2010–2019 թթ․
Շարունակ արթուն լինեք աղոթքում
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Շարունակ արթուն լինեք աղոթքում (Ալմա 34.39, Մորոնի 6.4, Ղուկաս 21.36)

Մշտական զգոնություն է անհրաժեշտ՝ չեզոքացնելու ինքնագոհությունն ու անփութությունը:

Ես անկեղծորեն աղոթում եմ, որ Սուրբ Հոգու օգնությունը լինի իմ և ձեր հետ, մինչ ուրախանում ենք և երկրպագում միասին:

1976 թվականի ապրիլին Երեց Բոյդ Ք. Փաքերը Եկեղեցու գերագույն համաժողում հատկապես խոսեց երիտասարդների համար: Իր դասական ուղերձում, որը կոչվում էր «Հոգևոր կոկորդիլոսներ», նա պատմեց, որ Աֆրիկայում մի հանձնարարության ժամանակ նա տեսել էր, թե ինչպես էին լավ քողարկված կոկորդիլոսները սպասում՝ որսալու ոչինչ չկասկածող զոհերին: Այդ ժամանակ նակոկորդիլոսներին նմանեցրեց սատանայի հետ, ով որսում է անզգույշ երիտասարդներին` քողարկելով մեղքի մահացու բնույթը:

Ես 23 տարեկան էի, երբ Երեց Փաքերը տվեց այդ ելույթը, իսկ ես ու Սյուզանը մի քանի օր հետո սպասում էինք մեր առաջին երեխային: Մենք տպավորված էինք մեղքից խուսափելու և մի կարևոր հոգևոր դաս ուսուցանելու համար կենդանիների սովորական վարքը վարպետորեն օգտագործելու նրա ուղերձի բովանդակությունից:

Ես և Սյուզանը նույնպես, շատ հանձնարարություններով ճամփորդել ենք Աֆրիկայում: Եվ մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու այն հոյակապ կենդանիներին, որոնք ապրում են այդ մայրցամաքում: Հիշելով Երեց Փաքերի ելույթի ազդեցությունը մեր կյանքում, մենք փորձել ենք դիտարկել և սովորել դասեր Աֆրիկյան վայրի բնության կենսակերպից:

Ցանկանում եմ նկարագրել իմ և Սյուզանի տեսած երկու վագրակատուների հատկանիշներն ու ռազմավարությունը,որոնցով նրանք որսում էին իրենց զոհին, և մեր նկատած որոշ բաներ կապեցինք Հիսուս Քրիստոսի ավետարանով ամենօրյա ապրելակերպի հետ:

Վագրակատուները և այծեղջերուները

Վագրակատուները ամենաարագ ցամաքային կենդանիներն են երկրի վրա և վազքի արագությունը հասնում է 120 կ/ժ: Այդ գեղեցիկ կենդանիները կարող են անշարժ դիրքից վազելով զարգացնել 109 կ/ժ արագություն երեք վայրկյանից քիչ ժամանակահատվածում: Վագրակատուները գիշատիչներ են, որոնք սողոսկում են իրենց զոհի մոտ և վազում կարճ տարածություն` հետապնդելու և հարձակվելու համար:

Նկար
Վագրակատուները, որոնց հետևում էին Երեց և Քույր Բեդնարները

Ես և Սյուզանը գրեթե երկու ժամ հետևում էինք երկու վագրակատուների, որոնք դարանամուտ հետևում էին եղջերուների մի մեծ խմբի, որոնք Աֆրիկայի ամենահայտնի և տարածված այծեղջերուներն են: Աֆրիկյան տափաստանների չոր խոտը բարձր էր՝ շականակագույն ոսկյա երանգով, և գրեթե ամբողջովին թաքցնում էր գիշատիչներին, երբ նրանք դարանակալել էին այծեղջերուների խմբին: Վագրակատուները միմյանցից հեռու էին մոտավորապես 100 մղոն(91 մետր), բայց գործում էին միասնաբար:

Մինչ մի վագրակատուն ուղիղ նստում էր խոտի մեջ և չէր շարժվում, մյուս վագրակատուն փորսող տալով մոտենում էր ոչինչ չկասկածող այծեղջերուներին: Ապա այն վագրակատուն, որն ուղիղ նստած էր խոտի մեջ, անհետացավ ճիշտ նույն պահին, երբ մյուս վագրակատուն ուղիղ նստեց: Այս հաջորդական ձևը, երբ մի վագրակատուն փորսող մոտենում էր, մինչ մյուսը ուղիղ նստում էր խոտերի մեջ, շարունակվեց երկար ժամանակ: Ռազմավարության քողարկված նրբությունը նպատակ ուներ խաբել այծեղեջերուներին և դրանով շեղել նրանց ուշադրությունը մոտեցող վտանգից: Համբերությամբ և հաստատամտությամբ երկու վագրակատուները գործում էին որպես թիմ` որպեսզի ապահովեին իրենց հաջորդ ճաշը:

Այծեղջերուների մեծ խմբի և մոտեցող վագրակատուների միջև դիրքավորվել էին մի քանի ավելի մեծ և ավելի ուժեղ այծեղջերուներ, ինչպես մրջունների պահակները թմբերի վրա: Փոքրիկ բլուրների վրայից արոտավայրերի ամբողջական տեսադաշտը հնարավորություն էր ընձեռում պահակ այծեղջերուներին հետևել վտանգի նշաններին:

Ապա, երբ վագրակատուները հանկարծակի հայտնվում էին հասանելի տարածության վրա, այծեջերուների ողջ խումբը շրջվում էր և փախչում: Ես չգիտեմ, թե ինչպես էին պահակ այծեղջերուները հաղորդակցվում ավելի մեծ խմբի հետ, բայց ինչ-որ ձևով զգուշացում էր տրվում, և բոլոր այծեղջերուները շարժվում էին դեպի ապահով վայր:

Իսկ հետո ի՞նչ էին անում վագրակատուները: Առանց հապաղելու երկու վագրակատուները վերսկսում էին իրենց հերթափոխման գործելակերպը` մեկը ցած կռանալով և սողալով առաջ, մինչ մյուսը ուղիղ նստում էր խոտի մեջ: Հետապնդման գործելակերպը շարունակվում էր: Նրանք կանգ չէին առնում: Նրանք չէին հանգստանում կամ ընդմիջում չէի անում: Նրանք անողոքաբար հետևում էին իրենց շփոթեցման և շեղման ռազմավարությանը: Ես և Սյուզանը տեսանք, թե ինչպես վագրակատուներն անհետացան տարածության մեջ՝ ավելի ու ավելի մոտենալով այծեղջերուների խմբին:

Այդ գիշեր ես և Սյուզան մի հիշարժան զրույց ունեցանք այն մասին, թե ինչ էինք դիտարկել և սովորել: Մենք այդ փորձառությունը քննարկեցինք նաև մեր երեխաների ու թոռների հետ և բացահայտեցինք շատ արժեքավոր դասեր: Այժմ ես կնկարագրեմ այդ դասերից երեքը:

Դաս 1.Զգուշացեք չարի քողարկված հրապույրներից

Ինձ համար վագրակատուները նրբագեղ, հրապուրիչ և գրավիչ արարածներ են: Վագրակատվի սև բծերով դեղնավուն երանգով մոխրա-սպիտակավուն մորթին հանդիսանում է գեղեցիկ քողարկում, որը այդ կենդանիներին դարձնում է գրեթե անտեսանելի, երբ նրանք հետապնդում են իրենց զոհին աֆրիկյան արոտավայրերում:

Նկար
Բնապատկերում քողարկված վագրակատուներ

Նույն ձևով, հոգևորապես վտանգավոր գաղափարները և գործողությունները հաճախ կարող են հրապուրիչ, ցանկալի կամ հաճելի թվալ: Այսպիսով, մեր ժամանակակից աշխարհում մեզանից յուրաքանչյուրը պետք է զգույշ լինի հրապուրիչ չարից, որը ձևացնում է, թե բարի է: Ինչպես Եսայիան է նախազգուշացրել. «Վայ նրանց, որ չարին ասում են բարի, և բարիին չար. որ խաւարը շինում են լոյս, և լոյսը խավար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն»:1

Մի տարօրինակ ժամանակաշրջանում, երբ մարդկային կյանքի սրբության խախտումն ազդարարվում է որպես իրավունք և քաոսը նկարագրվում է որպես ազատություն, որքան օրհնված ենք մենք՝ ապրելով այս վերջին օրերի տնտեսությունում, երբ վերականգնված ավետարանի լույսը կարող է պայծառ փայլել մեր կյանքում և օգնել մեզ նկատել հակառակորդի խավար խաբկանքներն ու շեղումները:

«Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը»:2

Դաս 2.Արթուն կացեք և զգոն եղեք

Այծեղջերուի համար անփութության կամ անուշադրության մի կարճ պահը կարող է արագ հարձակում հրավիրել վագրակատվի կողմից: Նմանապես, հոգևոր ինքնագոհությունը և անփութությունը մեզ խոցելի են դարձնում հակառակորդի առաջխաղացումների համար: Հոգևոր անմտությունը մեծ վտանգ է հրավիրում մեր կյանք:

Նկար
Ահազանգող այծեղջուրներ

iStock.com/Angelika

Նեփին նկարագրել է, թե ինչպես վերջին օրերում սատանան կփորձի խաղաղեցնել և հանդարտեցնել Աստծո զավակներին մարմնական ապահովության կեղծ զգացման հանդեպ, «այնպես որ նրանք կասեն. Ամեն ինչ լավ է Սիոնում. այո՛, Սիոնը բարգավաճում է, ամեն ինչ լավ է,և այդպես դևը խաբում է նրանց հոգիները, և զգուշորեն հեռացնում նրանց՝ իջեցնելով դժոխք»:3

Մշտական զգոնություն է անհրաժեշտ չեզոքացնելու ինքնագոհությունն ու անփութությունը: Զգաստ լինելն այն վիճակն է կամ գործողությունը, որը պահում է ուշադիր պահպանություն հնարավոր վտանգի կամ դժվարությունների դեմ: Իսկ պահապան լինելը նշանակում է արթուն մնալու վիճակ, որպեսզի հսկեն և պաշտպանեն: Հոգևորապես արտահայտվելով, մենք պետք է զգոն և զգաստ մնանք Սուրբ Հոգու հուշումների և այն ազդանշանների հանդեպ, որոնք գալիս են Տիրոջ աշտարակի պահապաններից:4

«Այո, և ես նաև հորդորում եմ ձեզ, … որ դուք շարունակ արթուն լինեք աղոթքում, որպեսզի դուք չմոլորեցվեք դևի գայթակղություններով, … քանզի ահա, նա հատուցում է ձեզ՝ ոչ լավ բանով»:5

Մեր կյանքի, Փրկիչի և Նրա ավետարանի վրա կենտրոնանալը հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել բնական մարդու հոգևորապես քնկոտ և ծույլ լինելու միտումը: Քանի որ մենք օրհնված ենք տեսնող աչքերով և լսող ականջներով,6 Սուրբ Հոգին կարող է մեծացնել տեսնելու և լսելու մեր կարողությունը, երբ մենք սովորաբար չենք մտածում, որ պետք է նայենք կամ լսենք, կամ գուցե չենք մտածում, որ որևէ բան կարելի է տեսնել կամ լսել:

«Հետևաբար, արթուն մնացեք, որ պատրաստ լինեք»:7

Դաս 3.Հասկացեք թշնամու մտադրությունը

Վագրակատուն գիշատիչ է, որը բնականաբար որսում է այլ կենդանիներ ևս: Ամբողջ օրը, ամեն օր վագրակատուն գիշատիչ է:

Նկար
Վագրակատուն որս անելիս

Սատանան «արդարության և այն մարդկանց թշնամին է, որոնք ջանում են կատարել Աստծո կամքը»:8 Ամբողջ օրը, ամեն օր նրա միակ մտադրությունը և միակ նպատակն է Աստծո որդիներին ու դուստերին իր նման թշվառ դարձնելը:9

Հոր երջանկության ծրագիրը կոչված է՝ ուղղություն տալ Իր զավակներին, օգնել նրանց զգալ հարատև ուրախություն և հարություն առած, վեհացված մարմիններով նրանց ապահով տուն բերել՝ Իր մոտ: Դևն աշխատում է Աստծո որդիներին և դուստրերին շփոթեցնել, դժբախտ դարձնել և խանգարել նրանց հավերժական առաջընթացին: Հակառակորդն աշխատում է անողոքաբար հարձակվել Հոր ծրագրի այն մասերի վրա, որոնք ամենաշատն է ատում:

Սատանան մարմին չունի և նրա հավերժական առաջընթացը կանգ է առել: Ճիշտ, ինչպես գետի հունով հոսող ջուրը կանգնեցվում է պատնեշով, այդպես էլ հակառակորդի հավերժական առաջընթացը խափանվել է, որովհետև նա չունի ֆիզիկական մարմին: Իր ապստամբության պատճառով Լյուցիֆերը զրկել է իրեն բոլոր մահկանացու օրհնություններից և փորձառություններից, որոնք հնարավոր են դառնում մսից և ոսկորներից կազմված խորանի միջոցով: Անիծված բառի սուրբգրային հիմնական իմաստներից մեկը ցույց է տալիս նրա առաջընթացը շարունակելու և մեր Երկնային Հորը նմանվելու նրա անկարողությունը:

Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան էական է Հոր երջանկության ծրագրում և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին` մեզ գայթակղելով անպատշաճ ձևով օգտագործել մեր մարմինները: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ հոգևոր ապահովությունը, ի վերջո, կայանում է նրանում, որ «երբեք չանեք առաջին հրապուրիչ քայլը՝ չգնաք այնտեղ, ուր դուք չպիտի գնաք և չանեք այն, ինչ դուք չպիտի անեք»: … Որպես մարդկային էակներ, մենք բոլորս ունենք [ֆիզիկական] ցանկություններ, որոնք անհրաժեշտ են մեր գոյատևման համար: «Այդ ցանկությունները բացարձակապես կարևոր են կյանքի հարատևման համար: Այսպիսով, ի՞նչ է անում հակառակորդը: … Նա հարձակվում է մեզ վրա մեր ցանկությունների միջոցով: Նա գայթակղում է մեզ ուտել բաներ, որոնք մենք չպետք է ուտենք, խմել բաներ, որոնք չպետք է խմենք և սիրենք այնպես, ինչպես չպետք է սիրենք»:10

Հավերժության գլխավոր հեգնանքներից մեկն այն է, որ հակառակորդը, որը թշվառ է հենց այն պատճառով, որ չունի ֆիզիկական մարմին, հրավիրում և հրապուրում է մեզ մասնակից լինել իր թշվառությանը` մեր մարմինների անպատշաճ օգտագործման միջոցով: Հենց այն գործիքը, որը նա չունի և չի կարող օգտագործել, հանդիսանում է հրապուրելու նրա փորձերի հիմնական թիրախը՝ մեզ ֆիզիկական և հոգևոր կործանման տանելու համար:

Թշնամու մտադրությունը հասկանալը կենսական է` հնարավոր հարձակումների դեմ նախապատրաստվելու համար:11 Հենց այն պատճառով, որ զորավար Մորոնին գիտեր Լամանացիների այդ մտադրությունը, նա պատրաստվեց նրանց դիմավորել իրենց գալու ժամանակ և հաղթեց:12 Եվ այդ նույն սկզբունքը և խորհուրդը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին:

«Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա:

Եվ որ դուք կարողանաք խույս տալ թշնամու զորությունից»:13

Հրավեր, խոստում և վկայություն

Ճիշտ, ինչպես կարևոր դասեր կարելի է սովորել դիտարկելով վագրակատուների և այծեղջերուների վարքը, այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոնի դասեր և զգուշացումներ, որոնք գտնվում են ամենօրյա կյանքի հասարակ իրադարձությունների մեջ: Երբ ձգտենք ունենալ բաց միտք և սիրտ` ստանալու երկնային ուղղորդում Սուրբ Հոգու միջոցով, այդ ժամանակ որոշ մեծագույն հրահանգներ, որոնք մենք կարող ենք ստանալ և շատ հզորագույն զգուշացումներ, որոնք կարող են պաշտպանել մեզ, կգան մեր անձնական սովորական փորձառությունների ընթացքում: Հզոր առակներ են պարունակվում ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ մեր ամենօրյա կյանքում:

Ես լուսաբանեցի բազմաթիվ դասերից միայն երեքը, որոնք կարելի է գտնել Աֆրիկայում իմ և Սյուզանի ունեցած արկածներում: Ես հրավիրում եմ և խրախուսում ձեզ խորհրդածել վագրակատուների և այծեղջերուների այդ դրվագի մասին և լրացուցիչ դասեր գտնել ձերև ձեր ընտանիքի համար: Խնդրում եմ միշտ հիշեք, որ ձեր տունն է ավետարանը սովորելու և նրանով ապրելու իսկական կենտրոնը:

Երբ հավատքով արձագանքեք այս հրավերին, ոգեշնչված մտքեր կգան ձեր միտքը, հոգևոր զգացումներ կուռչեն ձեր սրտում, և դուք կճանաչեք այն գործողությունները, որոնք պետք է ձեռնարկեք կամ շարունակեք, որպեսզի կարողանաք «ձեզ վրա վերցնել [Աստծո] ողջ սպառազինություն[ը], որպեսզի դուք կարողանաք դիմանալ չար օրվանը, արած լինելով ամեն բան, որպեսզի կարողանաք կանգուն մնալ»:14

Ես խոստանում եմ, որ արդյունավետ նախապատրաստության և հոգևոր պաշտպանության օրհնությունները կհորդեն ձեր կյանք, երբ զգոն և անընդհատ արթուն լինեք աղոթելու համար:

Ես վկայում եմ, որ առաջ մղվելով ուխտի արահետում, ստանում ենք հոգևոր ապահովություն և մեր կյանք ենք հրավիրում հարատև ուրախություն: Եվ ես վկայում եմ, որ հարություն առած կենդանի Փրկիչը կաջակցի և կզորացնի մեզ՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: