2010–2019 թթ․
Փրկիչի հպումը
2019 հոկտեմբերի գերագույն համաժողով


Փրկիչի հպումը

Երբ գալիս ենք Աստծո մոտ, Նա գալիս է մեզ օգնության՝ կա՛մ բժշկելով, կա՛մ ուժ տալով, որ դիմակայենք ցանկացած իրավիճակի:

Մոտավորապես 2000 տարի առաջ Փրկիչը սարի վրա ուսուցանեց Երանությունների և ավետարանական այլ սկզբունքների մասին, այնուհետև իջավ այնտեղից: Քայլելիս Նա հանդիպեց մի մարդու, ով բորոտությամբ էր տառապում: Այդ մարդն ակնածանք և հարգանք ցուցաբերեց՝ ծնկի գալով Քրիստոսի առաջ և բուժում խնդրելով իր հիվանդությունից: Նա դիմեց մի հասարակ խնդրանքով. «Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել»:

Փրկիչը, մեկնելով ձեռքը, նրան դիպավ, ասելով. «Կամենում եմ՝ սրբուիր»:1

Այստեղից մենք սովորում ենք, որ մեր Փրկիչը միշտ ցանկանում է օրհնել մեզ: Որոշ օրհնություններ անմիջապես ենք ստանում, մյուսներին ավելի երկար ենք սպասում, հնարավոր է, որ որոշ օրհնություններ այս կյանքից հետո ստանանք, բայց օրհնությունները կգան իրենց ժամանակին:

Այս բորոտ մարդու նման մենք կարող ենք ուժ և մխիթարություն գտնել այս կյանքում` ընդունելով Նրա կամքը, և իմանալով, որ Նա ցանկանում է օրհնել մեզ: Մենք կարող ենք ուժ գտնել՝ դիմակայելու ցանկացած մարտահրավերի, հաղթահարելու գայթակղությունները, ինչպես նաև մեր դժվար հանգամանքները հասկանալու և համբերելու համար: Անշուշտ, կյանքի ամենացնցող պահերից մեկի ժամանակ, Փրկիչի համբերությունն ավելի ուժեղացավ, երբ Նա ասաց Հորը. «Քո կամքը լինի»:2

Բորոտն իր խնդրանքը չձևակերպեց պահանջկոտ կամ հավակնոտ ձևով: Նրա խոսքերը խոնարհ վերաբերմունք էին արտահայտում, մեծ սպասումներ, սակայն նաև անկեղծ ցանկություն, որ կատարվի Փրկիչի կամքը: Սա օրինակ է մեզ համար, թե ինչպիսի տրամադրվածությամբ մենք պետք է գանք Քրիստոսի մոտ: Մենք կարող ենք գալ Քրիստոսի մոտ այնպիսի վստահությամբ, որ Նրա ցանկությունն այժմ և ընդմիշտ կլինի լավագույնը մեր մահկանացու և հավերժական կյանքի համար: Նա հավերժական հեռանկար ունի, որը մենք չունենք: Մենք պետք է գանք Քրիստոսի մոտ անկեղծ ցանկությամբ, որ մեր կամքը կուլ գնա Հոր կամքին, ինչպես՝ Նրանը:3 Այսպիսով, մենք կպատրաստվենք հավերժական կյանքի համար:

Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ ծանր ֆիզիկական և հուզական տառապանք էր կրում այդ բորոտը, որ եկել էր Փրկիչի մոտ: Բորոտությունն ազդում է նյարդերի և մաշկի վրա՝ մարդուն այլանդակելով և դարձնելով հաշմանդամ: Բացի այդ, այն սոցիալական խարանի պատճառ էր դառնում: Բորոտությամբ տառապող մարդը ստիպված էր լքել իր սիրելիներին և ապրել հասարակությունից մեկուսացված: Բորոտները համարվում էին անմաքուր՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես: Այդ իսկ պատճառով, Մովսեսի օրենքը պահանջում էր, որ բորոտները պատռված հագուստ կրեին և քայլելիս բղավեին՝ «Անմաքո՜ւր»:4 Հիվանդ ու արհամարհված, բորոտները մահանում էին լքված տներում կամ գերեզմաններում:5 Դժվար չէ պատկերացնել, որ այն բորոտը, որ մոտեցավ Փրկիչին, կոտրված էր:

Երբեմն այս կամ այն կերպ, մենք նույնպես կարող ենք մեզ կոտրված զգալ՝ լինի մեր սեփական, թե ուրիշների գործողությունների պատճառով, հանգամանքների բերումով, որոնք մենք կարող ենք կամ չենք կարող վերահսկել: Այդպիսի պահերին մենք պետք է մեր կամքը հանձնենք Նրա ձեռքը:

Մի քանի տարի առաջ կինս՝ Զուլման, ով իմ լավ կեսն է ու իմ լավագույն մասը, վատ նորություն ստացավ մեր երեխաներից մեկի հարսանիքից երկու շաբաթ առաջ: Նրա մոտ գտան հարականջային գեղձի ուռուցք, և այն արագորեն մեծանում էր: Նրա դեմքը սկսեց այտուցվել, և նա պետք է անմիջապես ենթարկվեր նուրբ վիրահատության: Շատ բաներ անցան նրա մտքով և ծանրացան սրտի վրա: Արդյո՞ք ուռուցքը չարորակ էր: Ինչպե՞ս պիտի նա վերականգնվեր: Արդյո՞ք նրա դեմքը կաթվածահար կլիներ: Ի՞նչ ուժգնության ցավեր կունենար: Արդյո՞ք դեմքի վրա սպիներ կմնային: Հնարավո՞ր էր արդյոք, որ ուռուցքը հեռացնելուց հետո նորից գոյանար: Արդյո՞ք նա կկարողանար մասնակցել մեր տղայի հարսանիքին: Վիրահատական սեղանին պառկելով, նա իրեն կոտրված էր զգում:

Այդ կարևոր պահին Հոգին շշնջաց նրան, որ նա պետք է ընդուներ Հոր կամքը: Ապա, նա որոշեց վստահել Աստծուն: Նա հաստատ զգաց, որ անկախ արդյունքից, Նրա կամքը լավագույնը կլինի իր համար: Շուտով նա հայտնվեց վիրահատական քնի մեջ:

Հետագայում, նա իր օրագրում այսպիսի բանաստեղծական գրառում էր կատարել. «Վիրաբույժի սեղանին խոնարհվեցի Քո առաջ, հանձնվելով Քո կամքին՝ քնեցի: Ես գիտեի, որ կարող եմ վստահել Քեզ, քանզի ոչ մի վատ բան չի գալիս Քեզանից»:

Նա ուժ և մխիթարություն ստացավ՝ իր կամքը ենթարկելով Հոր կամքին: Այդ օրը Աստված նրան շատ օրհնեց:

Անկախ մեր հանգամանքներից, մենք պետք է գործադրենք մեր հավատքը` գանք Քրիստոսի մոտ և գտնենք Աստծուն, ում կարող ենք վստահել: Ինչպես գրել է իմ երեխաներից մեկը.

«Ըստ մարգարեի՝ Աստծո դեմքն արեգակի պես պայծառ է,

Նրա մազերը ձյան պես սպիտակ են,

Նրա ձայնը հնչում է շառաչուն գետի պես,

Մարդը ոչինչ է Նրա առաջ…

Ես ցնցված եմ, հասկանալով, որ ես էլ ոչինչ եմ:

Միայն դրանից հետո ես հարթում եմ իմ ուղին դեպի Աստված, ում կարող եմ վստահել:

Միայն դրանից հետո ես գտնում եմ Աստծուն, ում կարող եմ վստահել»:6

Աստվածն, ում մենք վստահում ենք, մեծացնում է մեր հույսը: Մենք կարող ենք վստահել Նրան, քանի որ Նա սիրում է մեզ և լավագույնն է ցանկանում մեզ համար ցանկացած իրավիճակում:

Բորոտն առաջ եկավ հույսի զորության շնորհիվ: Աշխարհը նրան ոչ մի լուծում չէր առաջարկել, ոչ էլ՝ մխիթարություն: Այսպիսով, Փրկիչի հասարակ հպումը պետք է որ շոյանք լիներ նրա ողջ հոգու համար: Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե երախտագիտության ինչպիսի խորը զգացում կունենար բորոտը Փրկիչի հպումի ժամանակ, հատկապես այն պահին, երբ լսեց «Կամենում եմ՝ սրբուիր» բառերը:

Պատմության մեջ ասվում է, որ «նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ»:7

Մենք նույնպես կարող ենք զգալ Փրկիչի սիրող և բուժող ձեռքի հպումը: Ի՞նչ ուրախություն, հույս և երախտագիտություն է ծնվում մեր հոգում՝ երբ գիտենք, որ Նա ցանկանում է օգնել մեզ մաքրվել: Երբ գալիս ենք Աստծո մոտ, Նա գալիս է մեզ օգնության՝ բժշկելով կամ ուժ տալով, որ դիմակայենք ցանկացած իրավիճակի:

Թեև Նրա, այլ ոչ թե մեր կամքն ընդունելը կօգնի մեզ հասկանալ մեր իրավիճակը: Ոչ մի վատ բան չի գալիս Աստծուց: Նա գիտի, թե որն է մեզ համար լավագույնը: Գուցե Նա չի հեռացնի մեր բեռներն անմիջապես: Երբեմն Նա կարող է թեթևացնել բեռները, ինչպես Նա արեց Ալմայի և նրա ժողովրդի հետ:8 Ի վերջո, ուխտերի շնորհիվ բեռները կվերանան,9 կա՛մ այս կյանքում, կա՛մ սուրբ Հարությունից հետո:

Անկեղծ ցանկություն ունենալը, որ Նրա կամքը կատարվի, ինչպես նաև մեր Քավիչի աստվածային բնույթը հասկանալը, օգնում է մեզ զարգացնել այնպիսի հավատք, որը ցույց տվեց բորոտը, որպեսզի մաքրվեր: Հիսուս Քրիստոսը սիրո Աստված է, հույսի Աստված, բուժող Աստված, Աստված, ով ուզում է օրհնել մեզ և օգնել մեզ, որ մաքրվենք: Դա այն էր, ինչ Նա ցանկացավ այս երկիր գալուց առաջ, կամավոր կերպով փրկելով մեզ, երբ մենք անօրինություն ենք գործում: Դա այն էր, ինչ Նա ցանկացավ Գեթսեմանիում, երբ տագնապի մեջ զգալով մարդկային ծայրաստիճան ցավը, վճարեց մեղքի գինը: Դա այն է, ինչ Նա ցանկանում է այժմ, երբ աղերսում է մեզ համար Հոր առաջ:10 Այդ պատճառով Նրա ձայնը դեռ կանչում է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:11

Նա կարող է բուժել մեզ և բարձրացնել մեզ, քանի որ Նա կարող է դա անել: Նա Իր վրա վերցրեց մարմնի և հոգու բոլոր ցավերը, որպեսզի Նրա սիրտը լցվի ողորմությամբ, որ կարողանա օգնել մեզ բոլոր բաներում, բուժել մեզ և բարձրացնել մեզ:12 Եսայիայի խոսքերը, ինչպես մեջբերում է Աբինադին, գեղեցիկ և հուզիչ են.

«Հիրավի, նա կրեց մեր ցավերը, և տարավ մեր վշտերը…

…Նա խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղութեան պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված»:13

Այս նույն գաղափարն ուսուցանվում է հետևյալ պոեմում.

«Ո՛վ Հյուսն Նազարեթից,

Այս սիրտը, որ կոտրված է, չի վերականգնվում,

Այս կյանքը, որ խորտակված է, մոտ է մահվան,

Հյուսն, կարո՞ղ ես դրանք նորոգել:

Եվ Նրա բարի և հասնող ձեռքով,

Նրա քաղցր կյանքը հյուսվում է

Մեր կոտրված կյանքերի հետ, որ վեր կենան,

Նոր արարչություն՝ «ամեն բան նոր»:

Սրտի այն [նյութը] փշրված,

Ցանկությունը, պատվախնդրությունը, հույսն ու հավատը,

Ձուլի՛ր, դարձնելով կատարյալ,

Ո՛վ, Հյուսն Նազարեթից»:14

Եթե կարծում եք, որ որևէ կերպ մաքուր չեք, եթե կոտրված եք ձեզ զգում, խնդրում եմ իմացեք, որ կարող եք մաքուր լինել, կարող եք նորոգվել, քանի որ Նա սիրում է ձեզ: Վստահ եղեք, որ ոչ մի վատ բան չի գալիս Նրանից:

Քանի որ Նա «վայր իջավ բոլոր բաներից ցած»,15 Նա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կյանքում կոտրված բոլոր բաները նորոգվեն, և այդպիսով մենք կկարողանանք հաշտվել Աստծո հետ: Բոլոր բաները՝ թե՛ երկրի վրա և թե՛ երկնքում, հաշտվում են Նրա միջոցով, «խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը»:16

Մենք պետք է գանք Քրիստոսի մոտ, կատարելով անհրաժեշտ քայլերը: Այդպես անելով, խոնարհությամբ ասենք. «Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել»: Եթե մենք անենք դա, կարող ենք ստանալ Տիրոջ բուժիչ հպումը, Նրա ձայնի քաղցր արձագանքը. «Կամենում եմ՝ սրբուիր»:

Փրկիչը Աստված է, ում մենք կարող ենք վստահել: Նա Քրիստոսն է, Օծյալը, Մեսիան, որի մասին ես վկայում եմ Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: