2022
Տերը զարմանալի ծրագիր է պատրաստել Իր զավակների համար
Մարտ 2022 թ․


Տերը զարմանալի ծրագիր է պատրաստել Իր զավակների համար

«Բայց Տերը գիտի բոլոր բաները՝ ի սկզբանե. ուստի, նա պատրաստում է ուղի՝ կատարելու իր բոլոր գործերը մարդկանց զավակների մեջ. քանզի, ահա, նա ունի ողջ զորությունը՝ ի կատարումն իր բոլոր խոսքերի» (1 Նեփի 9․6)։

Սա Մորմոնի Գրքի իմ սիրած հատվածն է: Այսպես ասած, դա իմ «ապաստանն» է, որտեղ ես միշտ կարող եմ գտնել խաղաղություն և հանգստություն: Դա իմ տունն է, որտեղ ես լիակատար փոխըմբռնման մեջ եմ ընտանիքիս անդամների հետ։ Իմ Երկնային Հոր և Փրկիչի առաջնորդությամբ անկեղծ սրտով ապրելն իմ բնական ցանկությունն է: Սա հնարավորություն է դառնալ ավելի լավ մարդ՝ երկրի վրա այս կյանքի ընթացքում բացահայտելով և գիտակցելով իմ նախամահկանացու բոլոր տաղանդները և դրանք լրացնելով նորերով, որոնք արժեքավոր կլինեն ինձ համար:

Ապահովության զգացումը կարևոր դեր է խաղում իմ կյանքում: «Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան» կարգախոսը միշտ կիրառում եմ որևէ բան անելուց առաջ։ Սկզբում պատկերացնում եմ, թե ինչ եմ ուզում ձեռք բերել՝ մտածելով, թե ինչ տեսք կունենա այն ավարտված ձևով, ապա կանխատեսում եմ կատարված աշխատանքից ակնկալվող բավարարվածության զգացումը՝ փորձելով կանխատեսել և ամեն ինչ անել մանրակրկիտ: Լավագույն դեպքում, դուք ցանկանում եք ինքներդ ուրախություն զգալ և այն փոխանցել ձեզ շրջապատող մարդկանց: Ներդաշնակության և փոխադարձ հարգանքի մեջ ապրելն այն է, ինչին ես ձգտում եմ և ինչը միշտ զգում եմ Տիրոջ և Երկնային Հոր հետ իմ հարաբերություններում:

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3․5-6). սա սուրբ գրությունների երկրորդ հատվածն է, որը իմ գործողությունների ընտրության մեկնարկային կետն է: Այն օգնում է կենտրոնանալ, առաջնահերթություն տալ և հավատալ աստվածային օգնությանը:

Երբ Տերը խոսում է, ես փորձում եմ դա իրականացնել: Վեց տարի առաջ զգացի, որ երջանիկ կլինեմ, եթե ընդունվեմ բժշկական քոլեջ։ Ես 51 տարեկան էի: Նախկինում ավարտել էի բոլորովին այլ մասնագիտական ​​ուղղվածության երկու այլ համալսարան։ Հասկանալով, որ բավարար ժամանակ չունեմ միասնական պետական ​​քննությանը պատրաստվելու և հանձնելու համար, թողեցի բժշկական քոլեջ ընդունվելու մտադրությունը։ Սակայն Եկեղեցու կոչումները կարգավորում են իմ կյանքը ստույգ ճշգրտությամբ: Որպես ցցի բարօրության և ինքնապահովման ծրագրի միսիոներ, ես տարբեր թեմաներ էի ուսուցանում Եկեղեցու անդամների տարբեր խմբերին: Իմ տնային աշխատանքը պատրաստելիս պարզեցի, որ կարող եմ քոլեջ ընդունվել գնահատման մրցույթի ծրագրով: Դա էր ճանապարհը: Է՜վրիկա։ Այլևս խոչընդոտներ չկային։ Չորս տարի բավականին դժվար էր համատեղել աշխատանքը և երեկոյան կրթությունը, սովորել լատիներեն և անատոմիա։ Բայց ես յուրաքանչյուր քննության գնում էի այն հավատով, որ դեպի երջանկություն տանող ճանապարհը նախագծված է Տիրոջ կողմից: Այս միտքն ինձ լրացուցիչ ուժ էր տալիս։ 2021 թվականի հունիսի 28-ին ինձ շնորհվել է գերազանցության վկայական։ Ես այս իրադարձությունը դիտարկում եմ որպես Տիրոջ հավանության նշան՝ իմ հնազանդության և իմ կյանքը Նրան վստահելու համար:

Երկրի վրա մեր գտնվելու յուրաքանչյուր պահը մեզ տրված է Տիրոջ կողմից, և մեր ապագան կախված է նրանից, թե ինչով ենք լցնում այն ներկա պահին: