2022
Միսիոներները ծառայում են Սոֆիայի բեյսբոլային թիմերից մեկում
Մարտ 2022 թ․


Միսիոներները ծառայում են Սոֆիայի բեյսբոլային թիմերից մեկում

2021 թվականի ապրիլի 11-ից հուլիսի 28-ը երեց Լուիսը և երեց Դանբարը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները, մասնակցեցին «Աթլետիկ» (Սոֆիա) բեյսբոլային թիմի վարժանքներին ու խաղերին: Մենք նրանց մի քանի հարց տվեցինք իրենց հետաքրքիր փորձառության մասին:

Ի՞նչը ձեզ ստիպեց միանալ «Աթլետիկ» (Սոֆիա) բեյսբոլային թիմին:

Երեց Լյուիս. Դա հիանալի հարց է. ինձ ստիպում է հիշել այն պահը, երբ իմ միսիայի նախագահը խնդրեց ինձ օգտագործել բեյսբոլը, որպեսզի փորձեմ գտնել մարդկանց, ում կարող եմ ուսուցանել ավետարանը: Ես տեքստային հաղորդագրություններ ուղարկեցի շատ մարդկանց և կազմակերպությունների, և չորս տարբեր թիմեր ինձ հրավիրեցին խաղալ իրենց թիմերում: Ես գնացի և մարզվեցի նրանցից յուրաքանչյուրի հետ և ինձ դուր եկան դրանցից երկուսը՝ «Աթլետիկ» և «Ջունակ» թիմերը: Աղոթելուց հետո ես որոշեցի խաղալ առաջին թիմում, քանի որ զգացի, որ այդտեղ պիտի խաղամ։

Երեց Դանբար. Երեց Լյուիսը շատ բեյսբոլիստ ընկերներ ունի Բուլղարիայում, որոնց նա գտել է Ֆեյսբուքում: Նրանք մեզ հրավիրեցին մարզվելու, մենք գնացինք և հանդիպեցինք խաղացողների հետ, իսկ հետո աղոթքով որոշեցինք, որ «Աթլետիկը» մեր թիմն է։ Մենք նրանց ընտրեցինք ոչ թե իրենց կարողությունների, այլ այնտեղ հանդիպած մարդկանց համար։

Մասնակցե՞լ եք թիմային խաղերի և հաջողություն ունեցե՞լ եք:

Երեց Լյուիս. Այո՛, մասնակցել ենք: Մայիսին տեղի ունեցավ մի խաղ, որտեղ թիմը ցանկանում էր, որ ես խաղամ, քանի որ մյուս թիմը երեք տարի շարունակ չէր պարտվել: Ես գնդակ նետեցի ամբողջ խաղի ընթացքում, և մենք կարողացանք այնքան միավոր վաստակել, որ առաջին անգամ երկար տարիների ընթացքում կարողացանք 93:4 հաշվով հաղթել այդ թիմին:

Երեց Դանբար. Ես հիմնականում պահեստայինների նստարանին էի և աջակցում էի թիմին: Նաև օգնում էի նախավարժանքների ժամանակ։ Մեզ հաջողվեց հաղթել մի թիմի, որը երեք տարի չէր պարտվել։

Ի՞նչ էր անհրաժեշտ հաջողության հասնելու համար:

Երեց Լյուիս. Հաջողությունը գալիս է տքնաջան աշխատանքի շնորհիվ: Առանց առավելագույն ջանք գործադրելու ոչ մի բանի չես կարող հասնել։ Թեև ես չէի կարող այդքան ժամանակ հատկացնել բեյսբոլին (միսիոներ լինելու պատճառով), ես անընդհատ կատարելագործվում էի, քանի որ Տերն օգնում էր իմ ջանքերին: Ես դեռ փորձում եմ ամբողջովին նվիրվել, տքնաջան աշխատել, նույնիսկ, երբ դա միայն առավոտյան մարզումների և վարժվելու համար է: Հաջողությունը գալիս է միայն այն բանից հետո, երբ ներդնում եք այն ամենը, ինչ ունեք: Քանի որ ես փորձում էի օգնել այս թիմին հաջողության հասնել, նկատում էի, թե ինչպես եմ առաջադիմում և կատարելագործվում, քանի որ Տերը հնարավորություն տվեց օգնել ինձ շրջապատող մարդկանց:

Երեց Դանբար. Համառություն: Մարդիկ հաջողության են հասնում, երբ աշխատում են եռանդով, նույնիսկ այն ժամանակ, երբ բախվում են մարտահրավերների, և փառքի չեն հասնում:

Կպատմե՞ք «Աթլետիկում» (Սոֆիա) ձեր ծառայության մասին:

Երեց Լյուիս. Նախ՝ ես հասկացել եմ, որ կարող եմ օգնել շատ մարդկանց խաղալ սովորել: Իրականում, ես ուսուցանել եմ եկեղեցու անդամ Ռոսսեն Գեորգիևին, և հաճելի էր աշխատել նրա ու թիմի մնացած անդամների հետ: Մարզումների ժամանակ մարդիկ շատ առատաձեռն ու բարի էին մեր հանդեպ, մեզ հարգանքով էին վերաբերվում, որովհետև մենք ծառայում էինք նրանց։ Ինձ հաջողվեց շտկել խաղացողներից շատերի տեխնիկան ու վարպետությունը, և դա նրանց ավելի լավը դարձրեց: Ես նաև փորձում էի բեյսբոլն ավելի հայտնի դարձնել Բուլղարիայում, քանի որ սա երեխաներին և դեռահասներին վատ ու կործանարար ազդեցություններից հեռացնելու եղանակներից մեկն է:

Երեց Դանբար․ Ես չէի կարողանում շատ օգնել խաղի ժամանակ, բայց միանշանակ խրախուսում էի խաղացողներին գնալ իրենց երազանքների հետևից և հավատալ իրենց ներուժին: Իմ միսիայի ընթացքում ես հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ հուսահատվում: Նրանք սկսում են ընդունել միջակությունը։ Ես պատիվ եմ ունեցել ցույց տալու նրանց, որ իրենք Աստծո զավակներն են և իսկապես շատ յուրահատուկ են:

Ինչպիսի՞ հարաբերություններ եք կառուցել թիմի խաղացողների և ղեկավարների հետ:

Երեց Լյուիս. Մեկ այլ հիանալի հարց: Այս մարդկանց հետ իմ հարաբերություններն ամենաամոտն են եղել այստեղ՝ Բուլղարիայում: Ես և երեց Դանբարը ծանոթացանք խաղացողներից յուրաքանչյուրի հետ, և նրանք մեր շատ լավ ընկերներն են: Նրանք իսկապես կլինեն մեր ընկերները մեր ողջ կյանքում: Ես շատ շնորհակալ եմ այն ​​հարաբերությունների և ընկերների համար, որոնք ձեռք եմ բերել բեյսբոլ խաղալիս: Մարզիչը բացառություն չէ, ինչ-որ տեղ ես ստիպված էի նրան մարզել (ծիծաղում է), բայց եթե լուրջ, ապա ինձ բարյացակամ ու ընկերական են վերաբերվել՝ ինչպես մարզիչները, այնպես էլ խաղացողները:

Երեց Դանբար. Ես լավ հարաբերություններ ունեի խաղացողների և մարզիչների հետ: Որպես միսիոներ ես սովոր եմ շփվել մարդկանց հետ և իմ ջանքերը ներդնել միայն ավետարանի վրա: Այս հնարավորությունը շատ ավելի բնական էր թվում, քանի որ մենք այնտեղ էինք միայն մարզելու և օգնելու համար։ Մարդիկ շատ ավելի անկեղծ էին, քանի որ մենք իսկական ընկերներ էինք։

Ավետարանով կիսվելու հնարավորություն ունեցե՞լ եք:

Երեց Լյուիս. Մենք մի քանի հնարավորություն ենք ունեցել կիսվելու ավետարանով: Որոշ ժամանակ մենք փորձում էինք հանդիպել խաղացողներից երկուսի հետ, որպեսզի նրանց ավելի շատ բան սովորեցնենք, բայց քանի որ նրանք շատ զբաղված էին, մենք չէինք կարող նրանց հետ դասեր անցկացնել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նրանց մի փոքր պատմել մեր Եկեղեցու և համոզմունքների մասին, որոնք, ըստ երևույթին, նրանք հարգում և հասկանում էին: Մենք շարունակելու ենք հուսալ և փորձել: «Կապույտները»-ի (երեք տարվա անպարտելի թիմի) հետ խաղի ժամանակ ես նկատեցի, թե ինչպես բոլորը սկսեցին խոսել «ամերիկյան նետողի» մասին, և հիմա շատերը գիտեն, թե ովքեր են միսիոներները: Հուսով եմ, որ սա դրական ազդեցություն կունենա համայնքի վրա և կհաստատի Եկեղեցու բարի անունը:

Երեց Դանբար. Այո՛: Ամեն անգամ, երբ գալիս ենք մարզումների, մենք կիսում ենք Հիսուս Քրիստոսի լույսը: Խաղացողներից ոմանք հետաքրքրվեցին մեր ուղերձով, բայց մենք չկարողացանք շատ բանով կիսվել: Երիտասարդական թիմից մի տղայի, ով շատ հարցեր ուներ մեր համոզմունքների վերաբերյալ, հրավիրեցի իր ընտանիքի հետ եկեղեցի գալ, երբ մենք սկսենք առկա ժողովները:

Ձեր փորձառությունն ինչպե՞ս օգնեց ձեզ աճել հոգևորապես և զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ:

Երեց Լյուիս. Այս փորձառությունն ինձ օգնեց հոգևորապես աճել և սովորել, որ սերն ու ծառայությունը կարող են ավելի շատ սրտեր փոխել, քան ուրիշ այլ բաներ, որ կարող եք անել: Ես սովորեցի, թե ինչպես սիրել այս մարդկանց և ինչպես արտահայտել իմ սերը ծառայության միջոցով: Իմ հավատքը նույնպես մեծացավ, քանի որ ամբողջովին նվիրվեցի ավետարանով կիսվելու գործին՝ հավատալով, որ նրանք դրական կարձագանքեն և կցանկանան ավելի շատ բան սովորել ապագայում: Ես զարգացրի համբերություն և սեր: Իմ սերը Բուլղարիայի և բուլղարացիների նկատմամբ իսկապես աճեց, քանի որ ինձ հաջողվեց նրանց հետ բնական ճանապարհներով կապ հաստատել: Ես երբեք չեմ մոռանա այս փորձառությունը։

Երեց Դանբար. Դա ինձ օգնեց վստահել Աստծուն: Ես ինքս բեյսբոլիստ չեմ, բայց ինչ-ինչ պատճառներով հիմա Լյուիսի հետ եմ: Սկզբում անհանգստանում էի խաղադաշտում իմ կարողությունների և մարդկանց հետ բնականոն շփվելու համար: Բայց այն փաստը, որ Աստված ինձ բերեց այստեղ և վստահեց ինձ, օգնեց ինձ վստահություն գտնել ինքս իմ հանդեպ: Մեր հմտությունները կարևոր չեն, մեր պատրաստակամությունն է կարևոր։ Ես կատարյալ խաղացող կամ միսիոներ չեմ, բայց փորձում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ և շատ շնորհակալ եմ այն ​​օգնության համար, որ Աստված ինձ տալիս է այդ ճանապարհին: