2017
Աստծո ընտանիքի հավաքումը
May 2017


Աստծո ընտանիքի հավաքումը

Հայր Աստծո ցանկությունն է, որ իր զավակները ընտանիքներով ու փառքով շրջապատված կրկին տուն վերադառնան

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես ուրախ եմ գերագույն համաժողովի այս նիստի սկզբում ձեզ հետ լինելու հնարավորության համար: Ամենայն ջերմությամբ ողջունում եմ ձեզ:

Գերագույն համաժողովի ժամանակ Վերջին Օրերի Սրբերը միշտ հավաքվում են միասին: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ֆիզիկապես հնարավոր էր մի վայրում հավաքվել, սակայն Տերը ապահովել է ուղիներ, որ գերագույն համաժողովի օրհնությունները հասանելի լինեն ձեզ՝ անկախ ձեր գտնվելու վայրից: Մեզ՝ ամբիոնի մոտ կանգնածներիս համար, տպավորիչ է տեսնել Սրբերի հավաքը այս մեծ Համաժողովների կենտրոնում, սակայն մեր մտքի աչքերը միշտ ուղղված են դեպի այն միլիոնավոր մարդիկ, ովքեր հավաքված են մեզ հետ ողջ աշխարհում՝ դիտելու և լսելու այս համաժողովը: Շատերդ հավաքվել եք ձեր ընտանիքներով, ոմանք էլ, հավանաբար, հավաքվել են ընկերների կամ Եկեղեցու անդամների հետ:

Որտեղ էլ լինեք և ինչպես էլ իմ ձայնը լսեեք, խնդրում եմ իմացեք, որ թեև ֆիզիկապես մեր դահլիճում չեք, մենք զգում ենք, որ դուք հոգով մեզ հետ եք: Մենք հույս ունենք, որ բոլորդ միասնական եք մեզ հետ, որ դուք կզգաք հոգևոր զորությունը, որը գալիս է ամեն անգամ, երբ հավատացյալները հավաքվում են Հիսուս Քրիստոսի անունով:

Այսօր ես ոգեշնչված ուզում եմ խոսել մեկ այլ հավաքման մասին: Հավաքման այդ տեսակը չի կրկնվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչպես գերագույն համաժողովը: Փոխարենը, այն շարունակվում է անընդհատ, Եկեղեցու վերականգնման օրերից սկսած և վերջին տարիներին ավելի է արագանում: Ես ակնարկում եմ Աստծո ընտանիքի հավաքումը:

Այդ հավաքը լավագույնս նկարագրելու համար վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ նախքան մեր ծնունդը, նախքան այն, ինչ Աստվածաշունչն անվանում է «սկիզբ» (Ծննդոց 1.1): Այդ ժամանակ մենք ապրում էինք Երկնային Հոր հետ որպես Իր հոգևոր զավակներ: Դա ճշմարիտ է յուրաքանչյուր մարդու համար, ով երբևէ ապրել է երկրի վրա:

Միմյանց «եղբայր» և «քույր» անվանելը ոչ միայն բարեկամական ողջույնի կամ քաղցր վերաբերմունքի բառեր են մեզ համար: Դրանք արտահայտում են հավերժական ճշմարտություն. Աստված բառացիորեն ողջ մարդկության Հայրն է, մենք բոլորս Նրա հավերժական ընտանիքի մասն ենք: Քանի որ Նա սիրում է մեզ կատարյալ Հոր սիրով, Նա ուզում է, որ մենք զարգանանք ու առաջընթաց ունենանք և նմանվենք Իրեն: Նա մի ծրագիր է սահմանել, ըստ որի մենք պետք է գանք երկիր, ապրենք ընտանիքներում և փորձառություններ ունենանք, որոնք մեզ կնախապատրաստեն վերադառնալ Նրա մոտ և ապրել այնպես, ինչպես Նա է ապրում:

Այդ ծրագրի առանցքային տարրը խոստումն էր, որ Հիսուս Քրիստոսը իրեն զոհ կմատուցի, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից: Ծրագրի մեր մասը Փրկիչի զոհաբերությունն ընդունելն էր՝ հնազանդվելով ավետարանի օրենքներին ու արարողություններին: Ես և դուք ընդունեցինք ծրագիրը: Իրականում, մենք ուրախացանք ծրագրի համար, չնայած անհրաժեշտ էր հեռանալ Հոր ներկայությունից և մոռանալ Նրա մոտ ունեցած փորձառության մասին:

Բայց մեզ չուղարկեցին այստեղ բացարձակ խավարի մեջ: Յուրաքանչյուրիս տրվեց Աստծո լույսի մի մաս, որը կոչվում է «Քրիստոսի Լույս», որպեսզի օգնի մեզ տարբերել չարն ու բարին, ճիշտն ու սխալը: Սա է պատճառը, թե ինչու Հոր ծրագրի մասին անգամ քիչ իմացողները կամ ընդհանրապես չիմացողները ևս կարող են զգալ իրենց սրտում, որ կան ինչպես արդար ու բարոյական, այնպես էլ ոչ արդար և ոչ բարոյական գործեր:

Ճշտի ու սխալի մեր զգացումը սրվում է հատկապես, երբ մեծացնում ենք մեր երեխաներին: Գրեթե ամեն մի ծնողի բնատուր ցանկությունն է՝ բարոյական արժեքներ սովորեցնել իր երեխաներին: Դա Երկնային Հոր ծրագրի հրաշալի մասերից մեկն է: Նա ցանկանում է, որ Իր զավակները գան երկիր, հետևելով ընտանիքների հավերժական օրինակին, որը գոյություն ունի երկնքում: Ընտանիքը հավերժության թագավորությունների հիմնական կազմակերպչական միավորն է, ուստի Հոր մտադրությունն է, որ այն հիմնական միավոր լինի նաև երկրի վրա: Թեև երկրային ընտանիքները հեռու են կատարյալ լինելուց, նրանք երկրի վրա Աստծո զավակներին ընդունելու լավագույն հնարավորությունն են ապահովում, որտեղ կա երկնքում զգացած սիրուն ամենամոտ ծնողական սերը: Ընտանիքները նաև բարոյական արժեքներ ու ճշմարիտ սկզբունքներ պահպանելու ու փոխանցելու լավագույն միջոցն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կվերադարձնեն մեզ Աստծո ներկայություն:

Այս կյանքի ընթացքում Աստծո զավակների միայն փոքր մասն է ամբողջապես հասկանում Աստծո ծրագիրը և ստանում քահանայության արարողություններն ու ուխտերը, որոնք Փրկիչի քավիչ զոհաբերության ուժը գործուն են դարձնում մեր կյանքում: Անգամ լավագույն ծնողներ ունեցողները կարող են ապրել հավատարմորեն՝ իրենց ձեռք բերած լույսի համաձայն, բայց երբեք չլսել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, ոչ էլ երբևէ հրավեր ստանան մկրտվելու Նրա անունով: Սա իրականություն է եղել բազում միլիոնավոր մեր եղբայրների ու քույրերի համար ողջ աշխարհի պատմության ընթացքում:

Ոմանք դա անարդար կհամարեն: Նրանք այդ փաստը կարող են անգամ վկայություն համարել, որ չկա ծրագիր, ոչ էլ առանձնահատուկ պահանջներ կան փրկության համար, մտածելով, որ արդար և սիրող Աստված չի ստեղծի ծրագիր, որը հասանելի է Իր զավակների միայն փոքրամասնությանը: Մյուսները կարող են եզրակացնել, որ Աստված նախապես կանխորոշել է, թե իր զավակներից ում պետք է փրկի և այն հասանելի է դարձրել նրանց, մինչդեռ նրանք, ովքեր չեն լսել ավետարանի մասին, պարզապես «ընտրված» չեն:

Բայց ես և դուք գիտենք, Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունների շնորհիվ, որ Աստծո ծրագիրը շատ ավելի սիրառատ է և արդար: Մեր Երկնային Հայրը մտահոգված է, որպեսզի հավաքի և օրհնի Իր ամբողջ ընտանիքին: Թեև Նա գիտի, որ ոչ բոլորն են ընտրելու հավաքվել, Նրա ծրագիրը Իր զավակներից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ընդունելու կամ մերժելու Նրա հրավերը: Իսկ ընտանիքները այդ ծրագրի առանցքում են:

Դարեր առաջ, Մաղաքիա մարգարեն ասել է, որ գալիք մի օր Աստված ուղարկելու է Եղիային, որպեսզի «հայրերի սրտերը դարձնի դեպի զավակները, և զավակների սրտերը՝ դեպի իրենց հայրերը» (Մաղաքիա 4.6):

Այս մարգարեությունը այնքան կարևոր էր, որ Փրկիչը վկայակոչեց այն, երբ Իր Հարությունից հետո այցելեց Ամերիկյան մայրցամաք (տես 3 Նեփի 25.5–6): Եվ երբ Մորոնի հրեշտակը այցելեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, նա ևս վկայակոչեց Եղիայի և սրտերի, հայրերի և զավակների մասին նույն մարգարեությունը (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.36–39):

Այսօր ապրիլի 1-ն է: Երկու օր անց՝ ապրիլի 3-ին, լրանում է 181 տարի այն օրվանից, երբ Մաղաքիայի մարգարեությունը կատարվեց: Այդ օրը Եղիան եկավ, և նա Ջոզեֆ Սմիթին հանձնեց ընտանիքները հավերժ կնքելու քահանայության իշխանությունը (տես ՎևՈւ 110.13–16):

Այդ օրվանից մինչ այժմ ընտանեական պատմությունն ուսումնասիրելու հետաքրքրությունը մեծապես աճել է: Արագ աճող տեմպերով մարդիկ հետաքրքրվում են իրենց նախնիներով ավելի խորապես, քան պատահական հետաքրքրասիրությունն է: Այդ հետաքրքրությունը բավարարելու համար աշխարհով մեկ տոհմաբանական գրադարաններ և ընկերություններ են բացվել և նոր տեխնոլոգիաներ են ստեղծվել: Հաղորդակցությունը մատչելի դարձնելու համացանցի ներուժը հնարավորություն է ընձեռել, որ ընտանիքները միասին աշխատեն և ընտանեկան պատմության ուսումնասիրություն կատարեն այնպիսի արագությամբ ու խորությամբ, որ երբևէ նախկինում հնարավոր չի եղել:

Ինչո՞ւ է այդ ամենը կատարվում: Ավելի լավ եզրույթի բացակայության պատճառով՝ մենք այն անվանում ենք «Եղիայի ոգի»: Այն նաև կարող էին հավասարապես կոչել «մարգարեության իրականացում»: Ես բերում եմ վկայությունը, որ Եղիան իսկապես եկել է: Զավակների սրտերը, այսինքն՝ իմ և ձեր սրտերը, դարձել է դեպի մեր հայրերը, դեպի մեր նախնիները: Ջերմությունը, որ դուք զգում եք ձեր նախնիների հանդեպ, այդ մարգարեության կատարման մասն է: Այն խորապես նստած է ձեր ով լինելու գիտակցության մեջ: Սակայն, այն ավելին է, քան պարզապես ժառանգած ԴՆԹ-ն:

Օրինակ, երբ դուք հետևում եք ձեր ընտանեկան պատմությունն ուսումնասիրելու հուշումներին, դուք կարող եք բացահայտել, որ հեռավոր ազգականներից մեկը դիմագծերով, գիրք կարդալու հետաքրքրությամբ կամ երգելու տաղանդով շատ նման է ձեզ: Դա կարող է շատ հետաքրքիր և անգամ ուսուցանող լինել: Բայց եթե ձեր աշխատանքը դադարի այդտեղ, դուք կզգաք, որ ինչ-որ բան պակասում է: Դա այն պատճառով է, որ Աստծո ընտանիքը հավաքելու համար ավելին է անհրաժեշտ, քան ջերմ զգացումները: Այն պահանջում է քահանայության արարողությունների հետ կապված ուխտեր:

Ձեր նախնիներից շատերը չեն ստացել այդ արարողությունները: Սակայն, Աստծո նախախնամությամբ, դուք ստացել եք: Եվ Աստված գիտեր, որ ձեր մոտ սեր կառաջանա ձեր նախնիների հանդեպ և դուք նրանց գտնելու անհրաժեշտ տեխնոլոգիաներ կունենաք: Նա գիտեր նաև, որ դուք կապրեք մի ժամանակաշրջանում, երբ տաճարները, որտեղ կարող են արարողություններ կատարվել, ավելի հասանելի կլինեն, քան երբևէ պատմության մեջ եղել են: Եվ Նա գիտեր, որ կարող է վստահել ձեզ իրականացնել այդ աշխատանքը՝ ի դեմս ձեր նախնիների:

Իհարկե, մենք բոլորս ունենք շատ հրատապ և կարևոր պարտականություններ, որոնք պահանջում են մեր ուշադրությունը և ժամանակը: Բոլորս առնչվում ենք այն փաստի հետ, որ Տիրոջ ակնկալիքները երբեմն պահանջում են մեր ուժերից վեր բաներ անել: Բարեբախտաբար, Տերը ուղի է ապահովում յուրաքանչյուրիս համար, որ վստահություն ձեռք բերենք և բավարարվածություն ստանանք բոլոր մեր ծառայություններից, այդ թվում, ընտանեկան պատմությունից: Մենք ուժ ենք ստանում անել այն, ինչ Նա խնդրում է, շնորհիվ մեր հավատքի, որ Փրկիչը չի տալիս պատվիրաններ «առանց ուղի պատրաստելու [մեզ] համար, որպեսզի [մենք] կարողանանք իրագործել այն, ինչ նա պատվիրել է» (1 Նեփի 3.7):

Իմ փորձից գիտեմ, որ սա ճշմարիտ է: Տարիներ առաջ, երբ համալսարանի ուսանող էի, հանդիպեցի մի մարդու, որը աշխարհի ամենախոշոր համակարգչային ընկերություններից մեկում էր աշխատում: Դա համակարգիչների ստեղծման վաղ շրջանում էր, և ընկերությունը նրան ուղարկել էր, որպեսզի համակարգիչներ վաճառի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Ինչքանով գիտեի, այդ վաճառողը կրոնական որևէ հավատի չէր դավանում: Չնայած դրան, նա ասաց զարմանքով ու թերահավատությամբ. «Այս եկեղեցում անում են այն, ինչ նրանք կոչում են «ծագումնաբանություն», որոնելով մարդկանց անունները, ովքեր մահացած են՝ փորձելով բացահայտել իրենց նախնիներին: Մարդիկ, հիմնականում կանայք, վազվզում էին մի քարտարանից մյուսը՝ տեղեկություն որոնելով փոքր քարտերում»: Եթե ճիշտ եմ հիշում, նա ասաց, որ կանայք սպորտային կոշիկներ էին հագնում, որ կարողանան ավելի արագ տեղաշարժվել: Տղամարդը շարունակեց. «Տեսնելով նրանց աշխատանքի ծավալը, թե նրանք ինչ էին փորձում անել, ես հասկացա, թե ինչի համար էր անհրաժեշտ համակարգիչների գյուտը»:

Դե՜, նա մասամբ ճիշտ էր: Համակարգիչները լինելու էին ընտանեկան պատմության աշխատանքի ապագայի կարևոր մասը, պարզապես միայն ոչ նրա վաճառած համակարգիչները: Եկեղեցու ոգեշնչված ղեկավարը որոշեց չգնել նրա համակարգիչները: Եկեղեցին սպասելու էր մի տեխնոլոգիայի, որի հավանականությունն այդ ժամանակ դեռ չէին էլ պատկերացնում: Իսկ հաջորդող տարիներին ես սովորեցի, որ անգամ լավագույն տեխնոլոգիան չի կարող փոխարինել հայտնությանը երկնքից, ինչպես որ եկեղեցու այդ առաջնորդը ստացավ: Սա հոգևոր աշխատանք է, և Տերը ղեկավարում է այն Իր Սուրբ Հոգով:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ես աշխատում էի իմ ընտանեկան պատմության վրա՝ կողքիս ունենալով մի խորհրդատու և մի օգնական հեռախոսով: Իմ համակարգչի էկրանին մի խնդիր կար, որի լուծումը իմ մարդկային ուժերից վեր էր: Իմ առջև երկու մարդու անուն էր, տեխնոլոգիայի հրաշքով ինձ ուղարկված, որոնք հնարավոր է, սպասում էին տաճարային արարողությունների: Թեև անունները տարբեր էին, բայց ինչ-որ պատճառ կար ենթադրելու, որ այդ երկուսը, հնարավոր է, նույն մարդիկ լինեն: Իմ խնդիրն էր պարզել ճշմարտությունը:

Ես խնդրեցի, որ իմ խորհրդատուներն ինձ ասեն: Նրանք ասացին. «Ոչ, դուք պետք է ընտրեք»: Եվ նրանք լիովին համոզված էին, որ ես կբացահայտեմ ճշմարտությունը: Համակարգիչը, իր ողջ զորությամբ և տեղեկատվությամբ, ինձ էր թողել օրհնությունը՝ նայելու էկրանի այդ անուններին, գնահատելու առկա տեղեկությունը, այլ հետազոտություններ անելու, լուռ աղոթելու և բացահայտելու, թե որն է ճշմարտությունը: Երբ աղոթեցի, ես վստահաբար իմացա, թե ինչ անեմ, ճիշտ ինչպես այլ իրավիճակներում, երբ կարիք ունեի ապավինել երկնքի օգնությանը խնդիրը լուծելու համար:

Մենք չգիտենք, թե ինչ զարմանահրաշ միջոցներ Աստված կոգեշնչի ստեղծել, որպեսզի օգնի Իր ընտանիքը հավաքելու աշխատանքում: Բայց ինչպիսի հրաշալի գյուտեր էլ որ հայտնվեն, դրանց օգտագործումը պահանջում է Հոգու աշխատանք ինձ և ձեր նման մարդկանց հետ: Մենք չպետք է զարմանանք: Ի վերջո, նրանք Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն են: Նա կուղարկի ցանկացած անհրաժեշտ ոգեշնչում, որպեսզի նրանց հնարավորություն տա վերադառնալ Իր մոտ:

Վերջին տարիներին Եկեղեցու երիտասարդները Եղիայի ոգուն արձագանքել են ոգեշնչող եղանակներով: Շատերը այժմ սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր են կրում և հաճախ օգտագործում են այն: Տաճարների մկրտարանները ավելի շատ են զբաղված, քան նախկինում. որոշ տաճարներ անգամ ստիպված են եղել փոխել իրենց հերթափոխները, որպեսզի կարողանան սպասարկել աճող թվով տաճար այցելող երիտասարդներին:

Նախկինում հազվադեպ, բայց ողջունելի բացառություն էր, որ երիտասարդները իրենց սեփական նախնիների անունները բերեին տաճար: Այժմ դա բնականոն երևույթ է դարձել, և շատ հաճախ երիտասարդներն իրենք են գտնում իրենց նախնիներին:

Բացի այդ, շատ երիտասարդներ հայտնաբերել են, որ իրենց ժամանակը ընտանեկան պատմության հետազոտությանը և տաճարային աշխատանքին նվիրելով խորացել է իրենց վկայությունը փրկության ծրագրի վերաբերյալ: Այն մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել է թշնամու ազդեցությունը: Այն օգնել է նրանց ավելի մոտ զգալ ինչպես իրենց ընտանիքներին, այնպես էլ Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այդ աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս (տես ՎևՈւ 128.18):

Երիտասարդները հրաշալի ըմբռնել են տեսլականը. այժմ նրանց ծնողների հերթն է: Ներկայումս շատ մարդիկ կան, որոնք երիտասարդների կատարած աշխատանքի շնորհիվ ընդունել են մկրտությունը հոգիների աշխարհում և սպասում են մյուս արարողություններին, որոնք միայն չափահասները կարող են կատարել տաճարներում այս աշխարհում: Երկնային Հոր ընտանիքը հավաքելու աշխատանքը միայն երիտասարդներինը չէ, ոչ էլ միայն պապերինն ու տատերինն է: Մենք բոլորս հավաքման մասնակից պիտի լինենք:

Սա մեր սերնդի աշխատանքն է, որին Պողոս առաքյալն անվանել է. «Ժամանակների լրության տնտեսություն», երբ ասել է, որ Աստված «ամեն բան կբովանդակի Քրիստոսում, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը» (Եփեսացիս 1.10): Սա հնարավոր է դարձել Աստծո Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: Նրա շնորհիվ, մեր ընտանիքի անդամները, որոնք «ժամանակով հեռաւոր էին, մօտաւոր եղան Քրիստոսի արիւնովը: Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը» (Եփեսացիս 2.13–14): Ես զգացել եմ այդ, ինչպես դուք եք զգացել, երբ նայել եք ձեր հարազատ նախնիի նկարին ու զգացել, թե ձեր սերը ինչպես է աճում: Դուք ունեցել եք այդ զգացումը տաճարում, երբ քարտի անունը հուշել է, որ ավելին է, քան գրված անուն և զգացել եք, որ այդ անձը գիտի, թե ինչ եք դուք անում և զգում է ձեր սերը:

Ես վկայում եմ, որ Հայր Աստծո ցանկությունն է, որ իր զավակները ընտանիքներով ու փառքով շրջապատված կրկին տուն վերադառնան: Փրկիչն ապրում է: Նա առաջնորդում և օրհնում է այս աշխատանքը և տեսնում ու ուղղորդում է մեզ: Նա ձեզ շնորհակալ է Իր Հոր ընտանիքը հավաքելիս ձեր հավատարիմ աշխատանքի համար, և ես խոստանում եմ, որ դուք կստանաք ձեր որոնած և ձեզ անհրաժեշտ ոգեշնչված օգնությունը: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: