2017
Նախազգուշացնող ձայնը
May 2017


Նախազգուշացնող ձայնը

Չնայած նախազգուշացնելու պարտականությունը վերաբերում է հատկապես մարգարեներին, այդ պարտավորությամբ ուրիշները ևս կիսվում են:

Լեքիի և նրա ընտանիքի կողմից Երուսաղեմը լքելուց մոտ երկու դար առաջ է ծնվել Մարգարե Եզեկիէլը: 597թ.-ին Ք.ծ.ա. 25 տարեկանում Եզեկիէլը շատերի հետ գերվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից և իր կյանքի մնացած մասը այնտեղ անցկացրեց:1 Նա Ահարոնյան քահանայության տոհմագիծ ուներ և երբ 30 տարեկան էր, նա դարձավ մարգարե:2

Լիազորելով Եզեկիէլին, Եհովան օգտագործեց պահակի [դէտի] այլաբանությունը:

«Երբ [դէտը] տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.

Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չզգուշանայ եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի»:3

Մյուս կողմից «եթե դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չհնչեցնէ, եւ ժողովուրդը չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ, … նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու»:4

Ապա ուղղակիորեն խոսելով Եզեկիէլի հետ, Եհովան հայտարարեց. «Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ:»5 Դա նախազգուշացում էր՝ մեղքից հեռու մնալ:

«Ես ամբարշտին ասելիս, ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չխոսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. այն ամբարիշտը մեռնէ իր անօրենութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կպահանջեմ:

Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չդառնայ, նա իր անօրենութեան համար կմեռնէ, բայց դու ազատած կլինես քո անձը: …

Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, …

Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չյիշուին, նա իրավունք ու արդարութիւն գործեց. Նա անշուշտ պիտի ապրէ:»6

Ուշագրավ է, որ այս նախազգուշացումը վերաբերում է նաև արդարին. «Երբոր ես արդարին ասեմ՝ թե նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. նորա բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ:»7

Աղերսելով իր զավակներին, Աստված ասում է Եզեկիէլին. «Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ: Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ինչո՞ւ համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն»:8

Հեռու մնալով դատապարտելու ցանկությունից, մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը ձգտում են մեր երջանկությանը և աղերսում են մեզ ապաշխարել, հաստատ իմանալով, որ «ամբարշտությունը երբեք չի եղել [և երբեք չի լինի] երջանկություն»:9 Այսպիսով, Եզեկիէլը և յուրաքանչյուր մարգարե նախկինում և այնուհետև, խոսելով Աստծո խոսքը՝ ի սրտե նախազգուշացրել են բոլորին, ովքեր կկամենան երես թեքել սատանայից՝ իրենց հոգիների թշնամուց, և «ընտրել ազատություն և հավերժական կյանք բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով»:10

Չնայած նախազգուշացնելու պարտականությունը վերաբերում է հատկապես մարգարեներին, բայց այդ պարտավորությամբ ուրիշները ևս կիսվում են: Փաստորեն «դա դառնում է յուրաքանչյուր մարդ, ով նախազգուշացվել է, նախազգուշացնում է իր մերձավորին»11 Մենք, որ ստացել ենք երջանկության մեծ ծրագիրը և դրա իրականացման պատվիրանները, պետք է ցանկություն զգանք կիսվելու այդ գիտելիքով, քանի որ դա է տարբերություն ստեղծում այստեղ և հավերժության մեջ: Եվ եթե մենք հարցնում ենք. «Ո՞վ է իմ մերձավորը, որին պետք է զգուշացնեմ», անշուշտ պատասխանը կգտնենք մի առակում, որը սկսվում է. «Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով, եւ ավազակների ձեռքն ընկավ,12 և այլն»:

Քննարկելով բարի Սամարացու առակը այս համատեքստում, մենք հասկանում ենք, որ «Ո՞վ է իմ մերձավորը» հարցը կապված է երկու մեծ պատվիրանների հետ. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորութիւնիցը, եւ քո բոլոր մտքիցը. Եւ քո ընկերին քո անձի պէս»:13 Նախազգուշացնող ձայն բարձրացնելու մղումը սերն է՝ Աստծո սերը և սերը ընկերոջ հանդեպ: Նախազգուշացնել՝ նշանակում է հոգ տանել: Տերը հրահանգում է, որ դա պետք է արվի «մեղմությամբ և հեզությամբ»14 և «միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ … , և անկեղծ սիրով»:15 Դա կարող է լինել հրատապ, ինչպես, երբ զգուշացնում ենք երեխային ձեռքը կրակի մեջ չմտցնել: Այն պետք է լինի հստակ, իսկ երբեմն՝ վճռական: Երբեմն, նախազգուշացումը կարող է ընդունել հանդիմանության ձև, «երբ ներշնչվում եք Սուրբ Հոգով»,16 բայց այն միշտ արմատացած է սիրով: Ապացույցը սերն է, որը դրդապատճառ է հանդիսանում մեր միսիոներների ծառայության և զոհաբերության համար:

Իհարկե, սերը կստիպի ծնողներին նախազգուշացնել ամենամոտիկ «մերձավորներին»՝ իրենց սեփական երեխաներին: Սա նշանակում է ուսուցանել և վկայել ավետարանի ճշմարտությունների մասին: Սա նշանակում է երեխաներին ուսուցանել Քրիստոսի վարդապետությունը՝ հավատք, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու պարգևը:17 Տերը հիշեցնում է ծնողներին. «Ես պատվիրել եմ ձեզ մեծացնել ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:18

Ծնողական պարտականության ամենաէական տարրը նախազգուշացնելն է, պատկերելով ոչ միայն մեղքի այլասերող հետևանքները, այլև պատվիրաններին հնազանդ հետևելու ուրախությունը: Հիշեք Ենովսի խոսքերն այն մասին, թե ինչն առաջնորդեց նրան որոնել Աստծուն, ստանալ մեղքերի թողություն և դարձի գալ.

«Ահա, ես գնացել էի գազաններ որսալու անտառներում, և խոսքերը, որոնք ես հաճախ լսել էի իմ հորն ասելիս, հավերժական կյանքի և սրբերի ուրախության մասին, խորը ընկղմվել էին իմ սրտում:

Եվ իմ հոգին քաղցում էր. և ես ծնկի իջա իմ արարչի առջև, և ես աղաղակեցի առ նա զորեղ աղոթքով և աղաչանքով»:19

Ուրիշների երջանկության համար Իր անզուգական սիրո և մտահոգության շնորհիվ Հիսուսը չտատանվեց նախազգուշացնել: Իր ծառայության սկզբից ի վեր. «Հիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորութիւնը»:20 Որովհետև Նա ուղղակի գիտի, որ ամեն ճանապարհ չէ, որ տանում է դեպի երկինք, Նա պատվիրեց.

«Նեղ դռնովը ներս մտէք, որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները.

Քանի նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. և քիչ են նորան գտնողները:21

Նա ժամանակ էր տրամադրում մեղավորներին, ասելով. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան»:22

Ինչ վերաբերում է դպիրներին, փարիսեցիներին ու սադուկեցիներին, Հիսուսն անզիջում էր նրանց երեսպաշտությունը դատապարտելիս: Նրա նախազգուշացումները և պատվիրանները ուղղակի էին. «Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողնում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. սա պէտք էր անել՝ եւ այն չթողել».23 Ի վերջո, անշուշտ ոչ մեկը չէր մեղադրի Փրկիչին այդ դպիրներին և փարիսեցիներին չսիրելու համար. Նա տանջվեց և մահացավ՝ նրանց նույնպես փրկելու համար: Բայց սիրելով նրանց, Նա չէր կարող թույլ տալ նրանց շարունակել մեղքի մեջ՝ առանց հստակորեն ուղղելու նրանց: Մի դիտորդ նշել է. «Հիսուսն ուսուցանեց Իր հետևորդներին անել ինչպես ինքն արեց՝ ողջունել ամենքին, բայց նաև ուսուցանել մեղքի մասին, քանի որ սերը պահանջում էր նախազգուշացնել մարդկանց, թե ինչը կարող էր նրանց ցավ պատճառել»:24

Երբեմն նրանք, ովքեր նախազգուշացնող ձայն են բարձրացնում, մերժվում են որպես դատապարտող: Այնուամենայնիվ, նրանք ովքեր համարում են, որ ճշմարտությունը հարաբերական է և բարոյական չափանիշները անձնական նախընտրության հարց է, հաճախ նույն մարդիկ են, ովքեր, հակասելով առողջ բանականությանը, ամենայն խստությամբ քննադատում են մարդկանց, ովքեր չեն ընդունում «ճշմարիտ մտածողության» ներկայիս նորմերը: Մի գրող անդրադարձել է սրան որպես «ամոթի մշակույթ»:

«Հանցանքի մշակույթում ձեր լավ կամ վատ լինելը դուք որոշում եք նրանով, թե ինչ է զգում ձեր խիղճը: Ամոթի մշակույթում ձեր լավ կամ վատ լինելը դուք որոշում եք նրանով, թե ինչ է ասում համայնքը ձեր մասին՝ արդյոք այն մեծարում է ձեզ, թե բացառում: … [Նույն մշակույթում] բարոյական կյանքը չի կառուցվում ճիշտ կամ սխալ կարծիքի վրա, այն կառուցվում է ներառման կամ բացառման կարծիքի վրա: …

… Ներառման և բացառման վրա հիմնված բարոյական համակարգում ոչ մեկը հավերժ ապահովագրված չէ: Չկան մնայուն չափանիշներ, կա ուղղակի ամբոխի փոփոխական կարծիքը: Սա գերզգայունության, անհանդուրժողական արձագանքի և հաճախակի բարոյական խուճապի մի մշակույթ է, որում բոլորը հարկադրված են զգում միասին ընթանալ: … 

Հանցանքի մշակույթը կարող է անգութ լինել, բայց դուք, առնվազն, կարող եք ատել մեղքը և այնուամենայնիվ սիրել մեղավորին: Ժամանակակից ամոթի մշակույթը պարտավորված գնահատում է ներառումը և հանդուրժողականությունը, բայց այն կարող է տարօրինակ կերպով անողորմ լինել նրանց հանդեպ, ովքեր չեն համաձայնվում և նրանց հանդեպ, ովքեր չեն համապատասխանում:25

Սրա հակառակն է «մեր Քավիչի վեմը»,26 արդարության և առաքինության հաստատուն և հարատև մի հիմք: Ավելի լավ է ունենալ Աստծո անփոփոխ օրենքը, որի միջոցով մենք կարող ենք գործել՝ ավելի շուտ ընտրելու մեր ճակատագիրը, քան լինել հասարակական լրատվամիջոցների ամբոխի անկանխատեսելի կանոնների և ցասման պատանդ: Ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, քան լինել «երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը»:27 Ավելի լավ է ապաշխարել և բարձրանալ դեպի ավետարանի չափանիշը, քան ձևացնել, թե չկա ճիշտ և սխալ ու տանջվել մեղքի և զղջումի մեջ:

Տերը հռչակել է. «Նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով, որոնց ես ընտրել եմ այս վերջին օրերին»:28 Որպես պահակներ և աշակերտներ, մենք չենք կարող չեզոք լինել այս «ավելի գերազանց ուղու» նկատմաբ:29 Ինչպես Եզեկիէլը, մենք չենք կարող տեսնել երկրի վրա եկող սուրը «և փողը չհնչեցնել»:30 Սա չի նշանակում, որ մենք պետք է բախենք մեր հարևանի դուռը կամ կանգնենք հասարակական հրապարակում, աղաղակելով. «Ապաշխարե՛ք»: Իրականում, երբ դուք մտածում եք այդ մասին, մենք ունենք վերականգնված ավետարանում այն, ինչ մարդիկ սրտի խորքում իսկապես ցանկանում են: Այսպիսով, նախազգուշացնող ձայնն ընդհանրապես ոչ միայն քաղաքավարի է, այլև Սաղմոսողի արտահայտությամբ՝ «ցնծության աղաղակ է»:31

Deseret News-ի կարծիքների գծով խմբագիր Հալ Բոյդը մեջբերել է մի օրինակ արջի ծառայության մասին, որը բնորոշ է լուռ մնալուն: Նա նշել է, որ չնայած ամուսնության գաղափարը դեռևս «ինտելեկտուալ բանավեճի» հարց է ամերիկյան հասարակության էլիտայի համար, ամուսնությունը գործնականում, ինքնին, բանավեճի հարց չէ նրանց համար»: «Էլիտայի [ներկայացուցիչները] ամուսնանում են և մնում ամուսնացած և հոգում են, որ իրենց երեխաները վայելեն կայուն ամուսնության օգուտները: … Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ [նրանք] միտում ունեն չքարոզել այն, ինչ իրենք գործնականում անում են»: Նրանք չեն ուզում «հարկադրել» դա նրանց, ովքեր իսկապես կարող են օգտագործել իրենց բարոյական ղեկավարությունը, բայց «հավանաբար ժամանակն է նրանց համար, ովքեր կրթություն ունեն և ուժեղ ընտանիքներ են, դադարեն չեզոք ձևանալը և սկսեն քարոզել այն, ինչ իրենք գործնականում անում են ամուսնության և ծնող լինելու առնչությամբ … [և] օգնեն իրենց ընկեր ամերիկացիներին ընդունել դա»:32

Մենք վստահ ենք, որ աճող սերնդից հատկապես դուք՝, երիտասարդությունը և երիտասարդ չափահասները, ում վրա Տերը պետք է հենվի Իր աշխատանքի հաջողության համար ապագա տարիներին, կհաստատի ավետարանի ուսմունքները և Եկեղեցու չափանիշները ինչպես հանրության, այնպես էլ մասնավոր ոլորտում: Մի լքեք նրանց, ովքեր կցանկանան ողջունել ճշմարտությունը, որ սայթաքեն և ընկնեն տգիտության մեջ: Մի ենթարկվեք կեղծ հանդուրժողականության կամ վախի կեղծ հասկացություններին՝ անհարմարավետության, անհավանության կամ նույնիսկ տառապանքի վախին: Հիշեք Փրկիչի խոստումը.

«Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը:

Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային»:33

Ի վերջո, մենք հաշվետու ենք Աստծուն մեր ընտրությունների և մեր ապրած կյանքի համար: Փրկիչը հայտարարեց. «Իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար»:34

Ընդունելով Տիրոջ գերիշխանությունը, ես աղերսում եմ Ալմայի խոսքերով.

«Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես ցանկանում եմ իմ սրտի ամենախորքից, այո, մեծ տագնապով, մինչև անգամ՝ ցավով, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին, և դեն ձգեք … ձեր մեղքերն ու չհետաձգեք ձեր ապաշխարության օրը.

Այլ, որ դուք խոնարհեցնեք ձեզ Տիրոջ առաջ, և կանչեք նրա սուրբ անունը, և արթուն կենաք ու շարունակ աղոթեք, որպեսզի դուք չլինի թե փորձվեք ավելի, քան դուք կարող եք դիմանալ, և այսպես առաջնորդվեք Սուրբ Հոգուց … ,

Ունենալով հավատք առ Տերը. ունենալով մի հույս, որ դուք պիտի ստանաք հավերժական կյանք. ունենալով Աստծո սերը միշտ ձեր սրտերում, որպեսզի դուք կարողանաք բարձրացվել վերջին օրը և մտնել նրա հանգիստը»:35

Եկեք ասենք Տիրոջը Դավիթի հետ. «Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի, քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին: Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը»:36 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: