2022
Աստված կօգնի մեզ կարիքի ժամանակ
Մարտ 2022 թ․


Տարածքային Նախագահության ուղերձը

Աստված կօգնի մեզ կարիքի ժամանակ

Ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը լսում է մեր աղոթքները: Ես հավատում եմ, որ Նա պատասխանում է դրանց՝ Իր ժամանակին և Իր ձևով: Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզ, քանի որ մենք Նրա զավակներն ենք, և այս կյանքի փորձությունները կրելիս մենք միայնակ չենք: Երկնային Հայրը մեզ տվել է Փրկիչ՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նրա միջոցով մենք ամեն օր կարողանանք ստանալ անհրաժեշտ կենսունակություն, անհրաժեշտ աջակցություն և գտնել մխիթարություն:

Վարդապետություն և Ուխտերի 122-րդ բաժնում մենք կարդում ենք Տիրոջ խոսքը՝ ուղղված մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»: Տերն ուսուցանում է, որ «բոլոր» փորձությունները մեզ փորձառություն կտան, երբ ընդունենք դրանք հավատքով և դրանց միջով անցնենք մեր Փրկիչի օգնությամբ, ով կարող է օգնել բոլորին:

Մենք հաճախ զարմանում ենք, թե Նեփին և նրա ընտանիքի շատ անդամներ ինչպես կարողացան դիմանալ մեծ մարտահրավերներին ու փորձություններին: Իրականում, նրանք ոչ միայն կարողացան անցնել դրանց միջով, այլև ձեռք բերեցին անգին փորձառություններ: Նրանք ամրապնդեցին իրենց վկայությունները, որ Փրկիչն իրենց հետ է և լսում է իրենց: Նրանք ավելի լավ ճանաչեցին իրենց Փրկիչին, փոխվեցին դեպի լավը և ավելի շատ մոտեցան Փրկիչին, երբ Նրա օգնությամբ անցնում էին փորձությունների միջով:

Նեփին ուսուցանել է. «Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, հետո, երբ դուք ներս եք մտել այս նեղ և անձուկ արահետը, ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ո՛չ. քանզի դուք չէիք գա այսքան հեռու, եթե դա չլիներ Քրիստոսի խոսքով և անխախտ հավատքով նրա հանդեպ, ամբողջովին ապավինելով նրա արժանիքներին, որը հզոր է փրկելիս» (2 Նեփի 31.19): Քրիստոսի խոսքը, անսասան հավատքը և Տիրոջ հանդեպ լիակատար վստահությունը տալիս էին այն ուժն ու հույսը, որն անհրաժեշտ էր նրանց՝ առաջ գնալու համար:

Մեր կյանքում շատ բան կախված է առօրյայում Տիրոջ ձայնը լսելու մեր ունակությունից: Դա տեղի է ունենում, երբ մենք ենթարկվում ենք Սուրբ Հոգու ազդեցությանը և հետևում ենք Նրա խորհրդին: Ես գիտեմ, որ Տերը սիրում է, երբ Իր զավակները հոգ են տանում միմյանց մասին, օգնում, աղոթում և ծոմ են պահում միմյանց համար: Մեր կյանքը կփոխվի և ավելի հագեցած կլինի Սուրբ Հոգու ազդեցությամբ, երբ ժամանակ գտնենք մեր շուրջը գտնվողներին բարձրացնելու համար:

Ամեն անգամ, երբ օգնում ենք ինչ-որ մեկին ավելի շատ մոտենալ Փրկիչին, երբ մեկ այլ մարդու «բերում ենք» Հիսուսի մոտ՝ հրավիրելով նրան անել ինչ-որ փոքր, բայց կարևոր մի բան, որ Սուրբ Հոգին նրա հետ լինի, մենք նույնպես ավելի ենք մոտենում Նրան՝ ձեռք բերելով անհրաժեշտ ուժ՝ սեփական փորձություններում առաջ շարժվելու համար:

Սրանք այն բառերն են, որոնք նկարագրում են Փրկիչի հաղորդակցությունն Իր ժողովրդի հետ, ինչպես տրված է 3-րդ Նեփի գրքում. «Եվ եղավ այնպես, որ երբ նա այսպես խոսեց, ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ՝ իրենց հիվանդներով և իրենց չարչարվածներով, իրենց կաղերով և իրենց կույրերով և իրենց խուլերով, և բոլոր նրանց հետ, որոնք չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին՝ նրա մոտ» (3 Նեփի 17.9): Տերը սիրում է, երբ մենք օգնում ենք միմյանց՝ հետևել Իրեն: Մեր բեռները կթեթևանան, և մենք կօրհնվենք լրացուցիչ ուժով, որպեսզի հոգ տանենք մեզ շրջապատող մարդկանց մասին: