2019
Սրբությունը և երջանկության ծրագիրը
Նոյեմբեր 2019


Սրբությունը և երջանկության ծրագիրը

Անձնական սրբության մեծացմանը զուգահեռ մեծանում է նաև մեր երջանկությունը։

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, ես աղոթել եմ, որ զորություն ստանամ օգնել ձեզ երջանկության որոնման ձեր ճանապարհին։ Ոմանք արդեն բավականին երջանիկ են, սակայն, անկասկած, ոչ ոք չի մերժի երջանկությունը ավելացնելու առաջարկը։ Հարատև երջանկության երաշխավորված առաջարկը բոլորն էլ խանդավառությամբ կընդունեն։

Դա այն է, ինչ Երկնային Հայրը, Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին առաջարկում են Երկնային Հոր յուրաքանչյուր հոգևոր զավակին, որն այժմ ապրում է, ապրելու է կամ երբևէ ապրել է այս աշխարհում: Այդ առաջարկը երբեմն անվանում են երջանկության ծրագիր։ Ալմա մարգարեն է այդպես անվանել, երբ ուսուցանում էր իր որդուն, որը խճճվել էր մեղքի թշվառության մեջ։ Ալման գիտեր, որ ամբարշտությունը երբեք երջանկություն չէր լինի ո՛չ իր որդու համար, ո՛չ էլ Երկնային Հոր որևէ այլ զավակի համար։1

Նա իր որդուն ուսուցանեց, որ երջանկության ճանապարհը միայն սրբության մեջ աճելն է։ Նա պարզ դարձրեց, որ ավելի մեծ սրբություն հնարավոր է ձեռք բերել մեզ մաքրող և կատարելագործող Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։2 Միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, շարունակական ապաշխարությամբ և ուխտերը պահելով մենք կարող ենք հայցել այն հարատև երջանկությունը, որը բոլորս ցանկանում ենք զգալ և պահպանել:

Այսօր ես աղոթում եմ, որ կարողանամ օգնել ձեզ ըմբռնել, որ անձնական սրբության մեծացմանը զուգահեռ մեծանում է նաև մեր երջանկությունը, որպեսզի դուք ապրեք այդ համոզմունքով: Այնուհետև ես կկիսվեմ նրանով, ինչ ինքս գիտեմ այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արժանանանք ավելի սուրբ դառնալու պարգևին:

Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են, որ, ի թիվս այլ բաների, մենք սրբագործվում կամ մաքրագործվում ենք, երբ հավատք ենք գործադրում Քրիստոսի հանդեպ,3 դրսևորում ենք մեր հնազանդությունը,4 ապաշխարում ենք,5 հանուն Նրա զոհաբերում ենք,6 ստանում են սրբազան արարողությունները և պահում ենք մեր ուխտերը Նրա հետ:7 Սրբության պարգևին արժանանալու համար մեզ անհրաժեշտ է խոնարհություն,8 հեզություն9 և համբերություն։10

Սոլթ Լեյքի տաճարում ավելի շատ սրբություն ցանկանալու մի փորձառություն եմ ունեցել: Ես առաջին անգամ էի մտնում տաճար և ինձ շատ բան չէին ասել, թե ինչ պետք է ակնկալել: Ես տեսա շենքի վրա գրված խոսքերը. «Սրբություն Տիրոջը» և «Տիրոջ տուն»: Սպասման մեծ կանխազգացում առաջացավ իմ մեջ: Բայց և այնպես, համոզված չէի, որ պատրաստ եմ մտնել:

Մայրս և հայրս առջևից էին քայլում, երբ ներս մտանք տաճար: Մեզ խնդրեցին ցույց տալ մեր երաշխավորագրերը, որը հաստատում էր մեր արժանավորությունը:

Ծնողներս ճանաչում էին երաշխավորագրերը ստուգող մարդուն: Ուստի նրանք մի պահ մնացին խոսելու նրա հետ: Ես մենակ առաջ գնացի դեպի մի մեծ տարածություն, որտեղ ամեն ինչ շողշողում էր սպիտակ գույնով: Ես նայեցի առաստաղին, որը շատ բարձր էր, կարծես բաց երկինք լիներ: Այդ պահին մտքումս մի հստակ տպավորություն զգացի, որ նախկինում եղել եմ այդտեղ:

Բայց հետո, ես շատ մեղմ մի ձայն լսեցի. դա իմ ձայնը չէր: Մեղմությամբ ասված բառերը հետևյալն էին. «Դու երբեք այստեղ չես եղել: Դու վերհիշում ես ծննդից առաջ եղած մի պահ: Դու եղել ես այսպիսի մի սուրբ վայրում: Դու զգացիր, որ ուր որ է Փրկիչը կհայտնվի քո կանգնած տեղում: Եվ դու երջանկություն զգացիր, քանի որ շատ կուզեիր տեսնել Նրան»:

Սոլթ Լեյքի տաճարի այդ փորձառությունը տևեց ընդամենը մի պահ: Այնուամենայնիվ, դրա հիշողությունը դեռ բերում է խաղաղություն, ուրախություն ու մեղմ երջանկություն:

Այդ օրը ես շատ դասեր սովորեցի։ Դասերից մեկն այն էր, որ Սուրբ Հոգին խոսում է մեղմ, բարակ ձայնով: Ես կարող եմ լսել Նրան, երբ իմ սրտում հոգևոր խաղաղություն կա: Նա երջանկության զգացում և վստահություն է հաղորդում, որ ես ավելի սուրբ եմ դառնում: Եվ դա միշտ բերում է այն երջանկությունը, որը ես Աստծո տաճարում զգացի այդ առաջին պահին:

Դուք ձեր և ուրիշների կյանքում նկատել եք երջանկության հրաշքը, որը բխում է աճող սրբությունից՝ Փրկիչին ավելի շատ նմանվելուց: Վերջին շաբաթներին այցելել եմ մահվան շեմին գտնվող մարդկանց, որոնք պատրաստ էին մահը ընդունել Փրկիչի հանդեպ լիակատար հավատքով ու երջանիկ դեմքով:

Մեկը մի տղամարդ էր, ով շրջապատված էր իր ընտանիքով: Նա իր կնոջ հետ հանգիստ զրուցում էր, երբ մենք որդուս հետ ներս մտանք: Երկար տարիներ ես ճանաչում էի նրանց: Ես տեսել էի, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը գործում նրանց կյանքում և նրանց ընտանիքի անդամների կյանքում:

Նրանք միասին որոշել էին դադարեցնել նրա կյանքը երկարացնող բժշկական միջամտությունը: Հանգստության զգացում կար, երբ նա խոսում էր մեզ հետ: Նա ժպտում էր, երբ գոհություն էր հայտնում ավետարանի համար, որը մաքրագործող ազդեցություն էր ունեցել իր և իր ընտանիքի վրա: Նա պատմեց տաճարում ծառայելու իր երջանիկ տարիների մասին: Տղամարդու խնդրանքով իմ որդին օծեց նրա գլուխը սրբագործված յուղով: Ես կնքեցի օծումը: Օրհնություն տալիս ես հստակ հուշում ստացա ասել նրան, որ նա շուտով դեմառդեմ կտեսնի իր Փրկիչին:

Ես նրան խոստացա, որ նա կզգա երջանկություն, սեր և Փրկիչի հավանությունը: Երբ հեռանում էինք, նա ջերմորեն ժպտաց մեզ: Նրա վերջին խոսքերն էին ինձ. «Ասա Քեթիին, որ ես սիրում եմ նրան»: Կինս՝ Քեթլինը, տարիներ շարունակ խրախուսել էր նրա ընտանիքի սերունդներին ընդունել Փրկիչի հրավերը՝ գալ Նրա մոտ, կապել և պահել սրբազան ուխտերը և այդպիսով արժանանալ այն երջանկությանը, որը գալիս է ավելի մեծ սրբության արդյունքում:

Ժամեր անց տղամարդը մահացավ։ Մահվանից մի քանի շաբաթ անց նրա այրին նվեր բերեց ինձ և կնոջս։ Նա ժպտում էր մեր խոսակցության ընթացքում։ Գոհության զգացումով նա ասաց. «Ես սպասում էի, որ տխուր և միայնակ կզգայի: Բայց ես ինձ շատ երջանիկ եմ զգում: Ի՞նչ եք կարծում, իմ այս վիճակը նորմա՞լ է»:

Իմանալով, թե որքան է նա սիրում իր ամուսնուն, և թե ինչպես էին երկուսն էլ եկել Տիրոջ ճանաչմանը, սիրուն և ծառայությանը, ես նրան ասացի, որ նրա երջանկության զգացումը խոստացված պարգև էր, քանի որ նա իր հավատարմ ծառայության միջոցով ավելի սրբագործված էր: Սրբությունը նրան արժանի էր դարձրել այդ երջանկությանը:

Ինձ լսողներից ոմանց մոտ հարց կառաջանա. «Ինչո՞ւ ես չեմ զգում հավատարիմներին խոստացված խաղաղությունն ու երջանկությունը: Ես հավատարիմ եմ եղել սարսափելի ձախորդության միջով անցնելիս, բայց ինձ երջանիկ չեմ զգում»:

Անգամ մարգարե Ջոզեֆ Սմիթն էր դիմակայում այդ փորձությանը: Նա աղոթում էր, որ սփոփանք գտնի, երբ գտնվում էր Միսսուրի նահանգի Լիբերթի բանտում: Նա հավատարիմ էր եղել Տիրոջը: Նրա սրբությունը աճել էր: Բայց և այնպես նրան թվում էր, թե երջանկությունից կտրված է:

Տերը նրան ուսուցանեց համբերության դասը, որի կարիքը մեր մահկանացու փորձությունների ինչ-որ պահին կամ գուցե երկար ժամանակաշրջանում բոլորս կունենանք: Ահա Տիրոջ ուղերձը Իր հավատարիմ և չարչարանք կրող մարգարեին.

«Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար:

Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա:

Հետևաբար, շարունակիր ճանապարհդ, և քահանայությունը կմնա քեզ հետ. քանզի նրանց սահմանները հաստատված են՝ նրանք չեն կարող անցնել այն: Քո օրերը հայտնի են, և քո տարիները չեն կրճատվի. հետևաբար, մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:11

Դա այն նույն ուսուցանած դասն էր, որը Տերը տվել էր Հոբին, որը մեծ գին վճարեց, որ թույլ տա, որպեսզի Քավությունը նրան ավելի սուրբ դարձնի: Հոբի սրբության մասին գիտենք նրա մասին գրված նախաբանից. «Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից»:12

Այնուհետև Հոբը կորցրեց իր հարստությունը, ընտանիքը և նույնիսկ առողջությունը: Գուցե հիշում եք, որ Հոբը կասկածում էր, որ իր ավելի մեծ սրբությունը, որ ձեռք էր բերվել ավելի մեծ դժվարություններով, նրան արժանի էին դարձրել ավելի մեծ երջանկության: Հոբին թվում էր, որ սրբությունը նրան դժբախտություն էր բերել:

Սակայն Տերը Հոբին ուղղիչ նույն դասը տվեց, որը տվել էր Ջոզեֆ Սմիթին: Նա թույլ տվեց, որ Հոբը տեսնի իր սրտաճմլիկ իրավիճակը հոգևոր աչքերով: Նա ասաց.

«Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու։

Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. Իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։

Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։

Ինչի՞ վերայ են խրուած նորա խարիսխները. Կամ ո՞վ է ձգել նորա անկեան քարը.

Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին»։13

Այնուհետև, երբ Հոբը ապաշխարեց Աստծուն անարդար անվանելու համար, Հոբին թույլատրվեց նայել իր փորձություններին ավելի բարձր և ավելի սուրբ տեսանկյունից: Նա ապաշխարել էր:

«Եւ Յոբը պատասխանեց Եհովային ու ասեց.

Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.

Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չ՛գիտէի։

Աղաչում եմ, լսիր որ խօսեմ, քեզ հարցնում եմ, եւ ինձ իմացրու.

Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։

Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ»։14

Երբ Հոբը ապաշխարեց և ավելի սուրբ դարձավ, Տերը օրհնեց նրան՝ տալով իր կորցրածից ավելին: Բայց ամենամեծ օրհնությունը Հոբի համար, թերևս այն էր, որ անցնելով ձախորդության և ապաշխարության միջով, նրա սրբությունն ավելացավ: Կյանքի մնացած օրերում նա արժանացավ ավելի մեծ երջանկությամբ ապրելու պարգևին:

Ավելի մեծ սրբությունը չի տրվի պարզապես խնդրելով։ Այն կգա անելով այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Աստված փոխի մեզ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, իմ կարծիքով, լավագույն խորհուրդն է տվել այն մասին, թե ինչպես շարժվել ուխտի ճանապարհով դեպի ավելի մեծ սրբություն: Նա ցույց է տվել ուղին՝ հորդորելով․

«Զգացեք ամենօրյա ապաշխարության ամրապնդող զորությունը՝ ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը։

Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք ընտրում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ՝ փրկագնման ուրախությունը, որ Նրանում է։ Երբ ընտրում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին»։

Նախագահ Նելսոնը շարունակեց այս քաջալերանքով, երբ ձգտում ենք ավելի սրբագործվել. «Տերը այս պահին մեզանից կատարելություն չի ակնկալում: Բայց նա ակնկալում է, որ մենք ավելի շատ մաքրագործվենք: Մաքրության ուղին ամենօրյա ապաշխարությունն է»:15

Նախագահ Դալլին Հ. Օուքսը, ավելի վաղ համաժողովի ելույթում, նույնպես օգնել է ինձ ավելի պարզ տեսնել, թե ինչպես ենք մենք աճում սրբության մեջ, և ինչպես կարող ենք իմանալ, որ շարժվում ենք այդ ուղղությամբ: Նա ասել է. «Ինչպե՞ս ենք մենք հոգևոր հասունության հասնում: Ինչպե՞ս ենք հասնում սրբության այն աստիճանին, երբ կարող ենք վայելել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Ինչպե՞ս ենք տեսնում և գնահատում այս աշխարհի բաները հավերժության տեսանկյունից»:16

Նախագահ Օուքսի պատասխանը սկսվում է ավելի մեծ հավատքով Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ որպես մեր սիրող Փրկիչի: Հավատքը մեզ մղում է ամեն օր ներում փնտրելու և ամեն օր հիշելու Նրան՝ պահելով Նրա պատվիրանները: Հիսուս Քրիստոսի հանդեպ այդ մեծ հավատքը գալիս է այն ժամանակ, երբ մենք ամեն օր սնվում ենք Նրա խոսքով:

«Ավելի շատ սրբություն տուր ինձ» օրհներգը առաջարկում է ավելի սուրբ դառնալու օգնության համար աղոթքի մի միջոց: Հեղինակն իմաստուն ձևով հուշում է, որ մեր փնտրած սրբությունը սիրող Աստծո կողմից նվեր է, որը տրվում է ժամանակի ընթացքում, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել: Դուք հիշում եք վերջին տունը.

Էլ ավել մաքրություն,

Ավել զորություն,

Երկրից անկախություն

Էլ ավել ինձ տուր։

Թող լինեմ ավելի

Ես Քեզ արժանի,

Օրհնված, սրբացած,

Փրկիչ, Քեզ նման:17

Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, որտեղ էլ գտնվենք տուն տանող ուխտի ճանապարհին, թող ավելի մեծ սրբություն ստանալու մեր աղոթքները պատասխան ստանան: Գիտեմ, որ երբ մեր խնդրանքը տրվի, մեր երջանկությունը կավելանա: Կարող է դանդաղ տրվել, բայց կտրվի: Ես ստացել եմ այդ համոզմունքը սիրող Երկնային Հորից և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսից:

Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այսօր մեր կենդանի մարգարեն է: Հայր Աստված ապրում է և սիրում է մեզ: Նա ցանկանում է, որ մենք ընտանիքներով տուն վերադառնանք՝ Նրա մոտ: Մեր սիրառատ Փրկիչը տուն տանող ճանապարհին մեզ հրավիրում է հետևել Իրեն: Ուղին նրանք պատրաստել են: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: