2022
Իրականում ի՞նչ է ակնածանքը
Մարտ 2022 թ․


«Իրականում ի՞նչ է ակնածանքը», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Իրականում ի՞նչ է ակնածանքը

Երբ մենք ընդլայնում ենք ակնածանքի մասին մեր ըմբռնումը, մենք մեծացնում ենք ակնածալից լինելու մեր կարողությունը՝ նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում:

Նկար
ականջակալներով տղա

Իմ ունեցած մի քանի յուրահատուկ փորձառությունների պատճառով ես մտածում էի ակնածանքի իմաստի մասին: Ահա թե ինչպես է Առաջին Նախագահության առաջին խորհրդական, նախագահ Դալին Հ. Օուքսը սահմանում այն.

«Երկրպագությունը հաճախ գործողություն է պահանջում, սակայն ճշմարիտ երկրպագությունը ներառում է մտքի որոշակի վերաբերմունք:

Երկրպագության հանդեպ վերաբերմունքը առաջացնում է հավատարմության, երկրպագության և ակնածանքի ամենախորը զգացումներ: Երկրպագությունը միավորում է սերն ու ակնածանքը՝ նվիրվածության վիճակում, որը մեր հոգիներն ավելի է մոտեցնում Աստծուն»: 1

Ի՞նչ է գալիս ձեր միտքը, երբ մտածում եք ակնածանքի մասին: Հետևյալ սցենարները կհամարվեն ակնածալի՞ց, թե՞ անհարգալից՝ հաղորդության ժողովի ժամանակ:

  1. Երեխան նկարում է իր գունազարդման գրքում:

  2. Ականջակալներ հագած երիտասարդը հաղորդություն է փոխանցում:

  3. Տղամարդը ցատկոտում է և ձեռքերը թափահարում:

  4. Մի երիտասարդ կին իր հեռախոսով խաղ է խաղում:

  5. Մի միսիոներ հանկարծ բղավում է:

  6. Մի կին միշտ նստում է նախասրահում, երբեք չի նստում ժողովների սենյակում:

  7. Տղամարդը պառկած է ժողովների սենյակի միջանցքում գտնվող ներքնակի վրա:

  8. Մի խումբ անդամներ խոսում են բարձր ձայնով և ձեռքերի շարժումներով:

  9. Մի դեռահաս աղջիկ նստած է իր աթոռի տակ:

  10. Ժողովների սենյակի հետևի մասում մի կին հետ ու առաջ է քայլում:

Մեզանից շատերը կհամաձայնվեն, որ հաղորդության ժողովի ժամանակ միսիոների բղավոցը շատ ավելի քիչ ակնածալից է, քան երեխաները, ովքեր իրենց զբաղեցնելու համար նկարներ են նկարում: Բայց եկեք մի պահ վերանայենք ակնածանքի վերաբերյալ մեր ենթադրությունները՝ անցնելով այս 10 իրական սցենարների միջով, որոնցից յուրաքանչյուրը ես անձամբ զգացել եմ Եկեղեցու ժողովներում:

  1. Երեխան նկարում է եկեղեցում: Այս գործելակերպը սովորական է և ընդունելի է գրեթե բոլոր անդամների կողմից: Մենք գիտենք, որ դա սովորաբար անհարգալից չէ, քանի դեռ թույլ չենք տալիս մեզ շեղվել դրանով:

  2. Տղամարդը հաղորդություն է փոխանցում, մինչ ականջակալներով երաժշտություն է լսում: Սա շատ դեպքերում ոչ պատշաճ կլինի: Բայց թույլ տվեք կիսվել «պատմության մնացած մասով»: Ես ճանաչում էի մի մարդու, ով ունի ամուր վկայություն, ծառայել է միսիա և ընդունել է տարբեր կոչումներ: Սակայն վերջին տարիներին նրա մոտ ախտորոշվել է շիզոաֆեկտիվ խանգարում: Ականջակալներ կրելը թույլ է տալիս լսել մեղմ, խաղաղ երաժշտություն և օգնում է արգելափակել նրա գլխում մշտապես առկա ձայները: Նա կարողանում է զգալ Հոգին և ակնածանքով ծառայել ուրիշներին իր ականջակալների օգնությամբ:

  3. Մի երիտասարդ թռչկոտում է և անկանոն թափահարում է ձեռքերը: Պատմության մնացած մասը. Աուտիզմ ունեցող առանց խոսքերի հաղորդակցվող այս եղբայրը ոգևորվում է ամեն անգամ, երբ տեսնում է եպիսկոպոսին կանգնած դիրքում: Նա փոխանցում է իր խանդավառությունը ծափ տալով և ցատկելով:

    Նկար
    Children attend primary. One has a service dog and another is in a wheelchair.
  4. Մի երիտասարդ կին իր հեռախոսով խաղ է խաղում: Պատմության մնացած մասը. այս քույրը պայքարում է իր սոցիալական անհանգստության դեմ՝ հանգիստ խաղեր խաղալով իր հեռախոսով: Իրականում, նա ավելի լավ է կարողանում ակնածանքով լսել և ընդունել ելույթ ունեցողների ուղերձները, քանի որ նրա անհանգստությունը ուրիշ տեղ է կենտրոնացած:

  5. Մի միսիոներ հանկարծ բղավում է: Պատմության մնացած մասը. երբ ես միսիոներների ուսուցման կենտրոնում էի, մեր տարածքի մի միսիոներ Տուրետի համախտանիշ ուներ: Նա պարբերաբար գոռում էր դասարանում, ճաշասենյակում և Եկեղեցու ժողովների ժամանակ: Նրա բղավոցը անհարգալից չէր դիտվում. մենք շուտով տեսանք, որ նա պատրաստ էր ծառայել՝ փափագելով կիսվել ավետարանով, և լի էր Հոգով:

  6. Ամեն շաբաթ մի կին նստում է ճեմասրահում և երբեք չի նստում ժողովների սենյակում: Պատմության մնացած մասը. երբ ես աշխատում էի Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցում, մի քույր գրեց Հաշմանդամության ծառայությունների մեր գրասենյակին՝ զինվորական ծառայության պատճառով առաջացած հետվնասվածքային սթրեսային խանգարումների իր փորձի մասին: Քանի որ բջջային հեռախոսի զանգը կամ այլ հանկարծակի աղմուկը կարող էին պատերազմական իրավիճակի զգացողություններ առաջացնել, նա երբեք չէր նստում ժողովների սենյակում, որպեսզի ակամայից չվիրավորեր որևէ մեկին:

  7. Միջանցքում ներքնակի վրա պառկած է մի մարդ: Պատմության մնացած մասը. երբ ես տեղափոխվեցի նոր ծուխ, զարմացա, երբ ժողովների սենյակում տեսա մի եղբոր, ով պառկած էր հիվանդանոցի շարժական մահճակալի վրա: Այս մարդը հաշմանդամության շատ տեսակներ ուներ և միայն այդ կերպ էր կարողանում եկեղեցի հաճախել: Ես շուտով հասկացա, որ դա բնորոշ էր այդ ծխին, և արագ հարմարվեցի: Նրա այնտեղ գտնվելը անպատշաճ չէր, այլ, փաստորեն, բոլորովին հակառակը: Ի վերջո, չէ՞ որ Փրկիչը բժշկեց մի մարդու, որին, իր մահճակալով ընկերներն իջեցրել էին մարդաշատ տան մեջ (տես Ղուկաս 5.18–20):

  8. Մի խումբ անդամներ խոսում են բարձր ձայնով և ձեռքերի շարժումներով: Պատմության մնացած մասը. «Խուլ» համայնքները կարող են «բարձրաձայն» լինել լսող մասնակիցների համար: Խուլ համայնքի համար անհարգալից չէ, որ ինչ-որ մեկը աղմկի, ծիծաղի կամ բարձրաձայն հազա, բայց անդամների համար անհարգալից է համարվում հաղորդության ժողովի ժամանակ նշաններով աշխարհիկ բաներ ցույց տալը:

  9. Դեռահաս աղջիկը նստած է աթոռների տակ: Պատմության մնացած մասը. երբ ես դեռահաս էի, իմ տարիքի աղջիկներից մեկը դասին միշտ նստում էր իր աթոռի տակ: Այս երիտասարդ քույրը մեծացել էր բազմաթիվ խնամատար տներում, և իրեն ապահով էր զգում միայն փակ տարածքում: Այդ ժամանակից ի վեր ես հասկացա, որ մենք չենք կարող ակնկալել, որ ուսանողները կսովորեն, երբ ինքնաբերաբար պատասխանեն սթրեսին, հակադարձեն, փախչեն կամ անշարժ կանգնեն: Ուսանողները պետք է ապահով զգան, եթե ցանկանում են սովորել և, ամենակարևորը, զգալ Փրկիչի սերը:

  10. Ճեմասրահում մի կին հետ ու առաջ է քայլում: Պատմության մնացած մասը. սա, ըստ էության, ես եմ: Ես ավելի քան մեկ տասնամյակ պայքարել եմ ուժեղ անհանգստության դեմ, որը կապված էր առողջական այլ խնդիրների հետ: Այդ ժամանակ եկեղեցուն մասնակցելու միակ միջոցն այն էր, որ ես պետք է կարողանամ շարժվել: Քայլելը կամ որևէ բարդ խաղալիքով խաղալը երբեմն միակ միջոցն է, որով կարող եմ ուշադրություն դարձնել ելույթ ունեցողներին և զգալ Հոգին: 

Սատանան օգտվում է այն փաստից, որ մենք միշտ չէ, որ գիտենք պատմության մնացած մասը, և միշտ չէ, որ գիտենք, թե մեր եղբայրներն ու քույրերն ինչ մարտահրավերների են բախվում ամեն օր: Նա ցանկանում է, որ մենք մոռանանք, որ անդամների մեծ մասը առավելագույն ջանքերն է գործադրում, անկախ նրանից, թե ինչ տեսք ունի դա ուրիշների համար: Սցենարները, որոնք ես թվարկեցի վերևում, գուցե հազվագյուտ են, բայց դրանք ներկայացնում են բազմաթիվ անձնական մաքառումներ, որոնցով առաջնորդվում են մեր ընկերները՝ եկեղեցի հաճախելու ընթացքում:

Կարծում եմ՝ սատանան կուզենար, որ մենք հավատայինք, թե ուրիշների պայքարը, տարբերություններն ու թուլությունները խոչընդոտում են մեր երկրպագությանը: Իրականում, ես պարզել եմ, որ հենց այդ թվացյալ խանգարման պահերին եմ ես ամենից շատ սովորում իմ Փրկիչի սիրո մասին:

Ինչ եմ սովորել ակնածանքի մասին

Նկար
կինը օգտագործում է նշանների լեզուն

1. Ակնածանքը ընտրություն է և հմտություն

Ինձանից է կախված՝ արդյոք ես ակնածանք կզգամ: Շատ հաճախ ես ակնածանք չեմ զգում, քանի որ ինձ թույլ եմ տալիս շեղվել: Երբ ես զարգացնեմ իմ հոգևոր կարգապահությունը և մարզեմ իմ hոգին՝ կենտրոնանալով կարևորի վրա, ես ավելի լավ կկարողանամ վերցնել ամբողջ պատասխանատվությունը՝ իմ Երկնային Հոր հետ հարաբերությունների համար:

2. Ակնածալից վարքը նույնը չէ յուրաքանչյուր անհատի համար

Մեր ընտանիքի բարեկամը, ով 17 տարի բանտում էր, Հոգուն ընդունեց իր խուցը՝ կառուցելով թղթե տաճարների բարդ մոդելներ: Ակնածանքը կարող է ներկա լինել ցանկացած իրավիճակում, եթե մենք ընդունում ենք Հոգուն:

3. Ակնածանքը կարելի է խրախուսել, բայց դա անձնական ընտրություն է

Ակնածանքը գալիս է «երկրպագության հանդեպ վերաբերմունք» սնուցելու ներքին պարտավորության միջոցով: Այն կարող է ներկա լինել միայն այն ժամանակ, երբ մենք անկեղծորեն զգում և ցուցադրում ենք մեր սերը Տիրոջ և մյուս անդամների հանդեպ: Հայրս մի անգամ ինձ ասաց, որ երբ մենք ընդունում ենք պատասխանատվությունը մեր ակնածանքի համար, մեր հեռանկարը փոխվում է «Դուք խոչընդոտու՛մ եք իմ երկրպագությանն այստեղ» արտահայտությունից դեպի՝ «Ամեն ինչ լավ է: Դուք ընդունված եք այստեղ։ Դուք չեք խանգարում ինձ լինել ակնածալից, քանի որ ես եմ նախընտրում լինել ակնածալից»: Հետո մենք հասկանում ենք, որ ուրիշների գործողությունները չպետք է խոչընդոտեն մեր Փրկիչի և Երկնային Հոր հետ մեր անձնական փոխհարաբերություններին: Անշուշտ, սեփական ակնածանքի համար անձնական պատասխանատվություն կրելը չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք, թե մեր վարքագիծն ինչպես կարող է ազդել ուրիշների փորձառության վրա: Անձնական ակնածանքի մեր ջանքերը կարող են լինել մեր եղբայրների և քույրերի հանդեպ մեր սիրո ընդլայնումը:

Ինչպես էր սպասավորում Փրկիչը

Ծառայության գեղեցիկ օրինակով Փրկիչը կարեկցեց այն մարդուն, ում տիրում էր դևերի լեգեոնը: Թեև մարդը բղավում էր և առանց հագուստի շրջում, Հիսուսը չհրաժարվեց բուժել նրան: Միայն բուժվելուց հետո այս մարդը կարողացավ «հագուած եւ զգաստացած Յիսուսի ոտների մօտ» նստել՝ խնդրելով, որ ինքը մնա Տիրոջ հետ: (Տես Ղուկաս 8.27–39, տես նաև Մարկոս 5.1–20)

Նմանապես, Հիսուսը անմաքուր ոգով պատանուն չասաց, որ դադարեցնի թավալվելը, փրփրելը և կրճտոցը, մինչև որ Ինքը բժշկի նրան (տես Մարկոս 9.17–27): Նա այս պայմանները դիտարկեց որպես մահկանացու փորձառություններ, այլ ոչ թե հոգևոր արատներ: Նա մերժեց միայն փարիսեցիներին, քանի որ նրանց ինքնավստահությունն ու հպարտությունը կանխեցին բժշկումը:

Երբ ես և դուք ընդլայնենք մեր ակնածանքի սահմանումը, մենք ավելի լավ կկարողանանք ուսուցանել և ծառայել Փրկիչի ձևով: Մենք կհիշենք յուրաքանչյուր հոգու արժեքը Աստծո աչքում (տես Վարդապետություն և Ուխտեր 18.10): Մենք կկարողանանք ակնածալից լինել նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում:

Հավանաբար, Տիրոջ աչքում ակնածանքը քիչ կապ ունի անշարժ նստելու և մեղմ խոսելու հետ, և ավելի շատ կապված է մեր մտքի անշարժության և մեր սրտերի մեղմության հետ:

Հեղինակն ապրում է Տեխասում (ԱՄՆ)։

Հղումներ

  1. Dallin H. Oaks, Pure in Heart (1988), 125: