2022
Վկայություն ավետարանի համար
Մարտ 2022 թ․


Վկայություն ավետարանի համար

Ես կցանկանայի կիսվել երեք սուրբ հոգևոր փորձառություններով, որոնք ավետարանի վերաբերյալ իմ վկայության մի մասն են:

Նախ՝ ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում է, և Նա սիրում է ինձ: Մի օր ես ծոմ պահեցի և իմ անկողնում ուսումնասիրեցի սուրբ գրությունները: Կինս նստած էր կողքիս և նույնպես ուսումնասիրում էր սուրբ գրությունները։ Հանկարծ մի ձայն հստակ ասաց ինձ. «Ես սիրում եմ քեզ»: Հենց այդ պահին ես վախեցա, քանի որ չգիտեի, թե ով ասաց այդ խոսքերը։ Ես ոտքի կանգնեցի, նստեցի մահճակալին և նայեցի շուրջս, որպեսզի տեսնեմ՝ կինս լսե՞լ է այս խոսքերը։ Նա շարունակում էր հանգիստ կարդալ իր սուրբ գրությունները, և ես հասկացա, որ նա չէր լսել ձայնը:

Մի քանի վայրկյան անց ես նորից լսեցի ձայնը, և այն շատ պարզ ասաց. «Ես քո Հայրն եմ, դու իմ որդին ես, և ես սիրում եմ քեզ»: Այդ պահին, ինձ շատ մոտ, ես զգացի Երկնային Հոր ներկայությունը, կարծես, Նա կանգնեց մահճակալի եզրին և խոսեց ինձ հետ: Ես զգում էի Նրա սերը, և դա հրաշալի իրադարձություն էր, որը երբեք չեմ մոռանա: Այս և այլ փորձառությունների միջոցով ես գիտեմ, որ Երկնային Հայրն իմ Հայրն է, որ ես Նրա որդին եմ, և Նա սիրում է ինձ: Այս փորձառությունը և իմ վկայությունը տարիների ընթացքում ինձ տվել են ուժ և արժանապատվության զգացում:

Երկրորդ՝ ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մահացել է իմ և բոլոր մարդկանց մեղքերի համար, ովքեր ապրել են կամ երբևէ կապրեն երկրի վրա: Նա իմ Փրկիչն է: Շատ տարիներ առաջ ես նորից ծոմ պահեցի և «Հոգով տարվեցի հեռու»: Իմ մտքում ես տեսա, թե ինչպես էր Փրկիչն աղոթում Գեթսեմանիի պարտեզում՝ քարի վրա կռացած: Ես հասկացա, որ այդ պահին Նա քավում էր աշխարհի մեղքերը: Երբ դիտում էի Նրան, հասկացա, որ Նա տառապում էր և վճարում էր նաև իմ մեղքերի համար՝ դրանցից յուրաքանչյուրի համար: Ես նաև հասկացա, որ այն ժամանակ Հիսուս Քրիստոսն ինձ ճանաչում էր այնպես, ինչպես ճանաչում է հիմա: Քանի որ ես կողքից էի նայում Փրկիչին, ես տեսնում էի միայն Նրա ձախ կողմը: Երբ ես նայում էի, թե ինչպես է Նա տառապում, Նա գլուխը մի կողմ շրջեց և ուղիղ նայեց ինձ: Ես ամաչեցի ու հայացքս շրջեցի։ Ես այնքան շնորհակալ եմ Քավության համար՝ իմ մեղքերից ներում ստանալու համար: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ինձ համար:

«Ահա, ես ասում եմ ձեզ, որ երբ նրա հոգին մեղքի համար պատարագ մատուցվի, նա պիտի տեսնի իր սերունդը։ Եվ այժմ, ի՞նչ կասեք դուք: Եվ ո՞վ պիտի լինի նրա սերունդը:

Ահա, ես ասում եմ ձեզ, ովքեր որ լսել են մարգարեների խոսքերը, այո, բոլոր սուրբ մարգարեների, ովքեր մարգարեացել են Տիրոջ գալուստի վերաբերյալ, ես ասում եմ ձեզ, որ բոլոր նրանք, ովքեր ականջ են դրել նրանց խոսքերին, և հավատացել, որ Տերը փրկագնելու էր իր ժողովրդին, և իրենց մեղքերի թողության համար սպասել են այդ օրվան, ես ասում եմ ձեզ, որ սրա՛նք են նրա սերունդը, կամ նրանք են Աստծո արքայության ժառանգները» (Մոսիա 15.10–11):

Եվ վերջապես, ես գիտեմ, որ ուխտեր եմ կապել Երկնային Հոր հետ՝ նախքան երկիր գալը՝ հոգևոր աշխարհում: Դարձյալ ծոմի ժամանակ (ծոմապահությունը մեծ օրհնություններ է բերում) իմ մտքում տեսա, թե ինչպես եմ կանգնած երկրից բարձր մի վայրում և նայում եմ Երկրին: Իմ Երկնային Հայրը իմ աջ կողմում էր՝ նստած Իր գահին: Նա չէր խոսում, կարիք չկար։ Կարիք չկար, որ Նա խոսեր, քանի որ ես կատարելապես հասկանում էի Նրան: Նա պարզապես ժպտում էր, իսկ ես վայելում էի Նրա ներկայությունը: Ես շատ լավ հասկացա, թե Նա ինչ էր ուզում ինձնից: Իմ միակ ցանկությունն էր՝ նմանվել Նրան և կատարել այն աշխատանքը, որը Նա կատարում է. իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը (Մովսես 1.39): Երբ ես նայում էի Երկրին, տեսա խավարի բազում մշուշներ: Ես նաև հասկացա, որ դրանք ավելի խիտ են այնտեղ, որտեղ շատ մարդիկ կան, օրինակ՝ քաղաքներում, և այդքան խիտ չէին սակավամարդ վայրերում, օրինակ՝ լեռներում և գյուղերում: Այնուհետև ես ասացի Երկնային Հորը. «Ես իջնելու եմ և խավարի մեջ գտնվող մարդկանց օգնելու եմ գտնել իրենց ճանապարհը դեպի լույսը»: Այս փորձառությունից ես հասկանում եմ, որ ես միսիոներական աշխատանք կատարելու ուխտ եմ կապելել, և որ, մարդկանց մեծամասնությունը, գուցե, նման ուխտեր է կապել:

Ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ այդ վկայությունը։ Ես գիտեմ, որ ավետարանը ճշմարիտ է, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, և որ Փրկիչը մահացել է մեր մեղքերի համար: