2019թ․
Եկ, հետևիր ինձ. Տիրոջ հակառազմավարությունը և կանխարգելող ծրագիրը
նախորդ հաջորդ

Եկ, հետևիր ինձ. Տիրոջ հակառազմավարությունը և կանխարգելող ծրագիրը

Տերը պատրաստում է Իր ժողովրդին հակառակորդի հարձակումների դեմ: Եկ, հետևիր ինձ. Տիրոջ հակառազմավարությունը և կանխարգելող ծրագիրը:

Մենք ուրախ ենք հանդիպել միմյանց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս մեծ գերագույն համաժողովում: Օրհնություն է՝ ստանալ Տիրոջ միտքն ու կամքը Իր մարգարեների և առաքյալների ուսմունքների միջոցով: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Տիրոջ ապրող մարգարեն է: Մենք անչափ երախտապարտ ենք, ստանալով Նրա ոգեշնչված խորհուրդն ու ուղղորդումը:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը հնչած վկայություններին: Ես բերում եմ իմ վկայությունը Աստծո՝ մեր Հավերժական Հոր մասին: Նա ապրում է, սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին: Նրա երջանկության ծրագիրը ապահովում է օրհնություններ այս մահկանացու կյանքի համար և մեր վերադարձը՝ Նրա ներկայություն:

Ես նաև վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին: Նա Աստծո Միածին Որդին է: Նա փրկել է մեզ մահից և փրկագնում է մեղքից, եթե մենք Նրա հանդեպ հավատք ենք գործադրում և ապաշխարում ենք: Մեզ համար կատարած Նրա անսահման քավությունը բերում է մեզ անմահության և հավերժական կյանքի օրհնություններ: Իրոք՝ «Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար», («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Լիահոնա, մայիս 2017, շապիկի ներսի մասում):

Վերջին օրերի սրբերն ամբողջ աշխարհում օրհնված են՝ երկրպագելու Հիսուս Քրիստոսին Նրա տաճարներում: Այդ տաճարներից մեկը ներկայումս կառուցվում է Կանադայի Վինիպեգ քաղաքում: Ես և կինս՝ Աննե Մարին, հնարավորություն ունեցանք այս տարվա օգոստոսին այցելել շինարարական տարածք: Տաճարը շատ գեղեցիկ է նախագծված և, անշուշտ, շքեղ կլինի, երբ ավարտվի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ շքեղ տաճար ունենալ Վինիպեգում կամ այլ վայրում, առանց ամուր և հաստատուն հիմքի:

Վինիպեգում հողի սառեցման-հալեցման շրջանը և դրա արդյունքում հողի հետ տեղի ունեցող փոփոխությունները դժվարացնում էին տաճարի հիմքի կառուցումը: Հետևաբար, որոշվեց, որ տաճարի հիմքը բաղկացած կլինի պողպատե բետոնածածկ 70 ձողերից: Ձողերի երկարությունը 18 մետր է, իսկ տրամագիծը՝ 30-50 սմ: Դրանք այնքան խորն են խրվում գետնի մեջ, մինչև բախվեն մակերեսից մոտավորապես 15 մետր խորության վրա գտնվող պինդ հանքանյութին: Այս կերպ 70 ձողերն ամուր ու հաստատուն հիմք են ստեղծում Վինիպեգի գեղեցիկ տաճարի համար:

Որպես վերջին օրերի սրբեր, մեր կյանքում մենք փնտրում ենք նման ամուր ու հաստատուն հիմք՝ հոգևոր հիմք, որն անհրաժեշտ է մահկանացության և մեր երկնային տուն վերադառնալու ճամփորդությունն անցնելու համար: Այդ հիմքը գցված է դեպի Տեր Հիսուս Քրիստոսը մեր դարձի վեմի վրա:

Հիշենք Մորմոնի Գրքից Հելամանի ուսմունքները. «Եվ, այժմ, իմ որդիներ, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Բարեբախտաբար, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարգարեներն ու առաքյալները սովորեցնում են մեզ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Նրանց խորհուրդներին հետևելով, մենք հաստատուն հիմք կունենանք Քրիստոսում:

Մեկ տարի առաջ 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ներածական ելույթում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այս հայտարարությունն ու զգուշացումը հղեց մեզ. «Եկեղեցու երկարատև նպատակն է՝ օգնել բոլոր անդամներին մեծացնել իրենց հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, օգնել նրանց Աստծո հետ ուխտեր կապել և պահել դրանք, ինչպես նաև ամրապնդել և կնքել իրենց ընտանիքները: Այսօրվա դժվարին աշխարհում դա այնքան էլ հեշտ չէ: Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեր վրա և ընտանիքների վրա: Հոգևորապես գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են հակառազմավարություն և կանխարգելող ծրագրեր» («Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 7, շեշտադրումն ավելացված է):

Նախագահ Նելսոնի ուղերձից հետո Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուկը ներկայացրեց Եկ, հետևեիր ինձ նյութը անհատների և ընտանիքների համար: Նրա ելույթում մասնավորապես ասվում էր.

Այս տարվա հունվարից սկսած վերջին օրերի սրբերն ամբողջ աշխարհում սկսեցին ուսումնասիրել Նոր Կտակարանը Եկ, հետևիր ինձ նյութի օգնությամբ: Շաբաթական ծրագրով Եկ, հետևիր ինձ նյութն օգնում է մեզ ուսումնասիրել սուրբ գրությունները, ավետարանի վարդապետությունը և մարգարեների ու առաքյալների ուսմունքները: Դա բոլորիս համար հիանալի նյութ է:

Ի՞նչ ենք տեսնում ամբողջ աշխարհում այս ինը ամսվա ընթացքում սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում: Մենք տեսնում ենք, որ վերջին օրերի սրբերն ամենուրեք աճում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ու նվիրվածությամբ: Մենք տեսնում ենք, որ անհատներն ու ընտանիքները ժամանակ են հատկացնում շաբաթվա ընթացքում, որ ուսումնասիրեն մեր Փրկիչի խոսքերը: Մենք տեսնում ենք, որ մեր կիրակնօրյա դասարաններում բարելավվում են ավետարանի քարոզները, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները տանը և կիսվում ենք մեր մտքերով եկեղեցում: Մենք տեսնում ենք ավելի մեծ ընտանեկան ուրախություն և միասնություն, քանի որ փոխել ենք կարգը՝ սուրբ գրությունները պարզապես կարդալու փոխարեն ավելի խորն ենք ուսումնասիրում դրանք:

Ես արտոնություն ունեցա հանդիպել վերջին օրերի սրբերի հետ և լսել Եկ, հետևիր ինձ նյութի հետ կապված նրանց փորձի մասին: Նրանց հավատքի արտահայտություները ուրախությամբ լցրեցին իմ սիրտը: Ահա մի քանի մեկնաբանություններ, որոնք ես լսել եմ աշխարհի տարբեր ծայրերի Եկեղեցու անդամներից.

  • Մի հայր ասաց. «Ես սիրում եմ Եկ, հետևիր ինձ նյութը, քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս Փրկիչի մասին վկայել իմ երեխաներին»:

  • Մեկ այլ ընտանիքում երեխաներից մեկն ասաց. «Լավ առիթ է լսել, երբ ծնողներս բերում են իրենց վկայությունները»:

  • Մի մայր ասաց. «Մեզ ոգեշնչել է այն, թե ինչպես Աստծուն առաջին տեղը դասել: Ժամանակը, [որը մեր կարծիքով մենք չունեինք], [լցվել է] հույսով, ուրախությամբ, խաղաղությամբ և հաջողություններով այնպես, որ մենք չէինք պատկերացնում, որ դա հնարավոր է»:

  • Մի ամուսնական զույգ ասել է. «Մենք սուրբ գրությունները կարդում ենք բոլորովին այլ կերպ, քան նախկինում էինք կարդում: Մենք ավելի շատ բան ենք սովորում, քան նախկինում: Տերը ցանկանում է, որ ամեն ինչ ուրիշ կերպ տեսնենք: Տերը պատրաստում է մեզ»:

  • Մի մայրիկ նկատել է. «Ես սիրում եմ, որ միասին սովորում ենք նույն բաները: Նախկինում մենք կարդում էինք: Հիմա՝ սովորում ենք»:

  • Մի քույր կիսվեց այս խորաթափանց հեռանկարով. «Նախկինում դուք դաս էիք անցկացնում, իսկ սուրբ գրությունները լրացնում էին այն: Այժմ, դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները, իսկ դասը լրացնում է դրանք»:

  • Քույրերից մեկն այսպես է մեկնաբանել. «Ես զգում եմ տարբերությունը, նյութն ուսումնասիրելու և դա չանելու միջև: Առաջին դեպքում ես ավելի հեշտ եմ շփվում մարդկանց հետ՝ խոսում Հիսուս Քրիստոսի և մեր համոզմունքների մասին»:

  • Մի տատիկ ասել է. «Կիրակի օրերին ես կանչում եմ իմ երեխաներին և թոռներին, և մենք միասին կիսվում ենք մտքերով Եկ, հետևիր ինձ նյութից:

  • Մի քույր ասել է. «Եկ, հետևիր ինձ նյութն այնպիսի ազդեցություն ունի, կարծես Փրկիչն անձամբ է սպասավորում ինձ: Այն երկնային ոգեշնչում ունի»:

  • Մի հայր մեկնաբանել է. «Երբ մենք ուսումնասիրում ենք Եկ, հետևիր ինձ նյութը, նման ենք իսրայելացիներին՝ ներկում ենք մեր դրանդիները, պաշտպանելով մեր ընտանիքները կործանիչի ազդեցությունից»:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, հաճելի է հանդիպել ձեզ և լսել, թե ինչպես են Եկ, հետևիր ինձ նյութի հետ կապված ձեր ջանքերը օրհնում ձեր կյանքը: Շնորհակալություն ձեր նվիրվածության համար:

Որպես ուղեցույց, Եկ, հետևիր ինձ նյութի օգնությամբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը կամրապնդի մեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Մենք չենք կրճատում կիրակի օրվա մեկ ժամը, որպեսզի տանը մեկ ժամ ավել սուրբ գրություն կարդանք: Ավետարանի ուսումնասիրությունը շարունակական ջանք է ամբողջ շաբաթվա համար: Ինչպես մի քույր խորաթափանցորեն նշել է. «Նպատակը եկեղեցու երկրպագությունը մեկ ժամով կրճատելը չէ, այլ՝ եկեղեցին վեց օրով երկարացնելը»:

Այժմ, կրկին դիտարկենք այն նախազգուշացումը, որ մեր մարգարեն՝ Նախագահ Նելսոնն արել էր 2018 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի բացմանը.

«Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեզ վրա և ընտանիքների վրա: Հոգևորապես գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են հակառակորդի ռազմավարությանը դեմ և այն կանխարգելող ծրագրեր» («Ներածական ելույթ», 7):

Այնուհետև (մոտավորապես 29 ժամ անց) կիրակի կեսօրին, նա փակեց համաժողովն այս խոստումով. «Եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, … հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 113):

Ինչպե՞ս կարող են հակառակորդի հարձակումներն ավելանալ, և, միևնույն ժամանակ, նրա ազդեցությունը նվազել: Այդպես կարող է լինել, և դա տեղի է ունենում ամբողջ Եկեղեցում, որովհետև Տերը նախապատրաստում է Իր ժողովրդին հակառակորդի հարձակումների դեմ: Եկ, հետևիր ինձ նյութը Տիրոջ հակառազմավարությունն է և կանխարգելող ծրագիրը: Ինչպես ուսուցանել է Նախագահ Նելսոնը. «Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական նոր ծրագիրը ներուժ ունի բացահայտելու ընտանիքների զորությունը»: Այնուամենայնիվ, դա պահանջում է և պահանջելու է մեր լավագույն ջանքերը, յուրաքանչյուրս պետք է «բարեխղճորեն և ուշադիր հետևի ու իր տունը դարձնի հավատքի սրբավայր» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», 113):

Ի վերջո, ինչպես ասաց Նախագահ Նելսոնը. «Մենք յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր հոգևոր աճի համար» («Ներածական ելույթ», 8):

Եկ, հետևիր ինձ նյութով Տերը պատրաստում է մեզ «այսօր մեզ հանդիպող չար ժամանակների համար» (Քվենթին Լ. Քուկ, «Հաստատուն և հարատև դարձ դեպի Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը», 10): Նա օգնում է մեզ կառուցել այդ «հաստատուն հիմք[ը], հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12): Դա վկայության հիմքն է, որն ամուր խարսխված է դեպի Տեր Հիսուս Քրիստոսը մեր դարձի հենքի վրա:

Թող որ սուրբ գրություններն ուսումնասիրելու մեր ամենօրյա ջանքերն ամրապնդեն մեզ և ապացուցեն, որ արժանի ենք այդ խոստացված օրհնություններին: Այս մասին եմ ես աղոթում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: