2017
Ավետարանի լեզուն
May 2017


Ավետարանի լեզուն

Ավետարանը մեր ընտանիքում պահպանելու համար խորը ուսուցումն անչափ կարևոր է, որն էլ պահանջում է ջանասիրություն ու ջանքեր:

Երբ կանչվեցի բարձրագույն իշխանավոր, ընտանիքիս հետ Կոստա Ռիկայից տեղափոխվեցի Սոլթ Լեյք Սիթի` իմ առաջին հանձնարարությունը կատարելու համար: Այստեղ` Միացյալ Նահանգներում, ես օրհնվել եմ տարբեր էթնիկական ծագում ու մշակույթ ունեցող մարդկանց այցելելով: Նրանց մեջ կային շատերը, ովքեր ինձ նման ծնվել էին Լատինական Ամերիկայի երկրներում:

Նկատել եմ, որ իսպանական ծագում ունեցողների առաջին սերնդի մեծամասնությունը այստեղ խոսում է իրենց հիմնական լեզվով՝ իսպաներենով, և բավականաչափ անգլերեն գիտի ուրիշների հետ հաղորդակցվելու համար: Միացյալ Նահանգներում ծնված կամ են վաղ տարիքում եկած և այստեղ դպրոց հաճախած երկրորդ սերունդը շատ լավ անգլերենով է խոսում և ոչ սահուն իսպաներենով: Եվ հաճախ է հանդիպում, երբ երրորդ սերնդի մոտ իսպաներենը` իրենց նախնիների մայրենի լեզուն, արդեն գոյություն չունի:1

Լեզվաբանական տեսանկյունից սա պարզապես կոչվում է «լեզվի կորուստ»: Լեզվի կորուստը կարող է տեղի ունենալ, երբ ընտանիքները տեղափոխվում են օտար երկիր, որտեղ իրենց մայրենի լեզուն առաջնային չէ: Դա տեղի է ունենում ոչ միայն իսպանական ծագում ունեցողների հետ, այլև աշխարհի ողջ բնակչության հետ, երբ մայրենի լեզուն փոխարինվում է նոր լեզվով:2 Նույնիսկ Նեփին` Մորմոնի Գրքի մարգարեներից մեկը, մտահոգված էր իր հայրերի լեզուն կորցնելու համար, երբ պատրաստվում էր գնալ դեպի խոստացված երկիր: Նեփին գրում է. «Եվ ահա, Աստծո իմաստությամբ է, որ մենք պետք է ձեռք բերենք այս հիշատակարանները, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր զավակների համար մեր հայրերի լեզուն»:3

Սակայն Նեփին մտահոգված էր նաև մեկ այլ լեզու կորցնելու մասին: Հաջորդ հատվածում նա շարունակում է. «Եվ նաև, որպեսզի կարողանանք պահպանել նրանց համար այն խոսքերը, որոնք ասվել են բոլոր սուրբ մարգարեների բերանով, որոնք տրվել են նրանց Աստծո Հոգով և զորությամբ, աշխարհի սկզբից ի վեր, նույնիսկ ընդհուպ մինչև այս ներկա ժամանակը»:4

Ես նմանություն նկատեցի մեր մայրենի լեզուն և Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքում պահպանելու միջև:

Այսօր իմ համանմանության մեջ ես կցանկանայի շեշտը դնել ոչ թե ինչ-որ ժամանակավոր լեզվի, այլ հավերժական լեզվի վրա, որը պետք է պահպանել մեր ընտանիքներում ու երբեք չկորցնել: Ես խոսում եմ5 Հիսուս Քրիստոսի ավետարանի լեզվի մասին: «Ավետարանի լեզու» ասելով նկատի ունեմ մեր մարգարեների բոլոր ուսմունքները, մեր հնազանդությունն այդ ուսմունքներին և մեր արդար ավանդույթներին հետևելը:

Ես կքննարկեմ երեք եղանակ, որոնց միջոցով այս լեզուն կարելի է պահպանել:

Առաջին՝ ավելի ջանասեր ու մտահոգված լինել տան համար

Վարդապետություն և Ուխտերում Տերը Եկեղեցու շատ հայտնի անդամների, ներառյալ Նյուել Ք. Ուիթնիին, հրավիրել է կարգի բերել իրենց ընտանիքը: Տերն ասել է. «Իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին` իմ եկեղեցու եպիսկոպոսը ևս կարիք ունի խրատվելու և կարգի բերելու իր ընտանիքը, և հետևելու, որ նրանք ավելի ջանասեր լինեն և մտահոգվեն տան համար, և միշտ աղոթեն, թե չէ նրանք կհանվեն իրենց տեղից»:6

Մի գործոն, որն ազդում է լեզվի կորստի վրա, այն է, երբ ծնողները ժամանակ չեն հատկացնում իրենց երեխաներին մայրենի լեզուն սովորեցնելու համար: Բավական չէ պարզապես տանն այդ լեզվով խոսել: Եթե ծնողները ցանկանում են պահպանել իրենց լեզուն, այն պետք է ուսուցանեն: Ուսումնասիրությունները պարզել են, որ այն ծնողները, ովքեր գիտակցված ջանքեր են գործադրել իրենց մայրենի լեզուն պահպանելու համար, սովորաբար հասել են հաջողության:7 Այսպիսով, որո՞նք են այն գիտակցված ջանքերը, որ կարող ենք գործադրել ավետարանի լեզուն պահպանելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը զգուշացրել է, որ «տանը ավետարանի թույլ ուսուցումը ու թերի օրինակ լինելը» Եկեղեցում բազմասերունդ ընտանիքների շղթայի ընդհատման հզոր պատճառ է հանդիսանում:8

Ավետարանը մեր ընտանիքում պահպանելու համար խորը ուսուցումն անչափ կարևոր է, որն էլ պահանջում է ջանասիրություն ու ջանքեր:

Մեզ բազմիցս սովորեցրել են սովորություն դարձնել սուրբ գրությունների ամենօրյա ընտանեկան ու անհատական ուսումնասիրությունը:9 Այդպես վարվելով շատ ընտանիքներ ամեն օր օրհնվում են ավելի մեծ միասնականությամբ ու Տիրոջ հետ ավելի մտերիմ հարաբերությամբ:

Նկար
Հայր և դուստր ուսումնասիրում են սուրբ գրությունները

Ե՞րբ է տեղի ունենում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը: Այն տեղի է ունենում, երբ ծնողները, սուրբ գրություններն իրենց ձեռքին, սիրով հրավիրում են ընտանիքի անդամներին ուսումնասիրել միասին: Այս ուսումնասիրությունն այլ կերպ չի կարող տեղի ունենալ:

Նկար
Ընտանիք, որն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Հայրեր ու մայրեր, բաց մի թողեք այս հրաշալի օրհնությունները: Մի սպասեք, մինչև որ շատ ուշ լինի:

Երկրորդ՝ տանը լինել լավ օրինակ

Լեզվաբանության մի փորձագետ գրել է, որ մայրենի լեզուն պահպանելու համար «դուքպետք է լեզուն երեխաների համար գործող դարձնեք»:10 Մեր «լեզուն գործող է», երբ մեր ուսուցանածն ու օրինակը համահունչ են:

Երբ երիտասարդ էի, արձակուրդներին աշխատում էի հայրիկիս գործարանում: Առաջին հարցը, որ հայրս միշտ տալիս էր աշխատավարձը ստանալուց հետո, հետևյալն էր. «Ինչպե՞ս ես վարվելու գումարիդ հետ»:

Ես գիտեի պատասխանը և ասում էի. «Կվճարեմ տասանորդս ու կխնայեմ միսիայի համար»:

Մոտ ութ տարի նրա հետ աշխատելուց ու անընդհատ նույն հարցին պատասխանելուց հետո հորս թվում էր, որ նա սովորեցրել է ինձ տասանորդ վճարել: Նա չէր գիտակցում, որ ես այդ կարևոր սկզբունքը սովորեցի երկու օրվա ընթացքում: Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչպես եմ սովորել այդ սկզբունքը:

Կենտրոնական Ամերիկայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հետ կապված որոշ իրադարձությունների պատճառով հայրիկս սնանկացավ: Լրիվ դրույքով աշխատող նրա դերձակների թիվը նվազեց 200-ից մինչև հինգի, ովքեր, անհրաժեշտության դեպքում, աշխատում էին մեր տան ավտոտնակում: Դժվար ժամանակներ էին, և մի օր ես լսեցի, թե ծնողներս ինչպես էին քննարկում՝ արդյո՞ք պետք է տասանորդ վճարեն, թե՞ սնունդ գնեն երեխաների համար:

Կիրակի օրը ես հետևում էի հայրիկիս, որպեսզի տեսնեի, թե նա ինչպես էր վարվելու: Եկեղեցու ժողովներից հետո ես տեսա, որ նա վերցրեց ծրարն ու դրա մեջ դրեց իր տասանորդը: Դա միայն դասի մի մասն էր: Ինձ հուզող հարցն այն էր, թե ինչ էինք ուտելու:

Երկուշաբթի առավոտյան մի քանի հոգի թակեցին մեր դուռը: Երբ ես բացեցի այն, նրանք խնդրեցին հայրիկիս: Ես կանչեցի նրան, և երբ նա եկավ, այցելուները նրան կարի մի հրատապ պատվեր ներկայացրին: Նրանք ասացին, որ պատվերն այնքան հրատապ է, որ իրենք պատրաստ էին դրա համար նախապես վճարել: Այդ օրը ես սովորեցի տասանորդը վճարելու սկզբունքներն ու դրան հետևող օրհնությունները:

Նոր Կտակարանում Տերը խոսում է օրինակ լինելու մասին: Նա ասում է. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. Որովհետև ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում»:11

Նկար
Այցելություն դեպի տաճար

Մեր երեխաների հետ տաճարային ամուսնության, ծոմապահության ու հանգստի օրը սուրբ պահելու կարևորության մասին պարզապես խոսելը բավարար չէ: Նրանք պետք է տեսնեն, թե մենք ինչպես ենք մեր օրակարգում հնարավորինս տեղ հատկացնումտաճարային այցելություններին: Նրանք պետք է տեսնեն պարբերաբար ծոմ պահելու մեր հանձնառությունը12 և ողջ Հանգստության օրը սուրբ պահելը: Եթե մեր երիտասարդները չեն կարող ծոմ պահել` զերծ մնալով երկու կերակուրից, չեն կարող պարբերաբար ուսումնասիրել սուրբ գրությունները և չեն կարող անջատել հեռուստացույցը կիրակնօրյա կարևոր խաղի ընթացքում, արդյոք կունենա՞ն այն հոգևոր ինքնակառավարումը, որպեսզի դիմակայեն այսօրվա աշխարհի զորեղ գայթակղություններին` ներառյալ պոռնոգրաֆիայի գայթակղությանը:

Երրորդ՝ ավանդույթներ

Պատճառներից մեկը, երբ լեզուն ենթարկվում է փոփոխության, այն է, երբ այլ լեզուներն ու ավանդույթները խառնվում են մայրենի լեզվի հետ:13

Վերականգնված Եկեղեցու վաղ տարիների ընթացքում Տերը հորդորել է Եկեղեցու շատ հայտնի անդամների կարգի բերել իրենց տները: Նա սկսել է Իր հորդորը` նշելով երկու եղանակ, որոնց միջոցով մենք կորցնում ենք լույսն ու ճշմարտությունը մեր տներից. «Եվ այն չարագործը գալիս և վերցնում է լույսն ու ճշմարտությունը մարդկանց զավակներից, անհնազանդության միջոցով, և նրանց հայրերի ավանդությունների պատճառով»:14

Որպես ընտանիքներ, մենք պետք է խուսափենք ցանկացած ավանդույթներից, որոնք կխանգարեն մեզ Հանգստության օրը սուրբ պահել կամ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն ու աղոթք անել տանը: Մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռք առնենք պոռնոգրաֆիայի և մյուս բոլոր չար ազդեցությունների դեմ` թույլ չտալով, որ դրանք մեր տուն թափանցեն տեխնիկայի միջոցով: Մեր օրերի աշխարհիկ ավանդույթների դեմ պայքարելու համար մենք պետք է կիրառենք սուրբ գրություններն ու ժամանակակից մարգարեների ձայնը, որպեսզի ուսուցանենք մեր երեխաներին իրենց աստվածային բնույթի, կյանքում իրենց նպատակի և Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին:

Եզրակացություն

Սուրբ գրություններում մենք հանդիպում ենք «լեզվի կորուստի» օրինակների հետ:15 Օրինակ`

«Արդ, եղավ այնպես, որ աճող սերնդից կային շատերը, ովքեր չէին կարողանում հասկանալ Բենիամին թագավորի խոսքերը` լինելով փոքր երեխաներ այն ժամանակ, երբ նա խոսել էի իր ժողովրդի հետ. և նրանք չէին հավատում իրենց հայրերի ավանդությանը: …

Եվ արդ, իրենց անհավատության պատճառով, նրանք չէին հասկանում Աստծո խոսքը. և նրանց սրտերը կարծրացած էին»:16

Աճող սերնդի համար ավետարանն անծանոթ լեզու էր դարձել: Եվ մինչ մայրենի լեզվի պահպանման օգտակար կողմերը երբեմն քննարկման են ենթարկվում, փրկության ծրագրի ենթատեքստում ավետարանի լեզուն մեր տնից կորցնելու հավերժական հետևանքները քննարկմանենթակա չեն:

Նկար
Մայրն իր որդու հետ աղոթելիս

Որպես Աստծո զավակներ, մենք անկատար մարդիկ ենք, ովքեր փորձում են սովորել կատարյալ լեզու:17 Այնպես, ինչպես մայրն է կարեկցանքով լցված իր երեխաների նկատմամբ, մեր Երկնային Հայրը համբերատար է մեր անկատարությունների ու սխալների հանդեպ: Նրա համար անգին են մեր կմկմացող ձայնով ասված անկեղծ աղոթքները, որոնք նման են նուրբ պոեզիայի, Նա հրճվում է, երբ մենք արտասանում ենք ավետարանի առաջին խոսքերը, Նա մեզ ուսուցանում է կատարյալ սիրով:

Նկար
Ընտանիքը աղոթում է միասին

Այս կյանքում ոչ մի նվաճում, որքան էլ որ այն կարևոր լինի, էական չէ, եթե մենք կորցնենք ավետարանի լեզուն մեր ընտանիքներում:18 Ես վկայում եմ, որ Երկնային Հայրը կօրհնի մեզ, երբ մենք ձգտենք հարել Նրա լեզվին, նույնիսկ մինչև սահուն խոսել կարողանանք հաղորդակցման այս վերին աստիճանում, որը մեր մայրենի լեզուն էր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Իսպանական ծագում ունեցողների երրորդ սերնդի մոտ «անգլերենը միակ լեզուն լինելը … կազմում է 72 տոկոս (Richard Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates,” Migration Policy Institute, Feb. 1, 2005, migrationpolicy.org/article/bilingualism-persists-english-still-dominates):

  2. «Երրորդ սերնդի մոտ գերակշռում է միայն անգլերեն լեզուն» (Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates”):

  3. 1 Նեփի 3.19, շեշտադրումն ավելացված է

  4. 1 Նեփի 3.20, շեշտադրումն ավելացված է

  5. Լեզուն կարող է սահմանվել որպես «հաղորդակցման համակարգ, որը կիրառվում է որոշակի երկրում կամ համայնքում» (Oxford Living Dictionaries, “language,” oxforddictionaries.com):

  6. Վարդապետություն և Ուխտեր 93.50, շեշտադրումն ավելացված է

  7. «[Հնարավոր է պահպանել մայրենի լեզուն], սակայն այն պահանջում է նվիրվածություն ու ծրագրավորում» (Eowyn Crisfield, “Heritage Languages: Fighting a Losing Battle?” onraisingbilingualchildren.com/2013/03/25/heritage-languages-fighting-a-losing-battle): «Օրինակ, գերմանախոսները Միջին-արևելքում հաջողություն ունեցան իրենց մայրենի լեզուն սերնդե-սերունդ պահպանելիս» (Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates”):

  8. David A. Bednar, “Multigenerational Families,” in General Conference Leadership Meetings, Apr. 2015, broadcasts.lds.org.

  9. Ժամանակակից մի օրինակ է հանդիսանում Առաջին Նախագահության ցուցումներից մեկը. «Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին ու երեխաներին մեծագույն առաջնահերթություն տալ ընտանեկան աղոթքին, ընտանեկան երեկոյին, ավետարանի ուսումնասիրությանն ու ուսուցանմանը և ընտանեկան խելամիտ միջոցառումներին» (First Presidency letter, Feb. 11, 1999):

  10. «Դուք պետք է կենդանի պահեք լեզուն ձեր երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ու հաղորդակցվել ու իրենց այդ լեզվով խոսող ազգի մի մասը զգան» (Crisfield, “Heritage Languages: Fighting a Losing Battle?” շեշտադրումն ավելացված է):

  11. Հովհաննես 5.19

  12. «Ծոմապահության օրը սովորաբար իր մեջ ներառում է՝ 24 ժամվա ընթացքում չօգտվել երկու կերակուրից ու ըմպելիքից` հաճախելով ծոմապահության ու վկայության ժողովին և կարիքավորներին օգնելու համար կատարելով ծոմապահության առատ նվիրատվություն» (Ձեռնարկ 2. Սպասավորել Եկեղեցում, [2010], 21.1.17):

  13. Տես Օմնի 1.17

  14. Վարդապետություն և Ուխտեր 93.39, շեշտադրումն ավելացված է

  15. Այս ելույթի ենթատեքստում «լեզվի կորուստը» վերաբերվում է նրան, թե ավետարանն ինչպես կարող է կորսվել (տես Դատավորաց 2.10, Օմնի 1.17, 3 Նեփի 1.30):

  16. Մոսիա 26.1, 3, շեշտադրումն ավելացված է

  17. Տես Մատթէոս 5.48, 3 Նեփի 12.48

  18. Տես Մատթէոս 16.24–26