2022
Դուք ամեն օր փնտրո՞ւմ եք Քրիստոսին։
Մարտ 2022 թ․


«Դուք փնտրու՞մ եք Քրիստոսին ամեն օր», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Չափահաս երիտասարդներ

Դուք փնտրո՞ւմ եք Քրիստոսին ամեն օր

Տաճարում ունեցած իմ փորձառությունն օգնեց ինձ հասկանալ, որ ես պետք է ձգտեմ ամեն օր փնտրել Քրիստոսին:

Հեղինակն ապրում է Գվատեմալայում:

Նկար
չափահաս երիտասարդ տղամարդը կարդում է սուրբ գրությունները բաց պատուհանի մոտ

Երբ փոքր էի, ինքս ինձ այսպիսի հարցեր էի տալիս. «Արդյո՞ք Սուրբ Հոգին խոսու՞մ է»: «Երբ երկինք գնամ, կտեսնե՞մ Աստծուն»:

Հիմա, երբ ես մի փոքր մեծացել եմ, կարող եմ հետ նայել և տեսնել, որ Երկնային Հայրը միշտ առաջնորդել է ինձ և ցույց է տվել ապացույցներ, որ Ինքը գոյություն ունի, բայց միշտ չէ, որ ես կարողացել եմ ճանաչել Նրա ազդեցությունն իմ կյանքում: Ես օրհնված էի, քանի որ մեծանում էի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով ապրող ընտանիքում, բայց երկար ժամանակ ապրում էի ուրիշների վկայությամբ: Ինձ համար դժվար էր հավատալ, որ Աստված իսկապես իրական է:

Մի օր, երբ գրեթե 15 տարեկան էի, իմ եպիսկոպոսը հայտարարեց ծխի տաճարային ուղևորության մասին: Ես արդեն սովոր էի տաճար գնալ իմ ընտանիքի հետ, այնպես որ չէի կարծում, որ դա մի մեծ գործ էր: Ամեն դեպքում, ես, իրոք, այդքան էլ չեմ զգացել և հասկացել տաճարում կատարվող ուխտերի և արարողությունների կարևորությունը:

Երբ օրը եկավ, ես մտա տաճար և հագա իմ սպիտակ հագուստը: Երբ անցնում էի հայելու կողքով, տեսա ինձ՝ սպիտակ հագած և ժպիտը դեմքիս: Երբ ես սպասում էի իմ ծխի մնացած անդամներին, կարծես, վախ էի զգում: Ես մտորում էի մկրտության ավազանի և նկարների գեղեցկության մասին, երբ հանկարծ զգացի, որ Հոգին մեղմորեն դիպավ իմ սրտին:

Ես երբեք չեմ մոռանա այն խոսքերը, որոնք միտքս եկան. «Օրսոն, սա Տիրոջ տունն է: Նա սիրում է քեզ: Նա ցանկանում է, որ դու փոխես քո կյանքը և աստիճանաբար ձգտես ավելի լավ մարդ դառնալ»:

Այդ բառերի մեջ ես այնքան շատ սեր զգացի, բայց հանկարծ մեղքի զգացումը պատեց ինձ: Մինչև այս պահը ես լուրջ չէի վերաբերվել տաճարին: Ուստի ես ի սրտե աղոթեցի՝ խնդրելով Երկնային Հորը ներել ինձ:

Եվ ես գիտեի, որ Նա լսել էր իմ աղոթքը, քանի որ մեծ խաղաղություն զգացի իմ սրտում:

Այդ օրը իմ հավատքն ավելի խորացավ, և ես ստացա ավետարանի այն իսկական վկայությունը, որը տենչում էի: Այդ օրը, նույն հաստատակամությամբ, ինչպես Հովհաննեսի այն երկու աշակերտները, ես կարողացա ասել. «Մեսիան գտել ենք» (տես Հովհաննես 1.41):

Միավորվելու պարզ եղանակներ

Այս փորձառությունից ի վեր ես ձգտել եմ ավելի լավ ճանաչել Երկնային Հոր ազդեցությունն իմ կյանքում ՝ ամեն օր փնտրելով Հիսուս Քրիստոսին: Թեև աշխարհի ազդեցությունը կարող է երբեմն դժվարացնել լսելու Փրկիչի ձայնը, ես այժմ գիտեմ, որ Նա իսկապես իրական է և Նա ինձ հետ է:

Մեզանից շատերն ունենում են օրեր, երբ սովորականից մի փոքր ավելի մոտ են զգում երկնքին: Մենք ունենք նաև դժվարին օրեր, երբ պայքարում ենք Նրա ազդեցությունը զգալու համար՝ անկախ մեր ջանքերից, կամ զբաղված օրեր, երբ բավարար ժամանակ չենք գտնում Նրան փնտրելու համար: Բայց ես գիտեմ, որ եթե մենք Նրան փնտրելու անկեղծ ցանկություն ունենանք, անշուշտ կտեսնենք Նրա ձեռքը մեր կյանքում:

Երբ զգում եք, որ կտրված եք Փրկիչից, հարցրեք ինքներդ ձեզ՝ Արդյո՞ք ես ամեն օր ձգտում եմ գտնել Մեսիային:

Երբ մենք ձգտում ենք նմանվել հին առաքյալներին, մի պահ թողնելով մեր ցանցերը (տես Մատթեոս 4.20), այլ պարտականություններն ու հետաքրքրությունները Նրան դիմելու համար՝ մենք կգտնենք Նրան:

Կան հոգևոր զորության աղբյուրներ, որոնք կարող են օգնել մեզ: Ալմա մարգարեն հիշեցրել է մեզ, որ «փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6): Հոգևոր սովորույթները և հավատքի փոքր գործողությունները, որոնք մենք կատարում ենք ամեն օր, կարող են օգնել մեզ մեծացնել մեր կյանքում Տիրոջը ճանաչելու կարողությունը:

Այդ հոգևոր գործիքներից մի քանիսն են.

  • Աղոթել հավատքով

  • Սուրբ գրությունների նպատակային և իմաստալի ուսումնասիրությունը

  • Անշահախնդիր ծառայել ուրիշներին

  • Ընկերոջ հետ կիսվել ձեր վկայությամբ

  • Լսել օրհներգեր կամ հոգևոր երաժշտություն

  • Մասնակցել Ինստիտուտին

  • Սուրբ պահել Հանգստության օրը

  • Ծոմապահություն

  • Կանոնավոր հաճախել տաճար

Շատ բաներ կարող են օգնել մեզ գտնել Հիսուս Քրիստոսին, բայց բանալին շարունակ Նրան փնտրելն է: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նրան լսելու մեր ջանքերը պետք է լինեն ավելի գիտակցված։ Պահանջվում է աչալուրջ և հետևողական աշխատանք, որպեսզի մեր առօրյա կյանքը լցվի Նրա խոսքով, Նրա ուսմունքներով և Նրա ճշմարտություններով»։ 1

Դուք այսօր գտե՞լ եք նրան

Նույնիսկ, եթե դուք չեք ստանում այն բոլոր պատասխանները, որոնք փնտրում եք հենց հիմա, շարունակե՛ք: Պարզապես փնտրեք Քրիստոսին և որոշեք հավատք ունենալ Նրա հանդեպ: Եթե դուք փորձեք ամեն օր գտնել Նրան փոքր գործերի միջոցով, ես գիտեմ, որ դուք կզգաք, որ Նա գրկում է ձեզ երկնքից: Ես գիտեմ, որ սա ճիշտ է, քանի որ ես դա զգացել եմ:

Երկնային Հայրը տեսնում է մեր ջանքերը: Նա այնքան էլ մտահոգված չէ մեր ջանքերի մեծությամբ, որոնք գործադրում ենք մեր հոգին շենացնելու համար, եթե մենք կարողանանք ամեն օր հաստատակամությամբ և վստահությամբ ասել. «Այսօր ես գտա Մեսիայի՛ն»:

Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ամեն օր ճանաչել և սիրել մեր Փրկիչին: Որ մենք կարողանանք վարվել այնպես, ինչպես Մորոնին առաջարկեց՝ «փնտր[իր] այս Հիսուսին» (Եթեր 12.41): Թող որ ես և դուք ամեն օրվա վերջում գտնենք մեկին, ում մասին Մովսեսը և մյուս մարգարեները գրել են՝ Հիսուս Նազովրեցի: Քրիստոսին փնտրելիս մենք կտեսնենք Աստծո ձեռքը մեր կյանքում: Եվ որքան շատ փնտրենք Քրիստոսին ամեն օր, այնքան ավելի շատ կգտնենք Նրան և կկարողանանք ճանաչել Նրա ձայնը, որն ուղղորդում և առաջնորդում է մեզ մեր ողջ կյանքում:

Հղում

  1. Ռասսել Մ. Նելսոն. «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89: