2022
Տերը Հովսեփի հետ էր
Մարտ 2022 թ․


«Տերը Հովսեփի հետ էր», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Եկ, հետևիր ինձ

Ծննդոց 37-41

Տերը Հովսեփի հետ էր

Երբ մենք անցնում ենք կյանքի լավ և վատ փորձառությունների միջով, մենք շատ բան կարող ենք սովորել հնագույն մարգարե Հովսեփի օրինակից:

Նկար
Հովսեփը մեկնաբանում է փարավոնի երազները

Հովսեփը մեկնաբանում է փարավոնի երազները, հեղինակներ՝ Ջին էդրիեն Գվիգնետ, Մուսեյ դես Բեուքս-Արտս, Ռուան, Ֆրանսիա / Bridgeman Images

Մի քանի տարի առաջ մեր ընտանիքը ոգևորված էր, երբ իմացանք, որ կինս՝ Թերին, սպասում է մեր չորրորդ երեխային: Սակայն, հղիությունից մի քանի ամիս անց մենք իմացանք, որ Թերին վտանգավոր առողջական խնդիր ուներ: Ամենաանվտանգ տարբերակն այն էր, որ նա ընդունվեր հիվանդանոց, որտեղ կարող էր մշտական հոգածության տակ լինել: Նրան նշանակված էր անկողնային հանգստի վիճակ՝ հղիությունը հնարավորինս երկար շարունակելու նպատակով:

Դա դարձավ մի հուսահատ ու դժվար ժամանակաշրջան մեր ընտանիքի, հատկապես՝ Թերիի համար: Նա այնքան միայնակ էր զգում: Իսկ ես պետք է խնամեի մեր երեք փոքր երեխաներին, միաժամանակ աշխատեի և ծառայեի որպես եպիկոպոս: Կյանքը թվում էր քաոսային և դժվար:

Իր միայնության մեջ Թերին սփոփանք գտավ մի գեղեցիկ օրհներգի խոսքերում.

Ինձ պետք է քո ներկայությունը ամեն ժամ:

Միայն քո շնորհը կարող է խափանել փորձողի ուժը:

Ո՞վ, քեզ նման, կարող է լինել իմ ուղեցույցն ու հենարանը:

Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ: 1

Տերը մեզ հետ էր

Ի վերջո, շտապ վիրահատություն պահանջվեց մեր որդու՝ Ջեյսի ծնվելու համար: Բայց թե՛ մայրը, թե՛ որդին ապահով ձեռքերում էին, քանի որ Թերին արդեն հիվանդանոցում էր: Մենք զգացինք Տիրոջ պաշտպանությունը մեր կյանքում:

Ջեյսը ծնվել էր չորս շաբաթ շուտ, և նրան տեղավորել էին նորածինների վերակենդանացման բաժանմունքում: Մենք տուն եկանք առանց մեր փոքրիկի: Հաջորդ ամսվա ընթացքում մենք ամեն օր գնում էինք հիվանդանոց: Թվում էր, թե կյանքը մտել էր մի դժվարին շրջափուլի մեջ:

Սակայն կրկին տեսանք Տիրոջ ձեռքը մեր կյանքում: Ջեյսը այնքան արագ աճեց, որ կարողացանք նրան տուն բերել, և մենք միավորվեցինք որպես ընտանիք:

Հետո մենք իմացանք, որ Ջեյսն ունեցել է սագիտալ սինոստոզ, մի վիճակ, երբ գանգի ոսկորները վաղաժամ միաձուլվում են: Արդյունքն այն է, որ երեխայի գլուխը չի կարողանում աճել: Միակ բուժումը Ջեյսի գանգի մի մեծ հատվածի հեռացումն էր վիրահատական միջամտությունով, երբ նա ընդամենը երեք ամսական էր: Մենք այս մարտահրավերին դիմակայեցինք աղոթքի և քահանայության օրհնությունների միջոցով: Մենք կրկին տեսանք Տիրոջ ձեռքը մեր կյանքում: Մենք ստացանք մեր աղոթքների պատասխանը: Օրհնություններն իրականացան: Վիրահատությունը հաջող անցավ: Կյանքը կրկին հունի մեջ ընկավ:

Կարծես վերելքների ու վայրէջքների մեջ լինեինք: Սակայն Տերը բազմաթիվ դասեր ուսուցանեց մեզ այս ուղևորության ընթացքում: Մենք գիտեինք, որ Նա մեզ հետ է այդ ճանապարհին:

Հովսեփն ուներ իր թռիչքներն ու անկումները

Նկար
Հովսեփը վաճառվում է Եգիպտոս

Հովսեփը վաճառվում է Եգիպտոս, Վիլյամ Բրասի Հոլ, © Look And Learn / Bridgeman Images

Երբ ուսումնասիրում ենք Հովսեփի կյանքը Հին Կտակարանում, պարզում ենք, որ նրա կյանքը նույնպես ճամփորդություն էր, որը կազմված էր վերելքներից, վայրէջքներից և կրկին` վերելքներից: Եվ մենք սովորում ենք, որ Տերը միշտ նրա հետ էր՝ և՛ լավ, և՛ վատ ժամանակներում:

Պատմուճանը, որը Հակոբը նվիրեց Հովսեփին, Հովսեփի հանդեպ Հակոբի սիրո գեղեցիկ խորհրդանիշն էր: Բայց դա նաև զայրացնող հիշեցում էր Հովսեփի եղբայրներին՝ Հովսեփի և իր հոր հարաբերությունների մասին:

Երբ եղբայրները գնացին իրենց հոր հոտերը կերակրելու, Հակոբը Հովսեփին խնդրեց գնալ նրանց մոտ և ստուգել՝ արդյոք ամեն ինչ լավ է: Հովսեփը գնաց՝ ինչպես պահանջեցին նրանից: Սակայն ճանապարհին մոլորվեց: Ուստի Տերը մարդ ուղարկեց՝ Հովսեփին ուղղություն ցույց տալու համար, որպեսզի նա կարողանա գտնել իր եղբայրներին (տես Ծննդոց 37.15–17):

Երբ Հովսեփի եղբայրները դավադրություն կազմակերպեցին նրան սպանելու համար, ավելի քան պատահական է թվում, որ հենց այդ պահին մի քարավան էր անցնում Եգիպտոս տանող ճանապարհով: Հովսեփին սպանելու կամ գուբում նրան մահվան դատապարտելու փոխարեն՝ եղբայրները նրան վաճառեցին քարավանին: (Տես Ծննդոց 37․25-28

Տիրոջ առաջնորդությունը կրկին ակնհայտ դարձավ, երբ քարավանը Հովսեփին վաճառեց փարավոնի պահակապետ Պետափրեսին: Նույնիսկ որպես ծառա, Հովսեփը յուրաքանչյուր փորձառություն վերածեց որևէ լավ բանի: Պետափրեսը Հովսեփին նշանակեց իր տան վերակացու: Նա իր ամբողջ ունեցվածքը հանձնեց Հովսեփի ձեռքը: (Sես Ծննդոց 39․4) Հովսեփի վայրէջքը վերածվեց վերելքի: Նա այժմ վայելում էր Պետափրեսի տան հնարավորություններն ու արտոնությունները:

Սակայն այդ վերելքը երկար չտևեց: Երբ Հովսեփը փախավ Պետափրեսի կնոջ անպատշաճ առաջարկներից, վերջինս նրան մեղադրեց անբարոյության մեջ: Թեև նրա մեղադրանքը կեղծ էր, Հովսեփը կարող էր հեշտությամբ մահապատժի ենթարկվել: Հատկանշական է, որ փոխարենը նա միայն բանտարկվեց: Տիրոջ ձեռքը կրկին պահպանեց Հովսեփին:

Հրաշալի հավատք

Եթե ձեզ անարդարացիորեն բանտ նետեին, դուք ի՞նչ կանեիք: Եթե որևէ մեկը հուսահատության և դառնության պատճառ ուներ, ապա դա Հովսեփն էր: Դաժան անկումը գուցե հեշտությամբ ստիպեր նրան մտածել. «Ո՞րն է Աստծուն ծառայելու օգուտը: Իմ ողջ արածի դիմաց Նա ընդամենը պատժում է ինձ»։ Բայց Հովսեփը չդառնացավ կամ մեղադրեց Տիրոջը, և նա նաև չհանձնվեց: Նրա հրաշալի հավատքը երբեք չկոտրվեց:

Եվ նույնիսկ բանտարկության ծանր օրերին Տերը չլքեց Հովսեփին: Նախ՝ Տերը հնարավորություն տվեց Հովսեփին մեկնաբանել մսագործի և հացթուխի երազները (տես Ծննդոց 40): Հետո, մի քանի տարի անց, երբ դա առիթ հանդիսացավ, որ Հովսեփը փարավոնի երազը մեկնաբաներ, նա ընդունեց, որ այդ կարողությունը Աստծուց էր (տես Ծննդոց 41.16): Փարավոնը ոչ միայն բանտից ազատեց Հովսեփին, այլև «Եգիպտոսի բոլոր երկրի վերայ նշանակեց նորան» (Ծննդոց 41.43): Երկար տարիների տառապանքներից ու պայքարից հետո Աստված հնարավորություն տվեց Հովսեփին ազդեցիկ մարդ դառնալ երկրում՝ երկրորդը միայն փարավոնից հետո, և դա Հովսեփի կյանքում ևս մեկ բարձունք էր:

Աստված դա նախատեսում է մեր օգտի համար

Ի վերջո, Հովսեփը կրկին հանդիպեց իր եղբայրներին, նրանց, ովքեր իր դեմ դավադրություն էին կազմակերպել և ստրկության վաճառել: Նա կարող էր դառնացած լինել: Նա կարող էր նրանց մեղադրել «դաժան անարդարության» համար, որ հասցրել էին իրեն: 2

Բայց Հովսեփը հասկացավ, որ իր կյանքի վերելքներն ու վայրէջքները վերահսկվում էին Տիրոջ կողմից: Եղբայրներին ուղղված նրա հայտարարությունը պատկերացում է տալիս այդ հասկացողության մասին.

«Եւ թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց Աստուած այն լաւի դարձնել խորհեց, որ անէր այս օրուայ եղածի պէս, այսինքն որ շատ ժողովուրդ ապրեցնէր։

Եւ հիմա մի վախիք. ես ձեզ եւ ձեր երեխաներին պիտի կերակրեմ։ Եւ մխիթարեց նորանց եւ քաղցրութեամբ խօսեց» (Ծննդոց 50.20–21):

Երբ մենք անցնում ենք կյանքի լավ և վատ փորձառությունների միջով, ինչ հրաշալի հիշեցում է, որ Աստված դա նախատեսում է մեր օգտի համար: Տերը նույն սկզբունքը բացատրեց նաև վերջին օրերի Ջոզեֆին.

«Եթե դու կանչվես անցնելու նեղության միջով. …

Եթե դու մեղադրվես ամեն տեսակ կեղծ մեղադրանքներով. եթե քո թշնամիները հարձակվեն քո վրա. եթե նրանք կտրեն քեզ քո հոր և քո մոր … ընկերակցությունից. … և դու գցվես բանտ, …

… Իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122.5–7):

Դժվարություններ միշտ եղել են

Երբ ես և Թերին անցնում էինք մեր մարտահրավերների միջով, մենք սփոփանք գտանք Աստծո մարգարեի այս խոսքում.

«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ մահկանացու կյանքում որոշ դժվարություններ միշտ էլ եղել են և միշտ էլ կլինեն: Բայց իմանալով այն, ինչ մենք արդեն գիտենք, և ապրելով այնպես, ինչպես պետք է ապրենք, իսկապես տեղ և արդարացում չկա հոռետեսության և հուսահատության համար: …

 … Ես հուսով եմ՝ դուք չեք մտածում, որ ողջ աշխարհի դժվարությունները դիզվել են ձեր տասնամյակում, կամ որ գործերն այդքան վատ երբեք չեն եղել, որ դրանք անձնապես ձեզ համար են, կամ որ դրանք այլևս երբեք լավ չեն լինի: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ գործերն ավելի վատթար են եղել, և դրանք միշտ ավելի կլավանան: Դրանք միշտ էլ լավանում են, հատկապես, երբ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով և սիրում ենք այն՝ հնարավորություն տալով, որ այն ծաղկի մեր կյանքում»: 3

Հովսեփի պատմությունից և մեզ շրջապատող աշխարհի դժբախտ իրադարձություններից հեշտ է նկատել, որ վատ բաները պատահում են լավ մարդկանց հետ: Արդար ապրելը չի նշանակում, որ մեր կյանքում կխուսափենք մարտահրավերներից և տխրությունից: Այնուամենայնիվ, ճիշտ՝ ինչպես Տերը Հովսեփի հետ էր դժվարությունների ժամանակ, այնպես էլ Նա մեզ հետ կլինի: Փորձությունները անխուսափելի են: Բայց եթե մենք նրանց միջով անցնենք Նրան լսելու վճռականությամբ, Տերը կուղեկցի և կոգեշնչի մեզ, ճիշտ՝ ինչպես Հովսեփին:

Հղումներ

  1. «Մնա ինձ հետ» Hymns, no. 166.

  2. Տես Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն» Լիահոնա, մայիս 2021, 41–45:

  3. Howard W. Hunter, “An Anchor to the Souls of Men,” Ensign, Oct. 1993, 70.