2017
Մորմոնի Գրքի զորությունը
May 2017


Մորմոնի գրքի զորությունը

Ես քաջալերում եմ յուրաքանչյուրիս աղոթքով ուսումնասիրել և խորհել Մորմոնի Գրքի շուրջ ամեն օր:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ջերմորեն ողջունում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս հրաշալի գերագույն համաժողովում կրկին հանդիպելու համար: Նախքան այսօրվա իմ պաշտոնական ուղերձով կիսվելը, ես կցանկանայի հայտարարել հինգ նոր տաճարների մասին, որոնք կկառուցվեն հետևյալ բնակավայրերում՝ Բրազիլիայի Բրազիլիա քաղաքում, Ֆիլիպինների մեծ Մանիլա տարածքում, Քենիայի Նեյրոբի քաղաքում, ԱՄՆ-ի Պոկատելո քաղաքում (Այդահո) և ԱՄՆ-ի Սարատոգա Սպրինգս քաղաքում (Յուտա):

Այս առավոտ իմ ուղերձը Մորմոնի Գրքի զորության և, որպես այս Եկեղեցու անդամներ, այն ուսումնասիրելու, խորհելու և դրա ուսմունքները մեր կյանքում կիրառելու խիստ անհրաժեշտության մասին է: Մորմոնի Գրքի մասին ամուր վկայություն ունենալու կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել:

Մենք անհանգստությունների ու ամբարշտության մեծ ժամանակներ ենք ապրում: Ի՞նչը կպաշտպանի մեզ մեղքից ու չարից, որ այնքան տարածված է աշխարհում այսօր: Ես հաստատում եմ, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ամուր վկայությունը կուղղորդի մեզ դեպի անվտանգություն: Եթե դուք չեք կարդում Մորմոնի Գիրքը ամեն օր, խնդրում եմ կարդացեք: Եթե կարդաք այն աղոթքով ու ճշմարտությունն իմանալու անկեղծ ցանկությամբ, Սուրբ Հոգին կհայտնի ձեզ նրա ճշմարտացիությունը: Եթե այն ճշմարիտ է, իսկ ես հանդիսավորությամբ վկայում եմ, որ այն ճշմարիտ է, ուրեմն Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, որը տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Քանի որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ Եկեղեցին է երկրի վրա և Աստծո սուրբ քահանայությունը վերականգնվել է՝ ի նպաստ և ի օրհնություն Իր զավակների:

Եթե դուք չունեք ամուր վկայություն այս բաների վերաբերյալ, արեք՝ ինչ անհրաժեշտ է այն ձեռք բերելու համար: Այս դժվարին ժամանակներում կարևոր է, որ դուք ունենաք ձեր սեփական վկայությունը, որովհետև ուրիշների վկայությունը ձեզ չի տանի մինչև վերջ: Սակայն, վկայություն ձեռք բերելով, դուք պետք է այն կենսունակ և վառ պահեք, հնազանդվելով Աստծո պատվիրաններին, մշտապես աղոթելով և սուրբ գրություններն ուսումնասիրելով:

Տիրոջ աշխատանքի իմ սիրելի գործընկերներ, ես քաջալերում եմ յուրաքանչյուրիս աղոթքով ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և խորհել դրա մասին ամեն օր: Երբ կարդանք այն, մենք կկարողանանք լսել Հոգու ձայնը, կդիմակայենք գայթակղություններին, կհաղթահարենք կասկածն ու վախը և երկնային օգնություն կստանանք մեր կյանքում: Այդ մասին ես վկայում եմ իմ ողջ սրտով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: