2019թ․
Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ:

Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ:

Ես վկայում եմ, որ «ամպերի և արևի շողերի միջով» Տերը կմնա մեզ հետ, որ մեր «չարչարանքները [կուլ գնան] Քրիստոսի ուրախության մեջ»։

Մեր սիրելի օրհներգն արտահայտում է հետևյալ խնդրանքը․ «Ամպերի և արևի շողերի միջով, Տե՛ր մնա ինձ հետ»։1 Մի անգամ ինքնաթիռի մեջ էի գտնվում, երբ մի մեծ փոթորիկ սկսվեց։ Նայելով պատուհանից, ես ներքևում տեսա ամպերի մի խիտ զանգված։ Մայր մտնող արևի ճառագայթներն արտացոլվում էին ամպերի վրա, որից նրանք շատ էին փայլում։ Շուտով ինքնաթիռն իջավ խիտ ամպերի միջով, և մենք հանկարծ հայտնվեցինք խավարի մեջ, որն ամբողջովին փակեց մեզ այն լույսից, որին ականատես եղանք մի քանի վայրկյան առաջ։2

Sunset
Storm Clouds

Մեր կյանքում նույնպես կարող են սև ամպեր ի հայտ գալ, որոնք կարող են փակել մեր տեսողությունն Աստծո լույսից, և նույնիսկ կասկածի տեղիք տալ, թե արդյո՞ք այդ լույսը այլևս գոյություն ունի մեզ համար։ Այդ ամպերից մի քանիսը՝ ընկճվածության, անհանգստության և հոգեկան ու հուզական չարչարանքի այլ ձևեր են: Դրանք կարող են աղավաղել այն ուղին, որով մենք ընկալում ենք ինքներս մեզ, մյուսներին և նույնիսկ՝ Աստծուն: Դրանք ազդում են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բոլոր տարիքի կանանց և տղամարդկանց վրա:

Նմանապես, վնասակար է թերահավատության անզգայացնող ամպը, որը կարող է ազդել այն մարդկանց վրա, ովքեր չեն ունեցել այդ մարտահրավերները։ Մարմնի ցանկացած մասի նման, ուղեղը ենթակա է հիվանդությունների, վնասվածքների և քիմիական անհավասարակշռության: Երբ մեր միտքը տառապանքի մեջ է,, մենք կարող ենք օգնություն խնդրել Աստծուց, մեր շրջապատից և բժշկական ու հոգեկան առողջության մասնագետներից:

«Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։3 Մեր Երկնային ծնողների և մեր Փրկիչի նման մենք ունենք ֆիզիկական մարմին4 և զգացմունքներ։5

Սիրելի՛ քույրեր, բնական է, երբ երբեմն տխրում կամ անհանգստանում եք։ Տխրությունն ու անհանգստությունը մարդկային բնական հույզեր են։6 Այնուամենայնիվ, եթե մենք անընդհատ տխրում ենք, և եթե մեր ցավն արգելափակում է մեր Երկնային Հոր և Նրա Որդու սերը և Սուրբ Հոգու ազդեցությունը զգալու ունակությունը, ապա գուցե մենք տառապում ենք ընկճախտով, անհանգստության կամ այլ հուզական վիճակներից։

Իմ դուստրը մի անգամ գրել է. «Կար մի ժամանակ ․․․ [երբ] ես ամբողջ ժամանակ սաստիկ տխրում էի: Միշտ մտածում էի, որ տխրությունը ամաչելու բան է, և որ դա թուլության նշան է: Ուստի ես ոչ-ոքի չէի ասում տխրությանս մասին։ ․․․ Ես ինձ լիովին անպետք էի զգում»։7

Մի ընկեր նկարագրել է այսպես. «Իմ վաղ մանկությունից ի վեր ես անընդհատ պայքար եմ մղել հուսահատության, մթության, միայնության և վախի զգացողությունների հետ և այնպիսի զգացում ունեի, որ կարծես կոտրվել եմ կամ արատավոր եմ։ Ամեն ինչ արեցի, որպեսզի թաքցնեմ իմ ցավը և տպավորություն ստեղծեմ, որ աճում եմ և ուժեղ եմ»։8

Իմ սիրելի՛ ընկերներ, դա կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ, հատկապես, երբ լինելով երջանկության ծրագրի հավատացյալներ, մենք մեզ վրա ավելորդ բեռ ենք դնում՝ մտածելով, որ հիմա պետք է կատարյալ լինենք: Այդպիսի մտքերը կարող են ճնշող լինել։ Կատարելության հասնելը մի գործընթաց է, որը տեղի է ունենալու մեր ողջ մահկանացու կյանքում և դրանից հետո, և միայն Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով:9

Ի տարբերություն դրա, երբ մենք կիսվում ենք մեր հուզական խնդիրներով և ընդունում, որ կատարյալ չենք, մենք թույլ ենք տալիս ուրիշներին կիսվել իրենց դժվարություններով։ Միասին մենք գիտակցում ենք, որ հույս կա և ստիպված չենք միայնակ տառապել։10

Hope in the Second Coming

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք ուխտ ենք կապել Աստծո հետ, որ «հոժար ենք կրելու մեկս մյուսի բեռը» և «սգալու նրանց հետ, ովքեր սգում են»։11 Դա կարող է նշանակել, որ մենք պետք է տեղեկացված լինենք հուզական հիվանդությունների մասին, գտնենք այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն լուծել այդ դժվարությունները, և ի վերջո, մեզ և ուրիշներին մոտեցնենք Քրիստոսին, ով Բժշկող Տերն է։12 Նույնիսկ, եթե մենք չգիտենք, թե ինչպես վերաբերվել ուրիշների տառապանքներին, եթե ընդունենք, որ նրանց ցավն իրական է, դա կարող է առաջին քայլը դառնալ նրանց հասկանալու և բուժելու համար:13

Որոշ դեպքերում ընկճախտի կամ անհանգստության պատճառը կարելի է հայտնաբերել, մինչդեռ այլ դեպքերում այն դժվար կլինի նկատել։14 Մեր ուղեղը կարող է տառապել լարվածության15 կամ չափազանցհոգնածության պատճառով,16 ինչը երբեմն կարելի է բարելավել սննդակարգի, քնի և վարժությունների կարգավորման շնորհիվ։ Հնարավոր է նաև անհրաժեշտ լինի բուժում և դեղամիջոցներ՝ որակավորված մասնագետների հսկողության ներքո:

Չբուժված հոգեկան կամ հուզական հիվանդությունը կարող է հանգեցնել մեկուսացման, թյուրիմացությունների, խզված հարաբերությունների, ինքնավնասման և նույնիսկ ինքնասպանության աճի: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել, քանի որ իմ հայրը տարիներ առաջ մահացավ՝ ինքնասպանություն գործելով։ Նրա մահը ցնցեց և մեծ վիշտ պատճառեց ինձ և իմ ընտանիքին։ Տարիներ պահանջվեցին իմ վիշտը հաղթահարելու համար, և միայն վերջերս իմացա, որ ինքնասպանության մասին պատշաճ ձևով խոսելն իրականում օգնում է կանխել այն, այլ ոչ թե խրախուսում է դա։17 Ես իմ երեխաների հետ բացահայտ քննարկել եմ իմ հայրիկի մահը և ականատես եմ եղել այն ապաքինմանը, որը Փրկիչը կարող է տալ վարագույրի երկու կողմերում գտնվող մարդկանց։18

Դժբախտաբար, ծանր ընկճախտից տառապող մարդկանցից շատերը հեռանում են իրենց ընկերակից Սրբերից, քանի որ կարծում են, որ չեն համապատասխանում ինչ-որ երևակայական մարդու չափանիշներին։ Մենք կարող ենք օգնել նրանց իմանալ, որ սա իսկապես նրանց տեղն է։ Կարևոր է հասկանալ, որ ընկճախտը թուլության արդյունք չէ, ոչ էլ այն սովորաբար արդյունք է մեղքի։19 Այն «մեծանում է գաղտնիության մեջ, սակայն փոքրանում է կարեկցանքի դեպքում»։20 Միասին մենք կարող ենք ճեղքել մեկուսացման և խարանի ամպերը, որպեսզի ամոթի բեռը հեռացվի և ապաքինման հրաշքները տեղի ունենան:

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը բժշկեց հիվանդներին և տառապողներին, բայց յուրաքանչյուր ոք ստիպված էր հավատք դրսևորել Նրա հանդեպ և գործել՝ Նրա բժշկումը ստանալու համար։ Ոմանք կտրել էին երկար ճանապարհ, ոմանք էլ մեկնել ձեռքը՝ դիպչելու Նրա հագուստին, իսկ մյուսներին պետք է բերեին Նրա մոտ, որպեսզի բուժվեին:21 Երբ գործը հասնում է ապաքինման, արդյո՞ք մենք բոլորս, որ հուսալքված ենք, Նրա կարիք չունենք։ «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»։22

Եկեք հետևենք Փրկիչի ուղուն և մեծացնենք մեր կարեկցանքը, քչացնենք դատելու մեր միտումները և դադարենք լինել ուրիշների հոգևոր վիճակի հսկիչները: Սիրով լսելը ամենամեծ նվերներից մեկն է, որը մենք կարող ենք առաջարկել, և մենք կարող ենք օգնել՝ կրելով կամ հոգեպես բարձրացնելով այն ծանր ամպերը, որոնք խեղդում են մեր սիրելիներին և ընկերներին,23 որպեսզի մեր սիրո միջոցով նրանք կարողանան մի անգամ ևս զգալ Սուրբ Հոգին և ընկալել այն լույսը, որը ճառագում է Հիսուս Քրիստոսից:

Եթե անընդհատ շրջապատված եք «խավարի մեգով»,24դիմեք Երկնային Հորը։ Ձեզ հետ կատարված ոչ մի բան չի կարող փոխել այն հավերժական ճշմարտությունը, որ դուք Նրա զավակն եք, և որ Նա սիրում է ձեզ։25 Հիշեք, որ Քրիստոսը ձեր Փրկիչն ու Քավիչն է, իսկ Աստված ձեր Հայրն է: Նրանք հասկանում են։ Պատկերացրեք նրանց ձեր կողքին՝ լսելով և աջակցություն առաջարկելով։26 «[Նրանք] կմխիթարեն ձեզ ձեր չարչարանքների մեջ»։27 Արեք հնարավոր ամեն բան և ապավինեք Տիրոջ քավող շնորհին։

Ձեր տառապանքները չեն որոշում ձեր էությունը, բայց դրանք կարող են զտել ձեզ։28 «Մարմնի խայթի» շնորհիվ29 դուք գուցե կարողանաք ավելի շատ կարեկցանք զգալ ուրիշների հանդեպ։ Սուրբ Հոգուց առաջնորդվելով, կիսվեք ձեր պատմությամբ, որպեսզի «սատարեք թույլերին, բարձրացնեք ընկած ձեռքերը և ամրացնեք տկար ծնկները»:30

Նրանց համար, ովքեր ներկայումս տառապում են կամ աջակցում են որևէ մեկին, ով տառապում է, եկեք պատրաստ լինենք հետևելու Աստծո պատվիրաններին, որպեսզի մենք միշտ ունենանք Նրա Հոգին մեզ հետ:31 Եկեք անենք «փոքր և հասարակ բաներ»,32 որոնք մեզ հոգևոր ուժ կտան։ Ինչպես Ռասսել Մ․ Նելսոնն է ասել․ «Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության համակցությունը՝ ճշգրիտ հնազանդության, անկեղծ որոնման, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցման և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրման հետ»:33

Jarius' Daughter

Եկեք հիշենք, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսն, «իր [վրա է առել] մեր թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, … ինչպես սատարել [մեզ]՝ ըստ մեր թուլությունների»։34 Նա եկավ, որ «կոտրած սիրտ ունեցողներին բժշկի, ․․․ բոլոր սգավորներին մխիթարի ․․․ որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ»:35

Light and Life

Ես վկայում եմ ձեզ, որ «ամպերի և արևի շողերի միջով» Տերը մնում է մեզ հետ, որ մեր «չարչարանքները կուլ են գնում Քրիստոսի ուրախության մեջ», 36 և «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։37 Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը կվերադառնա Երկիր՝ «իր թևերի մեջ ունենալով բժշկություն»։38 Ի վերջո, Նա « կ’ջնջէ բոլոր արտասուքը մեր աչքերիցը. եւ այլեւս չի լինիլ սուգ»։39 Բոլոր նրանք, ովքեր «կգան Քրիստոսի մոտ և կկատարելագործվեն Նրանում»,40 «արեւն այլ եւս պիտի մար չմտնէ, այլ Եհովան պիտի լինի [մեր] յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան [մեր] սուգի օրերը»։41 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։