգը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, խնդրեց Սիդնի Ռիգդոնին իր ուղերձը հայտնել Սրբերին։ Սիդնի Ռիգդոնը համարձակորեն հայտարարեց, որ նա տեսիլք էր տեսել, որով իմացել էր, որ ոչ մի մարդ չի կարող հաջորդել Ջոզեֆ Սմիթին` որպես Եկեղեցու Նախագահ։ Ապա նա առաջարկեց, որ ինքը նշանակվի որպես ժողովրդի խնամակալ։

Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց իր ելույթը, Բրիգամ Յանգն ասաց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ինձ չի մտահոգում, թե ով կառաջնորդի եկեղեցին, … բայց մի բան ես պետք է իմանամ, և դա այն է, թե ինչ է Աստված ասում այդ մասին։ Ես ունեմ բանալիները և միջոցները դրա վերաբերյալ Աստծո կամքն իմանալու համար։

Ջոզեֆը մեզ [վկայակոչելով Տասներկուսի Քվորումը] է շնորհել Առաքյալ լինելու բոլոր բանալիները և իշխանությունը, որը նա կրում էր մինչև մահանալը։

Որքան հաճախ է Ջոզեֆն ասել Տասներկուսին․ «Ես դրել եմ հիմքը և դուք պետք է կառուցեք դրա վրա, քանի որ ձեր ուսերին է հենվում արքայությունը» (History of the Church, 7:230)։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս էին Նախագահ Բրիգամ Յանգի ցանկությունները տարբերվում Սիդնի Ռիգդոնի և Ջեյմս Սթրանգի ցանկություններից։

    2. Ինչո՞ւ էր կարևոր քահանայության բանալիների վերաբերյալ Բրիգամ Յանգի վկայությունը։

Նախագահ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալների Քվորումի մյուս անդամներն ուսուցանեցին հետևյալ ճշմարտությունը․ Առաքյալները կրում են Եկեղեցին նախագահելու համար անհրաժեշտ քահանայության բոլոր բանալիները։

Քահանայության այդ նույն իշխանությունը և բանալիներն այսօր կրում են Առաքյալները։ Երբ Առաքյալ է կարգվում, նրան է տրվում երկրի վրա անհրաժեշտ քահանայության բոլոր բանալիները (տես ՎևՈւ 112․30–32), բայց այդ բանալիները կիրառելու լիազորությունը սահմանափակվում է ավագ Առաքյալով՝ Եկեղեցու Նախագահով։

Իր մահից ավելի քան 8 տարի առաջ, 1836 թվականի հունվարին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ցուցում էր տվել Տասներկու Առաքյալների Քվորումին, որ «Տասներկուսը ենթակա չեն որևէ մեկի, բացի Առաջին Նախագահությունից», և ապա նա ասել է․ «Որտեղ ես չկամ, չկա նաև Առաջին Նախագահություն Տասներկուսի գլխին» (History of the Church, 2:374)։

Համաձայն Մարգարե Ջոզեֆ Սմիթի տրված ցուցումի, ի՞նչ է պատահում Առաջին Նախագահությանը, երբ Եկեղեցու Նախագահը մահանում է։

Ո՞վ է առաջնորդում Եկեղեցին, երբ Առաջին Նախագահությունը լուծարվում է։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 124.127-28 հատվածները` փնտրելով, թե ով էր ավագ Առաքյալը և Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը մահացավ։

Բրիգամ Յանգը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, քանի որ ավագ Առաքյալն էր։ Երբ 1835 թվականին Քվորումը սկզբում կազմավորվեց, ավագությունը որոշվում էր տարիքով։ Անդամների ավելացմանը զուգընթաց ավագությունը որոշվեց կարգման ամսաթվով։ Ուստի, մեր օրերում ավագությունը որոշվում է այն տարեթվով և հերթականությամբ, երբ Առաքյալը կարգվում է։Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է և Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է նախագահող քվորում` ավագ Առաքյալի ղեկավարության ներքո:

Եկեղեցու նախագահության հաջորդականությունը հաստատվել է Տիրոջ կողմից, որպեսզի Եկեղեցին երբևէ չմնա առանց ոգեշնչված ղեկավարների և շահարկման ու բանավեճերի պատճառ չի լինի , թե ով կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։ Նախագահ Հարոլդ Բ․ Լին բացատրել է․ «[Տերը] գիտի, թե ով է ցանկանում նախագահել այս եկեղեցու վրա, և նա երբևէ չի սխալվի։ Տերը պատահականորեն ոչինչ չի անում։ Նա պատահականորեն ոչինչ չի արել» (in Conference Report, Oct. 1970, 153)։

Որպես ամփոփում, արքայության բանալիները շնորհվում են Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամին այն ժամանակ, երբ նա կարգվում է առաքյալ։ Ավագ Առաքյալը, ով նախագահում է Տասներկուսի Քվորումի վրա, որոշվում է իր կարգման ամսաթվով և հերթականությամբ։ Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահության Քվորումը լուծարվում է և խորհրդականները, եթե նախկինում եղել են Տասներկու Առաքյալների Քվորումի մեջ, վերադառնում են այդ քվորում և զբաղեցնում իրենց համապատասխան ավագության տեղերը։ Այնուհետև, Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է նախագահող քվորում և ղեկավարում Եկեղեցին։ Ավագ Առաքյալը, որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, ինքնաբերաբար և ակտիվորեն կրում և գործադրում է Արքայության Քահանայության բոլոր բանալիները և Նախագահում է ողջ Եկեղեցու վրա։ Որպես Եկեղեցու նախագահող ծառայող, Տասներկուսի Քվորումի Նախագահը իրավունք ունի հայտնություն ստանալ, թե երբ վերակազմավորի Առաջին Նախագահությունը։ Տիրոջ Եկեղեցու բոլոր գործերն արվում են իմաստությամբ և կարգով։

Շատերը հայտնություն ստացան, որ Նախագահ Բրիգամ Յանգը պետք է առաջնորդի Եկեղեցին

1844 թվականի օգոստոսի 8-ի առավոտյան ժամը 10:00-ին, Նավուի Սրբերը հավաքվել էին, որպեսզի լսեին Սիդնի Ռիգդոնի հավակնությունները Եկեղեցու խնամակալի վերաբերյալ։ Քանի որ քամին փչում էր բեմի ուղղությամբ, Եղբայր Ռիգդոնը իր տեղը գրավեց հավաքվածների հետևում գտնվող սայլի մեջ, որպեսզի ժողովուրդն ավելի լավ լսեր նրա ձայնը։ Հավաքվածները շրջվեցին, որպեսզի տեսնեին Եղբայր Ռիգդոնին քարոզելիս։ Նա մեկ ժամ ու կես խոսում էր հավաքված հազարավոր Սրբերի առջև՝ բացատրելով, թե ինչու ինքը պետք է խնամակալ կարգվի։ Մարդկանցից մի քանիսը նրա ելույթը բնութագրեցին ձանձրալի։

Նախագահ Բրիգամ Յանգը և Եկեղեցու մյուս ղեկավարները եկան և նստեցին Սիդնի Ռիգդոնի դիմացի բեմի վրա։ Այդ ժամանակ քամին հանդարտվեց։ Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց Նախագահ Բրիգամ Յանգը խոսեց։ Հանդիսատեսը շրջվեց լսելու Բրիգամ Յանգի ելույթը և մեջքով շրջվեց դեպի այն սայլը, որտեղ գտնվում էր Սիդնի Ռիգդոնը։ (Տես “Discourse by President Geo. Q. Cannon,” Deseret News, Feb. 21, 1883, 67:) Նախագահ Բրիգամ Յանգը հակիրճ խոսեց և ասաց, որ ինքն ավելի շուտ կնախընտրեր գալ Նավու` Մարգարեի մահը սգալու համար, քան նոր ղեկավար նշանակելու։ Նա հայտարարեց, որ ղեկավարների և անդամների ժողով տեղի կունենար այդ օրը ժամը 2:00-ին։ Երբ նա ելույթ ունեցավ, Եկեղեցու որոշ անդամներ տեսան, թե ինչպես Բրիգամ Յանգի արտաքին տեսքը և նրա ձայնը փոխվեցին և դարձան Մարգարե Ջոզեֆ Սմիթի նման։ Այդ հրաշք իրադարձությունն օգնեց բազմաթիվ Սրբերի հասկանալ, որ Տերը ցանկանում էր, որ Բրիգամ Յանգն առաջնորդեր Եկեղեցին։

Հետևյալ դեպքը կարդալիս, ուշադրություն դարձրեք, թե ինչպես Տերն օրհնեց Սրբերին, որպեսզի նրանք իմանային, թե ում էր Նա նշանակել առաջնորդելու Եկեղեցին։ «Թիկնոց» եզրույթը վերաբերում է այն իշխանությանը, որը Եկեղեցու Նախագահից (Ջոզեֆ Սմիթ) փոխանցվում է իր հաջորդին (Բրիգամ Յանգ)։

Նկար
Benjamin F. Johnson

Բենիամին Ֆ․ Ջոնսոնը հիշում է․ «Նախագահ Բրիգամ Յանգը կանգնեց և սկսեց խոսել։ Ես տեսա նրան կանգնած վիճակում, բայց երբ նա սկսեց խոսել, ես վեր ցատկեցի, քանի որ առանց որևէ կասկածի, դա Ջոզեֆի ձայնն էր և նրա անձն էր՝ նայվածքով, վերաբերմունքով, հագուստով և տեսքով անձնավորված Ջոզեֆն էր, և ես այդ իսկ պահից գիտեի, որ Ջոզեֆի հոգին և թիկնոցը նրա վրա էր» (My Life’s Review [1947], 103–4)։

Վիլիամ Ս․ Սթեինսը Բրիգամ Յանգին նկարագրել է. «կարծես նա խոսում էր «Մարգարե Ջոզեֆի ձայնով։ Ինձ թվաց` դա նա է, և այդպես վկայեցին նրան լսող հազարավոր մարդիկ» (in History of the Church, 7:236)։

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Եթե ես չտեսնեի նրան իմ սեփական աչքերով, ոչ ոք չէր կարող ինձ համոզել, որ դա Ջոզեֆ Սմիթը չէր, և այդ երկու տղամարդկանց ծանոթ ցանկացած մարդ կարող էր վկայել դա» (in History of the Church, 7:236)։

Նախագահ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալների Քվորումի այլ անդամներ ելույթ ունեցան կեսօրվա ժողովի ժամանակ։ Շատերը նշեցին, որ Բրիգամ Յանգի տեսքը և ձայնը նման էր Ջոզեֆ Սմիթի տեսքին և ձայնին, երբ նա խոսեց այդ օրը։ Ջորջ Ք․Քենոնը, ով 1844 թվականին 17 տարեկան էր, հիշում է․ «Եթե Ջոզեֆը հարություն առներ մեռելներից և խոսեր նրանց հետ, ապա արդյունքը չէր կարող ավելի ցնցող լիներ, քան դա տեղի ունեցավ այդ ժողովի բազմաթիվ մասնակիցների համար։ Դա Ջոզեֆի ձայնն էր, և ոչ միայն Ջոզեֆի ձայնն էր, որը լսվեց, այլ մարդկանց աչքին թվաց, թե ինքը` Ջոզեֆն էր անձամբ, ով կանգնած էր նրանց առաջ։ … Տերն Իր ժողովրդին վկայություն տվեց, որը կասկածի տեղ անգամ չթողեց, թե ով էր այն մարդը, ով ընտրված էր առաջնորդելու իրենց» (in History of the Church, 7:236)։

Բացի այդ հրաշքից, Սրբերից շատերին Սուրբ Հոգին վկայեց, որ Բրիգամ Յանգը և Տասներկու Առաքյալների Քվորումը կանչված են Աստծո կողմից՝ Եկեղեցին առաջնորդելու համար։ Այդ ժողովի ավարտին Նավուի Սրբերը միաձայն քվեարկեցին Բրիգամ Յանգի գլխավորությամբ Տասներկու Առաքյալների Քվորումի օգտին, որպեսզի նրանք առաջնորդեն Եկեղեցին։ Սակայն Եկեղեցու ոչ բոլոր անդամներն ի վերջո ընտրեցին հետևել Առաքյալներին։ Մարդկանցից ոմանք դրա փոխարեն ընտրեցին հետևել անհատների, ինչպես օրինակ՝ Սիդնի Ռիգդոնին և Ջեյմս Սթրանգին, ովքեր կազմավորեցին իրենց եկեղեցիները։

Եթե դուք ներկա լինեիք 1844 թվականի օգոստոսի 8-ի ժողովներից որևէ մեկին, ի՞նչ եզրահանգման կգայիք այն մասին, թե ում է Աստված կանչել առաջնորդելու Եկեղեցին։

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը մահացավ, ավագ Առաքյալը (Բրիգամ Յանգը) անմիջապես հնարավորություն ունեցավ կիրառելու քահանայության բոլոր բանալիները։ Նա հայտնություն ստանալու իրավունք ուներ, թե երբ պետք է կազմավորել նոր Առաջին Նախագահությունը։ 1847թվականին, նահատակությունից ավելի քան երկու տարի անց, Նախագահ Բրիգամ Յանգը ոգեշնչում ունեցավ վերակազմավորելու Առաջին Նախագահությունը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի կոչումում Եկեղեցին առաջնորդելու փոխարեն։ Մինչ Եկեղեցին շարունակում է աճել և ընդարձակվել, կարևոր է հիշել, որ Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք վկայություն ստանալ, որ Եկեղեցին առաջնորդող մարդիկ կանչվել են Աստծուց։

Նկար
Առաջին Նախագահություն, 2013 թվական

Առաջին Նախագահությունը, 2013 թվական

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայություն այն մասին, որ մեր Եկեղեցու ղեկավարները կանչված են Աստծո կողմից։

    2. Մտածեք, թե ե՞րբ եք վկայություն ստացել այն մասին, որ Եկեղեցու որևէ ղեկավար կանչված է եղել Աստծո կողմից։ Եթե դուք ունեցել եք այդպիսի փորձառություն, ի՞նչ եք արել այդ վկայությունը ստանալու համար։ Եթե դուք չեք ստացել վկայություն Եկեղեցու ղեկավարների համար, գրեք, թե ինչ կարող եք անել դա ստանալու համար։

  2. Խնդրեք ձեր ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին, որ նրանք կիսվեն իրենց փորձառությունով այն մասին, թե ինչպես են Սուրբ Հոգու միջոցով վկայություն ստացել, որ Եկեղեցու ղեկավարը կանչված է եղել Աստծո կողմից։ Դուք կարող եք նաև կիսվել նրանց հետ, թե ինչ եք գրել ձեր նախորդ օրագրի հանձնարարության ժամանակ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ի՞նչ եք դուք սովորել այդ մարդկանց փորձառությունից։

  3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Հաջորդականությունը նախագահությունում» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։